Քեմփ Արմենի վերակառուցման ծրագիրը՝ իրականացման ճանապարհին

քամփ արմեն

Հուլիսի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ստամբուլի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ Վեր. Գրիգոր Աղաբալօղլուին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Ստամբուլի «Արմեն» ճամբարի (Քեմփ Արմեն) շինարարական-վերականգնողական աշխատանքների հանձնախմբի անդամներ՝ ճարտարագետ Նազարեթ Բինաթլը, ճարտարապետներ Ալին Փոնթիօղլուն, Ժան Գավրիլովը, «Հրանտ Դինք» հիմնադրամի պատասխանատու աշխատող Դելալ Դինքը (Հրանտ Դինքի դուստրը), բարերարներ Հարութ և Դալար Խորոզօղլուները: Պատվիրակությանն ուղեկցում էին Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանը և Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու ավագ հովվի օգնական Վեր. Հովհաննես Հովսեփյանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ի դեմս նրանց երախտագիտություն հայտնեց ամբողջ պոլսահայությանը՝ իրենց ազգային ինքնությանը հավատարիմ մնալու և հայորեն ապրելու օրինակ ծառայելու համար:

Ներկայացնելով պատվիրակության անդամներին՝ Վեր. Գրիգոր Աղաբալօղլուն տեղեկացրեց, որ Հայաստան այցելելու հիմնական նպատակներից մեկը վերջերս մեծ ջանքերի գնով Թուրքիայի իշխանություններից հետ ստացած «Արմեն» որբանոց-ճամբարի վերականգնողական աշխատանքների համար հետաքրքիր գաղափարներ և լուծումներ գտնելու ցանկությունն է: Ինչպես նշեց Վերապատվելին՝ իրենց երազանքն է, որ նախատեսվող շինությունը լավագույնս ծառայի հայ երեխաների կրթության և դաստիարակության գործին:

Պատվիրակության անդամ ճարտարապետները նշեցին, որ իրենք արդեն իսկ որոշ ուսումնասիրություններ կատարել են Երևանի ուսումնակրթական օջախներում և իրենց ծրագրի իրականացման համար առավել մոտ են համարում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի օրինակը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը հավանություն տվեց նրանց տեսակետին՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել Թումոյի հիմնադիրների և գործադիր ղեկավարների հետ համագործակցության հնարավորություններ ստեղծելու հարցում: Նա մաղթեց, որ ապագա ճամբարն իրապես դառնա գիտելիքի, հայոց լեզվի և հոգևոր հավատի կենտրոն:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Ստամբուլի Գետիկփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու տարածքում գործող Հայաստանցի երեխաների դպրոցին: Նախարարը շնորհակալություն հայտնեց Վերապատվելի Աղաբալօղլուին՝ իր ուշադիր և սրտացավ վերաբերմունքի, ինչպես նաև դպրոցի հովանավորներ Հարութ և Դալար Խորոզօղլուներին՝ իրենց ֆինանսական աջակցության համար:

Դելալ Դինքը ներկայացրեց «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից իրականացվող բազմաբնույթ աշխատանքները, որոնց մեջ ներկայումս շատ կարևոր տեղ է զբաղեցնում մատենաշարային մի հրատարակություն, որն ընդգրկելու է Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների մշակութային հուշարձանները: Նա նախարարին նվիրեց մատենաշարի առաջին հատորը, որը ներկայացնում է Կեսարիայի հայ և հույն ժողովուրդների մշակութային և հոգևոր հուշարձանները:

Բարձր գնահատելով պատվիրակության յուրաքանչյուր անդամի գործունեությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը հավաստիացրեց, որ Հայաստանում խորապես հասկանում են Թուրքիայում բնակվող հայության դժվարություններն ու ջանքերը և հույս հայտնեց, որ խելամիտ ու ճիշտ քաղաքականությամբ նրանք կկարողանան հավերժ պահպանել հայության ներկայությունն ու լավագուն ավանդույթների շարունակականությունն այդ երկրում:

Քննարկվեցին նաև Հայաստանի հետ կապերի սերտացման, ինչպես նաև նախարարության ամառային ծրագրերին համայնքի երիտասարդների մասնակցության հետ կապված հարցեր:

Աղբյուր՝ ՀՀ Սփյուռքի նախարարություն

allTurkey.am

Մեկնաբանություններ