«Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը». Միխեել Հեզեմանի դասախոսությունը ՀՑԹԻ-ում

Հեզեման

Հունիսի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ գերմանացի պատմաբան Միխեել Հեզեմանի՝ «Վատիկանը և Հայոց ցեղասպանությունը» խորագրով դասախոսությունը: Պարոն Հեզեմանը երկար տարիներ ուսումնասիրել է Վատիկանի գաղտնի արխիվները: 2014թվականին Միխեել Հեզեմանը հայտարարել է, որ Վատիկանի արխիվներում են պահվում Հայոց ցեղասպանությանը վերաբերող շուրջ 2000 էջ անտիպ, մինչ այժմ չհրատարակված փաստաթղթեր:

2015-ին գերմաներեն լեզվով լույս տեսած «Հայոց ցեղասպանությունը» գրքում նա բացահայտել է 1915-16թվականներին վերաբերող, երբեք չհրատարակված բազմաթիվ փաստաթղթերի բովանդակությունը: Միխեել Հեզեմանը նկարագրում է Հռոմի Բենեդիկտոս 15-րդ պապի դիվանագիտական ջանքերը, որը այդ կերպ փորձում էր կանգնեցնել հայերի տեղահանությունները և կոտորածները:

2011թ. ի վեր գերմանացի պատմաբանը ուսումնասիրել է Հայոց ցեղասպանությանը վերաբերող շուրջ երեք հազար անտիպ փաստաթուղթ, որ նոր լույս են սփռում մեկ դար առաջ տեղի ունեցած դեպքերի վրա: Վատիկանի արխիվներում պահվում են նաև բազմաթիվ կաթոլիկ հոգևորականների վկայությունները, որոնց համաձայն Առաջին աշխարհամարտի սկզբից ի վեր իրականացվող հայերի տեղահանությունները նրանց ոչնչացնելու նպատակն են հետապնդել: Մասնավորապես Կոստանդնուպոլսում տեղակայված պապական պատվիրակ կարդինալ Անջելո Դոլչին վկայում է՝ այդ տարիներին միայն կաթոլիկ հայ համայնքը կորցրել է իր անդամների շուրջ 90 տոկոսը՝ մոտ 85 հազար մարդ:

Միքայել Հեզեմանը պատմություն և մշակութային անտրոպոլոգիա է ուսումնասիրել Գերմանիայի Գյոթինգենի համալսարանում: Երկար տարիներ զբաղվել է լրագրողական և գրահրատարակչական գործունեությամբ: Մասնավորապես, իր հիմնադրած ամսագրում անդրադարձել է կրոնական թեմաների:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ