Թուրքիայի արտաքին քաղաքականությունը. 2016-ի ապրիլ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան, Տնտեսական. Ապրիլին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ռուսաստանցիներին խորհուրդ տվեց զերծ մնալ Թուրքիա այցելելուց՝ կապված այդ երկրում տիրող լարված իրավիճակի հետ։ Իսկ «Ռոստուրիզմը» հայտարարեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար Թուրքիան հաստատապես չի բացվի այս տարի։ Ապրիլին Թուրքիայի Միջերկրածովյան ծովափի հյուրանոցների միության նախագահ Յուսուֆ Հաջիսուլեյմանը հայտարարեց, որ 2016թ. Թուրքիայի զբոսաշրջային սեկտորը նախնական տվյալներով կկորցնի 4-4.5 մլն զբոսաշրջիկ, և որ վնասը կարող է կազմել $10 մլրդ։ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մահիր Ունալը հայտարարեց, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը լուրջ վնաս է պատճառել երկրի զբոսաշրջային ոլորտին՝ հայտարարելով, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև կարող է սկսվել զինված դիմակայություն, ինչը նվազեցրել է օտար զբոսաշրջիկների հոսքը: Ունալը հույս է հայտնել, որ 2016թ. Ռուսաստանից Թուրքիա կայցելի 2.5 մլն զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 4.5 մլն-ի փոխարեն՝ հավելելով, որ Թուրքիան ձգտելու է նրանց կորուստը փոխհատուցել Իրանից, Հնդկաստանից ու Ուկրաինայից զբոսաշրջիկներ ներգրավելու հաշվին։

Ապրիլին հաղորդվեց, որ ռուսական «Գազպրոմ» և թուրքական մասնավոր գազային ընկերությունները (Enerco Enerji, Avrasya gaz, Akfel gas, Bosphorus gas, Shell Turkey, Batı Hattı և Kibar Enerji) լուծել են գազի մատակարարման գնագոյացման վերաբերյալ ծագած բոլոր հարցերը: 2015թ. ապրիլի վերջին «Գազպրոմը» նրանց տրամադրել էր 10.25%-անոց գազային զեղչ, սակայն հետագայում նրանց զրկել էր դրանից և կրճատել գազի մատակարարման ծավալները: Ապրիլի վերջերին Ռուսաստանը ժամանակավորապես արգելեց Թուրքիայից սմբուկի ներկրումը՝ ընդգծելով, որ վերջին շրջանում 4 անգամ վնասակար տարրեր են հայտնաբերվել դրանում և տասնյակ տոննաներով սմբուկ է վերադարձվել Թուրքիային։ «Ռոսսելխոզնադզորը» հայտարարեց, որ անվտանգության երաշխավորման դեպքում պատրաստ է չեղյալ հայտարարել Թուրքիայից գյուղատնտեսական արտադրանքի ներկրման արգելքը։ Դրանից հետո տվյալ հարցերի շուրջ բանակցելու նպատակով Մոսկվա ժամանեց Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության պատվիրակությունը, ինչը ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո թուրքական պատվիրակության պաշտոնական առաջին այցն էր Ռուսաստան։

Ապրիլին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի հրաժարվի Աքքույուի ատոմակայանից, որը կառուցում է «Ռոսատոմը»: Վերջինիս ղեկավար Սերգեյ Կիրիենկոն հայտարարեց, որ կորպորացիան չի փոխել Աքքույուի ատոմակայանին առնչվող պլանները։ Դրանից առաջ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, թե «Ռոսատոմը» կարող է վաճառել ատոմակայանի նախագծում իր բաժնեմասի գրեթե կեսը՝ 49%։ Ապրիլին Զախարովան հերքեց, թե կա պետական պատվեր՝ թուրք գործարարներին ճնշելու համար, իսկ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևն էլ հերքեց, թե իրենք ձգտում են ընդլայնել Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցների փաթեթը։

Քաղաքական. Ապրիլին Էրդողանը քանիցս հայտարարեց ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին՝ հույս հայտնելով, որ կհաղթահարվեն առկա դժվարությունները, իսկ նրա մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ ռուս-թուրքական հարաբերությունները չափազանց կարևոր են, որպեսզի դրանք կարելի լինի զոհաբերել։ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշեց, որ եթե Ռուսաստանը ցանկանա վերականգնել հարաբերությունները, ապա Թուրքիան պատրաստ է դրան։ Չավուշօղլուի խոսքերով՝ վերջին շրջանում երկու երկրների հարաբերություններում կա որոշակի ջերմացում, սակայն ՌԴ ԱԳՆ-ն հերքեց դա՝ ընդգծելով, որ ներկա ճգնաժամի պատասխանատուն Թուրքիան է, և որ թուրքական իշխանությունների հակառուսական դիրքորոշումը թույլ չի տալիս տեսանելի ապագայում ակնկալել երկկողմ հարաբերությունների կարգավորում։

Ապրիլին ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը Թուրքիային մեղադրեց միջսիրիական բանակցություններին Սիրիայի քրդերի մասնակցությունը խոչընդոտելու, ԻՊ-ին զենք մատակարարելու, Իրաքից և Սիրիայից անտիկ իրերի մաքսանենգությամբ զբաղվելու համար և կոչ արեց ամբողջությամբ փակել թուրք-սիրիական սահմանը։ Թուրքական կողմն անհիմն համարեց այդ մեղադրանքը և Ռուսաստանին մեղադրեց զրպարտանքի մեջ։ Զախարովան փախստականների հանդեպ Թուրքիայի կիրառած մեթոդները որակեց որպես «վայրի»՝ ընդգծելով, որ Սիրիայի խաղաղ քաղաքացիները դառնում են թուրք սահմանապահների կրակի զոհը, «21-րդ դարի ստրկավաճառություն» որակեց ԵՄ-Թուրքիա միգրացիոն գործարքի շրջանակներում փախստականների փոխանակումը և Թուրքիային մեղադրեց Սիրիայի հետ սահմանին իր գործողություններով «կրակի վրա յուղ լցնելու» համար (Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջարկեց թուրք-սիրիական սահման հրավիրել դիտորդների):

Ապրիլին Թուրքիայում արգելափակվեց ռուսական Sputnik լրատվական գործակալության թուրքական մասնաճյուղի կայքը, ապա արգելվեց նրա խմբագիր Թուրալ Քերիմովի մուտքը Թուրքիա։ Դրա հետ կապված՝ Զախարովան հայտարարեց, որ Քերիմովի մուտքն արգելելը ԶԼՄ ճնշմանը միտված Անկարայի քաղաքականության ցուցիչ է, և Մոսկվան մտահոգ է Թուրքիայում ԶԼՄ ազատության դեգրադացվող իրավիճակից: Ապրիլի կեսին Թուրքիան վիզային ռեժիմ սահմանեց ծառայողական անձնագրով ժամանող Ռուսաստանի քաղաքացիների համար, ինչին Ռուսաստանը տվեց նույնատիպ պատասխան։

Ապրիլին Թուրքիայի քաղաքացի, զինյալ Ալփարսլան Չելիքը, որն ավելի վաղ հայտարարել էր, թե ինքն է սպանել 2015թ. նոյեմբերի 24-ին թուրքական օդուժի խոցած ռուսական «Սու-24» ինքնաթիռի օդաչու Օլեգ Պեշկովին, հետ կանգնեց իր այդ խոսքերից՝ հայտարարելով, թե միջադեպի ժամանակ դիմել է իր շուրջը գտնված զինյալներին՝ խնդրելով դադարեցնել կրակը։ Չելիքի փաստաբան Մուրաթ Ուսթունդաղը հայտարարեց, որ թուրքական օրենքներն արգելում են դատական նպատակով երկրի քաղաքացու հանձնումը այլ երկրի, և եթե թուրքական դատարանը գտնի, որ Չելիքը մեղավոր է, ապա կպատժի նրան։ ՌԴ ԱԳՆ-ն հույս հայտնեց, որ Չելիքը խստագույն պատժի կարժանանա, իսկ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, թե Կրեմլն ակնդետ հետևում է թուրքական քննչական մարմինների գործողություններին, և դեռ հայտնի չէ, թե իրավական տեսանկյունից որքանով է հնարավոր Չելիքի արտահանձնումը։ Ապրիլին Չելիքը նամակ հղեց ՌԴ ԱԳՆ՝ ռուսական իշխանություններին երկխոսության կոչ անելով։ Մեկնաբանելով սոցցանցերում տարածված այդ տեղեկատվությունը՝ Զախարովան հայտարարեց, թե դա առիթ չէ պաշտոնական Մոսկվայի արձագանքի համար, որ իրենք կարձագանքեն միայն թուրքական կողմի վերջնական հայտարարությանը։

Ապրիլին կողմերն աչքի ընկան ԼՂ-ի վերաբերյալ մի շարք հայտարարություններով։ Չավուշօղլուն հերքեց Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրացման հարցում Թուրքիայի դերի մասին ռուսական կողմի հայտարարությունները. «Մենք ցանկանում ենք հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն ամեն դեպքում մենք մշտապես կլինենք եղբայրական Ադրբեջանի կողքին»։ Դրանից առաջ Ռուսաստանի Դաշնության խորհրդի՝ միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել էր, որ Թուրքիան ԼՂ հարցում իր միակողմանի դիրքորոշմամբ «կրակի վրա յուղ է լցնում», հակամարտող կողմերից մեկին խթանում է դրա շարունակման համար, իսկ ահա Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ իրենք որևէ արտաքին ուժի և որևէ արտաքին խաղացողի չեն մեղադրում ԼՂ-ում լարվածության ներկայիս բռնկումը հրահրելու համար։ Չնայած Լավրովի այս հայտարարությանը՝ Էրդողանը Ռուսաստանին անվանեց «Ղարաբաղյան հակամարտության կողմ». «Ռուսաստանն ասում է, թե Թուրքիան (Ղարաբաղյան) հակամարտության կողմ է, մինչդեռ իրականում հակամարտության կողմը Ռուսաստանն է, որը հակամարտող կողմ է եղել Վրաստանում, Ուկրաինայում, իսկ ներկայումս նաև Սիրիայում հակամարտող կողմ է»։ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտությունում թուրքական գործոնն առկա է թեկուզ նրա համար, որ Թուրքիան հայտնել է իր դիրքորոշումը (Էրդողանը հայտարարել էր, թե Ղարաբաղը «կլինի» ադրբեջանական)։ Ավելի ուշ Լավրովը ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի ղեկավարության հայտարարությունները որակեց որպես անընդունելի. «Դրանք ոչ թե դեպի խաղաղություն, այլ պատերազմ տանող կոչեր են»։

Հարկ է նշել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը վերջին շրջանում որդեգրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին հնարավորինս վարկաբեկելու, ԼՂ խնդիրը լուծելու հարցում նրա «անզորությունն» ի ցույց դնելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ողջ կազմով բանակցություններ անցկացնելու անհրաժեշտության գիծ, ինչը պետք է նախադրյալներ ստեղծի ԼՂ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ Թուրքիայի ակտիվ ներգրավվածության համար։ ԼՂ հակամարտության գոտու քառօրյա պատերազմը ծառայում էր նաև այդ նպատակին, ինչպես նաև Թուրքիայի կողմից Ռուսաստանի հետ շփման հարթակ ստեղծելուն (որ Ռուսաստանը ԼՂ հարցում զգա Թուրքիայի հետ երկխոսելու կարիք)։

Թուրքիա-ԱՄՆ. Ապրիլին Էրդողանը Մերիլենդ նահանգում մասնակցեց ԱՄՆ ամենամեծ մզկիթի բացմանը, որի կառուցումը ֆինանսավորել է թուրքական կողմը։ Ամերիկյան այցի շրջանակներում Էրդողանին հաջողվեց ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Բարաք Օբամայի հետ, որը չմասնակցեց Մերիլենդի մզկիթի բացմանը։ Դրանից առաջ Սպիտակ տունը հայտնել էր, որ Օբամայի գրաֆիկում տեղ նախատեսված չէ Էրդողանի հետ պաշտոնական հանդիպման համար, ինչը որակվեց Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունների սառեցման նշան։ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի և ԱՄՆ դիրքորոշումները մոտենում են Սիրիայի քրդերի ուժերի հարցում, որ Թուրքիան կշարունակի զարգացնել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները՝ հենված ընդհանուր շահերի վրա՝ չնայած մի շարք տարաձայնություններին։ Օբաման հայտարարեց, որ միջազգային և տարածաշրջանային հարցերում Թուրքիայի հետ համագործակցությունը ԱՄՆ-ի համար մնում է ծայրահեղ կարևոր։ Ապա նա մտահոգություն հայտնեց ԶԼՄ-ի հանդեպ թուրքական իշխանությունների մոտեցմամբ, ինչի կապակցությամբ Էրդողանը հայտարարեց, որ Օբամայի հետ չի քննարկել Թուրքիայում խոսքի ազատության և ԶԼՄ-ում իրադրության թեման, և վշտացած է, որ Օբաման իր հետևից արել է նման հայտարարություններ:

Ապրիլին Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են թուրք-սիրիական սահմանին ամերիկյան HIMARS (High Mobility Artillery Rocket System) համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր տեղակայելու շուրջ: Չավուշօղլուն մանրամասնել է, որ այդ համակարգերը տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանի 98 կիլոմետրանոց հատվածում (Աֆրին-Ջերաբլուս հատված), որի հակառակ կողմը վերահսկում է ԻՊ-ը (ապրիլին նաև հաղորդվեց, որ ԱՄՆ-ը ԻՊ-ի դեմ պայքարի համար Թուրքիայի հարավ-արևելքում տեղակայելու է EA-6B Prowler տախտակամածային ինքնաթիռներ)։ Խոսելով Սիրիայի քրդերի ուժերի (PYD-YPG) հարցում ԱՄՆ դիրքորոշման մասին՝ Չավուշօղլուն հայտարարեց, որ այն փոփոխության չի ենթարկվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է հաշվի առնել այդ հարցում իրենց մտահոգությունները:

Ապրիլի սկզբին Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնեց, որ ԱՄՆ գլխավորած դաշինքի ավիացիան ոչնչացրել է Իրաքի Մոսուլ քաղաքում գտնվող Թուրքիայի հյուպատոսությունն ու այնտեղ գտնված զինյալներին։ Ընդ որում՝ հայտարարության մեջ նշված էր, որ ավիահարվածից առաջ խորհրդակցություններ են անցկացվել Անկարայի հետ, որը տվել է ԻՊ-ի կողմից զավթված իր հյուպատոսությունը ոչնչացնելու համաձայնություն։ Ի դեպ, ավելի վաղ կարծիքներ էին հնչել, թե Թուրքիան Մոսուլից հյուսիս զորք է տեղակայել, որպեսզի հետագայում այն մասնակցի Մոսուլի ազատագրմանը և վերացնի ԻՊ-ի և Թուրքիայի միջև սերտ կապերի մասին վկայող փաստաթղթերը։ Ապրիլին Թուրքիայի ԱԳՆ-ն «ավանդաբար» կտրականապես դատապարտեց Օբամայի «ապրիլքսանչորսյան» ուղերձը՝ չնայած դրանում բացակայել է «ցեղասպանություն» եզրույթը՝ դա որակելով որպես «միակողմանի» վերաբերմունք»։

Թուրքիա-ԵՄ. Ապրիլին մեկնարկեց ԵՄ-ի և Թուրքիայի միջև ապօրինի ներգաղթյալներին և սիրիացի փախստականներին փոխանակելու գործընթացը: Խոսքն ապօրինի ներգաղթյալների մասին է, որոնք պաշտպանություն չեն խնդրել ԵՄ-ում կամ էլ ապաստան տալու մասին հայտերը ճանաչվել են անընդունելի: Միաժամանակ Թուրքիայից ԵՄ կտեղափոխեն նույն թվով սիրիացիներ: Ապօրինի ներգաղթյալների և օրինական փախստականների փոխանակումն իրականացվում է «մեկը մեկի դիմաց» սկզբունքով։ Ապրիլին Հունաստանը Լեսբոս կղզուց Թուրքիա ուղարկեց փախստականների առաջին խմբաքանակը՝ 135 մարդ, Դավութօղլուն կոչ արեց Հունաստանից հետ վերադարձողներին ընդունել ինչպես «սեփական զավակների»։

Ապրիլին Էրդողանը ԵՄ-ին մեղադրեց Թուրքիայի հետ միգրացիոն գործարքով խոստումները չկատարելու համար և սպառնաց, որ ինքը նույնպես չի կատարի դրանք: Դավութօղլուն հանդես եկավ նման սպառնալիքով, եթե ԵՄ-ը չկատարի Թուրքիայի քաղաքացիներին ոչ վիզային ռեժիմ տրամադրելու մասով իր պարտավորությունները (Դավութօղլուի խոսքերով`ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմ ունենալը կենսական կարևորություն ունի Թուրքիայի համար): Ապրիլին Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Թուրքիային հատկացրեց 110 մլն եվրո՝ ներգաղթը սահմանափակելու համար, որով և այս տարի Անկարային հատկացրած գումարի չափը հասավ 187 մլն եվրոյի՝ խոստացած 3 մլրդ եվրոյից: Ապրիլին Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը հայտարարեց, որ ԵՄ-ն ամռանը Թուրքիային կհատկացնի 1 մլրդ եվրո: Տուսկը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ԵՀ առաջին փոխնախագահ Ֆրանց Թիմերմանսը այցելեցին Գազիանթեփ նահանգ, ուր նրանց Դավութօղլուն ցույց տվեց Նիզիպի այսպես կոչված գովազդային ճամբարը։ Մերկելը կոչ արեց Սիրիայում՝ թուրքական սահմանի մոտ, փախստականների համար ստեղծել անվտանգության գոտի։

Ապրիլին Էրդողանը Բաքվում անցկացված ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ գլոբալ ֆորումում հայտարարեց, որ Թուրքիան 3 մլն փախստական է ընդունել Սիրիայից ու Իրաքից և նրանց վրա ծախսել է $10 մլրդ, իսկ ՀԿ-ների ծախսերը հաշվի առնելու դեպքում գումարի չափը կգերազանցի $20 մլրդ-ն: Ի դեպ, ՄԱԿ պաշտոնական ներկայացուցիչ Բետինա Լյուշերն ապրիլին հայտարարեց, որ Թուրքիայում գրանցված է Սիրիայից ժամանած 2.730.000 փախստական, որոնց գրեթե 90%-ը բնակվում է հատուկ ճամբարներից դուրս։ Թուրքիան այժմ մտադիր է փախստականների համար կառուցել 3-ական տնակային քաղաք ու փախստականներին ընդունելու կենտրոն՝ նախատեսված 39.000 մարդու համար։

Ապրիլին Էրդողանը հայտարարեց, որ ԵՄ-ի կողմից Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմի վերացումը, որը ենթադրաբար տեղի կունենա հունիսի վերջին, լավություն չէ ԵՄ-ի կողմից, քանի որ դեռ իր վարչապետ լինելու ժամանակ հաղորդվել էր, որ դա տեղի է ունենալու 2016թ. հոկտեմբերին, և չի կարելի խոշոր զիջում համարել այդ ժամկետը չորս ամսով տեղափոխելը։ Էրդողանը նաև դատապարտեց ԵՄ այն պահանջները, որոնց համաձայն՝ Թուրքիան պետք է կոնկրետ նախագծեր ներկայացնի փախստականների համար՝ որպես պայման ֆինանսական օգնության դիմաց նրանց ընդունելու համար:

Ապրիլին Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը մուսուլմանական երկրներին կոչ արեց ճանաչել Կոսովոն. «Թեև Կոսովոն գտնվում է Եվրոպայում, այդ երկիրը իսլամական մշակույթի առավել կարևոր բաղադրիչներից մեկն է։ Կոսովոն Եվրոպային կծանոթացնի իսլամի հարուստ ժառանգության մասին։ Կոսովոյի ճանաչումը կուժեղացնի իսլամական աշխարհի հզորությունը»։

Ապրիլին Եվրոպական խորհրդարանը զեկույց ընդունեց Թուրքիայում մարդու իրավունքների վերաբերյալ, որում մտահոգություն հայտնեց դատական համակարգի, խոսքի ազատության ու մարդու իրավունքների ոլորտների շուրջ։ Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրը հայտարարեց, որ Եվրոպական խորհրդարանի նոր «ոչ էական» զեկույցն արժանացել է նախորդ տարվա նրա զեկույցի ճակատագրին, որը հետ վերադարձվեց Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Էրդողանը նույնպես դատապարտեց այդ զեկույցը՝ այն որակելով որպես «հայամետ» և «ոչինչ չպարտավորեցնող»:

Թուրքիա-Իրան. Ապրիլին Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին և Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մուսթաֆա Էլիթաշը Թեհրանում քննարկեցին տնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցը և լիովին իրատեսական համարեցին, որ երկու երկրները կարող են տարեկան ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև $30 մլրդ-ի։ 2015թ. Իրանի և Թուրքիայի միջև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալը կազմել է մոտ $10 մլրդ։ Այդ ցուցանիշն անշեղորեն նվազում է 2012թ. հետո, երբ այն հասել էր $22 մլրդ-ի։ Ապրիլին Թուրքիա այցելեց Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ մասնակցելու համար ԻՀԿ 13-րդ գագաթաժողովին, որի ամփոփիչ փաստաթղթում տեղ են գտել Իրանի հասցեին արված ծանր մեղադրանքներ: Նա մասնավորապես մեղադրվել է Եմենի, Բահրեյնի, Սոմալիի և Սիրիայի ներքին գործերին միջամտելու համար, և պահանջվել է վերջ դնել այդ ամենին:

Ապրիլի սկզբներին Իրանի Ռամսար քաղաքում տեղի ունեցավ Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների չորրորդ եռակողմ հանդիպումը, որում քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, բեռների տարանցման, ինչպես նաև քաղաքական ոլորտում համագործակցության զարգացման հարցերը։ Ի դեպ, ապրիլին Թուրքիայում ուժի մեջ մտավ կառավարության որոշումը, որով սառեցվեցին շիա ապստամբներին աջակցած Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի բանկային հաշիվները, ֆինանսական ակտիվները և գույքը։

Թուրքիա – ԻՊ. Ապրիլին Դավութօղլուն հայտարարեց, որ ԻՊ-ը հունվարի 18-ից սկսած 46 հրթիռ է արձակել թուրքական Քիլիս սահմանային նահանգի տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով նահանգում զոհվել է 17 մարդ, որոնցից 10-ը Թուրքիայի քաղաքացի է: Դրա հետ կապված` Քիլիս նահանգում ապրիլին կազմակերպվեց բողոքի զանգվածային ակցիա, որի մի քանի հարյուր մասնակիցներն իշխանություններից պահանջեցին ապահովել իրենց անվտանգությունը: Ապրիլին Թուրքիայի զինված ուժերը մեծացրին Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված տանկերի և հաուբիցների թիվը, տեղակայեցին հրթիռային համալիրներ:

Թուրքիա-Իսրայել, Կատար. Ապրիլին Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Թուրքիան և Իսրայելը դեռ չեն հասել հարաբերությունների կարգավորման վերջնական պայմանավորվածությանը. «Իսրայելից ստացվել է ներողություն («Մավի Մարմարայի» միջադեպի համար), կա փոխհատուցում վճարելու մասին պայմանավորվածություն։ Սակայն երրորդ թեման Գազայի հատվածի բնակչության համար կենսապայմանների վերականգնումն է, այդ հարցում մենք համառ ենք, անընդունելի է այն, թե ինչպես է այնտեղ ապրում երկու միլիոն մարդ։ Անհրաժեշտ է վերացնել Պաղեստինի շրջափակումը, դադարեցնել 49-ամյա օկուպացիան»։ Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտեյնիցը, որը, ԶԼՄ տվյալներով, ապրիլին գաղտնի հանդիպում է ունեցել Էրդողանի հետ, հայտարարեց, որ Գազայի հատվածում նավահանգստի կառուցման թեմայով Թուրքիայի հետ համաձայնագիրը պատրաստ է 90%-ով, ինչը կնպաստի Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Ապրիլին Էրդողանը հայտարարեց, որ Իսրայելը գիտակցել է Թուրքիայի հանդեպ գործած սխալը. «Մենք երեք նախապայման ենք ներկայացրել, որոնցից առաջինն արդեն իսկ կատարված է: Մնացած երկու նախապայմանները դեռ կատարված չեն: Այժմ փոխհատուցման հարցում կա առաջընթաց: Սակայն Գազայի հատվածում կան լուրջ խնդիրներ: Գազայի ամենակարևոր խնդիրը էլեկտրականությունն է: Մենք առաջարկել ենք գերմանացիների հետ համատեղ կառուցել էլեկտրակայան»:

Չավուշօղլուն Ստամբուլում տեղի ունեցած ԻՀԿ նիստում հայտարարեց պաղեստինյան անկախ պետություն ստեղծելու անհրաժեշտության մասին:

Թուրքիա – Հարավային Կովկաս. Ապրիլին Թուրքիան և Ադրբեջանն ամենատարբեր մակարդակով բազմիցս քննարկեցին ԼՂ հարցը։ Ապրիլի սկզբին Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և ցավակցություն հայտնեց ԼՂ հակամարտության գոտում ադրբեջանցի զինծառայողների սպանվելու կապակցությամբ։ Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Իսմեթ Յըլմազը և Զաքիր Հասանովը նույնպես քննարկեցին իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Չավուշօղլուն և Մամեդյարովը Ռամսարում քննարկեցին ԼՂ հարցը։ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ադրբեջանին օգնելու հարցում Թուրքիայի պատրաստ լինելը չի նշանակում, թե Անկարան Բաքվին դրդում է պատերազմի։ Չավուշօղլուն քննադատեց ԵԱՀԿ Մինսկի խմբին. «Ինչո՞վ են զբաղվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Եթե ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ցանկանան, ապա ԼՂ հակամարտությունը կկարգավորի 1 շաբաթվա ընթացքում»։

Ապրիլին Չավուշօղլուն կոչ արեց ԻՀԿ շրջանակներում ստեղծել արտգործնախարարների մակարդակով Ղարաբաղի հարցով շփման խումբ: ԻՀԿ 13-րդ գագաթաժողովին մասնակցելու համար ապրիլին Ստամբուլ ժամանեց Իլհամ Ալիևը, որը հանդիպեց Էրդողանի հետ և քննարկեց նաև ԼՂ հակամարտության գոտու վերջին զարգացումները։ Ալիևը շնորհակալություն հայտնեց ԻՀԿ-ին՝ ԼՂ հակամարտության գծով շփման խումբ ստեղծելու որոշման համար:

Ապրիլին Դավութօղլուն հայտարարեց, որ Թուրքիան ուշադիր հետևում է ԼՂ շփման գծում իրադարձությունների զարգացմանը. «Թուրքիան Ադրբեջանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք ընկալում է որպես անձնական սպառնալիք։ Դժբախտաբար, չնայած Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, մյուս համանախագահող երկրները, ինչպիսին է Ռուսաստանը, հանդես են գալիս Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն Անկարայի մասնակցության դեմ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի մեջ մտնող երկրները պետք է ավելի ակտիվորեն մասնակցեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»։

Դավութօղլուն ԻՀԿ 13-րդ գագաթաժողովում հայտարարեց. «Պաղեստինն օկուպացիայից ազատելու խնդիրն իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: Վերջին օրերին արդիականացած Ղարաբաղի ու Ղրիմի հարցերում մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում»։ ԻՀԿ գագաթաժողովից հետո Էրդողանը հայտարարեց. «ԵԱՀԿ Մինսկի խումբը մատնված է անգործության: Ես չեմ հասկանում, թե 25 տարում ինչու չեն կարողանում լուծել այդ խնդիրը»:

Դավութօղլուն Ստրասբուրգում, ԵԽԽՎ նստաշրջանում նույնպես անդրադարձավ ԼՂ հակամարտության կարգավորմանը. «ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ներդնի առավելագույն ջանքեր՝ ԼՂ հակամարտությունը կարգավորելու համար: Թուրքիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: ԼՂ շփման գծի վերջին դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտության ստատուս քվոն անընդունելի է: Հրադադարի ռեժիմի խախտումը կարող է ազդել Նախիջևանի վրա, ինչն անընդունելի է»։ Դավութօղլուն Նախիջևանի մասին հիշատակմամբ ակնարկում էր, որ խնդիրը կարող է ազդել նաև այդ երկրամասով մեծապես հետաքրքրված Թուրքիայի վրա։

Ապրիլի վերջերին Էրդողանը ժամանեց Բաքու, և ԶԼՄ ուշադրությունից չվրիպեց այն, որ այս անգամ Էրդողանը որևէ հայտարարություն չարեց ԼՂ-ի վերաբերյալ՝ չնայած երկկողմ հանդիպում էր ունեցել Ալիևի հետ։ Սակայն Ադրբեջանը լքելուց հետո Էրդողանը հայտարարեց. «Հայաստանը կրակի հետ է խաղում: Դիմակայությունն ավելի ուժեղ է դարձնում Ադրբեջանին և Իլհամ Ալիևին»: Էրդողանը հիշատակեց նաև Թուրքիայում ապրող հայերի մասին. «Թուրքիայում բնակվում է մինչև 100.000 հայ, որոնցից 50.000-ը Թուրքիայի քաղաքացի չէ: Մենք հանդուրժողական վերաբերմունք ենք ցուցաբերում մշտական բնակության թույլտվություն չունեցողների հանդեպ: Մենք ցուցադրում ենք մեր բարի կամքը»:

Ապրիլին Էրդողանը վավերացրեց էներգետիկ ոլորտում Վրաստանի հետ համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015թ. ապրիլի 9-ին։ 2015թ. Վրաստանից Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանումը կազմել է մոտ 420 մլն կվտ/ժամ։ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա» էներգետիկ կամուրջը մեծ հեռանկարներ է բացում էլեկտրաէներգիայի արտահանման տեսանկյունից:

Ապրիլին Թբիլիսիի և Ստամբուլի քաղաքապետեր Դավիթ Նարմանիան և Քադիր Թոփբաշը Թուրքիայում հուշագիր ստորագրեցին, որով Վրաստանի մայրաքաղաքն ու Թուրքիայի խոշորագույն քաղաքը դարձան «եղբայրական քաղաքներ»: Հուշագիրը նախատեսում է ներդրումների, մշակույթի և զբոսաշրջային ոլորտներում քաղաքների միջև համագործակցություն։

Ապրիլին Չավուշօղլուն Ստրասբուրգում հայտարարեց, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել՝ առանց անցնելու դաշինքին անդամակցելու գործողությունների ծրագրի (MAP). «Տեխնիկապես դա լիովին իրագործելի է: Ես այդ հարցը կբարձրացնեմ մայիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ արտգործնախարարների խորհրդի նիստում։ Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և քանիցս հայտարարել ենք այդ մասին` նաև երկու տարի առաջ Ուելսում դաշինքի գագաթաժողովի ժամանակ։ Վարշավայի առաջիկա գագաթաժողովը պետք է դառնա ՆԱՏՕ ընդլայնման գագաթաժողով։ Իհարկե, Թուրքիան որևէ երաշխիք չի կարող տալ այդ հարցում, բայց մենք կարծում ենք, որ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ անդամ լինել, քանի որ բավարարում է բոլոր պահանջներին»։ Սա տեղավորվում է վերջին շրջանում Ռուսաստանի դեմ Թուրքիայի քայլերի շրջանակներում:

Ապրիլին թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթը հայտնեց, թե Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել, որով վրացական կողմը սահմանային մոտ 6 հեկտար վիճելի հողատարածք է հանձնել Թուրքիային։ Խոսքն Արդահանի նահանգի մաս կազմած տարածքի մասին է, որը 1970-ականներին անցել է ԽՍՀՄ մաս կազմած Վրաստանին։ Դա տեղի էր ունեցել այն բանից հետո, ինչ այդ շրջանով անցնող սահմանային ոչ մեծ Ջակիսցկալի գետը փոխել է իր հունը։ Այժմ բանակցությունների արդյունքում կողմերը որոշել են սահմանային գետը վերադարձնել նախկին հուն և այդպիսով Թուրքիային է հանձնվել 15 ֆուտբոլային դաշտի չափ տարածք։ Ընդգծվում է, որ խոսքը բարեբեր հողատարածքի մասին է։ Վրաստանի ԱԳՆ-ն, սակայն, հերքեց այդ տեղեկատվությունը։

Ապրիլին Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը (Էրդողանի փեսան է) հայտարարեց, թե Մեծամորի ատոմակայանը տարածաշրջանի համար «իրական սպառնալիք» է. «Մեծամորի ատոմակայանը ենթակա չէ վերակառուցման, քանի որ կառուցվել է ավելի քան 40 տարի առաջ: Այն գտնվում է մեր սահմանից 10-20 կիլոմետր հեռավորության վրա և լուրջ ռիսկեր ու մտահոգություններ է առաջացնում: Անհրաժեշտ է փակել այն»։ Թուրքիան ավելի վաղ նույնպես քանիցս բարձրացրել է Մեծամորի ատոմակայանի փակման հարցը:

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ