Թուրքիայի ռազմական ոլորտի բարեփոխումների շուրջ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Հուլիսի 15-ին իրականացվեց Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) պատմության մեջ ամենաարյունալի ռազմական հեղաշրջման փորձը (ՌՀՓ), որին մասնակցեց 8651 զինվորական, ինչը կազմում է բանակի թվակազմի 1.5%-ը, ինչպես նաև 3 նավ, 74 տանկ, 246 զրահատրանսպորտ, 3992 միավոր հրաձգային զենք, 35 ինքնաթիռ, 37 ուղղաթիռ1: Դրանից հետո, ինչպես և ակնկալվում էր, մասշտաբային փոփոխություններ սկսվեցին ուժային կառույցներում, ինչն ուղղված է հետագա ՌՀՓ-երը բացառելուն, զինվորական ղեկավարության դերի նվազեցմանը, ուժային կառույցներում քաղաքացիական իշխանությունների դերի բարձրացմանը և ընդհանրապես վճռորոշ դերակատարության հաստատմանը:

Բարձրագույն ռազմական խորհուրդ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2016թ. հուլիսի 27-ին Անկարայում անսպասելի հանդիպում ունեցավ Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Հուլուսի Աքարի հետ: 5.5 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարվեց, որ ԹԶՈւ-ին սպասվում է վերջին տարիների ամենամեծ մաքրումը. հանդիպման արդյունքներով որոշվեց ԹԶՈւ-ից հեռացնել 149 գեներալի ու ծովակալի, 1099 սպայի ու 436 ենթասպայի (ընդհանուր 1684 մարդ): Դրանով իսկ ԹԶՈւ-ում գործող գեներալների ու ծովակալների թիվը 358-ից պետք է նվազեցվեր մինչև 209-ի: Որոշվեց հեռացնել ցամաքային զորքերի (ՑԶ) 198 գործող գեներալից 87-ին (նաև 726 սպայի և 256 ենթասպայի), ռազմաօդային ուժերի (ՌՕՈւ) գործող 72 գեներալից 30-ին (նաև 314 սպայի և 117 ենթասպայի), ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) գործող 55 ծովակալից 32-ին (նաև 59 սպայի և 63 ենթասպայի):

Արդեն հաջորդ օրը՝ հուլիսի 28-ին, մեկնարկեց Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) տարեկան նիստը, որը ՌՀՓ-ի պատճառով անցկացվեց ծրագրված ժամկետից (օգոստոսի 1-4) մի փոքր շուտ: Սկզբնական շրջանում ծրագրված էր, որ YAŞ-ի նիստը կտևի 3 օր, սակայն ՌՀՓ-ից հետո որոշվեց այն ավարտել 1 օրում։ Ուշագրավ էր, որ YAŞ-ի նիստը, որը թուրքական մամուլի կողմից որակվեց որպես ամենակրիտիկական, 1-ին անգամ անցկացվեց ոչ թե ԳՇ շենքում, այլ «Չանքայա» վարչապետական նստավայրում։ 5.5 ժամ տևած նիստը նախագահել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, դրան 1-ին անգամ մասնակցեց պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը:YAŞ-ի նիստի արդյունքներով հաստատվեց նախօրեին ընդունված որոշումները. ԹԶՈւ-ից հեռացնել 149 գեներալի ու ծովակալի, 1099 սպայի, 436 ենթասպայի։ Բացի այդ, պաշտոնաթող եղավ 47 գեներալ, 99 գնդապետ էլ ստացավ գեներալի կոչում։ Այդպիսով գեներալների թիվը նվազեց 64-ով՝ մինչև 261-ի2։ Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ YAŞ-ի նիստի որոշումներով իրենց պաշտոնները պահպանել են ԳՇ պետ Հուլուսի Աքարը, ՑԶ հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ՌՕՈւ հրամանատար Աբիդին Ունալը, ՌԾՈւ հրամանատար Բյուլենթ Բոսթանօղլուն։ Ժանդարմերիայի հրամանատար Գալիփ Մենդին չի պահպանել իր պաշտոնը, նրան փոխարինել է ԳՇ պետի տեղակալ Յաշար Գյուլերը, իսկ ԳՇ պետի տեղակալ է դարձել 1-ին բանակի հրամանատար Ումիթ Դյունդարը։

Օգոստոսի 1-ին պաշտոնաթերթում հրապարակվեց Թուրքիայի ՊՆ-ի կողմից 167 գեներալ/ծովակալի նշանակման մասին որոշումը (նրանց զգալի մասը 1-ին անգամ դարձավ գեներալ/ծովակալ), որից 94-ն առնչվում էր ՑԶ-ին, 44-ը՝ ՌՕՈւ-ին, 22-ը՝ ՌԾՈւ-ին, 7-ը՝ Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիային (GATA):

Բացի այդ, մեծացվեց YAŞ-ի քաղաքացիական անդամների թիվը: Եթե նախկինում նրանք միայն 2-ն էին՝ վարչապետն ու ՊՆ նախարարը, ապա նոր օրենքով YAŞ-ի անդամներ դարձան նաև փոխվարչապետները, արդարադատության, արտաքին ու ներքին գործերի նախարարները: Զորատեսակների հրամանատարները պահպանեցին իրենց տեղը, սակայն YAŞ-ից դուրս մնացին զորատեսակների հրամանատարությունների հետ կապված բանակի գեներալ/ծովակալները, Ժանդարմերիայի հրամանատարը: YAŞ-ի քարտուղարի պաշտոնը խլվեց ԳՇ պետի տեղակալից և տրվեց ՊՆ-ին: Այդպիսով, YAŞ-ի քաղաքացիական անդամների թիվը 2-ից հասցվեց 10-ի, իսկ զինվորական անդամների թիվը 12-ից նվազեցվեց 4-ի: Նախկինում YAŞ-ի նիստին զինվորականներից մասնակցում էր 12 մարդ. ԳՇ պետը, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ հրամանատարները, Ժանդարմերիայի հրամանատարը, բոլոր 4 բանակների հրամանատարները, Կրթական ու դոկտրինի հարցերով հրամանատարության (EDOK) ղեկավարը, ՑԶ շտաբի պետը, (ՌԾՈւ 4 հրամանատարություններից) Նավատորմի հրամանատարության ղեկավարը3:

Օգոստոսի 23-ին Բինալի Յըլդըրըմի նախագահությամբ «Չանքայա» նստավայրում անցկացվեց YAŞ-ի նոր նիստ, որը տևեց 1 ժամ 20 րոպե: Դա YAŞ-ի 2-րդ նիստն էր ՌՀՓ-ից հետո և 1-ին դեպքն է, երբ 1 տարում անցկացվում է YAŞ-ի միանգամից 2 նիստ: Հատկանշական է, որ ԹՀ պատմության մեջ 1-ին անգամ YAŞ-ի անդամների մեջ գերակշռել են քաղաքացիական անձինք, ինչի համար էլ այն որակվեց որպես YAŞ-ի 1-ին «քաղաքացիական նիստ». նիստին մասնակցել է 4 զինվորական (ԳՇ պետ, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ հրամանատարներ) և 10 քաղաքացիական անձ (վարչապետ, 5 փոխվարչապետ, 4 նախարար (պաշտպանության, արտաքին գործերի, ներքին գործերի, արդարադատության): Փաստորեն, փոխվարչապետներն ու արտաքին գործերի, ներքին գործերի, արդարադատության նախարարներն առաջին անգամ մասնակցեցին YAŞ-ի նիստին։ Պաշտոնաթող արվեց 586 գնդապետ, որոնցից 470-ը ներկայացնում էր ՑԶ-ը, 71-ը՝ ՌԾՈւ-ն, 45-ը՝ ՌՕՈւ-ն: 2 տարով երկարաձգվեց 434 գնդապետի ծառայության ժամկետը, որոնցից 372-ը բաժին է ընկնում ՑԶ-ին, 27-ը՝ ՌԾՈւ-ին, 35-ը՝ ՌՕՈւ-ին: Սպաների ծառայության ժամկետն օգոստոսի 30-ից նվազեցվեց մինչև 28 տարվա4։

Այսպիսով, YAŞ-ը սկսել է հիշեցնել Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ), որը ԹՀ զինվորական-քաղաքացիական համագործակցության ամենաբարձր հարթակն է: ԱԱԽ անդամներն են երկրի նախագահը, վարչապետը, ԳՇ պետը, փոխվարչապետները, արդարադատության, պաշտպանության, ներքին ու արտաքին գործերի նախարարները, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈՒ, Ժանդարմերիայի հրամանատարները: Փաստորեն, YAŞ-ի մեջ ԱԱԽ անդամներից չեն մտնում միայն երկրի նախագահն ու ՆԳՆ-ին ամբողջովին կցված Ժանդարմերիայի հրամանատարը:

ԳՇ և զորատեսակների հրամանատարություն. 2016թ. հուլիսի 31-ին Թուրքիայի ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ հրամանատարությունները ԳՇ-ից անցան ՊՆ ուղիղ ենթակայության տակ: Ընդ որում՝ դա վերաբերում է թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակներին: Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի կառավարությունը5: Հարկ է նշել, որ սա հակասում է մինչև 2033թ. ԹԶՈւ-ում համապարփակ բարեփոխումներ իրականացնելու պլանին, որի համաձայն՝ խաղաղ և պատերազմական ժամանակներում ԹԶՈւ ղեկավարումը զորատեսակների հրամանատարությունների օգնությամբ պետք է իրականացնի ԳՇ-ն:

Հուլիսի վերջին Էրդողանը խորհրդարանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԳՇ պետն ու Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավարը ենթարկեցվելու են նախագահին. «Սահմանադրության համաձայն՝ ԹԶՈւ գլխավոր հրամանատարը ես եմ, սակայն ԳՇ-ն ու MIT-ը ենթարկվում են վարչապետին: Պետք է շտկել դա»6: Ապա Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ԳՇ պետն այսուհետ ընտրվելու է գեներալների ու ծովակալների թվից և ոչ թե նախկինի նման՝ միայն զորատեսակների հրամանատարներից7։ Օգոստոսի 17-ին պաշտոնաթերթում հրապարակված որոշմամբ ԳՇ պետ կարող է դառնալ գործող բանակի գեներալ/ծովակալներից մեկը, որի թեկնածությունն առաջադրելու է կառավարությունը և հաստատելու է երկրի նախագահը: Այդպիսով, Էրդողանը ստանում է ԳՇ պետ նշանակելու իրավունք: Թուրքական մամուլն ընդգծեց, որ եթե նախկինում ԳՇ պետը համարվում էր թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական ժամանակ ԹԶՈւ հրամանատարը, ապա այսուհետ չի լինելու այդպես8:

Օգոստոսի սկզբին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ ԳՇ-ն պետք է դուրս բերվի մայրաքաղաք Անկարայից: Դեռ հայտնի չէ, թե որտեղ կտեղափոխվի ԳՇ-ն: Ներկայումս ԳՇ ու ՊՆ շենքերը գտնվում են Անկարայի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի առջև, և մայրաքաղաքից ԳՇ-ի հեռանալուց հետո 2 շենքն էլ կօգտագործվի ՊՆ-ի կողմից: Օգոստոսի 12-ին Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ տարվում են նախապատրաստական աշխատանքներ՝ խոշոր քաղաքներից զորամասերը դուրս բերելու համար՝ ընդգծելով, որ զորամասերի տարածքներում կստեղծվեն պետական կառույցներ, կամ էլ դրանք կտրվեն ժողովրդի տնօրինությանը: Նրա խոսքով՝ Ստամբուլից ու Անկարայից զորամասերի դուրսբերման գործընթացն իրականացվելու է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 15-ին9: Բնականաբար, այս ամենն արվում է հետագա ՌՀՓ-երի ժամանակ զինվորականների կողմից Ստամբուլի ու Անկարայի կարևոր շենքերը գրավելու հավանականությունը նվազեցնելու կամ իսպառ բացառելու համար:

Հուլիսի վերջերին պաշտոնաթերթում հրապարակված կառավարության որոշմամբ Ժանդարմերիայի հրամանատարությունն ու Առափնյա անվտանգության հրամանատարություններն ամբողջովին ենթարկեցվեցին ՆԳՆ-ին: Հիշեցնենք, որ մինչ այդ Ժանդարմերիան ու Առափնյա անվտանգությունը խաղաղ ժամանակ ենթարկվում էին ՆԳՆ-ին, իսկ պատերազմական ժամանակ՝ ԳՇ-ին10: Դրանից օրեր անց Թուրքիայում ստեղծվեց Ժանդարմերիայի ու Առափնյա անվտանգության ակադեմիա11:

MIT. ՌՀՓ-ից հետո Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ MIT-ում կիրականացվեն մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն նրա կատարելագործմանը: Յըլդըրըմի խոսքերով՝ MIT ղեկավար Հաքան Ֆիդանը չի կարողացել բացատրել, թե ինչու MIT-ը տեղեկություններ չի ունեցել երկրում պատրաստվող ՌՀՓ-ի վերաբերյալ, որի մասին պետք է նախապես իրազեկվեին երկրի նախագահն ու վարչապետը, ինչը, սակայն, տեղի չի ունեցել12: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էրդողանը ՌՀՓ-ի օրը չի կարողացել կապ հաստատել Հաքան Ֆիդանի հետ, ինչը հարուցել է նրա խիստ դժգոհությունը: Էրդողանի խոսքերով՝ MIT-ը պետական կառույցներին չի զգուշացրել պատրաստվող ՌՀՓ-ի մասին, ինչը վկայում է, որ MIT-ը ֆիասկո է կրել (ավելի վաղ հաղորդվել էր, որ Հաքան Ֆիդանը կարող է նշանակվել Ճապոնիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնում, սակայն հարցը ձգձգվում է այն պատճառով, որ նման «իրազեկ» մարդուն այդքան հեռու բաց թողնելը նպատակահարմար չէ, նախընտրելի է նրան երկրում պահելը):

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշի խոսքերով՝ MIT-ը պետք է բաժանվի 2 մասի՝ արտաքին ու ներքին հետախուզության: MIT-ի արտաքին հետախուզությունը կգտնվի ԹՀ նախագահի, իսկ ներքին հետախուզությունը՝ ոստիկանության ու Ժանդարմերիայի ենթակայության ներքո: Որպես օրինակներ բերվում են ԱՄՆ-ը (CIA և FBI) և Մեծ Բրիտանիան (MI5 և MI6):

Ռազմական դատարաններ, վարժարաններ, հոսպիտալներ. Օգոստոսի սկզբին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ փակվելու են Ռազմական բարձրագույն վարչական դատարանը (Yüksek Askeri İdare Mahkemesi) և Ռազմական գերագույն դատարանը (Askeri Yargıtay), ինչպես նաև բանակային ավիացիոն դպրոցը: Յըլդըրըմի խոսքերով՝ ծրագրված է ռազմական գործարանները, վերանորոգման հիմնարկներն ու նավաշինարանները ԳՇ ենթակայությունից հանձնել ՊՆ-ին13: Չի բացառվում, որ ռազմական դատարանների համակարգն ընդհանրապես վերացվի և բանակում թողնվեն միայն կարգապահական դատարանները, որոնք բացառապես կզբաղվեն գործող զինծառայողների կանոնադրական խախտումների հարցով: Զինվորականների հետ կապված մնացյալ բոլոր հարցերը կդիտարկվեն քաղաքացիական դատարանների կողմից: Մեկ այլ տարբերակի համաձայն՝ ԳՇ-ն իր տրամադրության տակ կպահպանի ռազմական բոլոր դատական ատյանները, սակայն դրանք պետք է իրենց որոշումները համաձայնեցնեն Գերագույն դատարանի հետ:

Հուլիսի վերջին առողջապահության նախարարությանը ենթարկեցվեցին GATA-ն և երկրում գործող բոլոր հոսպիտալները, որոնք նախկինում գտնվում էին ԳՇ ենթակայության ներքո: Խոսքը 26 նահանգում գտնվող 32 հոսպիտալի և մեկ վերականգնողական ու խնամքի կենտրոնի մասին է։ GATA-ի Հայդարփաշայի կրթական հիվանդանոցն անվանափոխվեց սուլթան Աբդուլհամիդի կրթական ու հետազոտական հիվանդանոցի (GATA-ն ստեղծվել է Աբդուլ Համիդ 2-րդի կառավարման ժամանակ՝ 1898թ.)14: Կառավարությունը նաև դադարեցրեց Թուրքիայի ռազմական բոլոր ակադեմիաների ու վարժարանների գործունեությունը, որոնք զբաղված էին կրտսեր սպայակազմի պատրաստմամբ: Այդ հիմնարկները կշարունակեն գործել ստեղծվող Ազգային պաշտպանության համալսարանի (MSÜ) ղեկավարության ներքո։ Այնտեղ կպատրաստվեն կադրային սպաներ, ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ մասնագետներ: MSÜ-ի ղեկավարությունը կիրականացնի ռեկտորատը: MSÜ-ին կից կստեղծվեն ՑԶ, ՌՕՈւ, ՌԾՈւ ակադեմիաներ15:

ՆԳՆ. Օգոստոսի վերջերին հայտնի դարձավ, որ Թուրքիայում կին ոստիկաններն այսուհետ կարող են հիջաբ (գլխաշոր) կրել: Համապատասխան որոշումը հրապարակվեց պաշտոնաթերթում։ Հուլիսի վերջին Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան հայտարարեց, որ ոստիկանությունը կստանա ծանր սպառազինություն՝ հիշեցնելով, որ ոստիկանությունը նախկինում նույնպես ունեցել է ծանր սպառազինություն: Նախարարը հիշեցրեց, որ Թուրքիայում իրականացվել են մի շարք ռազմական հեղաշրջումներ, և համոզմունք հայտնեց, որ ոստիկանության կողմից ծանր սպառազինություն ունենալը կնպաստի այսուհետ նման իրադարձությունների բացառմանը16: Արդեն նշվեց, որ ՆԳՆ-ին ամբողջովին ենթարկեցվել են Ժանդարմերիան և Առափնյա անվտանգությունը: Հուլիսի վերջին Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ հրթիռային համակարգերն այսուհետ կպաշտպանեն Թուրքիայի նախագահական ու վարչապետական նստավայրերը, խորհրդարանի շենքը, որոնք ՌՀՓ-ի ժամանակ ենթարկվել են զինված հարձակումների17: Թուրքական մամուլի պնդմամբ՝ նախագահի նստավայրն այսուհետ պաշտպանելու է թուրքական Aselsan ընկերության մշակած Korkut («Սարսափ») ՀՕՊ համակարգը, և որ ՌՀՓ-ից հետո Էրդողանի բոլոր այցերի ժամանակ նրան ուղեկցում են վերջին տեխնոլոգիաներով սպառազինված հատուկջոկատայինները:

ՌՀՓ-ի հանդեպ հաղթանակի փառաբանում. Հուլիսի վերջերին Թուրքիայում ՌՀՓ-ի ժամանակ զոհված քաղաքացիների ընտանիքները հավասարեցվեցին ծառայողական պարտքի կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Վարչապետական ապարատը գործարկեց ՌՀՓ-ի ժամանակ զոհվածների ընտանիքների ու տուժածների հետ «Ներդաշնակության արշավը», որի շրջանակներում նրանց օգնելու համար բանկերում բացվեցին հաշվեհամարներ: Թուրքիայի զբաղվածության ու սոցիալական անվտանգության նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարեց, որ իշխանությունները փոխհատուցում կվճարեն ՌՀՓ-ի ժամանակ զոհվածների և տուժածների ընտանիքներին: Նախարարի խոսքերով` նրանք կստանան մինչև $79 հազ. միանվագ փոխհատուցում: Բացի այդ, նրանք նաև կստանան ամսական ավելի քան $1000 նպաստ, իսկ ընտանիքի 2 անդամներ կապահովվեն աշխատանքով18:

Հուլիսի վերջերին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ հուլիսի 15-ը Թուրքիայում նշելու են որպես «Ժողովրդավարության համար զոհվածների օր»։ Նա նաև հայտարարեց, որ փակվելու է Անկարայի մոտ գտնվող «Աքընջը» ավիաբազան և նրա տեղում կառուցվելու է այգի. «Ցանկանում եմ հայտնել, որ փակվելու է «Աքընջըի» ավիաբազան, ուր իրենց բջիջներն են ձևավորել դավաճանները: Այդ տարածքը դառնալու է վայր, ուր կհարգեն զոհվածների հիշատակը»19: Օգոստոսի կեսերին Ֆիքրի Ըշըքը հայտարարեց, որ «Աքընջըի» տեղում, որը ՌՀՓ-ի օրը ծառայել է որպես խռովարարների հիմնական բազա, կստեղծվի Ժողովրդավարության այգի20: Հարկ է նշել, որ «Աքընջը» ավիաբազան ժամանակին ստեղծվել է Անկարայի օդային պաշտպանության նպատակով։ Ի դեպ, ավիաբազան սեպտեմբերի սկզբին ստացավ «Մյուրթեդ» (հավատուրաց) անվանումը, որն օգտագործվել է մինչև 1995թ., ինչից հետո ստացել է «Աքընջը» անվանումը21: «Աքընջը» ավիաբազան գտնվում է Անկարայի նահանգի Քազանչ շրջանի Մյուրթեդի հովտում, որի անվանումը ծագել է 1402թ. Անկարայի ճակատամարտում Լենկ Թեմուրից օսմանյան սուլթան Բայազիդ 1-ի կրած պարտությունից, որի համար թուրքական կողմը մեղադրում է ճակատամարտի ժամանակ օսմանյան սուլթանին դավաճանած և Լենկ Թեմուրի կողմն անցած սև թաթարներին:

Հուլիսի վերջերին Բինալի Յըլդըրըմը հայտարարեց, որ Ստամբուլում Բոսֆորի նեղուցով անցնող «Բողազիչի» կամուրջը, որը եղել է խռովարարների 1-ին թիրախը, վերանվանվելու է նահատակների պատվին՝ «Հուլիսի 15-ի նահատակների կամուրջ»22։ Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը հայտարարեց, որ Անկարայի կենտրոնում գտնվող «Քըզըլայ» հրապարակը վերանվանվելու է «Հուլիսի 15-ի Քըզըլայի ժողովրդավարության հրապարակի». «Անվանափոխվելու է նաև ԳՇ շենքի առջևի հրապարակը, որը ստանալու է «Հուլիսի 15-ի նահատակների հրապարակ» անվանումը: ՌՀՓ-ի ժամանակ ուղղաթիռներից կրակել են այդ հրապարակի ուղղությամբ, ուր զոհվել են բազմաթիվ քաղաքացիներ: «Հուլիսի 15-ի նահատակների հրապարակում» տեղակայվելու է հեղաշրջման զոհերի հիշատակին նվիրված հուշարձան»23: Թուրքական Pana Film կինոընկերությունը «Գայլերի հովիտը» սերիալի շրջանակներում ֆիլմ կնկարահանի ՌՀՓ-ի մասին, որը ստանալու է «Գայլերի հովիտը – հեղաշրջում» անվանումը24:

Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ «Թուրքական ավիաուղիներ» (THY) ավիաընկերությունը 8 օդանավի վրա «հավերժացնելու» է ՌՀՓ-ի ժամանակ ժողովրդավարությունը պաշտպանելիս զոհվածների հիշատակը: Այդ 8 օդանավերն անվանվելու են Ստամբուլի 5 և Անկարայի 3 շրջանների ու արվարձանների անուններով, ուր ՌՀՓ-ի ժամանակ կատաղի դիմակայություն է գրանցվել խռովարարների ու բնակիչների միջև25: THY-ն նաև պատրաստակամություն հայտնեց օգնել ԹԶՈւ-ին՝ լրացնելու համար մարտական օդաչուների պակասը, ինչն առաջացել է ՌՀՓ-ից հետո ԹԶՈւ-ից հարյուրավոր օդաչուների հեռացման պատճառով (ՌՀՓ-ից հետո F-16, F-4 տիպի ինքնաթիռները շահագործելու համար 1 ինքնաթիռին բաժին է ընկնում 1 օդաչու): Փորձագետների համաձայն՝ ԹԶՈւ տրամադրության տակ կա տարբեր տիպի 450 ինքնաթիռ, որոնցից 300-ը F-16 և F-4 են, որոնց շահագործման համար պահանջվում է առնվազն 675 օդաչու:THY-ի շարքերում կա 800 օդաչու, որոնք սերում են ԹԶՈւ-ից (նրանից հեռացած մարտական օդաչուներ, որոնցից 500-ը ԹԶՈւ-ից THY է տեղափոխել վերջին 5 տարում) և կարող են աշխատել թե՛ բանակում, թե՛ քաղաքացիական սեկտորում26:

Օգոստոսի 30-ին Մերսինում տեղադրվեց ավագ սերժանտ Օմեր Հալիսդեմիրի 4.6 մետր բարձրությամբ արձանը։ Նա ՌՀՓ-ի ժամանակ դիմահար կրակոցով սպանել էր հեղաշրջման համակիր, հատուկ նշանակության զորքերի գեներալներից Սեմիհ Թերզիին, ապա զոհվել27։ Ուշագրավ է, որ Հալիսդեմիրի արձանը տեղադրվեց 1915-1916թթ. Չանաքքալեի (Դարդանել) ճակատամարտի հերոսներից Սեյիթ Ալի Չաբուքի (Օնբաշը) արձանի կողքին, որը մարտերի ժամանակ քանիցս շալակած տեղափոխել է 215 կգ կշռող ռումբերը (ճակատամարտի ավարտից 1 օր անց, երբ ցանկացել են նրա հետ նկարվել ռումբը շալակած վիճակում, Չաբուքը, չնայած գործադրած ջանքերին, այդպես էլ չի կարողացել բարձրացնել ռումբը, ինչից հետո հայտարարել էր. «Եթե նորից պատերազմ լինի, կրկին կշալակեմ»)։

Ուշագրավ է, որ օգոստոսի 30-ին Թուրքիայում մեծ հաղթանակի 94-ամյակը (1922թ. օգոստոսի 26-30-ին Դումլուփընարի ճակատամարտում քեմալականների կողմից հույների դեմ տարած հաղթանակ) ու ԹԶՈւ-ի տոնը նշելիս տոնակատարություններին ԹՀ պատմության մեջ առաջին անգամ չմասնակցեցին տանկեր, հրետանի, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ՝ կապված ՌՀՓ-ի հետ28:

Հուլիսի 28-ին YAŞ-ի նիստի անդամներն այցելեցին Անըթքաբիր՝ ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, ուր Բինալի Յըլդըրըմը գրառումների տետրում ՌՀՓ-ի ձախողումը որակեց որպես «երկրորդ ազատագրական պատերազմում» (քեմալական շարժման) տարած հաղթանակ29: Օգոստոսի 7-ին Յըլդըրըմը Ստամբուլի Յենիքափը հրապարակում «Ժողովրդավարության ու շեհիթների համար» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2016թ. հուլիսի 15-ը օրացույցի մեջ մտավ որպես «Թուրքիայի երկրորդ Ազատագրական պատերազմի օր». «Չանաքքալեում, Ազատագրական պատերազմի ժամանակ դաստան գրած այս ժողովուրդը նույն ոգով դաստան գրեց նաև հուլիսի 15-ին։ Հուլիսի 15-ը Երկրորդ ազատագրական պատերազմն է»30: Այսպիսով, ակնհայտ փորձ է արվում ՌՀՓ-ի դեմ տարած հաղթանակն ուռճացնելու, այն փառաբանելու, Դարդանելի օպերացիայի ու քեմալական շարժման հաղթանակի հետ մեկ շարքում դասելու համար։ Դրանով փորձ է արվում նաև առնվազն հավասարության նշան դնել Աթաթուրքի ու Էրդողանի միջև՝ որպես «ազատագրական 2 պատերազմների» հաղթողներ։

Օգոստոսի կեսին Նուման Քուրթուլմուշը, մեկնաբանելով ՌՀՓ-ից հետո ԹԶՈւ վերակազմավորման գործընթացը, հայտարարեց, որ ԹԶՈւ-ն այսուհետ կզբաղվի միայն հայրենիքի պաշտպանությամբ, կլինի ազգային միասնության, համերաշխության և երկրի սահմանների պաշտպան, երբեք չի ներգրավվի ներքին քաղաքականության մեջ և ճնշում չի գործադրի ազգային կամքի վրա. «ԹԶՈւ նպատակը պետք է լինի երկրի պաշտպանությունը և ոչ թե ռազմական հեղաշրջումներ ծրագրելը»31։ Ֆիքրի Ըշըքն իր հերթին հայտարարեց, որ իշխանությունները բանակային բարեփոխումներ են իրականացնում՝ բացառելու համար նոր ՌՀՓ-երը. «Բանակի բարեփոխման ժամանակ մենք փոխում ենք այն մեխանիզմը, որի շնորհիվ ԹԶՈւ-ն վերջին 60 տարում կազմակերպել է 6 մեծ և փոքր հեղաշրջում (27.05.1960, 12.03.1971, 12.09.1980, 28.02.1997, 28.04.2007, 15.07.2016)։ Չպետք է թույլ տալ, որ այդչափ զինուժ վերահսկվի մեկ կենտրոնի կողմից, քանի որ մեր երկիրը թանկ է վճարել դրա համար»32։

2016թ. սեպտեմբերի սկզբներին ԹԶՈւ-ն հրապարակեց իր թվակազմի մասին տվյալներ, ինչը նմանատիպ առաջին դեպքն էր ՌՀՓ-ից հետո։ Դրանք վկայեցին, որ ԹԶՈւ թվակազմը զգալիորեն նվազել է՝ կապված ՌՀՓ-ի հետ (ՌՀՓ-ից հետո ԹԶՈւ-ից հեռացվածների թիվը հասնում է մոտ 5000-ի33) և հատկապես նրա հետ, որ Ժանդարմերիան և Առափնյա անվտանգությունը կցվել են ՆԳՆ-ին, ինչի համար էլ նրանց անձնակազմը տեղ չի գտել ԹԶՈւ-ի մասին տվյալներում։ ԹԶՈւ անձնակազմը կազմել է 391.695 մարդ, որից 351.176-ը՝ զինվորականներ, իսկ 40.519-ը՝ քաղաքացիական ծառայողներ։ ԹԶՈւ-ում գործող գեներալ/ծովակալների թիվը կազմել է 206, սպաների քանակը՝ 29.946 մարդ, ենթասպաների թիվը՝ 67.64634։ Հիշեցնենք, որ ԹԶՈւ անձնակազմի մասին տվյալները վերջին անգամ հրապարակվել էին հուլիսի 1-ին։ Դրանց համաձայն՝ գեներալ/ծովակալների թիվը կազմել էր 358, որոնցից 325-ը բաժին էր ընկել ՑԶ-ին, ՌՕՈւ-ին ու ՌԾՈւ-ին, 32-ը՝ Ժանդարմերիային, 1-ը՝ Առափնյա անվտանգությանը։ ԹԶՈւ անձնակազմը կազմել էր 570.111 մարդ, այդ թվում նաև 39.287-ը՝ սպաներ և 96.391-ը՝ ենթասպաներ։ ԹԶՈւ անձնակազմի նման խոշոր նվազումը գլխավորապես բացատրվում է ՆԳՆ-ին Ժանդարմերիայի վերջնական կցմամբ: Նույնը որոշակիորեն կարելի է ասել նաև գեներալների (ու ծովակալների) թվի կտրուկ նվազեցման համար: Այստեղ պետք է մեջբերել Stratfor վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանի այն խոսքերը, որ ֆրեգատ ղեկավարելու համար նավապետ աճեցնելը տևում է 15, սուզանավի հրամանատարի դեպքում՝ 20, իսկ ծովակալի դեպքում՝ 25 տարի:

Ամփոփելով՝ նշենք, որ թեև Թուրքիայում ծրագրել էին համապարփակ բարեփոխումներ իրականացնել մինչև 2033թ. (ԹՀ հիմնադրման 110-ամյակ), որպեսզի 2033թ. ԹՀ-ն ունենա «նոր ԶՈւ»35, սակայն ՌՀՓ-ը զգալիորեն արագացրեց այդ գործընթացը, ընդ որում՝ զգալի շեղումներով: Եթե 2033թ. հետ կապված ռազմական բարեփոխումներում շեշտը դրվում էր ամեն տիպի սպառնալիքներին դիմագրավելու, արագ որոշում կայացնելու ունակ, ճկուն, ամուր և բարձր մարտունակությամբ, մեր օրերում և ապագայում արդիական, պատերազմին պատրաստ, զսպիչ ուժ հանդիսացող ԹԶՈւ ունենալուն, որը նաև պետք է զերծ լինի քաղաքական որևէ կողմնորոշումից, ապա ներկայիս համապարփակ բարեփոխումներն առաջին հերթին միտված են զինվորականների և մասնավորապես ԳՇ դերի, ներուժի, հնարավորությունների թուլացմանը՝ հետագա ՌՀՓ-երը բացառելու համար: ԹԶՈւ թուլացմանը զուգահեռ՝ իրականացվում են Էրդողանի հենարանը համարվող ՆԳՆ-ի կտրուկ ուժեղացում և ընդհանրապես Էրդողանի լիազորությունների ընդլայնում: Սա նշանակում է, որ Էրդողանի համար առաջնային է ներքին և ոչ թե արտաքին վտանգներին, սպառնալիքներին, մարտահրավերներին դիմագրավելը, ինչն էլ ուղեկցվում է ԹԶՈւ-ի և որոշակի իմաստով՝ Թուրքիայի ներկայիս պաշտպանունակության թուլացմամբ: Մյուս կողմից էլ՝ դա կարող է համապատասխանել այն տեսակետին, որ մոտ 20 տարի անց փոխվելու է պատերազմի ռազմավարությունը, և որ այն ցամաքային պատերազմներից վերածվելու է շատ երկրների ներաշխարհը խառնելուն միտված հարձակումների ռազմավարության:

1 TSK darbe girişimi için rakam verdi, En Son Haber, 27.07.2016.

2 General sayısı 64 azaldı, Milliyet, 29.07.2016.

3 Genelkurmay Başkanı artık barışta TSK’nın komutanı değil, T24, 01.08.2016.

4 İşte YAŞ kararları: 586 albay emekli edildi, görev süresi düşürüldü, Cumhuriyet, 23.08.2016.

5 Kuvvet Komutanlıkları MSB’ye bağlandı, CNN TÜRK, 31.07.2016.

6 Erdoğan, MİT ve Genelkurmay Cumhurbaşkanına bağlanacak!, A-Haber, 31.07.2016.

7 Başbakan Yıldırım: ‘Genelkurmay Başkanı generaller arasından seçilecek’, Anadolu ajansı, 01.08.2016.

8 İki yeni KHK daha: Genelkurmay başkanını cumhurbaşkanı atayacak, Insan Haber, 17.08.2016.

9 Askeri birlikler bir ay içinde taşınacak, TRT Haber, 12.08.2016.

10 Jandarma ve Sahil Güvenlik Komutanlığı İçişleri Bakanlığına bağlandı, Sabah, 27.07.2016.

11 Jandarma ve Sahil Güvenlik Akademisi kuruldu, Hürriyet, 31.07.2016.

12 Binali Yıldırım: MİT başkanına sordum cevap veremedi, Yeni Akit, 03.08.2016.

13 Başbakan: Kara Havacılık Okulu’nu, Askeri Yüksek İdare Mahkemesi’ni ve Askeri Yargıtay’ı kapatacağız, T24, 02.08.2016.

14 GATA ile askeri hastaneler Sağlık Bakanlığı’na bağlandı, Milliyet, 31.07.2016.

15 Milli Savunma Bakanlığı bünyesinde Milli Savunma Üniversitesi kuruldu, Anadolu ajansı, 31.07.2016.

16 Efkan Ala: Polisin ağır silahları olacak, Cumhuriyet, 28.07.2016.

17 Cumhurbaşkanlığı Külliyesi’ne füze sistemli koruma, En Son Haber, 26.07.2016.

18 Şehit ailelerine 240 bin lira tazminat ödenecek, Sabah, 05.08.2016.

19 Başbakan Binali Yıldırım: Akıncı Üssü kapatılacak, NTV, 29.07.2016.

20 Fikri Işık: Akıncı Üssü Demokrasi Parkı olacak, En Son Haber, 12.08.2016.

21 Akıncı Üssü’nün adı ”Mürted” olarak değişti, NTV, 06.09.2016.

22 Başbakan Yıldırım: Boğaziçi Köprüsü’nde anlamlı isim değişikliği, Sabah, 25.07.2016.

23 Melih Gökçek açıkladı: Kızılay Meydanı’nın adı değişiyor, soL Haber Portalı, 26.07.2016.

24 Kurtlar Vadisi Darbe filmi çekilecek, En Son Haber,15.08.2016.

25 THY 15 Temmuz mücadelesini 8 uçakla yaşatacak, Milliyet, 15.08.2016.

26THY’den TSK’daki pilot açığı için adım, Sputnik Türkiye, 23.08.2016.

27 Mersin’de Ömer Halisdemir’in anıt heykeli açıldı, Sözcü, 30.08.2016.

28 30 Ağustos Zaferi’nin 94. yılı; ilk kez tanksız-uçaksız tören, T24, 30.08.2016.

29 Başbakan Yıldırım: Türkiye 15 Temmuz gecesi ikinci bir kurtuluş mücadelesinden zaferle çıkmıştır, Hürriyet, 28.07.2016.

30 Başbakan Yıldırım: 15 Temmuz ikinci Kurtuluş Savaşı’dır, TRT Haber, 07.08.2016.

31 Numan Kurtulmuş’tan TSK açıklaması,Vatan, 14.08.2016.

32 Fikri Işık: Kuleli Askeri Lisesi binasının otel olması kimin aklına gelmiş Allah aşkına?, T24, 04.08.2016.

33 820 personel daha TSK’dan ihraç edildi, Yeni Şafak, 01.09.2016.

34 TSK, 15 Temmuz sonrası ilk kez personel sayısını açıkladı, NTV, 09.09.2016.

35 Հայկ Գաբրիելյան, Մինչև 2033թ. Թուրքիայի զինված ուժերում իրականացվելիք համապարփակ բարեփոխումների շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 10.06.2015։

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ