«Հատելով սահմանները. միջգիտակարգային հետազոտություններ արաբագիտության և իսլամագիտության շրջանակներում» գիտաժողովի ամփոփումը

«Հատելով սահմանները. միջգիտակարգային հետազոտություններ արաբագիտության և իսլամագիտության շրջանակներում»

2016 թվականի մայիսի 5-6-ին «Middle Orient» ծրագրի հետ համագործակցությամբ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության ամբիոնում կազմակերպվեց «Հատելով սահմանները. միջգիտակարգային հետազոտություններ արաբագիտության և իսլամագիտության շրջանակներում» խորագրով երիտասարդական միջազգային գիտաժողովը։

Կարող եմ նշել, որ սա կարևոր քայլ էր հայկական արևելագիտության զարգացման բնագավառում։ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը պատրաստում է կադրեր, ովքեր հետագայում կարևոր դեր են ունենում ոչ միայն գիտության բնագավառում, այլ նաև մեր երկրի քաղաքականության ձևավորման, պաշտպանության ապահովման և այլ հարցերում։

Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունն ու դրա անմիջական ազդեցությունը ՀՀ-ի վրա, ՀՀ անմիջական երեք իսլամադավան երկրները հայ արևելագիտության և իսլամագիտության զարգացումը հրամայական են դարձնում։ Զարգացման ճանապարհին կարևոր քայլ է նման գիտաժողովի կազմակերպումը։

Մինչ գիտաժողովը կյանքի կկոչվեր, մեր առաջ նպատակ էինք դրել մի քանի խնդիր լուծել՝
•Ակտիվացնել Հայաստանի երիտասարդ գիտնականներին,
•Ստեղծել հարթակ, որտեղ մագիստրոսներն ու ասպիրանտները կկարողանային ներկայացնել իրենց աշխատանքները,
•Կապ ստեղծել Հայաստանի ու արտասահմանցի երիտասարդ գիտնականների միջև,
•Հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։

Մոտ մեկ տարի առաջ հայտարարված գիտաժողովին դիմել էին թե Հայաստանից և թե արտասահմանից տասնյակ երիտասարդներ, որոնցից գիտաժողովի կազմակերպող հանձնաժողովն ընտրեց լավագույններին։

Ընտրված հայաստանցի մասնակիցները ներկայացնում էին Հայաստանում գործող երկու արևելագիտական դպրոցները՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը և ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը։

Արտասահմանից եկած մեր մասնակիցների աշխարհագրությունը, կարելի է ասել, բավականին լայն էր։ Մասնակիցներ ունեինք Գերմանիայից (Freie Universität Berlin, University of Münster), Հունգարիայից (Central European University), Խորվաթիայից (University of Zagreb), Թուրքիայից (Sakarya University), Կանադայից (McGill University) և այլն։

Գիտաժողովը սկսվեց բացման արարողությամբ մայիսի 5-ի առավոտյան։
Դ. Հովհաննիսյան
Բացման արարողության մեջ էր մտնում նաև ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Արաբագիտության ամբիոնի պրոֆեսոր Դավիթ Հովհաննիսյանի դասախոսությունը։ Դասախոսության թեման էր «Իսլամի ադապտացումը. հին խնդիրներ, նոր մոտեցումներ»։

Մոտ մեկ ժամ տևած դասախոսությանը հետևեց գիտաժողովի մասնակիցների և հյուրերի բարձրացրած հարցերի քննարկումը։

Բացումից ու դասախոսությունից հետո սկսեցինք արդեն պանելները։

Առանձնացրել էինք չորս պանել։ Մասնավորապես դրանք էին՝
1.Theoretical and practical tendencies: The Islamic thought and mytho-political symbolism
2.Looking deeply: the new approaches to the sources
3.Redrawing the Middle East: Political tendencies without veil
4.Breaking the borders: Intercultural developments and the role of religion

Յուրաքանչյուր պանելից հետո մասնակիցներն ու հյուրերը հարցեր էին ուղղում զեկուցողներին ու քննարկում բարձրացրած հարցերը։

Դ. Հովհաննիսյան

Այսքանով սակայն գիտաժողովը չավարտվեց։ ArmScoop-ի հիմնադիրների կողմից կլոր սեղան քննարկում կազմակերպելու առաջարկ էր եղել, որն ընդունել էինք մեծ ուրախությամբ։

ArmScoop-ի կազմակերպած քննարկումը տեղի ունեցավ չորս պանելներից հետո՝ ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնում։

Քննարկումը կրում էր «Հասկանալով 21-րդ դարի Մերձավոր Արևելքը. գիտություն և քաղաքականություն» խորագիրը։

Արաբագիտության ու «Middle Orient» ծրագրի համագործակցության արդյունք հանդիսացող գիտաժողովը անչափ հետաքրքիր ու հագեցած ստացվեց, ինչի համար կցանկանայից շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին ու մասնակիցներին։

Հայաստանում միջազգային գիտաժողովները այնքան հաճախ չեն լինում, որքան որ արտասահմանյան առաջատար համալսարաններում։ Անշուշտ սա իր պատճառները ունի, որոնցից թերևս գլխավորը ռեսուրսներն են՝ թե մարդկային և թե ֆինանսական։

Սակայն կազմակերպված գիտաժողովը ապացույցն էր այն բանի, որ անհնարին ոչինչ չկա. պետք է ցանկություն ու նվիրվածություն։

Հուսով եմ նման միջոցառումները գնալով առավել հաճախակի բնույթ կկրեն ու հնարավորություն կտան հայաստանյան արևելագիտությանը առավել սերտ համագործակցել միջազգային տարբեր օղակների հետ։

Նաիրա Սահակյան, «Middle Orient» ծրագրի համահիմնադիր

allTurkey.am

Մեկնաբանություններ