Ռուսաստանին պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը չի տեղավորվում Ռուսաստանի տարածաշրջանային շահերի դաշտում:

Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Գևորգ Պետրոսյանն՝ անդրադառնալով ռուսական «Իզվեստիա»-ի հրապարակմանը, թե ՌԴ-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ Ռուսաստանը ծրագրում է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ընդհուպ՝ սահմանների բացում:

Գևորգ Պետրոսյանն ասաց, որ Մոսկվան մշտապես ցուցադրում և ընդգծում է, որ Հարավային Կովկասն իր քաղաքական ազդեցության գոտիներից է, ուստի, չի գնա նման քայլի:

«Եվ իրավամբ, ռուսաստանյան ներկայությունն այստեղ ավելի շոշափելի է, քան Թուրքիայի ձգտումները՝ ընդլայնելու ազդեցության գոտիները մեր տարածաշրջանում: Իհարկե, Ռուսաստանը խնդիրներ ունի տարածաշրջանի երկրներից մեկի ՝ Վրաստանի հետ, սակայն Թուրքիան էլ իր հերթին դիվանագիտական հարաբերություններ և փակ սահմաններ ունի Հայաստանի հետ, ինչը լուրջ խոչընդոտ է Անկարայի համար տարածաշրջանում ռազմաքաղաքական և տնտեսական ազդեցությունը խորացնելու և ընդլայնելու համար:

Թեև Ադրբեջանի և Թուրքիայի միջև յուրահատուկ հարաբերություններ են հաստատված, սակայն Բաքուն իր հերթին փորձում է հավասարակշռված վիճակում պահել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ հասկանալով ռուսաստանյան ներկայության նշանակությունը մեր տարածաշրջանում: Ռուսաստանին պետք չէ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում այն պատճառով, որ Թուրքիան, որը շարունակում է ռազմաքաղաքական մրցակից մնալ Ռուսաստանի համար, կարող է ուժեղացնել իր ներկայությունն ու ազդեցությունը Հարավային Կովկասում»,- նշեց թուրքագետը:

Միևնույն ժամանակ, Պետրոսյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Մոսկվայում կարող են դիտարկել որպես պաշտոնական Երևանին արտաքին քաղաքական կուրսի փոփոխությունների և ավելի անկախ գործելու հնարավորություն ընձեռում:

«Կարևոր գործոն է նաև Ադրբեջանը: Թուրքիայի արտաքին քաղաքականությունը հետդավութօղլույան փոփոխությունների փուլում է՝ փորձում է խուսափել նոր խնդիրներ ստեղծելուց , և տարածաշրջանային դերակատարների հետ խաթարված հարաբերությունների վերականգնմնան քայլեր են իրականացվում: Այս պարագայում Թուրքիայի՝ Հայաստանի հետ կարգավորման վերադարձը կնշանակի լուրջ բախում Ադրբեջանի հետ, որից Անկարան ներկա փուլում ամեն կերպ կփորձի խուսափել: Հաշվի առնելով ադրբեջանական վերջին գործողություններն Արցախյան հակամարտության տեսանկյունից՝ թուրքական քայլերը հայկական ուղղությամբ առավել սուր արձագանք կստանան Ադրբեջանում:

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության փոփոխությունների տրամաբանությունն ու ընթացքը ցույց է տալիս, որ Անկարան փորձելու է ակտիվանալ նաև Հարավային Կովկասում, որտեղ, սակայն, ստիպված է լինելու զգույշ գործել՝ չհանդիպելու Ռուսաստանի և Ադրբեջանի հակազդեցությանը»,- ընդգծեց թուրքագետը:

Ւնչ վերաբերում է ռուսաստանյան մամուլում նմանատիպ տեղեկությունների շրջանառմանը, ապա Գևորգ Պետրոսյանի խոսքով, սա արձագանքներն ու հանրային տրամադրությունները ստուգելուն ուղղված քայլ է կամ էլ տարածաշրջանն ու ընթացիկ քաղաքական զարգացումներին ոչ այնքան խորը տեղեկացված մոտեցում: «Առնվազն, ռուսաստանյան կողմը, ինչպես վերը նշեցի, դժվար թե գնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, քանի որ այն և՛ դեմ է իր շահերին, և՛ ռուս-թուրքական հարաբերություններում մինչ այս կետին հասնելը դեռ բազում խնդրահարույց ու լուծման կարիք ունեցող կետեր կան, որոնք ավելի օրակարգային և առաջնային են»,- ավելացրեց թուրքագետը:

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ