Թուրքիայի «ռազմակայանային» քաղաքականության շուրջ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Կատար. 2014թ. դեկտեմբերին Անկարա այցելեց Կատարի էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին, որին ընդունեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այցի արդյունքներով որոշվեց էլ ավելի զարգացնել ռազմական ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը: Համապատասխան համաձայնագիրը, որը, ռազմական ուսուցումից ու պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցելուց բացի, նախատեսում էր նաև Կատարում թուրքական ռազմակայանի ստեղծում, Անկարայում ստորագրվեց 2014թ. դեկտեմբերի 19-ին։ Այն Թուրքիայում վավերացվեց 2015թ. մարտի 19-ին և Պաշտոնաթերթում (Resmi Gazete) հրապարակվեց 2015թ. հունիսի 8-ին:

2015թ. հոկտեմբերի 17-29-ին Կատարում անցկացվեցին Թուրքիայի հետ համատեղ Nasr զորավարժությունները: Դրանց մասնակցելու նպատակով Կատարում գտնված 100 թուրք զինվորականները հետ չվերադարձան այնտեղից, և այդպիսով Կատարում սկսեցին գործել թուրքական ռազմական առաջին տարրերը: Դրանով իսկ թուրք զինվորականներն ուղիղ մեկ դար անց վերադարձան Կատար (օսմանյան զինվորները Կատարը լքել են 1915թ.)1:

2015թ. դեկտեմբերին Կատարում Թուրքիայի դեսպան Ահմեթ Դեմիրոկը հայտարարեց, որ Կատարում ստեղծվելիք թուրքական բազմանշանակ ռազմակայանում տեղակայվելու է մոտ 3000 զինծառայող, որոնք կներկայացնեն Թուրքիայի ցամաքային, ռազմաօդային ու ռազմածովային ուժերը, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերն ու հրահանգիչները2։

2016թ. ապրիլի 27-28-ին վարչապետի կարգավիճակով առաջին անգամ Կատար այցելած Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, որն արտգործնախարարի կարգավիճակով 15 անգամ այցելել էր Կատար, հայտարարեց, որ ստորագրված նոր համաձայնագրի համաձայն՝ Կատարում սկսել է գործել թուրքական բազմանշանակ ռազմակայանը, ինչը նա որակեց որպես Թուրքիայի կողմից 100 տարի անց Պարսից ծոցի հանդեպ գործած վիթխարի քայլ: Կատարում թուրքական ռազմակայանը հիմնվում է 10 տարի ժամկետով, ինչը կողմերի չառարկելու դեպքում կարող է երկարաձգվել3: Կատարի ռազմակայանը Մերձավոր Արևելքում Թուրքիայի առաջին ռազմակայանն է, որի ստեղծման պատճառները կարելի է բաժանել երկու խմբի՝ տնտեսական և աշխարհաքաղաքական-ռազմական։

Տնտեսական. Վերջին շրջանում Կատարը Թուրքիայի համար տնտեսական առումով ավելի ու ավելի է կարևորվում։ 2015թ. դեկտեմբերի 2-ին Դոհայում անցկացվեց Թուրք-կատարյան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի (YDSK) առաջին նիստը, որի արդյունքներով ստորագրվեց 15 համաձայնագիր (Թուրքիան 2006-ից YDSK է հիմնել 21 երկրի հետ)։ 2016թ. ապրիլի վերջին Դավութօղլուն Կատարում մասնակցեց Թուրք-կատարյան գործարար ֆորումին, որտեղ նշեց, որ վերջին 5 տարում 3 անգամ աճել է ապրանքաշրջանառության ծավալը՝ հասնելով $1.3 մլրդ-ի, ինչն էլ պետք է հասցվի նախ 3, ապա՝ $5 մլրդ-ի. «Թուրքիան և Կատարը նպատակադրվել են ստորագրել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր։ Երկու երկրների տնտեսություններն ունակ են լրացնել միմյանց. այն, ինչ չկա Կատարում, կա Թուրքիայում և ընդհակառակը»։ Դավութօղլուն օգտակար համարեց 2022թ. Կատարում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության ենթակառուցվածքների կառուցման հարցում թուրքական կապալառու ընկերությունների ունեցած փորձը և կարևորեց Կատարի կողմից Թուրքիայում ներդրումներ անելը, զբոսաշրջիկների հոսքի մեծացումը և հեղուկացված գազի հարցում Կատարի ունեցած պոտենցիալը4։

Հիշեցնենք, որ Կատարն իր գազային պաշարներով աշխարհում զբաղեցնում է 3-րդ տեղը, նրա տարածքին է բաժին ընկնում աշխարհի բնական գազի պաշարների 14%-ը։ Բացի այդ, Կատարը հեղուկացված գազի արտահանմամբ զբաղեցնում է 1-ին տեղն աշխարհում։ 2015թ. դեկտեմբերին անցկացված YDSK-ի նիստի շրջանակներում հուշագիր ստորագրվեց թուրքական BOTAŞ պետական խողովակաշարային ընկերության և Կատարի ազգային նավթային ընկերության միջև, որն առնչվում էր երկարաժամկետ հենքով Կատարից Թուրքիա հեղուկացված գազի մատակարարումներին (ավելի վաղ Թուրքիան Կատարից հեղուկացված գազ ներկրել է միայն կարճաժամկետ համաձայնագրերով)։ Այժմ Թուրքիան Կատարից ներկրելու է տարեկան 1.2 մլրդ մ3 հեղուկացված գազ5։ Դրանից հետո Թուրքիայում Կատարի դեսպան Ալ Շաֆին հայտարարեց, որ Կատարը պատրաստ է ապահովել հեղուկացված գազի հարցում Թուրքիայի պահանջարկը և նրան մատակարարել անհրաժեշտ ծավալի գազ6։

Այդպիսով Կատարը դառնում է Թուրքիայի վեցերորդ հիմնական գազամատակարարը (Թուրքիան խողովակաշարերով գազ է ներկրում Ռուսաստանից, Իրանից և Ադրբեջանից, ինչպես նաև հեղուկացված գազ է ներկրում Ալժիրից և Նիգերիայից)։ Տեսականորեն չի բացառվում, որ Կատարից գազատար կառուցվի դեպի Թուրքիա, որով այն կարող է հայտնվել Եվրոպայում։ Թուրքիայի կողմից Կատարում ռազմակայան հիմնելը կարող է նաև ուղերձ հանդիսանալ Իրանին, որը ներկայումս իր գազը Եվրոպա արտահանելու ուղիների փնտրտուքների մեջ է։ Ընդ որում՝ Իրանն այդ հարցում տատանվում է, մի կողմից՝ խողովակաշարերով ու լցանավերով գազը Եվրոպա հասցնելու միջև, մյուս կողմից էլ խողովակաշարային տարբերակն ընտրելու դեպքում՝ տարբեր երթուղիների միջև (հիմնական երթուղիներից մեկը թուրքականն է)։ Ի դեպ, Կատարն ու Իրանը համատեղ շահագործում են Հարավային Փարս գազային հանքավայրը, որը խոշորագույնն է աշխարհում։ Բացի այդ, պետք է հաշվի առնել Հորմուզի նեղուցին Կատարի մոտ գտնվելու գործոնը, որով օրական փոխադրվում է 17 մլն բարել նավթ։

Աշխարհաքաղաքական-ռազմական. Կատարը զգում է ռազմական ոլորտում Թուրքիայի հետ կապերի զարգացման կարիք, Թուրքիան էլ կարևորում է Կատարում իր զորքերի ներկայությունը՝ Պարսից ծոցի տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական շահերի հաստատման համար։ Թուրքիայի կողմից Կատարում ռազմակայան հիմնելը տեղավորվում է Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության (Կատարում թուրքական ռազմակայանի բացումը գրեթե ամբողջովին համընկավ Կուտ էլ Ամարայի ճակատամարտում բրիտանական զորքերի դեմ օսմանյան զորքերի հաղթանակի 100-ամյակին՝ 29.04.1916) և տարածաշրջանում Իրանի հետ նրա կատաղի մրցակցության շրջանակներում։

Այդպիսով, Թուրքիան վերածվում է այն երկրներից մեկի, որոնք անմիջականորեն կարգավորում են Պարսից ծոցի տարածաշրջանի անվտանգության համակարգի մեխանիզմները, ընդ որում՝ Թուրքիան այդ առաքելությունն իրականացնելու է ՆԱՏՕ և ՄԱԿ շրջանակներից դուրս։ 2015թ. վերջին Դեմիրոկը հայտարարել էր. «Թուրքիան և Կատարը բախվում են ընդհանուր խնդիրների։ Մեր երկու երկրները մտահոգ են տարածաշրջանի դեպքերից և մյուս երկրների ոչ պարզ քաղաքականությունից։ Մենք դիմակայում ենք ընդհանուր թշնամիներին։ Մերձավոր Արևելքի համար նման անհանգիստ ժամանակներում մեր համագործակցությունն անհրաժեշտ է»։ Ակնհայտ է, որ թուրք դեսպանը «ընդհանուր թշնամիներ» ասելով առաջին հերթին նկատի ունի շիա Իրանն ու նրա տարածաշրջանային դաշնակիցներին։ Թուրքիան և Կատարը նմանատիպ քաղաքականություն են վարում Մերձավոր Արևելքում. Եգիպտոսում աջակցել են «Մուսուլման եղբայրներին», ձգտում են հասնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի տապալմանը, տարածաշրջանում, այդ թվում նաև Եմենում, Իրանի ազդեցությունը զսպելուն, աջակցում են տարածաշրջանի ահաբեկչական խմբավորումներին։

Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Այթուգ Աթըջըն չի բացառել նաև, որ թուրք զինվորականները Կատարում ռազմական ուսուցում կտան սիրիացի ընդդիմադիրներին (ռազմակայանը ծառայելու է որպես համատեղ զորավարժությունների անցկացման վայր): Ֆինանսական տեսանկյունից հարուստ Կատարը նաև դիտարկվում է որպես թուրքական արտադրության զենքի պոտենցիալ գնորդ։

Կատարում թուրքական ռազմակայանը կարևորվում է նաև Թուրքիա-Կատար-Սաուդյան Արաբիա սուննի դաշինքի համար։ Երեք երկրներն էլ խստապես մտահոգված են 2016թ. հունվարին Իրանի դեմ պատժամիջոցների վերացումից՝ գտնելով, որ դա ազատ է արձակում Իրանի ձեռքերն ու հանգեցնելու է տարածաշրջանում նրա ակտիվացմանը։ Պետք է նկատել, որ Կատարի հյուսիսում է գտնվում հիմնականում շիաբնակ Բահրեյնը, և անհրաժեշտության դեպքում թուրք զինվորականները կկարողանան արագ արձագանքել այնտեղ Իրանի հնարավոր ակտիվացմանը։

Եվ ընդհանրապես, կարելի է ասել, որ իր աշխարհագրական դիրքով Կատարը (Պարսից ծոց) նման է Ղրիմի թերակղզուն (Սև ծով)՝ ունենալով ռազմավարական, գերակա դիրք։ Պարսից ծոցում թուրքական նավատորմի հայտնվելը չի կարող դժգոհություն չառաջացնել Իրանում, որը շարունակ հիշեցնում է իր բացառիկությունը, որ ունի Պարսից ծոցում ամենաերկար ափագիծը, որ իր համար ռազմավարական մեծ կարևորություն ունեն Պարսից ծոցը, Հորմուզի նեղուցը, Օմանի ծովածոցը։ Իրանը քանիցս սպառնացել է փակել Հորմուզի նեղուցը, «չարիք» է որակել ամերիկյան (նաև բրիտանական ու ֆրանսիական) նավատորմի առկայությունը Պարսից ծոցում։ Իրանը Պարսից ծոցում ռազմական նավատորմ ունեցող երկրներից պահանջում է նավերում ունենալ պարսկերենին տիրապետող անձ։ Դա ի ցույց է դնում այն, որ Իրանը Պարսից ծոցում օտար երկրների ռազմական ներկայությանը ցավագին է արձագանքում։ Ապագայում Պարսից ծոցում հնարավոր են միջադեպեր թուրքական և իրանական նավերի միջև։

Պետք է նաև նկատի ունենալ, որ Պարսից ծոցի տարածաշրջանի կարևորությունն էլ ավելի կաճի, եթե իրագործվի Կասպից ծով-Պարսից ծոց ջրանցքը, որի առաջարկով հանդես է եկել Ռուսաստանը, որն այդպիսով կարող է կարճ ճանապարհով դուրս գալ Հնդկական օվկիանոս և զգալիորեն նվազեցնել Սևծովյան նեղուցներից (Թուրքիայից) իր կախվածությունը։ Թուրքիայում արդեն իսկ մեկնարկել է Ստամբուլի ջրանցքի կառուցումը, ինչը մեծապես կիմաստազրկվի Կասպից ծով-Պարսից ծոց ջրանցքի կառուցման դեպքում՝ Ռուսաստանին, Կասպյան տարածաշրջանի երկրների համար առավել կարճ ուղի ապահովելով։ Իր չափերով Ստամբուլի ջրանցքը զիջելու է Բոսֆորի նեղուցին, որը համարվում է միջազգային ջրուղի, մինչդեռ Ստամբուլի ջրանցքը գտնվելու է բացառապես Թուրքիայի ինքնիշխանության ներքո։ Այն, որ «իրանական Սուեզի ջրանցքը» կդառնա Ստամբուլի ջրանցքի այլընտրանքը, նշել է նաև թուրք հոդվածագիր Սուլեյման Յաշարը, որն անգամ չի բացառել, որ կառուցման դեպքում Կասպից ծով-Պարսից ծոց ջրանցքը կարող է միացվել նաև Վանա լճին7։

Ի դեպ, 2011թ. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմից Ստամբուլի ջրանցքի նախագծի մասին բարձրաձայնելուց հետո Թուրքիայի տրանսպորտի, կապի և նավագնացության փոխնախարար Համզա Թաշքեսերը հանդես եկավ նման խոշոր նախագծով՝ առաջարկելով Եփրատ գետը վերածել առևտրի ու զբոսաշրջության ուղու՝ ընդգծելով, որ Եփրատը Թուրքիային ապահովում է կարճ ուղի դեպի Պարսից ծոց։ Խոսքը Բիրեջիք (Շանլըուրֆա նահանգ) – Բասրա երթուղով բեռնափոխադրումներ իրականացնելու մասին է (Եփրատ գետը Բիրեջիքի շրջանից մուտք է գործում Սիրիա): Նա հիշեցրել էր, որ Միջերկրական ծովով, Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով Պարսից ծոց հասնելու համար պետք է հաղթահարել 5700 կմ, մինչդեռ Եփրատ գետի պարագայում դա կազմում է 1700 կմ։ Թաշքեսերը խնդիր չէր համարել Եփրատի վրա Սիրիայում և Իրաքում առկա ամբարտակներն ու հէկերը, քանի որ կան նավերի կողմից դրանք շրջանցելու ժամանակակից մեխանիզմներ8։ Եվ չնայած ներկայումս Սիրիայում և Իրաքում պատերազմական իրավիճակ է և խստապես սրված են Սիրիայի ու Իրաքի հետ Թուրքիայի հարաբերությունները, այնուամենայնիվ, չպետք է բացառել, որ ժամանակին կիրագործվի այս նախագիծը, որով և Պարսից ծոցն էլ ավելի կկարևորվի Թուրքիայի համար։

Սոմալի. 2016թ. հունվարին Թուրքիայի ԱԳՆ` Սոմալիի հարցերով դեպարտամենտի ղեկավար Էմիլ Թեքինը հայտարարեց, որ Թուրքիան սկսել է ռազմակայան կառուցել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում՝ սոմալեցի զինվորականներին ռազմական ուսուցում տալու համար։ Թեքինն ընդգծել էր, որ այդ ռազմաուսումնական կենտրոնը ծառայելու է նաև որպես կարևոր հիմք, որպեսզի ռազմական պատրաստություն ապահովի ողջ Աֆրիկային9։ Ծրագրված է, որ առաջին փուլում 200 թուրք ռազմական հրահանգիչները պետք է պատրաստեն և ուսուցում տան 10.500 սոմալեցի զինվորականների ու ոստիկանների՝ իսլամական «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորման դեմ պայքարի համար, որը սերտ կապեր ունի «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման հետ։ Ակնկալվում է, որ Սոմալիում թուրքական ուսումնական կենտրոնը կբացվի մինչև ամռան ավարտ10։ 2016թ. մայիսի 10-ին Պաշտոնաթերթում հրապարակվեց պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցելու մասին 2015թ. հունվարի 25-ին Մոգադիշոյում Թուրքիայի և Սոմալիի միջև ստորագրված համաձայնագիրը: Համաձայնագրով կողմերը պետք է համագործակցեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կատարեն համատեղ հետազոտություններ, ծավալեն համատեղ արտադրություն:

Հասկանալու համար, թե ինչու աֆրիկյան մայրցամաքում ռազմակայան հիմնելու Թուրքիայի ընտրությունն առաջին հերթին կանգնեց Սոմալիի վրա, նախ՝ անհրաժեշտ է նայել Սոմալիի աշխարհագրական դիրքին. այն Աֆրիկայում ամենաերկար ափագիծն ունեցող երկիրն է (ավելի քան 3000 կմ` Մադագասկար կղզին չհաշված), գտնվում է Արևելյան Աֆրիկայում՝ Աֆրիկյան եղջյուրի տարածաշրջանում, որտեղով անցնում է աշխարհի ամենակարևոր և առանցքային ջրուղիներից մեկը՝ Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը Կարմիր ծովը բաժանում է Ադենի ծովածոցից։ Այդ նեղուցով օրական անցնում է 3.5-4 մլն բարել նավթ, ինչը կազմում է ողջ մերձավորարևելյան նավթի 30%-ը։ Սուեզի ջրանցքով, Կարմիր ծովով և Ադենի ծովածոցով տարեկան անցնում է 22.000 առևտրանավ, տվյալ երթուղուն բաժին է ընկնում համաշխարհային առևտրի 14%-ը` $1.8 տրլն: Թուրքիայի խորհրդարանը 2009թ. փետրվարից ամեն տարի երկարաձգում է Ադենի ծովածոցում, Սոմալիի տարածքային ջրերի մոտ, Արաբական ծովում և հարակից շրջաններում ռազմածովային ուժերի գործունեության ժամկետը: Վերջին անգամ դա տեղի ունեցավ 2016թ. փետրվարին:

Թուրքիան, ռազմական ներկայություն հաստատելով Սոմալիում, հնարավորություն կստանա նաև վերահսկել դեպի աֆրիկյան կարևոր երկրներ Եթովպիա և Քենիա տանող հաղորդակցության ուղիները։ Այդպիսով, Սոմալին կդառնա աֆրիկյան մայրցամաքում առաջին երկիրը, որտեղ Թուրքիան կունենա ռազմակայան։ Բացի այդ, Թուրքիան կդառնա Աֆրիկայում ռազմակայան ունեցող հինգերորդ երկիրը ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ճապոնիայից հետո (Չինաստանը ներկայումս ծրագրել է ռազմակայան հիմնել Սոմալիի հարևան Ջիբութիում)։ Ինչպես գրել է թուրքական մամուլը, օսմանների թոռները վերստին հայտնվում են Աֆրիկայում (Սոմալիի հյուսիսը ժամանակին մտել է Օսմանյան կայսրության մեջ): Սոմալիում ռազմակայան բացելը տեղավորվում է Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում, որն արտահայտվում է նաև աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների աննախադեպ խորացմամբ. եթե 2002թ. Թուրքիան Աֆրիկայում ուներ 12 դեսպանատուն, ապա 2013թ.` 39 դեսպանատուն: 2014թ. թուրքական «Բարբարոս» նավախումբը 102 օրում անցավ ողջ Աֆրիկայի երկայնքով՝ այցելելով աֆրիկյան 24 երկրի 25 նավահանգիստ։ Ընդ որում՝ թուրքական նավախումբն առաջին անգամ էր այցելել աֆրիկյան 19 երկիր, այդ թվում նաև Սոմալի11:

Ի դեպ, Բաբ էլ Մանդեբի նեղուցի կարևորությունը ժամանակին զգացել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որը 1915-1916թթ. Դարդանելի օպերացիայում հաղթելը և այդպիսով Ստամբուլը փրկելը պայմանավորել էր Անտանտի առջև Սևծովյան նեղուցները փակելու հանգամանքով, և միաժամանակ Օսմանյան կայսրության պարտությունը պայմանավորել էր նրանով, որ նրան չէր հաջողվել նույնն անել Կարմիր ծովը Հնդկական օվկիանոսի հետ կապող (Բաբ էլ Մանդեբի) նեղուցի պարագայում:

Սոմալիում թուրքական ռազմակայան հիմնելուն նպաստել է այն, որ Թուրքիան մեծ օգնություն է ցուցաբերել այդ երկրին և նրան պահել է իր ուշադրության կենտրոնում: Այդ երկիրը Սոմալիի հետ ռազմաֆինանսական համագործակցության շրջանակներում արդեն 5 տարի է՝ հատկացնում է ռազմական օգնություն։ Բացի այդ, աֆրիկյան երկրին հատկացրել է ավելի քան $400 մլն՝ սովի դեմ պայքարի համար։ 2011-2015թթ. Թուրքիայից Սոմալի 19 ինքնաթիռով և 10 նավով հասցվել են հազարավոր տոննա սննդամթերք, հացի գործարաններ, սառցախցիկներ, վրաններ, 300 տոննա դեղորայք և բժշկական պարագաներ և այլն (Սոմալիում Թուրքիայի դեսպանատունը, որը բացվել էր 1979թ. և քաղաքացիական պատերազմի պատճառով փակվել էր 1991թ., վերաբացվել է 2011թ.): Սոմալի են ուղարկվել 90 բժիշկ, մոտ 300 հոգանոց բժշկական անձնակազմ, այնտեղ հիմնվել է 4 դաշտային հիվանդանոց, տրվել է 5 շտապօգնության մեքենա: 2015թ. հունվարի 25-ին իր երկրորդ այցի ժամանակ Էրդողանը Մոգադիշոյում մասնակցեց Թուրք-սոմալիական ուսումնական և հետազոտական հիվանդանոցի բացմանը` բաղկացած 200 մահճակալից12:

Ի դեպ, Էրդողանի առաջին այցը Սոմալի տեղի էր ունեցել 2011թ., որով և նա դարձել էր վերջին 20 տարում այդ երկիր այցելած օտար պետության առաջին ղեկավարը: Եվ պատահական չէր, որ 2013թ. ամռանը Ստամբուլի «Գեզի» այգու համար բողոքի ակցիաների ժամանակ Մոգադիշոյում կազմակերպվել էր Էրդողանին աջակցելու ակցիա, իսկ Սոմալիի ներկայիս նախագահ Հասան Շեյխ Մոհամուդն այդ պաշտոնը զբաղեցնելուց (2012թ. սեպտեմբեր) հետո` 2012թ. դեկտեմբերի սկզբին, իր առաջին արտասահմանյան այցը կատարեց Թուրքիա, ցուցաբերած օգնության համար շնորհակալություն հայտնեց նրա ղեկավարությանը և հայտարարեց, որ «քանի դեռ կա Թուրքիան, Սոմալին չի մոռացվի»13:

Ի դեպ, Սոմալին 2016թ. հունվարին խզեց Եմենի շիա ապստամբներին աջակցող Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ դրանով իսկ աջակցելով Սաուդյան Արաբիային և նրա տարածաշրջանային դաշնակիցներին: Թուրքիայի կողմից Սոմալիին հումանիտար օգնություն ցուցաբերելու և սիրիացի փախստականներին օգնելու դեպքերը ցույց են տալիս, որ իրականում այդ երկիրը ոչինչ չի անում անհատույց և ունի հեռահար նպատակներ: Սոմալիում ռազմակայան հիմնելը և սիրիացի փախստականների միջոցով ԵՄ-ի հետ շահավետ գործարքի գնալը (խոշոր գումարի, ոչ վիզային ռեժիմի, ԵՄ-ին անդամակցելու գործընթացի աշխուժացման խոստումների ստանալը) դրա վկայությունն են:

Սիրիա. 2016թ. ապրիլի վերջին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ ԻՊ-ը նույն թվականի հունվարի 18-ից սկսած՝ 46 հրթիռ է արձակել Թուրքիայի Քիլիս սահմանային նահանգի տարածքի ուղղությամբ, ինչի հետևանքով նահանգում զոհվել է 17 մարդ14: Դրա հետ կապված` Քիլիս նահանգում ապրիլին կազմակերպվեց բողոքի ակցիա, որի մի քանի հարյուր մասնակիցներն իշխանություններից պահանջեցին ապահովել իրենց անվտանգությունը (ապրիլին Թուրքիայի զինված ուժերը մեծացրին Սիրիայի հետ սահմանի երկայնքով տեղակայված տանկերի և հաուբիցների թիվը): Խոսքը Սիրիայի հետ սահմանի այն հատվածի (Ազեզ-Ջերաբլուս) մասին է, որի հակառակ կողմում ընկած տարածքները գտնվում են ԻՊ վերահսկողության տակ:

2016թ. մայիսի 12-ին Էրդողանն Անկարայում հայտարարեց, որ թուրքական բանակը պատրաստվում է ԻՊ զինյալներից մաքրել Սիրիայի այն տարածքը, որը գտնվում է նրանց վերահսկողության տակ և սահմանակից է Քիլիս նահանգին: Էրդողանը հիշեցրել է, որ վերջին շրջանում ԻՊ զինյալները գրեթե ամեն օր հարվածում են Քիլիսի նահանգին, կրակում են թուրք սահմանապահների վրա և, իր տվյալներով՝ այդ ամենի պատճառով Քիլիսում զոհվել են 130 խաղաղ բնակիչ ու անվտանգության ուժերի ներկայացուցիչ. «Այդ պատճառով էլ մենք ցանկանում ենք տվյալ տարածքը մաքրել ԻՊ զինյալներից։ Սակայն այդ հարցում դեռ ցանկալի աջակցություն չենք ստացել մեր դաշնակիցներից և մասնավորապես նրանցից, ովքեր զորքեր ունեն տարածաշրջանում»15:

Դժվար է պատկերացնել, թե ԻՊ-ն ինչ նպատակներ կարող է հետապնդել Քիլիսը հրթիռակոծելով և հրետակոծելով, սակայն ակնհայտ է, որ դա Թուրքիայի համար Սիրիայի հյուսիս ներխուժելու և այնտեղ «անվտանգության գոտի» ձևավորելու «օրինական հիմք» է ստեղծում, որը սեպի դեր կխաղա Սիրիայի քրդերի Քոբանի և Աֆրին շրջանների միջև (ավելի վաղ ծրագրվել էր այդ գոտին հիմնել Քամըշլըի շրջանում, որպեսզի այն սեպի դեր խաղար Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի քրդերի միջև)։ 2015թ. ամռանը, երբ Թուրքիան Սիրիայի քրդերին արգելեց անցնել («կարմիր գիծ» սահմանեց) Եփրատ գետի արևմտյան ափը և նման փորձերի ժամանակ քանիցս հարվածեց նրանց, թուրքական մամուլը չբացառեց, որ Ազեզ-Ջերաբլուս հատվածն անցնելու է Թուրքիային16։

Ի դեպ, այս իրավիճակը հիշեցնում է Հյուսիսային Իրաքում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) շուրջ տիրող իրավիճակը, որին (ինչպես և ԻՊ-ին) Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց: Թուրքիան Հյուսիսային Իրաքը պարբերաբար ռմբահարելու կապակցությամբ Բաղդադի կենտրոնական կառավարության բողոքներին շարունակ պատասխանում է նրանով, որ վերջինս չի կարողանում վերահսկել իր ողջ տարածքը, և Թուրքիան հարկադրված է գնում նման քայլի (Թուրքիան ժամանակ առ ժամանակ Հյուսիսային Իրաքում նաև ցամաքային ռազմական գործողություններ է իրականացնում PKK-ի դեմ): Դավութօղլուն նկատել է, որ Սիրիայի իշխանությունները վերահսկում են Թուրքիայի հետ սահմանի աննշան հատվածը, իսկ Իրաքի իշխանություններն ընդհանրապես չեն վերահսկում նրա հետ սահմանը։

Վերադառնալով ԻՊ-ի կողմից Թուրքիայի տարածքներին հարվածելու հարցին՝ պետք է ասել, որ դա, ըստ ամենայնի` ունի երկու հիմնական նպատակ: Առաջինը միտված է չեզոքացնել տարածում գտած այն կարծիքները, թե Թուրքիան աջակցում է ԻՊ-ին և ըստ էության չի պայքարում նրա դեմ (Էրդողանն այժմ հայտարարում է, թե ոչ մի երկիր այդչափ չի տուժել ԻՊ գործողություններից և ոչ մի երկիր ԻՊ-ի դեմ չի պայքարում այնպիսի ջանասիրությամբ, ինչպես Թուրքիան17): Իսկ երկրորդ պատճառն, ըստ ամենայնի, այն է, որ հասկանալի է, որ վաղ թե ուշ ԻՊ զինյալներին վտարելու են Ազեզ-Ջերաբլուս հատվածից, և ԻՊ-ը նախընտրում է այն թողնել ոչ թե Սիրիայի քրդերին, այլ Թուրքիային, ինչի համար էլ ԻՊ-ը շարունակ հարվածում է Թուրքիային` հնարավոր ներխուժմանն օրինականության երանգ հաղորդելու համար: Ի դեպ, Թուրքիան ցանկանում էր այդ հարցում սադրել Սիրիայի քրդերի Դեմոկրատական միություն կուսակցությանը (PYD) և նրա ռազմական թև YPG-ին՝ հրետակոծելով նրանց դիրքերը, որպեսզի պատասխան հարվածներ ստանալու դեպքում նրանց դեմ ձեռնարկեր ցամաքային ռազմական գործողություն (Թուրքիան PYD-ը համարում է ահաբեկչական և PKK սիրիական թև)։ Սակայն Սիրիայի քրդերը խելամտություն ցուցաբերեցին, տուրք չտվեցին Թուրքիայի սադրանքներին և չբացեցին պատասխան կրակ (PKK առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարեց, որ սահմանի այն կողմում (Թուրքիայում) բնակվում են քրդերը, ինչը զսպիչ գործոն է)։ Դրանից հետո Թուրքիան հարկադրված եղավ այդ հարցում դիմել ԻՊ օգնությանը։ Թուրքիան, որը տարիներ առաջ Սիրիայից բխող «ականանետային և հրետանային հարձակումների» համար դիմել էր ՆԱՏՕ-ին և ստացել էր Patriotզենիթահրթիռային համալիրներ (որոնք իրականում թուրքական կողմի մտահղացմամբ պետք է ծառայեին Սիրիայի հյուսիսում թռիչքազերծ գոտի ստեղծելուն և ոչ թե Սիրիայի տարածքից իրականացվող հրետանային ու ականանետային կրակոցներին), այժմ էլ հասել է նրան, որ թուրք-սիրիական սահմանին տեղակայվելու են ամերիկյան HIMARS (High Mobility Artillery Rocket System)համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Այսպիսով, Թուրքիան ձգտում է ամեն գնով թույլ չտալ Սիրիայի քրդերի Քոբանի և Աֆրին շրջանների միավորումը՝ հեռահար կանխելով նաև նրանց դուրս գալը Միջերկրական ծով։ Թուրքիան Սիրիայում ռազմական ներկայություն հաստատելով ցանկանում է նաև որոշակիորեն զսպել Իրանի ազդեցությունն այդ երկրում։ 2016թ. մարտի սկզբին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ քանի դեռ Սիրիայում գտնվում են իրենց օդատիեզերական զորքերը, Թուրքիան հազիվ թե համարձակվի ցամաքային ռազմական գործողություն իրականացնել այնտեղ։ Եվ այնուամենայնիվ, չպետք է ամբողջովին բացառել նման գործողության հավանականությունը։ Դա անելու համար Թուրքիային անհրաժեշտ է երկու գործոնի առկայության ապահովում. ա) նախ պետք է ներկայացնել ցամաքային ռազմական գործողության անհրաժեշտության քիչ թե շատ համոզիչ հիմնավորումներ, ինչը նրան հաջողվում է ԻՊ հրետակոծությունների տեսքով (թեպետ եթե չլինեին բաց սահմաններով ԻՊ-ին Թուրքիայի աջակցությունն ու Սիրիայի քրդերին Եփրատի արևմտյան ափն անցնելու արգելքը, ապա վերջիններս վաղուց ԻՊ-ին վտարած կլինեին Ազեզ-Ջերաբլուս հատվածից, և Քիլիսը չէր ենթարկվի հարձակումների, չէին գրանցվի զոհեր), բ) Թուրքիան պետք է ստանա իր դաշնակիցների և առաջին հերթին ԱՄՆ համաձայնությունը, աջակցությունը։ Եվ անգամ նման աջակցության բացակայության դեպքում Թուրքիան կարող է ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով գնալ նման քայլի (նման հիմք են տալիս վերջին շրջանում Թուրքիայի կողմից ԱՄՆ բազմաթիվ կոչերը պարզապես անտեսելը, որոնք առնչվել են PKK-ի փոխարեն ԻՊ-ին հարվածելու վրա կենտրոնանալուն, Սիրիայի հետ սահմանը փակելուն, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում տեղակայված զորքը դուրս բերելուն), և դժվար է պատկերացնել, որ այդ դեպքում Սիրիայում գտնվող ռուսական օդուժը կարող է հարվածել Սիրիա մուտք գործած թուրքական ցամաքային ուժերի ստորաբաժանումներին։

Իրաք. 2015թ. դեկտեմբերի սկզբին Թուրքիան տանկային մեկ գումարտակ (600 զինծառայող) տեղակայեց Մոսուլից հյուսիս ընկած Բաշիքայի ճամբարում։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ դրանով իսկ Իրաքում թուրք զինծառայողների թիվը հասավ 1600-ի, և Թուրքիան դարձավ Իրաքում ամենաշատ զինվորականներ ունեցող երրորդ երկիրը՝ ԱՄՆ-ից ու Իրանից հետո։ Պլանավորված էր Իրաք ուղարկել ևս 400 զինծառայող, և այդպիսով այդ երկրում թուրք զինծառայողների թիվը կհասներ 2000-ի18։ Սակայն դա հարուցեց Իրաքի իշխանությունների զայրույթը, որոնք դա որակեցին որպես ներխուժում և պահանջեցին գումարտակը դուրս բերել երկրի տարածքից, քանի որ դա իրականացվել էր առանց իրենց համաձայնության։ Թուրքիան, սակայն, պնդեց, որ իր զինծառայողներն Իրաքում «գտնվում» են նրա իշխանությունների խնդրանքով և արդեն 2.5 տարի զբաղվում են Փեշմերգայի (Իրաքի քրդերի) մարտիկների ռազմական ուսուցմամբ։

Ի դեպ, թուրքական զորքի տեղակայումից քիչ անց ԻՊ-ը դեկտեմբերին, կարծես պատվերով, երկու անգամ հարձակվեց այդ ճամբարի վրա՝ հաստատելու համար այնտեղ թուրքական զորքի գտնվելու անհրաժեշտության մասին թուրքական պնդումը (հետագայում էլ մի քանի անգամ հաղորդվեց Իրաքում թուրք զինվորականների և ԻՊ զինյալների բախումների մասին)։ Հետագայում Թուրքիան համաձայնեց իր զորքի միայն մի մասը հեռացնել Բաշիքայից (Իրաքի մեկ այլ վայր՝ Դոհուկ և Թուրքիա)։

Թուրքիայի այս քայլը կարելի է բացատրել նրանով, որ տարածաշրջանային և գլոբալ հավակնություններ ունեցող երկրին մտահոգում է այն, որ նա չի կարողանում որևէ լուրջ դերակատարություն ունենալ անգամ իր հարևանների՝ Սիրիայի և Իրաքի հակամարտություններում (որոնց հետ ունի մոտ 1250 կմ սահման), ինչը բացասաբար է ազդում նրա վարկի վրա։ Թուրքիան այդ քայլով ցանկանում է տարածաշրջանում (և ոչ միայն) հիշեցնել իր ազդեցիկ խաղացող լինելու մասին։ Այս քայլը տեղավորվում է նաև նրա նեոօսմանյան քաղաքականության շրջանակներում՝ հաշվի առնելով, որ Մոսուլը (Իրաք) գտնվել է Օսմանյան կայսրության կազմում, և Թուրքիայի Հանրապետությունը միշտ էլ աչք է ունեցել Մոսուլի վրա։ Քրդական մամուլում էլ հրապարակումներ եղան, թե Թուրքիան զբաղված է Իրաքում սուննի բանակ ձևավորելով, ինչը վկայում է, որ Թուրքիայում մտածում են Իրաքում հետԻՊյան ժամանակաշրջանի մասին։ Թուրքիան փորձում է նաև զսպել Իրանի ազդեցությունն Իրաքում և նրան հիշեցնում է, որ ռազմական առումով ներկայացված է Իրաքում։ Թուրքական մամուլը Բաշիքայում զորք տեղակայելը շաղկապել է նաև ԻՊ-ից նավթի ապօրինի գնումների «քրդական երթուղու» անվտանգության ապահովման հետ:

Ի դեպ, 2016թ. փետրվարին Էրդողանը հայտարարել էր, թե սխալ է համարում, որ 2003թ. մարտի 1-ին Թուրքիայի խորհրդարանն ԱՄՆ-ին չթույլատրեց զորք և ռազմատեխնիկա կենտրոնացնել Թուրքիայում՝ Իրաքի դեմ հյուսիսային ճակատ բացելու համար: Հիշեցնելով, որ ինքը կողմ է եղել դրան և բաց հայտարարել է այդ մասին, Էրդողանը նկատել էր, որ եթե այն ժամանակ ընդունվեր մարտի 1-ի օրինագիծը, ապա Թուրքիան այսօր ներկայացված կլիներ Իրաքում, և Իրաքը չէր լինի այս վիճակում19:

Այսպիսով, Թուրքիան շարունակելու է իր «ռազմակայանային» քաղաքականությունը՝ ուշադրության կենտրոնում պահելով նախկինում Օսմանյան կայսրության մեջ մտած տարածքները՝ իր կշիռը տարածաշրջանային և գլոբալ առումներով կտրուկ մեծացնելու համար՝ որպես այսպես կոչված «Նոր Թուրքիա» (Էրդողանը շատ է սիրում կիրառել այդ արտահայտությունը): Կատարում թուրքական ռազմակայանի բացումից հետո թուրքական Yeni Şafak թերթի գլխավոր խմբագիր Իբրահիմ Քարագյուլը գրեց, որ այդ երկրում ռազմակայան հիմնելը բավական չէ, և որ Թուրքիան պետք է հնարավորինս շուտ ռազմակայաններ ստեղծի նաև Սաուդյան Արաբիայում, Լիբանանում, Եմենում ու Սիրիայում20։ Ի դեպ, 2015թ. դեկտեմբերի վերջին նույն թերթը հարցում էր անցկացրել ընթերցողների շրջանում, թե որը կլինի Թուրքիայի 82-րդ նահանգը՝ առաջարկելով 4 տարբերակ՝ Մոսուլ, Գազա, Հալեպ, Սոմալի21։

1 Ece Göksedef, Basra’dan sonra Aden, Al Jazeera Turk, 18.01.2016, Katar’da 100 yıl sonra Türk askeri, Star, 20.06.2015.

2 “Katar’a askeri üs kuracağız”, Sözcü, 16.12.2015.

3 Katar’da ortak askeri üs için imzalar atıldı, Akşam, 28.04.2016.

4 Davutoğlu: Türkiye ile Katar arasındaki ticaret hacmi 5 milyar dolara çıkmalı, Cihan, 28.04.2016.

5 Katar’la doğalgaz anlaşması imzalandı, vizeler kaldırıldı, Milliyet, 02.12.2015.

6 Katar’dan Türkiye’ye sınırsız doğalgaz müjdesi!, Haber7, 17.12.2015.

7 Süleyman Yaşar, İran, Kanal İstanbul’un alternatifini yapıyor, Taraf, 13.04.2016.

8 Fırat Nehri ticaret ve turizm hattı olabilir, Deniz Haber, 11.05.2011.

9 Türkiye, Somali’de askeri eğitim verecek, Yeni Akit, 07.01.2016.

10 Türkiye, Somali’de askeri üs kuruyor, Bugün, 18.01.2016.

11 Barbaros Türk Deniz Görev Grubu 24 ülkeyi ziyaret etti, Deniz Haber, 01.07.2014.

12 Türkiye – Somali Siyasi İlişkileri, www.mfa.gov.tr

13 Somali’de Başbakan Erdoğan’a destek gösterisi, Sabah, 20.06.2013.

14 Başbakan Davutoğlu Kilis için alınan önlemleri açıkladı, CNN TÜRK, 26.04.2016.

15 Erdoğan’dan Suriye’ye ‘kara harekatı’ sinyali, Cumhuriyet‎, 12.05.2016.

16 O topraklar Türkiye’nin olacak, Akşam, 05.08.2015.

17 Cumhurbaşkanı Erdoğan: DAEŞ’le yaptığımız mücadeleyi hiç bir ülke yapmadı, Hürriyet, 11.05.2016.

18 Türkiye, ‘Irak’a rağmen’ ülkedeki asker sayısını daha da artırmayı planlıyor, Diken, 06.12.2015.

19 Irak’taki hataya düşmeyelim, Hürriyet, 07.02.2016.

20 Türkiye, S. Arabistan’a da askeri üs kurmalı, Yeni Şafak, 29.04.2016.

21 Türkiye’nin 82’inci ili Musul mu Gazze mi?, Yeni Şafak, 22.12.2015.

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ