ՀՑԹԻ ցուցադրությունը Ֆրանսիայում

Անցյալ շաբաթ Փարիզի «Ֆրեդերիկ Մուազան» սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացումը: Նույն օրը կայացավ համանուն գրքի ֆրանսերեն հրատարակության շնորհանդեսը:

«Ֆրեդերիկ Մուազան» սրահում ցուցադրությունը բաց կլինի մինչև հունիսի 12-ը:

Հաջորդ օրը՝ մայիսի 27-ին, Մարսել քաղաքի «Սահակ-Մեսրոպ» հայկական մշակութային կենտրոնում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ցուցադրությունը: Ցուցահանդեսի շուրջ 170 հյուրերի համար ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը դասախոսություն կարդաց՝ ներկայացնելով միջազգային մամուլի վավերական վկայությունները: Քսաներորդ դարասկզբին աշխարհի մամուլը տեղյակ է եղել Օսմանյան կայսրությունում կազմակերպված ցեղասպանության մասին: Միջազգային մամուլը գրեթե ամեն օր գրել է երիտթուրքական կառավարության կազմակերպած կոտորածների մասին, որ նպատակ ունեին ամբողջովին ոչնչացնել Թուրքիայի տարածքում ապրող հայ ժողովրդին: Այսօր Անկարան ժխտողական քաղաքականություն է վարում՝ ներկայացնելով կեղծ պատմություն և փաստեր, այնինչ միայն միջազգային մամուլի այս վկայությունները ոչ մի կասկած չեն թողնում:

ՀՑԹԻ տնօրենը նաև պատասխանել է ունկնդիրների բազմաթիվ հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, Արցախի հիմնահարցին, ինչպես նաև՝ Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի և միջազգային հասարակության կողմից: Հայկ Դեմոյանը ներկայացրել է ՀՑԹԻ կողմից անցյալ տարի հրատարակված «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերում» ֆրանսերեն գիրքը, որը հարուստ պատկերազարդ նյութ է պարունակում, կան բազմաթիվ լուսանկարներ, բացիկներ և ծաղրանկարներ:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ