Մեդալի հակառակ կողմը. Բունդեսթագի բանաձևն «այլ» դիտանկյուններից. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

2016 թվականի հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագն ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման բանաձևը, ինչը տարբեր շրջանակներում մեծ ոգևորություն առաջ բերեց:

Նախ, սա, անշուշտ, կարևոր զարգացում է, որը կարելի է դարձնել նաև արդյունավետ, կիրառական, իսկ գնդակը հիմա արդեն մեր դաշտում է ու մեզ մոտ, և մենք պետք է բարոյական դաշտից ռացիոնալ, պրագմատիկ, կիրառական հարթություն անցումը կատարենք՝ փորձելով այս և նմանատիպ այլ բանաձևերն իրապես ծառայեցնել Հայոց ցեղասպանության հետևանքների վերացմանը: Բայց ահա այստեղ է կարևորագույն հարցը՝ արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունն իրապես պատրաստ է որակական նոր անցումների, սկզբունքային քայլերի, ռազմավարություն փոփոխությունների: Հատկապես նման գործընթացի պատրա՞ստ են մեր պետության վերին էշելոններում, ի վերջո, պատրա՞ստ է նաև հասարակությունը: Սրանք հարցեր են, որոնք ինչպես հիմա, այնպես էլ միշտ բաց են քննարկման համար:

Դրականը

Անցնելով առաջ՝ սկսեմ դրականից: Այս օրերին բավական շատ խոսվեց բանաձևի ընդունման կարևորության և նշանակության մասին: Կհամաձայնեմ հնչած տեսակետներից մի քանիսի հետ. աննախադեպ էր այն, որ, ի վերջո, Ցեղասպանության փաստը ճանաչվեց Օսմանյան կայսրության գլխավոր դաշնակցի՝ Գերմանիայի կողմից, որի մասնակցությունը հայերի կոտորածների կազմակերպմանը մշտապես պատմաբանների քննարկման կիզակետում է: Սա կարևոր էր նաև Գերմանիայի համար՝ պատմության հետ առերեսվելու տեսանկյունից:

Կարևոր է նաև Գերմանիայի զբաղեցրած դիրքը ինչպես Եվրամիությունում, այնպես էլ աշխարհում, ինչը կարող է բերել նոր պետությունների կողմից ցեղասպանության ճանաչմանը՝ նման դոմինոյի էֆեկտին: Այստեղ սակայն ստիպված եմ կանգ առնել, որովհետև և Հայաստանում, և Սփյուռքում ոչ պոպուլյար մտքի կիսողն եմ, այն մտքի (փորձեմ կարճ ձևակերպել՝ հոդվածի մնացյալ մասում բացելով փակագծերը), որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը հարցի լուծում չէ, փակ շրջան է:
Դրական էր նաև բանաձևի ընդունումից հետո միջազգային մեդիայում թեմայի բարձրաձայնումը, որը կրկին լայն զանգվածներին հասցրեց այն, թե ինչ է կատարվել 20-րդ դարի երկրորդ տասնամյակին հայերի հետ: Կարծում եմ՝ հանրային իրազեկումը և Ցեղասպանության փաստի բարձրաձայնումն այն ուղղություններից են, որոնք վերջին տարիներին մեր պայքարում կարելի է հաջողված համարել:

Բացասականը

Այժմ էլ մի քանի կետեր քննենք, որը համընդհանուր ոգևորության ժամանակ կարող էին աչքից վրիպել կամ երկրորդ պլան մղվել, բայց և դրանք հանգուցային ու կարևոր կետեր են, ուշադրության արժանի լինելու իրավունք ունեն:

Սկսենք «1915-1916 թվականներին հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման» բանաձևի բովանդակությունից: Արդեն վերնագրում որպես տարեթիվ է ընդունվել 1915-1916 թվականները՝ որպես հայերի և այլ քրիստոնյաների ցեղասպանության տարիներ Օսմանյան կայսրությունում: Իրականում թուրքերի կողմից ցեղասպանական գործողությունները հասել են ընդհուպ մինչև 1923 թվականը՝ ընդգրկելով ոչ միայն Օսմանյան կայսրության վերջին տարիները, այլ նաև քեմալական շարժման ժամանակաշրջանը: Մի փոքր թեմայից շեղվելով՝ կարելի է փաստել, որ երիտթուրքական ավանդույթներով ցեղասպանական գործողությունները շարունակվեցին նաև 1923 թվականին Թուրքիայի՝ հանրապետություն հռչակումից տասնամյակներ անց էլ:

Կրկին վերադառնալով բանաձևին՝ այստեղ նշված չէ Ցեղասպանության իրականացման վայրը: Իհարկե, խոսքը տվյալ ժամանակահատվածում այդ տարածքը զբաղեցնող պետական կազմավորման (Օսմանյան կայսրության) մասին չէ, այլ Հայաստանի: Օրինակ, այնպես, ինչպես ՌԴ Պետդումայի հայտարարությունում նշված է, որ հայերի ցեղասպանությունն իրականացվել է Արևմտյան Հայաստանի տարածքում:
Բանաձևում արտացոլվել են վերջին տարիներին Թուրքիայում արված հատուկենտ քայլերը՝ վերանորոգելու հայկական պատմամշակութային ժառանգության կոթողները, (օրինակ, Վանի Սուրբ Խաչ և Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցիները): Այս մասին նախագահ Էրդողանը շարունակաբար բարձրաձայնում է միջազգային ասպարեզում որպես դրական ու աննախադեմ քայլ, ինչի ազդեցությունն էլ նկատելի է բանաձևում, որտեղ կոչ է արվում շարունակել այդ նախաձեռնությունները: Ցավոք, Թուրքիայում վերջնական կործանումից փրկվել են փոքրաթիվ կոթողներ, իսկ հայկական ժառանգության զգալի մասը շարունակում է մնալ կիսաքանդ վիճակում կամ շարունակաբար ավերվում է: Իսկ մի քանի կոթողներ փրկելու միջոցով Անկարայի խնդիրներից էր դրական փոփոխություններ կրող Թուրքիայի իմիջի կերտումը, որը, պետք է ասել, ծառայում է իր նպատակին:

Առանձնահատուկ կարևոր է նաև վերջին շրջանում Թուրքիայի պաշտոնական ու կիրառվող թեզերից մեկի արտացոլումը բանաձևում, այն է՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծումը, որը 2005 թվականից համառորեն առաջարկում է Թուրքիան, և որից հրաժարվում է հայկական կողմը՝ նշելով, որ Ցեղասպանության փաստը պատմական քննման ենթակա չէ: Բանաձևում կոչ է արվում վերադառնալ Արձանագրությունների վավերացման գործընթացին՝ առանձին շեշտելով նաև «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման կարևորությունը որպես Արձանագրությունների մաս:

Լոկալ հարցերից անցում կատարենք գլոբալ հարցերին՝ ինչպիսի՞ն է բանաձևի նշանակությունը և ի՞նչ սպասել: Դեռևս ոչինչ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը փակ շրջան է, որը, անկեղծ լինենք, բավարարում է Թուրքիային, որը մեծ հաշվով լրջորեն չի տուժում այս կամ այն երկրի խորհրդարանի կողմից Ցեղասպանության ճանաչումից: Անգամ դրանց արձագանքելու մեխանիզմները թուրքերը չեն փոխում վերջին տարիներին: Հարմարվել են, ընկալում են հեռանկարի բացակայությունը: Իսկ հեռանկարը փոխելու խնդիրն ամենաառաջնայինն է մեր դեպքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը ոչ թե վերջնանպատակ պետք է դիտարկել, այլ որպես միջոց:

Իսկ Գերմանիան և Թուրքիան մի քանի ամիսների ընթացքում կկարգավորեն հարաբերությունները կամ որ ճիշտ է՝ կվերադառնան այն կետին, որը մինչ հունիսի 2-ն էր: Նախկին փորձը, թուրք-գերմանական հարաբերությունների ողջ դինամիկան, փոխկապակցված շահերն ու հետաքրքրությունները տանում են դրան: Սա ցնցում էր երկուստեք հարաբերությունների համար, բայց ոչ կործանիչ երկրաշարժ:

Վերջաբանի փոխարեն նշեմ, որ տողերիս նպատակը ոչ թե անպայման բանաձևի բացասական կողմերի փնտրտուքն է, այլ պատկերն ավելի բազմակողմանի ուսումնասիրելն ու տարբեր դիտանկյուններից քննելը, ինչը մշտապես պակասում է նմանատիպ դեպքերում, երբ խնդիրը բազմաշերտ է, իսկ ոգևորությունը՝ դոմինանտ:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ