Իտալացի հոգևորականի սխրանքը Հայոց ցեղասպանության տարիներին. Պոլիկարպո Սկալիարինի

Գոհար Խանումյան, Շուշան Խաչատրյան

1955թ. իտալական Չիետե պրովինցիայում մահացավ դոն Պոլիկարպո Սկալիարինին՝ ծնունդով զմյուռնիացի կաթոլիկ հոգևորականը:

1922 թ. սեպտեմբերին, երբ Զմյուռնիա կամ, ինչպես թուրքերն են ասում, «գյավուր Իզմիր» ներխուժեցին քեմալական զորքերը, դոն Սկալիարինին թուրքական կոտորածներից փրկեց շուրջ 4000 հայ և հույն:

Զմյուռնիան բնակեցված էր տարբեր ազգություններով, հիմնականում՝ քրիստոնյա բնակչությամբ: Քաղաքում կողք կողքի՝ առանձին թաղամասերում, ապրում էին հույներ (նրանք կազմում էին մեծամասնությունը), հայեր, իտալացիներ, հրեաներ և թուրքեր: Քեմալականների կոտորածներին զոհ գնացին ավելի քան 100,000 հայեր և հույներ: Սեպտեմբերի 13-ի և 14-ի գիշերը հրկիզվեցին քաղաքի հունական և հայկական թաղամասերը: Այդ օրը հազարավոր մարդիկ հավաքվել էին Զմյուռնիայի նավահանգստում, ակնկալելով, որ իրենց կփրկեն ծովում գտնվող ամերիկյան, բրիտանական և իտալական նավերը:

Պոլիկարպո Սկալիարինին, Զմյուռնիայի թուրք զիվորականներից մեկին կարողանում է համոզել, որ Սանտա Մարիա եկեղեցում ապաստանած մարդիկ կաթոլիկներ են և պատկանում են իր թեմին: Այդպիսով նա շուրջ 4000 հայերի և հույների օգնում է օտարերկրյա նավերով հեռանալ հրկիզված Զմյուռնիայից:

Որպեսզի հայերին և հույներին անվնաս տեղափոխեն նավերը, դոն Պոլիկարպոն սովորեցնում է ուղղափառ հույներին և առաքելական հայերին խաչակնքվել կաթոլիկների պես՝ նրանց անվանակոչելով իտալական անուններով: Քեմալականները բացահայտում են խաբեությունը և փորձում ձերբակալել Սկալիարինին: Զմյուռնիայում իտալական հյուպատոսարանի պահանջով հոգևորականի ձերբակալությունը կասեցվում է: Այրվող քաղաքից իտալական նավերով էվակուացվում է մոտ 7 հազար մարդ՝ 3000 իտալացիներ, 4000 հայեր և հույներ:

Իտալիայի Բարի նահանգի Վիլաջջիո դի Տրիեստեում և Նոր Արաքսում են ապրում Զմյուռնիայից տեղափոխվածներն ու նրանց սերունդները. պահպանվել են դրա մասին վկայող քաղաքային արխիվի փաստաթղթեր:

2012 թ. փետրվարի 22-ին Բրինդիսի քաղաքում այդ պատմական դեպքերի 90-ամյա տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ Զմյուռնիայի աղետին նվիրված օրացույցի շնորհանդեսը: Օրացույցը պատրաստվել էր դոն Պոլիկարպո Սկալիարինիի անվան պատմության ինստիտուտի կողմից:

Հոգևորականի սխրանքին անդրադարձել է ժամանակի իտալական մամուլը: Լուսանկարը վերցված է իտալական Լա Դոմենիկա դել Կուրիերե շաբաթաթերթից /1922թ, թիվ 40/:

Նկարի իտալերեն մակագրությունում ասվում է. «Զմյուռնիայի ողբերգության ժամանակ իտալացի հոգևորական Սկալիարինին, ծածանելով իտալական դրոշը, խիզախորեն մտնում է հայկական թաղամաս և վտանգելով իր կյանքը՝ շուրջ երկու հազար հայերի տեղավորում է կաթոլիկ տաճարում»:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ