Թուրքիայի ներքին քաղաքականությունը. 2016-ի ապրիլ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Ահաբեկչություններ և ծայրահեղականության դրսևորումներ. Ապրիլի սկզբին կրակոցներ հնչեցին Ստամբուլի կենտրոնում։ Անհայտ անձը Թաքսիմ հրապարակում՝ Աթաթուրքի հուշարձանի առջև, ատրճանակից սկսել է օդ կրակել՝ վախեցնելով քաղաքացիներին։ Ոստիկանությանը հաջողվել է վնասազերծել նրան։ Օրեր անց Ստամբուլի կենտրոնական հատվածում հետիոտնային անցումի մոտ տեղի ունեցավ պայթյուն, որի հետևանքով տուժեց 3 մարդ։ Հաղորդվել էր, որ պայթել է անցումի մոտ թողնված պայուսակում գտնված պայթուցիկը:

Ապրիլին մահապարտ ահաբեկչուհին պայթյուն իրականացրեց Բուրսայի պատմական և զբոսաշրջային վայրերից Ուլու մզկիթի մոտ, ինչի հետևանքով զոհվեց 1 և վիրավորվեց 13 մարդ: Ենթադրվում էր, որ նա կապված է եղել ԻՊ-ի հետ, սակայն ավելի ուշ պատասխանատվությունը դրվեց Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) վրա։ Ապրիլին Թուրքիայում (Ստամբուլ, Վան և այլուր) կանխվեցին մի շարք ահաբեկչություններ։

Ապրիլին Էրդողանը կոչ արեց ահաբեկիչներին աջակցող քաղաքացիներին զրկել Թուրքիայի քաղաքացիությունից՝ ընդգծելով, որ տարբերություն չկա ահաբեկիչների ու նրանց աջակցողների միջև։ Դրանից հետո Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ աշխատանքներ են սկսվելու օրենսդրորեն ամրապնդել Էրդողանի տվյալ առաջարկը։ Ընդդիմադիրներն ահազանգել են, որ օրինագիծը միտված է երկրում Էրդողանի դիրքերն ամրացնելուն:

Բռնություններ. Ապրիլին Էրդողանը կոչ արեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) մի շարք պատգամավորների անհապաղ զրկել անձեռնմխելիությունից, և անթույլատրելի համարեց խորհրդարանում «այնպիսի պատգամավորների» ներկայությունը, որոնք, «աջակցում» են PKK-ին՝ հավելելով, որ ահաբեկչությանն աջակցելն ու քաղաքականությունն անհամատեղի են։ Ապրիլին Թուրքիայի խորհրդարանը սկսեց դիտարկել 129 պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին օրինագիծը: Խորհրդարանը կարող է ստանդարտ կարգով դիտարկել առանձին պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին դիմումները, բայց քանի որ ներկայումս խորհրդարան ներկայացվել է նմանատիպ 567 դիմում, ուստի անհատական կարգով դրանց դիտարկումը կպահանջեր մի քանի ամիս: Դրա հետ կապված՝ իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) նախաձեռնել է հարցի արագ լուծումը՝ առանց արգելափակելու խորհրդարանի աշխատանքը: 25 դիմում ներկայացվել է ԱԶԿ-ի դեմ, 51-ը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ), 45-ը՝ ԺԴԿ, 7-ը՝ «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) պատգամավորների դեմ:

Ապրիլին մահացած գտան գրող Էրգյուն Փոյրազին, որը հրապարակավ քննադատել էր Էրդողանին` նրան մեղադրելով բարձրագույն կրթություն չունենալու, հետևաբար նաև երկրի նախագահի պաշտոնն ապօրինաբար զբաղեցնելու համար: Փոյրազը հայտարարել էր, թե Էրդողանը երբևէ չի սովորել բարձրագույն ուսումնական հաստատությունում, թե նրա դիպլոմը կեղծ է, քանի որ այն թվագրված է այնպիսի ժամանակով, երբ Մարմարայի համալսարանը դեռ գոյություն չուներ (Թուրքիայում նախագահ դառնալու համար 4 տարվա բարձրագույն կրթություն ունենալը համարվում է պարտադիր պայման):

Ապրիլին Ստամբուլի դատարանը վճռեց ազատ արձակել տեղի համալսարանների չորս դասախոսների, որոնք կալանավորվել էին «Քրդական հարցը» խաղաղ ճանապարհով լուծելու մասին թուրքական իշխանություններին արած կոչի համար։ Ստամբուլյան համալսարանների դասախոսներ Էսրա Մունգանը, Մուզաֆեր Քայան և Քըվանչ Էրսոյը կալանավորվել էին մարտի կեսին, ինչից առաջ մամուլի ասուլիս էին տվել և ընթերցել էին թուրք և օտար գիտնականների կոչը։ Նրանք Թուրքիայի իշխանություններին կոչ էին արել դադարեցնել երկրի հարավ-արևելքում իրականացվող սպանդը և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ՝ «Քրդական հարցի» խաղաղ կարգավորման համար։ Մունգանը, Քայան ու Էրսոյը մեղադրվել էին PKK օգտին քարոզչություն իրականացնելու համար։ Ավելի ուշ նման մեղադրանք ներկայացվել էր նրանց գործընկեր Մերալ Չամջիի հանդեպ։

Թուրք պրոֆեսոր, Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի նախկին դասախոս Բասքըն Օրանը վիրավորական արտահայտությունների համար դատական հայց ներկայացրեց Էրդողանի դեմ: Ուշագրավ է, որ Էրդողանի փաստաբանները դատարանում նրան պաշտպանելու են «խոսքի ազատության» գործոնով: Նախկինում Բասքըն Օրանը միացել էր ավելի քան հազար այն գիտնականներին, որոնք իրենց ստորագրությունն էին դրել «Մենք հանցակից չենք դառնա այս մեղքին» ակցիայի տակ՝ կապված երկրի հարավարևելյան քրդաբնակ շրջանակներում անվտանգության ուժերի իրականացրած հատուկ գործողության հետ: Դրա հետ կապված՝ Էրդողանը մի շարք վիրավորական հայտարարություններ էր թույլ տվել ակցիային մասնակից գիտնականների հանդեպ, որոնք էլ տեղ են գտել Բասքըն Օրանի հայցում: Էրդողանը 4 տարբեր ելույթներում գիտնականներին քննադատելիս նրանց հասցեին օգտագործել էր «ստոր, դաժան, տգետ, զզվելի, հայրենիքի դավաճան, ահաբեկչական կազմակերպության համակիր, անբարո, կեղտոտ հոգիներ» բառեր:

Ապրիլին ստամբուլյան դատարանը երկու տարվա ազատազրկման դատապարտեց ընդդիմադիր Cumhuriyet թերթի հոդվածագիրներ Հիքմեթ Չեթինքայային ու Ջեյդի Քարանին, որոնք իրենց հոդվածներում օգտագործել էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները՝ հրապարակված Charlie Hebdo պարբերականի կողմից: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել «կրոնական արժեքները վիրավորելու» և «մարդկանց ատելության ու թշնամության դրդելու» համար։

Ապրիլին Թուրքիայում աշխատանքից հեռացվեց ընդդիմադիր Zaman թերթի և Cihan գործակալության ավելի քան 400 լրագրող, ներառյալ՝ արտասահմանյան թղթակիցները: Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ դատարանի որոշմամբ նոր հոգաբարձուներ նշանակվեցին այդ ԶԼՄ-ի ղեկավարման համար։ Pak Medya-İş լրագրողների արհմիության ղեկավար Իսմայիլ Թոփչուօղլուի խոսքերով` վերջին 7 ամսում աշխատանքից հեռացվել է ավելի քան 2000 թուրք լրագրող։

Ապրիլին անանուն ցանցահենները համացանցում տեղակայեցին Թուրքիայի 50 միլիոն քաղաքացիների տվյալները՝ անուն, ազգանուն, ծննդյան թիվ ու ծննդվայր, ծնողների ազգանուններ ու տնային հասցեներ։ Տվյալները հրապարակած ցանցահեններն ընդգծեցին, որ ակցիան ուղղված է Էրդողանի դեմ, որը երկիրն ավերում է անճանաչելիության աստիճան։ Դրանից քիչ անց թուրքական խորհրդարանն ընդունեց անձնական տվյալների պաշտպանության նոր միջոցների մասին օրինագիծ։

Ապրիլին սկսվեց Radikal և Hurriyet թերթերի հոդվածագիր Ջենգիզ Չանդարի հանդեպ դատական գործընթացը, որն ավելի ուշ հետաձգվեց մինչև մայիսի 31-ը։ Չանդարին իր 7 հոդվածներում «Էրդողանին վիրավորելու» համար սպառնում է մինչև 4 տարվա ազատազրկում։

Ապրիլին Ֆուաթ Ավնի անունով հայտնի թվիթերյան ֆենոմենը, որի գրեթե բոլոր գրածները, կանխատեսումներն ամբողջովին կատարվում են հետագայում, հայտնել է, որ Էրդողանը կարգադրել է զրպարտիչ քարոզչություն սկսել Դավութօղլուի դեմ, որպեսզի նրան հարկադրեն հրաժարական տալ: Ավնիի խոսքով՝ Էրդողանը որոշել է Դավութօղլուին ստիպել հրաժարական տալ, քանի որ եկել է այն եզրակացության, որ նրա ղեկավարության ժամանակ հնարավոր չէ կառավարման նախագահական համակարգին անցում կատարելը: Էրդողանը որոշել է Դավութօղլուին անվանել «զուգահեռ կառույցի» (Գյուլենական շարժման) անդամ, եթե նա չհամաձայնի հրաժարական տալ: Ավնին ընդգծել է, որ եթե Դավութօղլուն հրաժարական չտա, ապա Էրդողանին հավատարիմ թերթերը, հեռուստաալիքներն ու ինտերնետային թրոլները սկսելու են նրա դեմ լայնամասշտաբ կամպանիա՝ պահանջելով վարչապետի հրաժարականը: Ավնին նաև հայտնել էր, որ այն բանից հետո, ինչ Դավութօղլուն իմացել է իրեն հեռացնելու Էրդողանի ծրագրերի մասին, անմիջապես խորհրդաժողով է հրավիրել՝ քննարկելու համար «զուգահեռ կառույցի» դեմ պայքարը՝ այդպիսով հուսալով, որ այդ կառույցը վերացնելու ուղղությամբ իր ցուցադրական, վճռական քայլերը հնարավորություն կտան պահպանել ներկայիս պաշտոնը:

Քրդական հարց. Ապրիլին Էրդողանը հայտարարեց, որ անհնար են քրդական խնդրի կարգավորման գործընթացի խաղաղ կարգավորումը և բանակցությունները PKK-ի հետ. «Մենք նրանց առաջարկել ենք ապրել խաղաղությամբ, հայտարարել ենք քրդական խնդրի կարգավորման խաղաղ գործընթաց, մինչդեռ նրանք խաբել են մեզ: Չի կարելի հավատալ նրանց ոչ մի բառին: Ահաբեկիչների հետ բանակցություններ վարելու թեմաներ չկան: Կա միայն երկու տարբերակ նրանց համար, ովքեր պայթեցնում են ականապատ մեքենան և սպանում են մեր քաղաքացիներին. կա´մ նրանք պետք է հանձնվեն, կա´մ պետք է ոչնչացվեն: Թուրքիան կշարունակի ահաբեկչության դեմ պայքարը մինչև այն ժամանակ, քանի դեռ չի վերացվել վերջին սպառնալիքը, չի ոչնչացվել վերջին ահաբեկիչը, վայր չի դրվել վերջին զենքը» (նախորդ տարվա հուլիսից PKK-ի դեմ պայքարում Թուրքիայում սպանվել է 400 զինվորական ու ոստիկան)։

ԺԴԿ համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն իր հերթին հայտարարեց, որ PKK-ն մի քանի ամիս առաջ հրադադար է ցանկացել Թուրքիայի կառավարության հետ, սակայն Անկարան մերժել է այդ հնարավորությունը. «Մի քանի ամիս առաջ մենք շփման մեջ էինք Ղանդիլի հետ և փորձում էինք PKK-ին համոզել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Թուրքական իշխանությունները տեղյակ էին, որ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, սակայն կառավարությունը մերժեց այդ հնարավորությունը: Ես առաջին անգամ եմ հայտարարում այս մասին»: Ապրիլին PKK առաջնորդներից Ջեմիլ Բայըքը հայտարարեց, որ իրենք պատրաստ են ընդլայնել Թուրքիայի դեմ ռազմական գործողությունները. «Քրդերը պաշտպանվելու են մինչև վերջ: Քանի դեռ Թուրքիան չի փոխել իր մոտեցումը, PKK-ն կընդլայնի ռազմական գործողությունները: Էրդողանը ցանկանում է, որ քրդերը հանձնվեն: Եթե նրանք չհանձնվեն, նա ցանկանում է սպանել բոլոր քրդերին: Նա բաց հայտարարում է այդ մասին, չի թաքցնում դա»: Բայըքն ընդգծել է, որ PKK-ն պատրաստ է բանակցել, եթե Անկարան ցանկանա դա:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ PKK-ն արտերկրից ստանում է աննախադեպ աջակցություն. «PKK-ն այսօր արտերկրից ստանում է այնպիսի աջակցություն, որպիսին չի ունեցել իր ողջ պատմության ընթացքում։ Այդ հարցը ողջ Թուրքիայի անվտանգության հարցն է։ Այդ պատճառով մենք շատ լրջորեն ենք վերաբերվում տվյալ գործընթացին»։ Դավութօղլուն էլ հայտարարեց, որ մի շարք ուժեր փորձում են Սիրիայի և Իրաքի խառնաշփոթ վիճակը տեղափոխել Թուրքիա, սակայն Թուրքիան «երբեք» չի վերածվի Սիրիայի. «Ինչ-որ մեկը ցանկանում է Թուրքիային ներքաշել հրե օղակի մեջ, սակայն այսօրվա Թուրքիան ոչ թե Սիրիա է, այլ գլոբալ ուժ»։

Ապրիլին Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք գրանցվեց ԱԶԿ և ԺԴԿ պատգամավորների միջև: Շըրնաքից ընտրված ԺԴԿ պատգամավոր Ֆերհաթ Էնջուն դատապարտեց քուրդ քաղաքացիների դեմ Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները` նշելով, որ վերջին 4 ամիսներին Սիլոփիում հարձակումների ժամանակ թուրք զինվորները սպանել և կտտանքների են ենթարկել խաղաղ բնակիչների և երեխաների: Բացի այդ, նա հիշեցրեց Ուլուդերեի միջադեպի մասին (թուրքական F-16 կործանիչները 2011թ. դեկտեմբերի 28-ին Իրաքի սահմանին ոչնչացրին 34 խաղաղ քուրդ բնակչի` նրանց դնելով PKK զինյալների տեղ, մինչդեռ զոհվածները խաղաղ բնակիչներ էին և Հյուսիսային Իրաքից մաքսանենգ ճանապարհով Թուրքիա էին ներկրում մազութ և ծխախոտ:) Քուրդ պատգամավորի փաստերով բարձրաձայնումը զայրացրել է ԱԶԿ պատգամավորներին: Նրանք հարձակվել են Էնջուի վրա (Էնջուն դրանից հետո Twitter-ի իր միկրոբլոգում գրեց, որ ԱԶԿ պատգամավորները ցանկացել են Լինչի դատաստանի ենթարկել իրեն): ԺԴԿ պատգամավորները, այդ թվում` կանայք, մոտեցել են ամբիոնին` իրենց կուսակցին պաշտպանելու համար, որին ԱԶԿ-ականներն անվանեցին «ահաբեկիչ»: Թուրքական ԶԼՄ-ն գրեցին, որ դա ԱԶԿ ու ԺԴԿ պատգամավորների միջև առաջին լուրջ բախումն է:

Նոր սահմանադրություն. Ապրիլի վերջին ևս մեկ ծեծկռտուք գրանցվեց ԱԶԿ ու ԺԴԿ պատգամավորների միջև: ԺԴԿ պատգամավորները դժգոհել են, որ խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովի նիստի դահլիճը փոքր է, և պահանջել են նիստը տեղափոխել ավելի մեծ դահլիճ, որպեսզի ներկաները կանգնած չհետևեն սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին: Սակայն հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ ավելի մեծ դահլիճ չկա` առաջարկելով դուրս հրավիրել ԶԼՄ ներկայացուցիչներին և պատգամավորների խորհրդականներին: Չնայած լրագրողները լքել են դահլիճը` կրքերը չեն հանդարտվել և ԺԴԿ-ական պատգամավորներն առարկել են իրենց խորհրդականներին դահլիճից դուրս հրավիրելու որոշման դեմ, և արդյունքում ծեծկռտուք է սկսվել, որին ակտիվորեն մասնակցել է ԺԴԿ հայ պատգամավոր Գարո Փայլանը:

Ապրիլին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց Թուրքիայում կառավարման նախագահական համակարգին անցում կատարելու անհրաժեշտության մասին։ Դավութօղլուն մանրամասնեց, որ խոսքը 100%-անոց նախագահական համակարգի մասին է` հավելելով, որ եթե մյուս կուսակցություններն աջակցեն կիսանախագահական կառավարման համակարգին, ապա իրենք պատրաստ են քննարկել այն։ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարեց, որ մտադիր չէ աջակցել կառավարման նախագահական համակարգին, քանի որ այդ համակարգը կհանգեցնի երկրի պառակտմանը. «Եթե դուք ցանկանում եք ամրապնդել խորհրդարանական համակարգը, ապա կարող եք հույսեր կապել մեր աջակցության հետ։ Եթե դուք ցանկանում եք ստեղծել ավելի ժողովրդավարական սահմանադրություն, ապա մենք կաջակցենք ձեզ։ Սակայն մենք երբեք չենք համաձայնի այնպիսի փոփոխությունների, որոնք կհանգեցնեն Թուրքիայի պառակտմանը»:

Ապրիլին հաղորդվեց, որ Ահմեթ Դավութօղլուն նոր սահմանադրության հարցում տուրք է տվել նախագահ Էրդողանի ճնշմանը և հետքայլ կատարել: Ոչ վաղ անցյալում Դավութօղլուն հայտարարել էր, որ նոր սահմանադրության նախագիծը խորհրդարանին կներկայացվի մեկ ամսվա ընթացքում: Ընդ որում՝ դրանից մեկ շաբաթ առաջ Էրդողանը հայտարարել էր, որ նոր սահմանադրության մշակումը կարճ ժամանակվա բան չէ՝ մանրամասնելով, որ դա 1-2 ամսում լուծելու խնդիր չէ: Թուրքական մամուլն ուշադրություն էր հրավիրել նրա վրա, որ Էրդողանի այդ հայտարարությունից հետո Դավութօղլուի վերոնշյալ հայտարարությունը հակասել է Թուրքիայի նախագահի հայտարարությանը: Այժմ Դավութօղլուն հետքայլ է կատարել՝ հայտարարելով, որ դեռ պետք է սպասել:

Ապրիլին Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանն առաջարկեց իսլամի դերն ամրագրել նոր սահմանադրության մեջ. «Սկզբի համար նոր սահմանադրությունը պետք է ձերբազատվի աշխարհիկությունից: Այն պետք է ուշադրությունը հատկացնի կրոնին, այն պետք է լինի կրոնական: Ճնշող մեծամասնությամբ մուսուլմանական բնակչությամբ Թուրքիային անհրաժեշտ է կրոնական սահմանադրություն»: Քահրամանի այդ հայտարարությունից հետո Թուրքիայի խորհրդարանի շենքի դիմաց տեղի ունեցավ ինքնաբուխ բողոքի ակցիա, որի հազարավոր մասնակիցները հայտարարեցին, որ թույլ չեն տա Թուրքիայում ստեղծել «շարիաթի, խալիֆաթի սահմանադրություն»: Բողոքի ակցիայի մասնակիցները Էրդողանին մեղադրեցին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից սահմանադրության մեջ ամրագրած աշխարհիկ արժեքները (լաիցիզմ) ցնցելու մեջ: Նրանք հայտարարեցին, որ Թուրքիայի կառավարությունը վերջին երկու տարիներին վերացրել է դպրոցներում և հասարակական ծառայությունների բնագավառում աշխատող կանանց գլխաշոր կրելու դեմ արգելքը, մեծացրել է կրոնական ուսումնարանների թիվը, սահմանափակել է ոգելից խմիչքների վաճառքը, վերացրել է խառը սեռի ուսանողական հանրակացարանները: Ոստիկանությունը արցունքաբեր գազ կիրառեց ցուցարարների նկատմամբ և ձերբակալեց նրանց մի մասին:

Քահրամանն ավելի ուշ հայտարարեց, որ հայտնել է իր անձնական կարծիքը, և որ նոր սահմանադրությունը պետք է երաշխավորի կրոնական ազատություններ: Չպետք է բացառել, որ Էրդողանը նրա միջոցով փորձել է ստուգել հասարակության, ընդդիմության և հենց իր կուսակիցների արձագանքը: Քահրամանի հայտարարությունից հետո Դավութօղլուն հայտարարեց, որ նրա տվյալ առաջարկը հակասում է ժամանակակից հանրապետության հիմնարար սկզբունքներին, և որ երկրի նոր սահմանադրությունը ներառելու է կրոնը պետությունից անջատելու դոկտրին: Այս ամենից հետո Էրդողանը հայտարարեց, որ նոր սահմանադրության մեջ կարիք չկա շեշտը դնել իսլամի վրա, և կարևորեց նոր սահմանադրությամբ կրոնական ազատությունների երաշխավորումը (ըստ ամենայնի` հարցի լուծումը թողնելով ավելի հարմար ժամանակների):

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելից. Ապրիլի 24-ին Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում կազմակերպվեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը վարել է Պոլսո Հայոց պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը։ Պատարագին մասնակցել են ԱԶԿ-ական, Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Մարգար Եսայանը, ԺՀԿ փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն, ԺՀԿ-ական, Ստամբուլից ընտրված հայազգի պատգամավոր Սելինա Դողանը, Գարո Փայլանը և այլք։ Պատարագի մասնակիցները մոմեր են վառել և աղոթել Հայոց ցեղասպանության զոհերի համար։ Պատարագի ժամանակ Աթեշյանը ընթերցել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը, որում Էրդողանը նշել է, թե «Թուրքիան հարգում է բոլոր քաղաքացիների հիշատակը, որոնք զոհվել են 1915թ. իրադարձությունների ժամանակ՝ անկախ իրենց կրոնական և էթնիկ ծագումից: 1915թ. իրադարձությունների ժամանակ տուժել են Օսմանյան կայսրության տարածքում բնակված բոլոր ազգերը»։

Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը նախագահական նստավայրում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ իր հերթին հայտարարեց. «Ոմանք ցեղասպանության մասին իրենց պնդումներով, ցեղասպանության մասին կեղծիքներով ցանկանում են միմյանց դեմ հանել հայերին ու թուրքերին՝ դրանով իսկ ցանկանալով քաղաքական օգուտներ քաղել: Սակայն մենք շարունակում ենք դեմ արտահայտվել դրան՝ չնայած երեկ Երևանում Թուրքիաի դրոշի հանդեպ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքին, մենք շեշտը դնելու ենք նույն ցավը կիսելու, մեր ընդհանուր եղբայրության վրա: Հուսով ենք, որ 100 տարի առաջ տեղի ունեցած ցավերն արդեն հետևում են մնացել և ապագային պետք է նայել բարեկամության ու համատեղ հեռանկարների դիրքերից»:

Ապրիլի սկզբին Գարո Փայլանը դատապարտեց Էրդողանի ու Դավութօղլուի այն հայտարարությունները, որոնք թիրախավորում են Թուրքիայի հայ համայնքին: Փայլանը մասնավորապես հիշատակել է ապրիլի 3-ին Բրուքինգսի ինստիտուտում Էրդողանի ելույթը, որում նա հայտարարել էր, թե իր թիկնապահները բռնություն են գործադրել իր դեմ նախապես կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցների դեմ, քանի որ «այնտեղ գտնվել են ոչ միայն Թուրքիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների ներկայացուցիչները, այլև ASALA-ն»։ Փայլանը նաև հիշատակել է փետրվարի 27-ին Բինգյոլում Դավութօղլուի արած հայտարարությունը, որում Թուրքիայի վարչապետը քննադատել էր ԺԴԿ-ին Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Դավութօղլուն, նկատի ունենալով ԺԴԿ-ին, հայտարարել էր. «Նրանք (մեկ դար առաջ) հայկական հրոսակախմբերի նման համագործակցում են Ռուսաստանի հետ։ Գնում են Մոսկվա և ներկայացուցչություն են բացում»։

Փայլանը հայտարարել է, որ Թուրքիայի ղեկավարության նման հայտարարությունները թիրախավորում են հայ համայնքին, նա հույս հայտնեց, որ Թուրքիայի նախագահն ու վարչապետն այսուհետ զերծ կմնան նման հայտարարություններ անելուց։ Նա նկատել է, որ թուրքական անվտանգության ուժերի ներկայացուցիչները շրջապատման տակ առած հարավարևելյան քաղաքների պատերին արել են մի շարք գրառումներ, որոնք վկայում են, որ Թուրքիայում «հայ» բառը դեռ օգտագործվում է որպես «հայհոյանք»։ Փայլանն ընդգծել է, որ իրենք դատապարտում են հայ համայնքին թիրախավորող, հայերի հանդեպ ատելություն սերմանող նման հայտարարությունները։

Ապրիլի 21-ին Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթ ունեցավ Թուրքիայի խորհրդարանում։ Ներկաներին ողջունելով «Բարև ձեզ» արտահայտությամբ՝ Փայլանը կատարեց պատմական որոշակի էքսկուրս, որում հիշեցրեց, որ 1908թ. Օսմանյան կայսրության բնակչության յուրաքանչյուր հինգերորդ մարդուց մեկը հայ էր, ինչպես նաև յուրաքանչյուր հինգ մարդկանցից 2-ը հայ էր, հույն, ասորի կամ հրեա։ Նա նաև հիշեցրել է, որ 1913թ. հունվարի 23-ին «Իթթիհաթ վե Թերաքքը» («Միություն և առաջադիմություն») կուսակցությունը Բաբը Ալիի ընդվզմամբ հեղաշրջում իրականացրեց, որի հետևանքով ասպարեզից վերացվեցին խորհրդարանն ու սահմանադրությունը և արդեն սկսեց իշխել Թալեաթի, Էնվերի ու Ջեմալի գլխավորած խունտան, որն էլ իրականացրեց Հայոց ցեղասպանությունը։ Փայլանը հիշեցրել է, որ Թուրքիայի Հանրապետությունը չառերեսվեց այդ մեծ հանցանքի հետ, և որ այսօր դահիճների անուններով անգամ փողոցներ կան Թուրքիայում.

«Նայե՛ք, Թալեաթ, Էնվեր ու Ջեմալ փաշաների անուններով փողոցներ կան 2500 վայրերում։ Դժբախտաբար, այսօր քայլում ենք Թալեաթի անվան փողոցներով։ Կարո՞ղ եք պատկերացնել, որ դուք գնում եք Գերմանիա՝ Բեռլին, և քայլում եք Հիտլերի, Գեբելսի անվան պողոտաներով։ Դա անընդունելի է, սակայն ոչ մեր երկրում»։ Փայլանը կոչ արեց առերեսվել պատմության հետ, խորհրդարանին առաջարկեց հետաքննել 1908-1915թթ. օսմանյան խորհրդարանում ներկայացված հայ պատգամավորների սպանության գործերը, թե ինչպես և ում հրամանով են սպանվել նրանք, պարզել, թե որտեղ են գտնվում նրանց աճյուններն ու ըստ պատշաճի հուղարկավորել։ Ապա Փայլանը սկսեց ցուցադրել մեկ տասնյակից ավելի հայ պատգամավորների նկարները, որոնք Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել են տարբեր տեղերում ու տարբեր ժամանակներում։ Փայլանն իր ելույթը հայերենով եզրափակել է «Աստված իրենց հոգին լուսավորե» խոսքերով: Ընդ որում, երբ Փայլանը ցուցադրելիս է եղել նրանց լուսանկարները, պատգամավորներից մեկը ռեպլիկ է թողել՝ հիշատակելով ASALA-ի անունը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության ժամանակ սպանված հայ պատգամավորների նկարները դրված են եղել նաև խորհրդարանի պատգամավորական աթոռների վրա, ինչի կապակցությամբ Ստամբուլի հայկական «Ակօս» թերթը գրեց, որ հայ պատգամավորները 100 տարի անց «վերադարձան» խորհրդարան: Թուրքիայի խորհրդարանը, սակայն, չընդունեց մեկ դար առաջ հայ պատգամավորների սպանությունը հետաքննելու Փայլանի առաջարկը: Խորհրդարանի փոխնախագահ Այշե Նուր Բահչեքափըլըն, ոչը ներկայացնում ԱԶԿ-ն և վարել է խորհրդարանի տվյալ նիստը, Փայլանի ելույթից հետո շտապել է հայտարարել, որ խորհրդարանում առկա է խոսքի ազատություն, սակայն դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ «պատմությունը, պատմական իրողությունները պատմաբաններինն են և ոչ թե քաղաքական գործիչներինը»։

Օրեր անց Փայլանը մասնակցեց «Թուրքիայի այսօրվա դրությունը և փոքրամասնությունների իրավունքները» խորագրով կոնֆերանսին, որի ժամանակ հայտարարեց, որ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների պահվածքը ողջունվում է այն ժամանակ, երբ նրանք իրենց պահում են «խելոք երեխայի» նման, մինչդեռ ցանկացած առարկության դեպքում նրանց որակում են «դավաճաններ»: Փայլանի կարծիքով` Թուրքիայում ազգային փոքրամասնությունները վերստին ռիսկային օրեր են ապրում. «Անշուշտ, ես հայ եմ և հպարտ եմ դրանով: Սակայն Թուրքիայում հայ լինելը դեռ չի ընկալվում որպես նորմալ երևույթ: Հայի ինքնությունը երբեմն շատ է մեծարվում, երբեմն էլ հողին է հավասարեցվում, վերածվում է հայհոյանքի, ինչին որ կրկին ականատես ենք լինում վերջին օրերին: Ես կցանկանայի, որ հայի ինքնությունն ընդունվի նորմալ և պատվավոր, ինչպես որ մնացյալ բոլոր ինքնությունների դեպքում է: Ես, օրինակ, տնտեսագետ եմ և խորհրդարանի՝ բյուջեի ու պլանավորման հարցերով հանձնաժողովի անդամ եմ և չպետք է բախվեմ ռիսկերի` հայի ինքնություն ունենալու համար»: Փայլանը դժգոհել է, որ Թուրքիայի կրոնական գործերի նախարարությունը, որի մեծ բյուջեն ձևավորվում է բոլոր քաղաքացիների հարկերից, զբաղվում է միայն սուննի մուսուլմանների կրոնական խնդիրներով, և անտեսում է կրոնական փոքրամասնությունների խնդիրները:

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ