Թուրքական արտաքին քաղաքականության ներքին քաղաքականությունը. Վարուժան Գեղամյան

վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

Անցնող շաբաթ համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում Թուրքիան էր։ Լրատվականների առաջին էջերին հայտնվող լուրերը սկզբում վերաբերում էին թուրքական արտաքին քաղաքականության լուրջ տեղաշարժերին՝ Իսրայելի և Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այնուհետև օրակարգի գլխավոր թեման դարձավ Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչական գրոհը, որի կազմակերպումը վերագրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։ Այս բոլոր իրադարձությունները փոխկապակցված են Թուրքիայի ներքին կյանքում վերջին մի քանի տարվա ընթացքում տեղի ունեցող տեղաշարժերի հետ։

Միանձնյա իշխանությունը

Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ նախագահ Ռ.Թ. Էրդողանը ձգտում է միանձնյա իշխանության՝ ավտորիտարիզմի բոլոր տարրերով։ Այս գործընթացը սկսվել է դեռևս 2011թ., երբ Էրդողանի գլխավորած իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունը նախաձեռնեց սահմանադրական հանրաքվե՝ փոփոխելու համար երկրի նախագահի ընտրության կարգը։ Համաձայն այդ փոփոխության՝ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ նախագահը ընտրվելու էր ոչ թե իրենից ավելի կարևոր իշխանության օրգան համարվող խորհրդարանի կողմից, այլ ուղղակի համապետական ընտրությունների միջոցով։ 2014թ. Ա. Գյուլին փոխարինած Էրդողանը դարձավ Թուրքիայի առաջին ընտրված նախագահը՝ ստանալով երկրի բնակչության 51%-ից ավելիի ձայները։

Այս փոփոխությանը զուգահեռ նախաձեռնվել էր ևս մեկ սահմանադրական բարեփոխում, որն ուղղված էր երկրի կառավարման համակարգի փոփոխությանը։ Թուրքիայի՝ խորհրդարանական համակարգից դեպի բացարձակ նախագահական համակարգին անցում ապահովելու համար գործընթացը սկսվել է, սակայն դեռ չի ավարտվել։ Էրդողանի միանձնյա իշխանության համար սա առանցքային նշանակություն ունեցող գործընթաց է և նախագահը վճռական է տրամադրված այս հարցում։ Նախագահ ընտրվելուց ի վեր թուրքական իշխող վերնախավի մեծամասնության ցանկացած գործողություն և հռետորաբանություն ուղղված է նրան, որ երկրի բնակչությանը ցույց տրվի, որ պետության թե՛ ներքին, և թե՛ արտաքին բոլոր հարցերը լուծում է նախագահը։ Ուստի նախագահական համակարգին անցումը այլ բան չէ, քան դե ֆակտո իրավիճակի դե յուրե փաստում։ Այս թեզը հնչեցնում են իշխանության ներկայացուցիչները (օրինակ, նորընտիր վարչապետ Բ. Յըլդըրըմը) և ամբողջ մերձիշխանական մամուլը (իսկ այն կազմում է ամբողջ թուրքական ԶԼՄ դաշտի մոտ 2/3-ը)։ Երկրում սկսվել է «էրդողանիզմի» յուրահատուկ արշավ, որն իր ընդհանուր գծերով հավակնում է մրցել երկրի հիմնական գաղափարախոսությունների հետ՝ փոխարինելով նախկին քեմալիզմը կամ հենց ԱԶԿ ստեղծած իսլամական ազատականությունը։

Նմանատիպ միանձնյա, ավտորիտար վարչակարգերի սկզբնավորման գործընթացում շատ կարևոր պայման է խարիզմատիկ առաջնորդի շուրջ հասարակության համախմբումը։ Այդ համախմբումն ապահովելու գլխավոր մեխանիզմներից է «արտաքին թշնամու» կերպարի առաջացումը և դրա դեմ տարած «մշտական հաղթանակները»։ Թուրքիայի պարագայում ռուսական ինքնաթիռի խոցումը, Իսրայելի հետ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, քրդական ահաբեկիչների դեմ պայքարը մասնակիորեն լուծում էին նաև այս խնդիրը՝ բարձրացնելով Էրդողանի վարկանիշը։

Սակայն ԵՄ հետ հարաբերությունների խզման, ԱՄՆ հետ տարաձայնությունների և ահաբեկչությունների աճի ֆոնին այս մեխանիզմը դադարում է բերել անհրաժեշտ արդյունքները։ Իսկ նախագահական համակարգին անցնելու համար անհրաժեշտ է ևս մեկ հանրաքվե, և հարցումները ցույց են տալիս, որ նախագահական համակարգի կողմնակիցների թիվը դեռևս բավարար չէ հաղթանակի հասնելու համար։

Տնտեսական թնջուկը

Արտաքին քաղաքականության ոլորտում Թուրքիայի յուրօրինակ մեկուսացումը բերել է երկրի ներսում դժգոհության աճին։ Իրավիճակն այսքան բարդ չէր լինի, եթե կտրուկ չվատանար նաև տնտեսական վիճակը։ Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը համարվող զբոսաշրջությունը, որն ապահովում է երկրի ՀՆԱ ավելի քան 12 %-ը, այս տարի գրանցել է պատմական հակառեկորդ՝ առաջին անգամ վերջին 17 տարում նվազելով 28%-ով (տե՛ս աղյուսակը)։ Ընդ որում, զբոսաշրջիկների թվի նվազումը կապված է ոչ միայն Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացմամբ, այլև ահաբեկչությունների պատճառով եվրոպացի զբոսաշրջիկների զգուշավորությամբ։ Իրավիճակն այնքան բարդ է, որ Անթալիայի հյուրանոցներից մեկի ղեկավարը նույնիսկ նամակ էր հղել ՌԴ նախագահ Վ. Պուտինին՝ թախանձագին խնդրելով կարգավորել հարաբերությունները և թողնել ռուս զբոսաշրջիկներին այցելել թուրքական զբոսավայրերը։ Ուստի ՌԴ հետ հարաբերությունների կարգավորումը փորձ է քաղաքական ճանապարհով լուծել առաջացած տնտեսական խնդիրը։

Թուրքիա այցելած զբոսաշրջիկների ցուցանիշները վերջին 10 տարվա ընթացքում։ Աղբյուրը՝ Ft.com

Թուրքիայի ֆրանկենշտենյան հրեշը

2014թ. սեպտեմբերին իր սյունակներից մեկում թուրքական  «Հյուրիյեթ»  ( Hürriyet ) թերթի սյունակագիր Բուրաք Բեքդիլը «Իսլամական  պետություն» (նախկինում՝  «Իրաքի եւ Ասորիքի Իսլամական Պետություն») ահաբեկչական կազմակերպությունը որակեց որպես Թուրքիայի կողմից ստեղծված «ֆրանկենշտեյնյան հրեշ»՝ պնդելով, որ այդ  կազմակերպության  առաջացման  եւ  առաջխաղացման  համար  պատասխանատու  է  պաշտոնական  Անկարան։

Թուրքիայի թողտվությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչները ոչ միայն ազատորեն տեղաշարժվում էին դեպի Սիրիա, այլև հենց Թուրքիայի ներսում հաջողեցրել են ստեղծել մեծ ցանց, որը, փաստորեն, այնքան կայուն է, որ այսօր վտանգ է ներկայացնում հենց Թուրքիայի համար՝ պայթեցնելով Եվրոպայի երրորդ խոշորագույն օդանավակայանը։ Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի խոշոր և մանր ահաբեկչությունները, որոնց զոհ են դարձել մի քանի հարյուր մարդ, թերևս կստիպեն վերանայել մոտեցումը ԻՊ հանդեպ։ Սակայն քանի դեռ Ստամբուլի խանութներում ազատորեն վաճառվում են ԻՊ հուշանվերներ, դժվար է խոսել պետության կողմից ԻՊ դեմ լուրջ պայքարի մասին։

ԻՊ սիմվոլիկան Ստամբուլի խանութներից մեկում։

Ինչո՞ւ հիմա բարիշեցին ռուսներն ու թուրքերը

Թուրքիայի նորագույն պատմության մեջ այս ժամանակաշրջանը ամենաբարդն է։ Եւ սա գիտակցում են բոլորը, նույնիսկ նախագահ Էրդողանը (վերջին ելույթներից մեկում նա նշեց, որ «երկիրը վառվում է»)։ Արտաքին խնդիրները բոլոր հարևանների հետ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու հիմնահարցի ֆոնին ակնհայտ դարձրեցին Անկարայի համար, որ պետք է նոր լուծում գտնել արտաքին մեկուսացվածությունից դուրս գալու համար։ Ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնումը երկուստեք ձեռնտու էր, ուստի ընդամենը մի քանի օրում երկու երկրների բարձրագույն ղեկավարության մակարդակով լուծվեցին հարցերի մի մեծ մաս։ ՌԴ, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը հնարավորություն կտա նաև ուժեղացնել պայքարը Թուրքիայի ներսում ԻՊ ցանցի դեմ, որն իրական սպառնալիք է դարձել։ Էրդողանը փորձում է խնդիրների պրագմատիկ լուծումը ներկայացնել որպես հերթական դիվանագիտական հաղթանակ, որը կապված է իր անձի հետ, ինչը նույնպես ուղղված է սեփական վարկանիշի բարձրացմանը։

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ