Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Ավստրիայի Ամշթետեն քաղաքում

Հուլիսի 4-6-ը Ստորին Ավստրիայի կառավարության հովանու ներքո Ամշթետեն քաղաքում անցկացվեց «Անորոշ ուղիներ. փախուստ, վտարում և ցեղասպանություն Առաջին աշխարհամարտի օրերին» խորագրով գիտաժողով: Այն համատեղ կազմակերպել էին ավստրիական Գրաց քաղաքի Պատերազմների հետևանքների վերացման Բոլցմանի ինստիտուտը և ավստրիական Սենթ-Փոլթեն քաղաքի Միգրացիայի ուսումնասիրության կենտրոնը:

Միջոցառմանը մասնակցում էին Ստորին Ավստրիայի կառավարության ներկայացուցիչներ, դաշնային ու տեղական խորհրդարանների անդամներ, Ավստրիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների, ավստրիական քաղաքական, գիտակրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Գիտաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն անդրադարձավ 20-րդ դարում իրագործված բազմաթիվ ցեղասպանություններին և մարդկության դեմ կատարված ոճրագործություններին՝ առանձնահատուկ շեշտելով նաև մեր օրերին ազգային ու կրոնական պատկանելիության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց նաև Ավստրիայի և Գերմանիայի խորհրդարանների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Դեսպանը հատուկ ընդգծեց Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցների իրավահաջորդներ հանդիսացող այդ երկրների կողմից սեփական պատմությանն առերեսվելու կարևորությունը:

Քննարկումներին որպես բանախոս հանդես եկավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը: «Հայոց ցեղասպանությունը եվրոպական հիշողության մեջ» խորագրով զեկույցի հիմքում ընկած էին երիտթուրքերի կառավարության կողմից հայերի ծրագրված և իրագործված զանգվածային ջարդերի վերաբերյալ եվրոպացի հումանիստների հուշերը, որոնցից են Ֆրիտյոֆ Նանսենը, Կարեն Եփփեն, Յոհաննես Լեփսիուսը:

Հայկ Դեմոյանը նաև անդրադարձ կատարեց հայերին բնաջնջումից փրկելու և փրկվածներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ եվրոպական կառավարությունների, մարդասիրական կազմակերպությունների, տարբեր անհատների ջանքերին։

Որպես բանախոսներ հանդես եկան նաև Ավստրիայի, եվրոպական և այլ երկրների գիտահետազոտական կենտրոնների գիտաշխատողներ, ովքեր քննարկեցին Օսմանյան Թուրքիայում բնաջնջված մյուս ազգերի՝ ասորիների, հույների, կրոնական փոքրամասնությունների ճակատագիրը:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ