Թուրքիայի արտաքին իրավիճակն օգոստոսին. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան
Տնտեսական. Օգոստոսին «Ռոսսելխոզնադզորի» պատվիրակությունը ժամանեց Թուրքիա՝ սննդամթերքի լաբորատոր ստուգումներ անցկացնելու համար: 2016թ. առաջին կիսամյակում Թուրքիայից Ռուսաստան գյուղմթերքի արտահանումը նվազել է 58%-ով և կազմել է $1.3 մլրդ: Օգոստոսին հաղորդվեց, որ Թուրքիան պատրաստ է «Թուրքական հոսք» գազատարի միջոցով ապահովել ռուսական գազի մատակարարումը Եվրոպային, ինչպես նաև կիսել գազատարի կառուցման ֆինանսավորումը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հույս հայտնեց, որ Աքքույուի ատոմակայանին ռազմավարական ներդրման կարգավիճակ հատկացնելը, որը նախատեսում է հարկային արտոնություններ, հնարավորություն կտա արագացնել նախագծի իրագործումը:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը կարող է տեղի ունենալ ձմռանը: Վերջին անգամ այն անցկացվել է 2014թ. դեկտեմբերին: Չավուշօղլուի խոսքով՝ ապրանքաշրջանառության մակարդակը նվազել է 43%-ով, սակայն իրենք նպատակադրվել են այն հասցնել $100 մլրդ-ի: Էրդողանը նույնպես հաստատեց դա. «Մենք ապրանքաշրջանառության ծավալը հասցրել էինք $35 մլրդ-ի, սակայն 2015թ. նոյեմբերյան հայտնի դեպքերից հետո այն նվազեց մինչև $28 մլրդ-ի, ապա ավելի նվազեց»:

Ռոսավիացիայի ղեկավար Ալեքսանդր Ներադկոն հայտարարեց, որ ռուսական մոտ 15 ավիաընկերություն պատրաստ է սկսել չարթերային թռիչքները դեպի Թուրքիա: Տվյալ ոլորտի սահմանափակումները Ռուսաստանում վերացվեցին օգոստոսի վերջին, երբ Ռուսաստանը Թուրքիայից ստացավ համապատասխան երաշխիքներ: Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն առանց վնասելու ԵՄ-ին լիիրավ անդամակցելու գործընթացը և խախտելու ԵՄ-ի հետ Մաքսային միությունը: Զեյբեքջին նաև հայտարարեց, որ Թուրքիան ու Ռուսաստանը կարող են ստեղծել համատեղ ներդրումային հիմնադրամ՝ համատեղ նախագծերի իրագործումը ֆինանսավորելու համար: Նրա խոսքերով՝ ռուսաստանցի զբոսաշրջիկների ոլորտում անկումը կազմել է 70%, իսկ Ռուսաստան արտահանման ծավալը նվազել է 38%-ով. «Մենք նպատակադրվել ենք 2017թ. ապրանքաշրջանառության ցուցանիշը հասցնել $40 մլրդ-ի: Տեխնիկական աշխատանքներ են տարվում առևտուրը ռուբլով ու լիրայով իրականացնելու համար: Թուրքիան ու Ռուսաստանն աշխարհում փոխադարձաբար միմյանց լրացնող երկրների հազվադեպ օրինակ են: Այն, ինչ չկա Ռուսաստանում, կա Թուրքիայում և ընդհակառակը»։

Քաղաքական. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն օգոստոսի 9-ին մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար, ինչը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո նրա արտասահմանյան առաջին այցն էր: Պուտինն ու Էրդողանը վերջին անգամ հանդիպել էին 2015թ. նոյեմբերի 16-ին Անթալիայում, G20-ի գագաթաժողովում, որից օրեր անց գրանցվել էր «Սու-24»-ի միջադեպը: Այցից առաջ Էրդողանը հույս հայտնեց, որ Պուտինի հետ առաջիկա բանակցությունները նոր էջ կբացեն երկու երկրների հարաբերություններում՝ ճիշտ չհամարելով ինքնաթիռային անցանկալի միջադեպի պատճառով տարածաշրջանի երկու կարևոր երկրների՝ միմյանցից հեռանալը: Պուտինի հետ հանդիպման ժամանակ էլ, որը սկսվեց կողմերի ձեռքսեղմամբ, Էրդողանը հայտարարեց, որ երկու երկրների համագործակցությունն իր ներդրումը կունենա տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման գործում: Էրդողանը նաև շնորհակալություն հայտնեց Պուտինին՝ հանդիպման հնարավորության և ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար:

Էրդողանը Ռուսաստանի և Թուրքիայի գործարար շրջանակների հետ հանդիպման ժամանակ «սև ստվեր» որակեց «Սու-24»-ի միջադեպը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները «խաթարել» է իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի կազմակերպությունը։ Էրդողանի այս հայտարարությունը տեղավորվում է վերջին շրջանում Թուրքիայում լայն տարածում գտած այն միտման շրջանակներում, որ ամեն անցանկալի կամ անհարմար իրադարձության (Դինքի սպանություն, նախկինում ընդդիմադիր կուսակցապետ Դենիզ Բայքալի մասնակցությամբ սեռական սկանդալ և այլն) տակ թուրքական իշխանությունները տեսնում են գյուլենական հետք: Էրդողանը նաև հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան մտադիր են քայլեր ձեռնարկել պաշտպանական արդյունաբերության ոլորտում, իսկ Չավուշօղլուն հայտարարեց, որ դա չպետք է դիտարկել որպես ՆԱՏՕ-ի դեմ քայլ: Չավուշօղլուն փոխգործակցության զարգացման համար խնդիր չհամարեց այն, որ Թուրքիան ՆԱՏՕ անդամ է, իսկ Ռուսաստանը՝ ոչ, նշելով, որ ՆԱՏՕ մի շարք անդամներ այդ ոլորտում համագործակցում են Ռուսաստանի հետ։ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը չի ազդի Թուրքիայի և ՆԱՏՕ երկխոսության վրա: Եվ այնուամենայնիվ, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ Ռուսաստանն իրավունք չունի օգտագործել «Ինջիրլիքի» բազան, քանի որ ՆԱՏՕ անդամ չէ: Չավուշօղլուի խոսքերով՝ Թուրքիան ու Ռուսաստանը, որոնք Սիրիայի տարածքային ամբողջականության հարցում հանդես են գալիս միասնական դիրքերից, պետք է ավելի սերտորեն համագործակցեն սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում և կարող են համատեղ պայքար սկսել ԻՊ-ի դեմ: Նա ընդգծեց, որ Ռուսաստանը չէր կարող տարածաշրջանում իր համար գտնել «ավելի հուսալի ընկեր», քան Թուրքիան է, որը ժամանակին չմիացավ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցներին՝ այդպիսով դառնալով նման քայլի դիմած ՆԱՏՕ միակ երկիրը:

Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Մոսկվայում խորապես մտահոգ են թուրք-սիրիական սահմանի շրջանում տիրող իրավիճակի սրման և հատկապես միջէթնիկական հակամարտության սրացման վտանգի համար։ Այդ ժամանակ թուրքական մամուլը գրեց, որ «Սու-24»-ի միջադեպից հետո առաջին դեպքն էր, որ թուրքական մարտական ինքնաթիռները մուտք են գործում Սիրիայի օդային տիրույթ: Պետք է հիշել, որ ինքնաթիռային միջադեպից հետո Ռուսաստանը Սիրիայում տեղակայել էր S-400 նորագույն զենիթահրթիռային համալիրներ, ինչից հետո թուրքական ավիացիան ամբողջովին դադարեցրել էր թռիչքները Սիրիայում: Օգոստոսին պետք է տեղի ունենար Թուրքիայի և Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբների պետեր Հուլուսի Աքարի և Վալերի Գերասիմովի հանդիպումը, սակայն այն անհայտ պատճառներով հետաձգվեց անորոշ ժամկետով: «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին երկկողմ հարաբերությունները, Սիրիայի վերջին զարգացումներն ու ահաբեկչության դեմ պայքարը, շեշտը դրվեց Հալեպին մարդասիրական օգնություն հասցնելուն ուղղված ջանքերի արագացման վրա: Ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Մոսկվան հետևում է «Եփրատի վահան» գործողությանը և կոչ է անում այն համաձայնեցնել սիրիական իշխանությունների հետ, ինչպես նաև չհարվածել ԻՊ-ի դեմ պայքարող Սիրիայի քրդերի դիրքերին:

Թուրքիա – ԱՄՆ
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարեց, որ Գյուլենին արտահանձնելու պահանջով երկրորդ հայցն է ուղարկվել ԱՄՆ՝ ընդգծելով, որ եթե ԱՄՆ-ը չարտահանձնի Գյուլենին, ապա Թուրքիայում կբորբոքվեն հակաամերիկյան տրամադրություններ: Էրդողանն ԱՄՆ-ին առաջարկեց ընտրություն կատարել Թուրքիայի և Գյուլենի միջև՝ նշելով, որ մերժման դեպքում ԱՄՆ-ի հետ հարաբերությունները, բնականաբար, չեն վերջանա, սակայն կտուժեն։ Նա ընդգծեց, որ իրենք Արևմուտքից աջակցություն չեն ստացել ո՛չ ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, ո՛չ էլ դրանից հետո: ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ ԱՄՆ-ը հարգում է Թուրքիայի նախագահի՝ իր կամքն արտահայտելու, այդ թվում նաև ԱՄՆ իշխանությունների ներկայացուցիչներին քննադատելու իրավունքը։ Նշելով, որ Գյուլենի արտահանձնման գործով դատական գործընթացը կարող է երկար տևել, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ ԱՄՆ-ը չի տեսնում Թուրքիայի հետ համագործակցելու և Գյուլենին արտահանձնելու միջև ընտրություն կատարելու անհրաժեշտություն, և որ արտահանձնման մասին Թուրքիայի դիմումը կապված չէ ռազմական հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության մեղադրանքի հետ։ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը վստահություն հայտնեց, որ Գյուլենը կվերադարձվի հայրենիք, իսկ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի ցանկանում Գյուլենի հարցում մտածել B և C պլանների մասին: Չավուշօղլուի խոսքերով՝ Արևմուտքը ռիսկի է դիմում «կորցնել» Թուրքիան սեփական սխալների, ոչ թե Ռուսաստանի կամ Չինաստանի հետ Անկարայի հարաբերությունների պատճառով: Նա հերքեց, թե Թուրքիան սպառնացել է աջակցություն չստանալու դեպքում դուրս գալ ՆԱՏՕ-ից, ինչպես նաև այն, որ թուրք քաղաքական գործիչները հայտարարել են, թե ռազմական հեղաշրջման փորձի հետևում կանգնած է ԱՄՆ-ը։ Օգոստոսին ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը ժամանեց Անկարա, ինչը թուրքական մամուլի կողմից որակվեց որպես Գյուլենի արտահանձնման գործընթացի առաջին քայլ։

Օգոստոսին Չավուշօղլուն դժգոհեց, որ թեև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խոստացել էր, թե PYD-ը (Սիրիայի քրդեր) Մանբիջում գործողության ավարտից հետո կվերադառնա Եփրատ գետի արևելյան ափ, սակայն դա տեղի չունեցավ։ Օգոստոսին Թուրքիա ժամանեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, որը քննարկեց Գյուլենի արտահանձնման հարցն ու «Եփրատի վահան» գործողությունը՝ աջակցություն հայտնելով վերջինիս։ Բայդենն այցելեց Թուրքիայի խորհրդարան, որը ռմբակոծվել էր ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ և նրա ավերածությունները համեմատեց ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետ։

Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պետք է օգտագործի իր ազդեցությունը՝ PYD զինյալներին Եփրատի արևելյան հատված դուրս բերելու համար. «Եթե ողջ տարածաշրջանն անցնի PYD վերահսկողության ներքո, ապա Սիրիան կմասնատվի»։ «Եփրատի վահան» գործողության մեկնարկից հետո ԱՄՆ իշխանությունները քանիցս դատապարտեցին Սիրիայում քրդական ուժերին Թուրքիայի հարվածները և Անկարային կոչ արեցին կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի վրա։ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Թանժու Բիլգիչն ԱՄՆ այդ հայտարարությունները որակեց որպես անընդունելի և դաշնակցային հարաբերություններին չհամապատասխանող՝ ընդգծելով, որ Թուրքիան իր այդ տեսակետը ներկայացրել է Անկարայում ԱՄՆ դեսպանին։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ իրենք աշխատում են Սիրիայում թույլ չտալ տեղի քրդերի ու Թուրքիայի միջև լարվածություն՝ ընդգծելով, որ ԱՄՆ բոլոր գործընկերները պետք է կենտրոնանան ընդհանուր թշնամի ԻՊ-ի ոչնչացման վրա։ Օգոստոսին ԱՄՆ-ը դատապարտեց Թուրքիայում իրականացված ահաբեկչությունները և ընդլայնեց Թուրքիայից դիվանագետների ընտանիքների կամավոր հեռանալը։ Ամերիկացիներին խորհուրդ տրվեց զերծ մնալ Թուրքիայի հարավ-արևելք այցելելուց։

Թուրքիա – ԵՄ
Չավուշօղլուն ակնարկեց, որ Անկարան կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքից, եթե Բրյուսելը հոկտեմբերին Թուրքիայի քաղաքացիներին չհատկացնի առանց վիզայի ռեժիմ: Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը դատապարտեց Չավուշօղլուի այդ վերջնագիրը, իսկ Ավստրիայի կանցլեր Քրիստիան Կեռնն առաջարկեց կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցային գործընթացը: Նրա խոսքերով՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը հազիվ թե հնարավոր է տեսանելի ապագայում, ինչի համար էլ անհրաժեշտ է ունենալ այլընտրանքային հայեցակարգ: Արդյունքում՝ Թուրքիան Վիեննայից հետ կանչեց իր դեսպանին՝ հարաբերությունների վերանայման և ցուցումներ տալու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարեց, որ Թուրքիան դեռ պատրաստ չէ դառնալ ԵՄ անդամ։

Քաղաքական ինստիտուտներին աջակցելու համար Թուրքիա ժամանեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագլանդը, որը մտահոգություն հայտնեց Թուրքիայի տարբեր կառույցներում սկսված մասշտաբային մաքրումների համար: Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարեց, որ ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան մտադիր է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում, սակայն դրա հետ մեկտեղ կրկնեց վիզային ռեժիմի վերաբերյալ Չավուշօղլուի սպառնալիքը: Նա «մշակութային ռասիզմ» որակեց Եվրոպական հանձնաժողովում Գերմանիայի ներկայացուցիչ Գյունթեր Օթինգերի այն հայտարարությունը, թե Թուրքիան Էրդողանի նախագահության ժամանակ հազիվ թե դառնա ԵՄ անդամ, և որ Թուրքիայի համար վիզային ռեժիմը չի վերացվի մոտ ժամանակներս:

Էրդողանը հայտարարեց, որ ԵՄ-ը չի կատարում Թուրքիային տված խոստումները, այդ թվում նաև 3 մլրդ եվրո տալու և վիզային ռեժիմը չեղարկելու մասերով, և Թուրքիային անդամակցության հարցում հիմարացնում է արդեն 53 տարի: Բինալի Յըլդըրըմը զգուշացրեց, որ եթե ԵՄ-ը չկատարի միգրացիոն համաձայնագրով պայմանավորվածությունները, ապա փախստականները չեն դառնա միայն Թուրքիայի խնդիրը: Եվրոպական հանձնաժողովը, սակայն, հայտարարեց, որ Թուրքիան նախկինի նման պետք է կատարի 5 պայման՝ ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի չեղարկման համար: ԵՄ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Սելիմ Ենելի խոսքերով՝ Թուրքիայի իշխանությունները ցանկանում են, որ երկիրը ԵՄ-ին անդամակցի մինչև 2023թ.։

Էրդողանը հայտարարեց, որ փողերի լվացման կասկածանքով իտալական Բոլոնիա քաղաքի դատախազության կողմից իր որդի Բիլալ Էրդողանի հանդեպ հետաքննություն իրականացնելը կարող է բացասաբար անդրադառնալ երկու երկրների հարաբերությունների վրա՝ Իտալիային խորհուրդ տալով զբաղվել սեփական մաֆիայի խնդրով: Օգոստոսին Թուրքիան մերժեց Հյուսիսային Կիպրոսից զորքերը դուրս բերելու մասին Հունաստանի պահանջը: Դրանից առաջ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ թուրքական զորքերի դուրսբերումը կիպրական հարցի լուծման հիմնարար պայման է: Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հայտարարեց, որ Թուրքիան պետք է անկեղծ ներողություն խնդրի Պոնտոսի հույների ցեղասպանության համար: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց Պավլոպուլոսի խոսքերը։

Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Թուրքիայի ղեկավարությունն իրեն հաշիվ տալիս է այն բանում, որ համագործակցում է ահաբեկչական խմբավորումների հետ և նրանց համար ծառայում է որպես հենակետ: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց դա՝ նշելով, որ Գերմանիայի կառավարության մեղադրանքները «թյուրընկալման հետևանք» են: Թուրքիան վերջնագիր ներկայացրեց Գերմանիայի կառավարությանը` պահանջելով հեռու մնալ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից, որպեսզի թույլ տա գերմանացի պատգամավորներին այցելել «Ինջիրլիք»։ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալթեր Շթայնմայերը միջնորդավորված ձևով սպառնաց, որ Բունդեսվերը կհրաժարվի «Ինջիրլիքի» բազան օգտագործելուց, եթե Անկարան շարունակի խոչընդոտել Բունդեսթագի պատգամավորների այցը «Ինջիրլիք»։ Շթայնմայերը մանրամասնեց, որ այցն անհրաժեշտ է «Ինջիրլիքում» Բունդեսվերի գտնվելու մանդատի հարցի շուրջ Բունդեսթագի որոշման համար, որի ժամկետը լրանում է դեկտեմբերին:

Թուրքիա-Իրան
Թուրքիա այցելեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որն առաջին հերթին քննարկեց Սիրիայի հարցը։ Չավուշօղլուն Զարիֆի հետ հանդիպման արդյունքներով հայտարարեց, որ Թուրքիան ու Իրանը համակարծիք են Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հարցում, և որ նրանց միջև տարաձայնություններ չկան PKK-ի, PEJAK-ի, PYD-ի հարցերում: Զարիֆի խոսքերով՝ Իրանը պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ իր գազի վաճառքի ու դեպի Եվրոպա տարանցման հարցում։ Հաղորդվեց, որ Նիհաթ Զեյբեքջին շուտով կայցելի Իրան՝ քննարկելու համար երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեծացման հարցը. 2012թ. այն կազմել է $21.89 մլրդ, իսկ 2015թ.՝ $9.77 մլրդ: Այժմ ծրագրված է այդ ցուցանիշը հասցնել $30 մլրդ-ի: Զարիֆի թուրքական այցից անմիջապես հետո Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իրանը վերացնում է դեպի Թուրքիա զբոսաշրջային այցերի վրա դրված արգելքը, որը դրվել էր հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո։

Օգոստոսին հաղորդվեց, որ Էրդողանը մտադիր է մեկնել Թեհրան՝ Սիրիայի պատերազմին վերջակետ դնելու համար: Էրդողանն ավելի վաղ այդ հարցը Սանկտ Պետերբուրգում քննարկել է Պուտինի հետ: Իրանի ԱԳՆ հաղորդմամբ՝ Էրդողանի այցն օրակարգում է, սակայն ստույգ ժամկետը հայտնի չէ: Օգոստոսին Հնդկաստան այցելելիս անակնկալ այցով Իրան ժամանեց Չավուշօղլուն, որը հանդիպեց իրանցի պաշտոնատար անձանց հետ: Պետք է ընդգծել, որ այդ այցից քիչ անց մեկնարկեց «Եփրատի վահան» գործողությունը, որին Իրանի ԱԳՆ-ն արձագանքեց միայն երկու օր հետո՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է այն համակարգի Դամասկոսի հետ և կարևորելով Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանման հանդեպ հարգանք ցուցաբերելը։

Թուրքիա – Սիրիա
Օգոստոսի սկզբին Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան ոչ մի դեպքում չի ընդունի Սիրիայի հյուսիսում քրդական պետության ստեղծումը, իսկ Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ առաջիկա 6 ամսում կարող են շատ կարևոր զարգացումներ լինել Սիրիայի թեմայով: Յըլդըրըմի խոսքերով՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է իշխանությունից հեռանա անցումային կառավարության ձևավորումից հետո, քանի որ Թուրքիան Ասադին անընդունակ է համարում սիրիացիներին համախմբելու գործում։ «Եփրատի վահան» գործողության մեկնարկից առաջ Չավուշօղլուն հայտարարեց, որ թուրք-սիրիական սահմանը պետք է ամբողջովին մաքրվի ԻՊ-ից։ Ապա մեկնարկեց Սիրիայի Ջերաբլուս քաղաքն ԻՊ-ից խլելու գործողությունը, որը համընկավ օսմանյան բանակի կողմից Մերջիդաբըքի ճակատամարտում տարած հաղթանակի 500-ամյակի հետ: Օսմանյան սուլթան Սելիմ Ահեղի (Յավուզ) բանակը 1516թ. օգոստոսի 24-ին Հալեպից հյուսիս այդ ճակատամարտում պարտության է մատնել մամլուքների բանակին, ինչից հետո Օսմանյան պետությանը միացվեցին Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը: Թուրքական մամուլն ընդգծեց, որ օսմանների թոռներն ուղիղ 500 տարի անց վերստին Ջերաբլուսում են:

Մեկնաբանելով «Եփրատի վահան» գործողությունը՝ Էրդողանը հայտարարեց, որ այն ուղղված է թե՛ ԻՊ-ի, թե՛ PYD-ի դեմ և անհրաժեշտ համարեց Սիրիայի տարածքից Թուրքիայի վրա հարձակումներին վերջակետ դնելը, որոնք իրենց հարկադրեցին դիմելու վճռական գործողությունների։ Էրդողանը նաև հայտարարեց, որ Սիրիայի ժողովուրդն ինքը պետք է հստակեցնի երկրի ապագան ու ընտրի նրա ղեկավարին և աջակցություն հայտնեց Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմանը: Սիրիայի ԱԳՆ-ն «Եփրատի վահան» գործողությունը որակեց որպես երկրի ինքնիշխանության խախտում և Թուրքիայի ագրեսիայի կապակցությամբ դիմեց ՄԱԿ-ին։ Թուրքիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ սիրիական վարչակարգը շարունակում է քիմիական զենք կիրառել։

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ Թուրքիան Սիրիայում ռազմական գործողության մասին նախապես իրազեկել է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, ապա՝ նաև Իրանին. «Սիրիական կառավարության հետ կապերի բացակայության պատճառով Անկարան չի կարողացել ռազմական գործողության մեկնարկի մասին իրազեկել Դամասկոսին»: Նուման Քուրթուլմուշը, սակայն, հայտարարեց, որ Թուրքիան «Եփրատի վահան» գործողության մեկնարկի մասին Սիրիային զգուշացրել է Ռուսաստանի միջոցով:

Օգոստոսի վերջին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Թուրքիան «Եփրատի վահան» գործողությունը սկսել է նրա համար, որպեսզի տարածաշրջանից ԻՊ վտարման դեպքում առաջացած վակուումը չլցնի PYD-ը, և որ գործողությունը կդադարեցվի Թուրքիայի սահմանի անվտանգությունը 100%-ով ապահովելու դեպքում: Ջերաբլուսից ԻՊ-ին վտարելուց հետո Չավուշօղլուն հայտարարեց, որ PYD-ը պետք է հեռանա Եփրատի արևելյան ափ՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Անկարան կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ: Նուման Քուրթուլմուշն ընդունեց, որ Անկարան հաջողության չի հասել Սիրիայի հանդեպ իր քաղաքականությունում, իսկ Յըլդըրըմը հայտարարեց Ասադի վարչակարգի շահերն անտեսելու անհնարինության մասին. «Մենք ապագայում տեղ չենք տեսնում Ասադի համար, սակայն ներկա փուլում Ասադը կողմերից մեկն է, անկախ նրանից՝ մենք դա ցանկանում ենք, թե ոչ»: Կարելի է կարծել, որ Ռուսաստանը «Եփրատի վահան» գործողությանը, որի առաջնային նպատակը Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավար շրջանների (Աֆրին, Քոբանի, Ջիզրե) միավորումը թույլ չտալն էր, համաձայնել է նրա դիմաց, որ Թուրքիան իր հերթին համաձայնել է կարճ ժամկետում Սիրիայի նախագահի պաշտոնում Բաշար Ասադի մնալուն:

Թուրքիա – Իսրայել, Եգիպտոս
Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է կարգավորել Եգիպտոսի հետ հարաբերությունները։ Բինալի Յըլդըրըմը նույնպես հայտարարեց այդ մասին. «Մենք Եգիպտոսի ժողովրդի հետ ունենք ընդհանուր արժեքներ՝ հավատ, մշակույթ, ընդհանուր տարածաշրջան: Մենք պետք է կարգավորենք Եգիպտոսի հետ հարաբերությունները, մեզ համար չի կարող այլևս շարունակվել այսպես։ Մենք պետք է զարգացնենք Եգիպտոսի հետ տնտեսական ու մշակութային կապերը։ Երկու երկրների խնդիրները բաժին են ընկնում քաղաքական ոլորտին»։

Դրանից հետո Եգիպտոսի ԱԳՆ խոսնակ Ահմեդ Աբու Զեյդը հայտարարեց, որ Եգիպտոսի ղեկավարությունը ողջունում է Թուրքիայի ջանքերը, սակայն թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորումը պահանջում է Թուրքիայի կողմից մի շարք պայմանների կատարում, այդ թվում նաև՝ եգիպտացի ժողովրդի կամքի հանդեպ հարգանք, որը կատարելապես ակնհայտորեն դրսևորվել է հուլիսի 30-ի բանաձևի ժամանակ, և երկրի ներքին գործերին չմիջամտություն: Նա մերժեց Թուրքիայի առաջարկը՝ առանց քաղաքական տարաձայնությունները հարթելու՝ զարգացնել տնտեսական հարաբերությունները: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին հայտարարեց, որ եգիպտացիների և թուրքերի միջև չպետք է լինի թշնամանք, որ իրենք Թուրքիայի դեմ հայտարարություններ չեն արել և միայն պատասխանել են Եգիպտոսի վերաբերյալ թուրք պաշտոնյաների արած հայտարարություններին:

Թուրքիայի խորհրդարանը, ապա Էրդողանը վավերացրին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մասին պայմանագիրը, որը երկու երկրները ստորագրել էին հունիսի 28-ին։ Դրանով Իսրայելը 25 օրում պետք է $20 մլն փոխհատուցում վճարի «Մավի Մարմարայի» միջադեպի համար: Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց իսրայելական ավիացիայի հարվածները Գազայի հատվածին՝ դա որակելով որպես ուժի անհամաչափ կիրառում և ընդգծելով, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը չի նշանակում, թե Անկարան անտեսելու է Գազայի հատվածի վրա հարձակումները։ Ի պատասխան՝ Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրենք միայն պատասխանել են Գազայի հատվածից կատարված հրթիռային հարձակմանը. «Մենք կարգավորել ենք Թուրքիայի հետ մեր հարաբերությունները, սակայն դա չի նշանակում, թե լուռ ենք մնալու անհիմն մեղադրանքների դեպքում»: Օգոստոսին Իսրայելն աջակցություն հայտնեց «Եփրատի վահան» գործողությանը՝ հայտարարելով, որ Թուրքիան պետք է խոչընդոտի իր սահմանների վրա ԻՊ վերահսկողություն հաստատելուն, որը կարող է սպառնալ նաև Իսրայելի սահմաններին։ Օգոստոսին հաղորդվեց, որ Էրդողանը սեպտեմբերին պաշտոնական այցով մեկնելու է Իսրայել:

Թուրքիա – Վրաստան, Ադրբեջան
Օգոստոսին Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույցներ ունեցավ Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովի և Միխայիլ Ջանելիձեի հետ, քննարկեց երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգի այժմեական հարցերը: Էրդողանն Անկարայում ընդունեց SOCAR նախագահ Ռովնագ Աբդուլաևին և ընդգծեց, որ Թուրքիայում SOCAR նախագծերը մեծ ներդրում ունեն երկու երկրների տնտեսական զարգացման մեջ:

Էրդողանը հայտարարեց, որ գոյություն ունի Ռուսաստան-Ադրբեջան-Իրան եռակողմ մեխանիզմ, և իրենք առաջարկել են ստեղծել նաև Թուրքիա-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմ. «Մենք դա քննարկեցինք և պայմանավորվեցինք Պուտինի հետ: Մեջտեղում կա Ղարաբաղյան հիմնախնդիր: Մոտավորապես 23-24 տարի անցավ, բայց այս խնդիրը չլուծվեց, կամ չցանկացան լուծել, այս գործը շատ ձգձգվեց: Եթե տեղի ունենա 5 շրջանի վերադարձ, ապա կգրանցվի լուրջ տեղաշարժ»: Չավուշօղլուն նույնպես հայտարարեց, որ ԼՂ հարցը կարող է քննարկվել Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ մեխանիզմի շրջանակներում։

Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը միջնորդություն ուղարկեց Թուրքիայի Գլխավոր դատախազությանը՝ այդ երկրի տարածքում գյուլենականների հարցով քննչական գործողություններ իրականացնելու համար, որոնց նպատակն Ադրբեջանում գյուլենականներ բացահայտելն է: Անկարայում Գյուլենի շարժման դեմ պայքարը քննարկեցին Թուրքիայի և Ադրբեջանի ներքին գործերի նախարարներ Էֆքան Ալան և Ռամիլ Ուսուբովը։ Օգոստոսին մեկնաբանելով Գյուլենի շարժման դեմ պայքարը՝ Էրդողանը մեկ ընտանիքի անդամներ անվանեց Թուրքիան ու Ադրբեջանը:

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ