Սահմանադրական բարեփոխումը կոչված է մեծացնելու Էրդողանի լիազորությունները․ Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանի հետ Tert.am-ը զրուցել է Թուրքիայում հնարավոր սահմանադրական փոփոխությունների մասին:

-Թուրքիայում իշխող  «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Հայաթի Յազըջըն հայտարարել է, որ նախատեսվում է սահմանադրական փոփոխությունների նախագիծը խորհրդարանի քննարկմանը ներկայացնել առաջիկա հունվարին: Մեջլիսի կողմից հավանության արժանանալու պարագայում նախագիծը հանրաքվեի կդրվի արդեն ապրիլ ամսին: Դատելով, թե իշխող կուսակցությունն ինչ լծակներ ու հնարավորություններ ունի՝ կարող ենք ասել, որ եթե ցանկանա, ապա սահմանադրական փոփոխությունները իրական կդառնան: Ինչի՞ է ձգտում Էրդողանը՝ երկիրը նախագահական դարձնելով:

– Նախագահ Էրդողանի՝ ներքին քաղաքականության կարևոր կետերից մեկն էլ Թուրքիայում խորհրդարանական կառավարման համակարգից նախագահական համակարգի անցման գործընթացն է: Վերջին տարիներին Էրդողանն ու իր թիմակիցները մշտապես բարձրաձայնում են նախագահականի անցնելու կարևորության և անհրաժեշտության մասին՝ սպասելով հարմար պահի՝ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Էրդողանի համար խոչընդոտ էր այն, որ սահմանադրական բարեփոխումներն անցկացնելու համար Թուրքիայի Ազգային մեծ ժողովում անհրաժեշտ է ստանալ 367 «կողմ» ձայն, սակայն Էրդողանի կողմից դե ֆակտո ղեկավարվող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թուրքական խորհրդարանում 317 աթոռ ունի: Այս ընթացքում Էրդողանը մշտապես փորձում էր համաձայնության հասնել խորհրդարանում ներկայացված մյուս ուժերի հետ:

Եվս մեկ, ավելի իրատեսական տարբերակ է 330 ձայն հավաքելը, ինչը հնարավորություն է տալիս հարցը դնել հանրաքվեի: Այս վերջին տարբերակին էլ ձգտում են էրդողանականները և, վերլուծելով վերջին տեղեկությունները, սրան հասնելու համար Էրդողանը կարողացել է համաձայնության հասնել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության հետ, որն ունի 40 պատգամավորական մանդատ: Ներկա պահին իրատեսական է վերջին սցենարը, երբ ԹԱՄԺ-ում 330-ից ավել ձայն կհաջողվի հավաքել ԱԶԿ-ի և ԱՇԿ-ի միջոցով, թեև գլխավոր ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» կուսակցությունը և խորհրդարանի երրորդ ուժը՝ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը դեմ են արտահայտվում Էրդողանի նախաձեռնությանը: Առաջին բարդ քայլը հաղթահարելուց հետո սպասվում է համապետական հանրաքվեն, որտեղ Էրդողանը հաղթելու հնարավորություններ ունի:
– Արդյոք էական փոփոխություններ կլինե՞ն երկրի ներքին և արտաքին քաղաքականության մեջ կառավարման համակարգը նախագահական մոդելով փոխարինելիս:

– Սահմանադրական փոփոխությունները բարեհաջող անցկացնելու դեպքում նախագահ Էրդողանն ի պաշտոնե ավելի մեծ լիազորություններ կստանա և իշխանության հետագա խորացման հետ մեկտեղ ավելի համարձակ կսկսի գործել արտաքին ճակատում: Իր դե ֆակտո իշխանությունը կվերածի դե յուրե իշխանության:

Միևնույն ժամանակ, քրդական հարցում ևս Էրդողանը կարող է ավելի ազատ իրականացնել սեփական քաղաքականությունը: Սահմանադրական բարեփոխումները կոչված են մեծացնելու նախագահ Էրդողանի լիազորությունները, ինչն էլ, իհարկե, նա օգտագործելու է սեփական քաղաքական գիծն ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականությունում ավելի ակտիվ և վստահ օգտագործելու համար: Ամեն դեպքում, պետք է շեշտել, որ ներկայում էլ Էրդողանն ունի գրեթե կատարյալ վերահսկողություն Թուրքիայի կառավարության, այդ թվում՝ արտաքին քաղաքական գերատեսչության վրա, իսկ նախագահական համակարգի անցումն այս ամենն ավելի շատ իրավական հիմքերի վրա դնելու միտում ունի:

-Սա որքանո՞վ է ընդունելի և ցանկալի Թուրքիայի հասարակության համար:  Ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի ժողովրդի կամքը:

– Թուրքիայում վերջին ընտրությունների արդյունքները, հեղաշրջման փորձի ընթացքում հասարակական տրամադրությունները ցույց են տալիս, որ Էրդողանն ընտրողների շրջանում շարունակում է ժողովրդականություն վայելել: Ամեն դեպքում, եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծը հանրաքվեի դրվի, հաշվի առնելով վերջին զարգացումները Թուրքիայում, Էրդողանն ու իր կողմնակիցները հնարավորություն կունենան փոխել 1980 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում ընդունված և մինչ օրս գործող սահմանադրությունը, թեև հեշտ ճանապարհ չի սպասվում:

– Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ խնդիրներ կլինեն ազգային փոքրամասնությունների՝ մասնավորապես հայերի համար, եթե Թուրքիան դառնա նախագահական երկիր:

– Այս հարցին կարելի է պատասխանել, երբ ներկայացվի սահմանադրական բարեփոխումների ամբողջական մանրամասն ծրագիրը: Ներկայում բարդ է ասել, թե կառավարման համակարգի փոփոխությունն ինչպես կանդրադառնա փոքրամասնությունների թեմային, քանի դեռ հստակ տեղեկություն մեր ձեռքի տակ չունենք:

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ