«Մեր ճամփեն» կամ ինչպե՞ս վերաբերվել Բունդեսթագի որոշմանը. Վարուժան Գեղամյան

վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունեց որոշում, որով Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ. հայերի դեմ իրականացված ոճրագործությունները որակվեցին ցեղասպանություն։ Ընդ որում, փաստվեց, որ Կայզերական Գերմանիան իր բաժին մեղքն ունի այդ իրադարձություններում։ Որոշումը, ինչպես արդեն հասցրել ենք սովորել վերջին տասնամյակում, մեծ ոգևորություն առաջացրեց Հայաստանում և հայության շրջանում։ Ի շնորհակալություն Գերմանիայի՝ Բեռլինում նույնիսկ հայությունը քոչարի պարեց։ Երկրորդ անգամ։ Առաջինը 1945թ., Հայրենական պատերազմում փաստացի հաղթանակից հետո։ Իսկ երկրորդը՝ այսօր, երբ Գերմանիայի Բունդեսթագում տեղի ունեցավ մեզ հետ դրական, բայց ոչ կենսական կապ ունեցող իրադարձություն։ Փորձեմ ներկայացնել, թե ինչու հիմա ու հենց Գերմանիայի կողմից ընդունվեց այս բանաձևը։

«Ներգաղթյալներ» թղթապանակը

Միանգամից նշեմ, որ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պետք չէ դիտարկել հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում։ Բունդեսթագի քննարկումն ու դրան հետևած որոշումը գտնվում են բացառապես Գերմանիա-Թուրքիա, և առավել լայն՝ ԵՄ-Թուրքիա հարաբերությունների շրջանակներում և ուղղակիորեն կապված են Սիրիայից ու այլ երկրներից Եվրոպա ժամանած ներգաղթյալների հոսքի ու դրանից առաջացած լարվածության հետ։

2015թ. մոտ մեկ միլիոն ներգաղթյալ ժամանեց Եվրոպա։ Դրանց մեծամասնությունը ԵՄ և Շենգենյան համաձայնության երկրների տարածք էր ներթափանցում Թուրքիայով։ Մարդկանց մեծ հոսքը բազմաթիվ խնդիրներ հարուցեց եվրոպական երկրների իշխանությունների համար, որոնք հղի են Եվրոպական միության՝ որպես միասնական եվրոպական կառույցի, ապագայի համար փլուզման վտանգով։ Մասնավորապես, ներգաղթյալների մեծ քանակի պատճառով որոշ ժամանակով դադարեց գործել Շենգենյան համաձայնությունը, որն առանց սահմանների ու միասնական ԵՄ կառույցի գլխավոր սկզբունքներից և առավելություններից է։ ԵՄ անդամ երկրներից շատերը հնարավորություն և ցանկություն չունեն տեղավորել այդչափ մեծաքանակ ներգաղթյալների, ուստի ԵՄ ներսում առաջացան հակասություններ՝ կապված գաղթականների տեղավորման ու ֆինանսների հետ։ Միևնույն ժամանակ, կրոնով և սոցիալական կարգավիճակով տարբերվող ներգաղթյալները առաջացրեցին հականերգաղթային ալիք եվրոպացիների մի զգալի զանգվածի մոտ, ինչը համընկավ աջ քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերի ակտիվացման հետ և վերջիններիս կողմից սկսեց շահարկվել պոպուլիստական նպատակներով (օրինակ՝ Շվեդիայում, Հունգարիայում)։

Վերոնշյալ պատճառներով ԵՄ ծանրակշիռ անդամները՝ ի դեմս Գերմանիայի, որոշեցին կանխել ներգաղթյալների այդչափ մեծաքանակ հոսքը։ Որպես լուծում որոշվեց պայմանավորվածություն ձեռք բերել Թուրքիայի հետ՝ ներգաղթյալների առջև փակելով Թուրքիա-ԵՄ սահմանը։ Այդ համաձայնությունը կնքելու համար գլխավոր բանախոս Անգելա Մերկելը վերջին վեց ամիսների ընթացքում երեք անգամ հանդիպեց թուրքական ղեկավարության հետ, ինչի արդյունքում այս տարվա մարտ ամսին նախանշվեցին ստորագրվելիք համաձայնության նախապայմանները. Թուրքիան փակում է սահմանները և կանխում է արդեն իսկ իր տարածքում գտնվող ներգաղթյալների անցումը ԵՄ երկրներ՝ Հունաստան, Բուլղարիա։ Այս պահին Հունաստանում տեղակայված ճամբարներում գտնվող ներգաղթյալները պետք է հետ ուղարկվեն Թուրքիա։ Հունաստանից Թուրքիա անցած ամեն ներգաղթյալի դիմաց ԵՄ պետք է ընդուներ մեկ ներգաղթյալի Թուրքիայից (նրանց, ովքեր կբավարարեն ԵՄ սահմանած պահանջները (առողջական վիճակ, մասնագիտություն և այլն))։ Միևնույն ժամանակ ԵՄ պարտավորվում է Թուրքիային տրամադրել 6.6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն՝ գաղթականների կարիքները հոգալու համար։ Համաձայնության շրջանակներում Թուրքիայի քաղաքացիների համար ԵՄ պետք է վերացներ վիզային ռեժիմը Շենգենյան գոտում, ինչպես նաև արագացներ Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացը։

Սակայն նախնական համաձայնությունը վերջնական տեսք չստացավ, քանի որ Թուրքիան, հասկանալով, որ ԵՄ համար այս համաձայնությունը միակ ելքն է ներգաղթյալների ճգնաժամից, սկսեց նոր պահանջներ դնել ԵՄ ղեկավարության առջև։ Մասնավորապես, տրամադրվելիք նախնական ֆինանսական օժանդակությունը կրկնապատկեց (նախնական 3 մլրդը հասցնելով 6.6 մլրդ եվրոյի), ինչպես նաև հրաժարվեց կատարել ԵՄ առանց վիզային ռեժիմի համար պահանջվող օրենսդրական մի քանի կարևոր բարեփոխումներ, առանց որոնց ԵՄ երկրների մեծ մասը հրաժարվում է ստորագրել վիզային ռեժիմի վերացման օրենքը։ Առավել խնդրահարույց են հատկապես Թուրքիայի հակաահաբեկչական և հակակոռուպցիոն օրենսդրությունները, տվյալների պաշտպանության և անձնագրային, ինչպես նաև գաղթականներին կացության կարգավիճակ տրամադրելու հարցերը։ Առաջին երկուսը ուղղակիորեն առնչվում են Թուրքիայի իշխող վերնախավի ավտորիտար նկրտումների սահմանափակման և քրդերի դեմ պայքարի հետ։

Երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան սկսել է սակարկել և խուսափում է նախնական պայմանավորվածություններից՝ սահմանելով նորերը, եվրոպացի պաշտոնյաները հայտարարեցին, որ չեն պատրաստվում որևէ համաձայնագիր ստորագրել։ Պատասխան թուրքական արձագանքը կտրուկ էր։

Իրավիճակը բանակցությունների միջոցով հարթելու հույսերը եվրոպացիների մոտ սպառվեցին, երբ պարզ դարձավ, որ վարչապետ Ա. Դավութօղլուն հեռանում է պաշտոնից։ Կշռադատված և բանակցությունների միջոցով հարցերը լուծելու կողմնակից Դավութօղլուից հետո ԵՄ-Թուրքիա հարաբերությունների թուրքական միանձնյա բանախոսը դարձավ նախագահ Ռ. Թ. Էրդողանը, ով շանտաժի է ենթարկում Եվրոպային՝ փորձելով առավելագույնը քաղել այս իրավիճակից։ Այժմ թուրքական կողմի դիրքորոշումը ամփոփված է Էրդողանի հետևյալ խոսքում. «Մենք կգնանք մեր ճամփով, դուք՝ ձեր»։

ԵՄ պատրաստ չէ գնալ զիջումների ոչ միայն վերոնշյալ պատճառներով, որոնց մասին բարձրաձայնում է, այլև գիտակցելով, որ ամեն նոր զիջումից հետո Թուրքիան նոր պայմաններ կարող է թելադրել։ Պետք չէ բացառել նաև, որ Էրդողանը առաջարկել է նաև այլ պայմաններ, որոնց մասին հնարավոր չէ բարձրաձայնել և որպես փաստարկ բերվում են վերևում թվարկվածները։

Ահա հենց այս բանակցությունների ֆոնին էլ Գերմանիայի Բունդեսթագի օրակարգ մտավ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, որը, փաստորեն, միջազգային հարաբերություններում հերթական անգամ օգտագործվեց որպես խաղաքարտ Թուրքիայի դեմ։

Թուրք-գերմանական հարաբերությունների ապագան

Բունդեսթագի որոշումից հետո Թուրքիան իրականացրեց մի քանի քայլ՝ համաձայն այն սցենարի, որին մենք ծանոթ ենք անցնող տարիների երկարամյա փորձից (Ֆրանսիայի, Ավստրիայի և այլ երկրների կողմից նմանատիպ բանաձևերի ընդունումից հետո)։ Նախ հետ կանչվեց Գերմանիայում Թուրքիայի դեսպանը, ապա թուրք բարձրաստիճան պաշտոնյանները հանդես եկան կտրուկ սպառնալից հայտարարություններով, որտեղ նշված էր, որ «որևէ ցեղասպանություն տեղի չի ունեցել», «Թուրքիայի համար այդ որոշումը ոչ մի նշանակություն չունի» և «Գերմանիան պատասխան կտա»։ Սրան զուգահեռ թուրքական իշխանությունների միջնորդությամբ տեղեկատվական դաշտ բերվեցին այն կաղապարները, համաձայն որոնց «գերմանացիները սեփական մեծագույն մեղքը կոծկելու համար ուրիշ երկրներին են իրենց նման դարձնում և մեղադրում նմանատիպ ոճրագործությունների մեջ»։ Հասարակական-քաղաքական դաշտի տարբեր հատվածներից կոչեր հնչեցին բոյկոտել գերմանական ապրանքները և կապերը։

Սակայն այս ամենը պետք է դիտարկել ավելի շատ որպես ներքին լսարանին ուղղված թուրքական պոպուլիստական կոչեր, քան իրական սպառնալիքներ։ Բավական է նայել Թուրքիայի և Գերմանիայի միջև ապրանքաշրջանառության վերջին տարիների ցուցանիշներին և համոզվել, որ Թուրքիան չի կարող այսչափ արագ և անցավ հրաժարվել իր գլխավոր առևտրային գործընկերոջից։ Այսպես, Գերմանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 36.8 մլրդ եվրո (2015թ. տվյալներով)՝ տարեցտարի գրանցելով մշտական աճ։ Գերմանիան հանդիսանում է նաև ամենամեծ ներդրողը Թուրքիայում՝ 1980թ. կատարելով 12 մլրդ եվրոյից ավել ուղիղ ներդրումներ թուրքական տնտեսությունում։ Թուրքիայում գործում է 6500 գերմանական կամ գերմանական կապիտալով ընկերություն։ Իսկ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեցող զբոսաշրջության ոլորտում առաջին տեղում է դարձյալ Գերմանիան: Միայն անցյալ տարի գերմանացիները կազմել են Թուրքիա այցելած զբոսաշրջիկների շուրջ 15 %-ը (մոտ 5.2 միլիոն զբոսաշրջիկ)։Հաշվի առնելով միայն այս գործոնները՝ կարելի է եզրակացնել, որ թուրք-գերմանական հարաբերությունները չեն կրի ոչ մի կարդինալ փոփոխություն գոնե մոտ ապագայում։ Եվ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը միմիայն քաղաքական լծակ է ի թիվս այլ գործիքների, որոնք ԵՄ-ն և Գերմանիան կփորձեն գործադրել Թուրքիայի դեմ՝ ներգաղթյալների հարցում վերջինիս հետ համաձայնության հասնելու համար։

«Մեր ճամփան». հայկական սպասումները

Հայոց ցեղասպանության փաստը մոլեռանդաբար հերքելու թուրքական քաղաքականությունը 20-րդ դարում այս հարցը դարձրեց հենց Թուրքիայի դեմ օգտագործվող մշտական խաղաքարտ ցանկացած երկրի համար։ Եվ մենք դրա ականատեսն ենք եղել թե՛ մոտ, և թե՛ վաղ անցյալում (հիշենք, թեկուզ, ՌԴ Պետդումայում օրինագծի առաջադրումը, Ֆրանսիայում օրինագծի քրեականացման փորձը և այլն)։ Ուստի ընդունված բանաձևը որակել որպես պատմական հաղթանակ ու Բեռլինում քոչարի պարել անտեղի է, եթե ոչ զավեշտալի։ Ավելին, հաշվի առնելով հայկական սփյուռքի ինքնության համար Ցեղասպանության ճանաչման պայքարի կենտրոնական նշանակությունը՝ կարելի է ենթադրել, որ գրեթե ցանկացած երկրում առանց մեր դիվանագիտության լուրջ միջամտության և տեղական համայնքի ռեսուրսներով էլ հնարավոր է նմանատիպ բանաձևի ընդունում, եթե տվյալ երկրի իշխանությունների մոտ կա քաղաքական կամք՝ ելնելով սեփական շահերից և հետաքրքրություններից։ Բնավ չնսեմացնելով հայ դիվանագետների և կազմակերպությունների ջանքերը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ այս որոշումը չունի այն պրագմատիկ նշանակությունը հայոց պետականության համար, որը մենք փորձում ենք հաղորդել դրան։ Ձևափոխելով Էրդողանի ասածը՝ ճիշտ կլինի մեզ համար սահմանել հետևյալը՝ «Դուք ձեր ճամփով, մենք՝ մեր»։

Սա այն դեպքում, եթե հարցին մոտենանք պրագմատիկ և հայկական պետականության կայացման տեսանկյունից։ Իսկ հարցի մյուս՝ համամարդկային արժեքների կողմից անշուշտ Ցեղասպանության դատապարտումը դրական քայլ է, քանի որ աշխարհի առաջատար պետություններից մեկը վճռական դիրքորոշում ընդունեց ոճրագործության հանդեպ՝ փաստելով նաև սեփական մեղքը։ Սա ցեղասպանությունների կանխարգելման համար դրական քայլ է։

Այսպիսով, Բունդեսթագի որոշումը դրական և կարևոր, բայց ոչ կենսական նշանակության հարց է մեզ համար։

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ