էրդողանը կառուցում է նոր Թուրքիա, որը դառնալու է անկանխատեսելի տարածաշրջանային խաղացող. Սաֆրաստյան

Երեւանյան իրադարձություններին զուգահեռ բավական հետաքրքիր գործընթացներ են ընթանում Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող, բայց տարածաշրջանային կարեւոր դերակատար հանդիսացող հարեւան Թուրքիայում:

Ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո Ռեջեփ Էրդողանը սկսել է պետական ապարատի «մեծ մաքրման» գործընթաց: Նա ստեղծում է նոր Թուրքիա, որտեղ անգամ տեղ չի լինի ժամանակակից թուրքական պետության հիմնադիր ու խորհրդանիշ Քեմալ Աթաթուրքի ժառանգությանը: Էրդողանը փաստորեն փոխարինում է Աթաթյուրքին իրենով եւ դառնում է նոր Թուրքիայի դիմագիծն ու խորհրդանիշը: Թուրքիան կանցնի ներքին խորն ու ցավոտ փոփոխությունների շրջանով, իսկ տարածաշրջանային քաղաքականության հարցում կդառնա Էրդողանի նման ագրեսիվ ու անկանխատեսելի: Թե փոփոխությունների ո՞ր փուլում է գտնվում Թուրքիան, ի՞նչ է սպասվում այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, հատկապես հայերին, ու ինչպիսի տարածաշրջանային քաղաքականություն կիրականացնի Էրդողանի ստեղծած թուրքական պետությունը, մեզ հետ զրույցում ներկայացրեց թուրքագետ, ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը:

– Պարոն Սաֆրաստյան, մենք կարդում ենք Թուրքիայում հազարավոր մարդկանց ձերբակալությունների մասին: Անգամ տեղի ունեցան լինչի դատաստաններ չհաջողված հեղաշրջումից հետո: Ի՞նչ է այժմ կատարվում Թուրքիայում, ո՞ւր է շարժվում այդ երկիրը:

– Ամեն ինչ արվում է նոր Թուրքիա ստեղծելու համար: Սա նախագահական կոշտ կառավարմամբ երկիր է դառնում, որտեղ երկրի նախագահն օժտված է շատ մեծ իշխանությամբ: Այդ երկիրը հրաժարվում է բացարձակ աշխարհիկության սկզբունքից: Քաղաքական իսլամն այստեղ կունենա իր ուրույն տեղն ու դերը: Սա հենց Էրդողանի պատկերացրած Թուրքիան է: Կարեւորն այն է, որ այդ նոր Թուրքիայի արարիչը կլինի հենց ինքը՝ Էրդողանը: Ինչպես 1923 թ. Քեմալ Աթաթուրքը հռչակվեց Թուրքական Հանրապետության հիմնադիր, այժմ նոր Թուրքիայի հիմնադիրը կլինի ինքը՝ Էրդողանը: Նա փոխարինում է Աթաթուրքին ու այժմ միանձնյա որոշում է Թուրքիայի բախտը: Նրա համար բացարձակապես կապ չունի՝ դա կարվի օրինական, թե անօրինական ճանապարհով: Էրդողանն իր առջեւ դրած նպատակին հասնում է փողոց դուրս եկած ամբոխների միջոցով: Նա չի զգում որեւէ դիմադրություն հատկապես ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից: Նրանք ուղղակի լուռ հետեւում եւ շարժվում են Էրդողանի նախագծած քաղաքական ճանապարհով: Սա ոչ թե աջակցության, այլ վախի մթնոլորտի արդյունքն է, որն ստեղծվել է Թուրքիայում:

– Կարծում եք՝ բոլորը Թուրքիայում հանգի՞ստ կընդունեն քաղաքական իսլամի արմատավորումը: Այստեղ ի՞նչ վտանգներ կան: 

– Թուրքիան երկար ժամանակ եղել է աշխարհիկ պետություն: Նրա բնակչության զգալի մասը, հատկապես մեծ քաղաքներում, պետականության հենց այդ տեսակի կողմնակիցն է: Բնականաբար, կլինեն հակասություններ, սա չի ընդունվի միանշանակ: Սակայն անգամ Ժողովրդահանրապետական կուսակցությունը, որը Աթաթուրքի ժառանգության հետեւորդն է եւ աշխարհիկ պետության կողմնակիցը, այժմ զենքերը վայր է դրել: Սա հենց հեղափոխության տապալումից հետո վախի մթնոլորտի հետեւանք է: Այդ կուսակցության նախագահը՝ Քըլըչդարօղլուն, ըստ էության պաշտպանում է Էրդողանի քաղաքականությունն այս օրերին: Այժմ Թուրքիան անցնում է երեք շրջափուլով: Առաջինը հեղաշրջման փորձն էր, որը ճնշվեց: Երկրորդը դրան հետեւած «մեծ մաքրման» փուլն է, որը մենք տեսնում են ձերբակալությունների, մարդկանց աշխատանքից հեռացնելու ու անգամ լինչի դատաստանների տեսքով: Այս փուլը, որի ընթացում անգամ զիվորականների են գլխատում Բոսֆորի վրա, կոչված է ձեւավորել վախի մթնոլորտ: Երրորդը նոր Թուրքիայի ստեղծումն է: Այսինքն՝ կփոխվի Սահմանադրությունը, կընդունվեն նոր օրենքներ, կձեւավորվեն նոր բովանդակությամբ քաղաքական ինստիտուտներ: Կսկսվի պետության վերափոխումը: Այդ ժամանակ գուցե քաղաքական ուժերը վերականգնվեն ու սկսեն պայքարել Էրդողանի դեմ, սակայն այժմ նրան ոչինչ չի կարող կանգնեցնել:

– Ձեր նշած նոր Թուրքիան, որտեղ քաղաքական իսլամը պետական ճանաչում է ստանում, ինչպե՞ս կարող է անդրադառնալ ազգային փոքրամասնությունների, հատկապես՝ հայերի ու քրդերի վրա: Այլ կերպ ասած, պե՞տք է սպասել ազգային հարցի սրացում Թուրքիայում:  

– Սա շատ կարեւոր հարց է: Քեմալական հանրապետության պետական գաղափարախոսությունը հետեւյալն էր՝ Թուրքիայում բոլորը թուրք են: Ազգային հենքի վրա բոլորը թուրք էին ճանաչվում, կային միայն կրոնական տարբերություններ: Էրդողանի փոփոխություններից հետո, կարծում եմ, այս գիծը կշարունակվի, սակայն որոշ պարագաներում այն կարող է հանգեցնել նաեւ ազգային խնդրի սրման: Արդեն մեծ քաղաքներում, որտեղ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել փողոցներ, լարված իրավիճակ է: Օրինակ՝ այդ մեծ քաղաքների այն հատվածներում, որտեղ ապրում են ալեւիներ, արդեն իսկ տեղի են ունեցել հրկիզումներ, ավազակային հարձակումներ այդ անձանց վրա: Այսինքն՝ ազգային եւ կրոնական փոքրամասնությունների վիճակը կարող է բարդանալ: Դեռեւս փաստեր չունենք, որ ճնշումներ են գործադրվել հայկական համայնքի վրա: Սակայն, կա բացասական փորձառություն: Այն է, երբ Թուրքիայում տեղի են ունենում տարբեր սրացումներ, հեղաշրջումներ, այդ ամենից տուժում են ազգային փոքրամասնությունները, հատկապես՝ հայերը: Թուրքիայում ապրում են հայեր, որոնք Թուրքիայի քաղաքացի են, եւ ապրում են հայեր, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Չպետք է մոռանալ, որ նույն Էրդողանը եւ նրա զինակիցները քանիցս հայտարարել են, որ այնտեղ ապրող հայերին կարող են արտաքսել, որը դեռեւս իրականություն չի դարձել: Չի բացառվում, որ կարող են տարբեր դրսեւորումներ լինել նոր պայմաններում:

– Խոսենք նոր Թուրքիայի տարածաշրջանային ամբիցիաներից: Դրանք նո՞ւյնը կմնան, թե՞ Թուրքիայի ախորժակն ավելի կբացվի, հատկապես , ԼՂ հակամարտության հարցում:

– Կարծում եմ՝ այն որոշակիորեն կտարբերվի քեմալական Թուրքիայի արտաքին քաղաքականությունից: Դատելով Էրդողանի կառավարման տարիների փորձառությունից՝ կարելի է ենթադրել, որ Անկարան որոշակի առումով կհեռանա Արեւմուտքից, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ից եւ կթեքվի դեպի մուսուլմանական աշխարհ ու Կովկաս: Դժվար է ասել՝ Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, թե ոչ, սակայն պարզ է, որ այն կփորձի սառեցնել իր հարաբերություններն Արեւմուտքի հետ՝ փոխարենը մեծ դերակատարում ստանձնելով վերոնշյալ տարածաշրջաններում: Անկարան կփորձի ամրապնդել հարաբերություններն արաբական աշխարհի հետ: Էրդողանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների որոշակի սառեցումը կփորձի կոմպենսացնել Ռուսաստանի հետ կապերի վերականգմամբ ու ամրապնդմամբ: Չեմ կարծում, որ ռուս-թուրքական հարաբերությունները բարեկամության մակարդակի հասնեն, քանի որ շատ ստրատեգիական հարցերում նրանք մնում են մրցակիցներ: Սակայն, Ռուսաստանի հետ հարաբերություններն Անկարան կփորձի օգտագործել Արեւմուտքի հետ իր քաղաքական առեւտրում դիվիդենտներ ստանալու համար: Թուրքիայի ակտիվությունը հնարավոր է նկատվի նաեւ մեր տարածաշրջանում, հատկապես ԼՂ հակամարտության հարցում: Բայց սա ապագայի խնդիր է,  այժմ Էրդողանը զբաղված է ներքին խնդիրներով:

– Ի՞նչ ասել է ակտիվացնել Թուրքիայի քաղաքականությունը ԼՂ հակամարտության հարցում: Այն ինչպե՞ս է արտահայտվելու:

– Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի սկզբից Թուրքիան պարբերաբար փորձում է նոր նախաձեռնություններով հանդես գալ, առաջարկություններ անել համանախագահներին, քննադատել նրանց: Սա, իհարկե, կշարունակվի: Ավելի ու ավելի են սերտանալու հարաբերություններն Ադրբեջանի հետ: Նշանակում է` փորձեր են կատարվելու Հայաստանի վրա տարբեր հարթակներից ճնշումներ բանեցնելու համար: ԱՄՆ-ից եւ ՆԱՏՕ-ից ավելի անկախ դարձած Թուրքիան դառնալու է ավելի անկանխատեսելի տարածաշրջանային խաղացող, սա արդեն իսկ ուրվագծվում է: Ուստի, նրա տարածաշրջանային քաղաքականությունը կլինի ավելի ագրեսիվ ու անկանխատեսելի: Ու դա առաջին հերթին՝ մեզ համար: Էրդողանը տեղով անկանխատեսելի է, իսկ հիմա ագրեսիվ ու անկանխատեսելի կդարձնի մի ողջ պետություն:

Աղբյուր՝ Armtimes.am, Զրուցեց Արշալույս Մղդեսյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ