Թուրքիայի արտաքին քաղաքական իրավիճակը սեպտեմբերին. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Ռուսաստան

Տնտեսական. Սեպտեմբերի 2-ին կայացավ վերջին 9 ամսում Ռուսաստանից Թուրքիա չարտերային առաջին չվերթը. Անթալիա հասցվեց մոտ 300 զբոսաշրջիկ։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև չարտերային ավիահաղորդակցությունը փակվել էր «Սու-24»-ի միջադեպից հետո։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ չարտերային հաղորդակցության վերսկսման շնորհիվ մեկ ամսում Թուրքիա է այցելել 60.000 ռուսաստանցի զբոսաշրջիկ, և հույս հայտնեց, որ հետագայում նրանց հոսքը միայն կաճի:

Ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամը $1 մլրդ-ով առաջնահերթ ոլորտներում առաջին համատեղ նախագծերը կարող է ֆինանսավորել 2017թ.: Սեպտեմբերին ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի «ճանապարհային քարտեզը» կարող է պատրաստ լինել հոկտեմբերին, իսկ միջկառավարական համաձայնագիրը՝ դրանից մի քանի ամիս հետո: Նրա խոսքով՝ «ճանապարհային քարտեզը» ներկայումս գտնվում է թուրք գործընկերների մոտ, և դրական պատասխանի դեպքում գազատարի առաջին ճյուղը կկառուցվի մինչև 2019թ. ավարտը:

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան դիտարկում են «Թուրքական հոսք» գազատարը թուրք-հունական սահման հասցնելու հնարավորությունը: Միլերի խոսքերով՝ «Գազպրոմը» Թուրքիայի տարածքային ջրերում «Թուրքական հոսք» գազատարի ծովային հատվածի 2 ճյուղերի կառուցման հետազոտական աշխատանքների թույլտվություն է ստացել: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքն իր հերթին հույս հայտնեց, որ գազատարի շուրջ կարևոր որոշումներ կընդունվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերյան այցի ժամանակ:

Ռուսաստանը և Թուրքիան մոտեցել են ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագրի կնքմանը, նրանք մշակում են տնտեսական համագործակցության վերականգնման «ճանապարհային քարտեզ»՝ նախատեսված 3 տարվա (2016-2019թթ.) համար, ինչը հնարավորություն կտա 1-1.5 տարում վերադառնալ նախկին ցուցանիշներին:

Քաղաքական. Սեպտեմբերի 4-5-ին Չինաստանի Հանչժոու քաղաքում G20-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների երկկողմ հանդիպումը, որի ժամանակ Պուտինն ու Էրդողանը քննարկեցին երկու երկրների միջև փոխգործակցության, ահաբեկչության դեմ պայքարի հարցերը, տարածաշրջանային և միջազգային զարգացումները (Չինաստանում տարբեր երկրների առաջնորդների հետ հանդիպումներն Էրդողանի առաջին միջազգային բանակցություններն էին Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձից (ՌՀՓ) հետո): Սեպտեմբերի վերջին Պուտինն ու Էրդողանը քննարկեցին երկկողմ համագործակցությունն ու սիրիական հարցի կարգավորումը։ Բացի այդ, Էրդողանը շնորհավորեց Պուտինին Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման համար:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ, շնորհավորեց նրան Պետդումայի ընտրություններում «Եդինայա Ռոսիա» կուսակցության հաղթանակի կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց ՌՀՓ-ի ժամանակ Թուրքիային Ռուսաստանի հայտնած համերաշխության համար: Չնայած դրան՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Անկարան չի ճանաչում Ղրիմում ՌԴ Պետդումայի ընտրությունների արդյունքները և շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ռուսաստանը ՌՀՓ-ի ժամանակ պաշտպանել է ոչ թե Էրդողանի դիրքորոշումը, այլ միջազգային իրավունքը:

Պուտինը հայտարարեց, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի (ԹԶՈւ) իրականացրած ռազմական գործողությունն անսպասելի չէր իրենց համար՝ նշելով, որ Ռուսաստանը Սիրիայի հարցով բանակցում է ԱՄՆ-ի և Թուրքիայի հետ, և որ իրենք կարող են պայմանավորվել Սիրիայում իրավիճակը բարելավելու շուրջ: Թուրքիայի նախագահի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ Ռուսաստանը սկզբունքորեն չի առարկում «Եփրատի վահան» գործողությանը, և որ երկու երկրները համագործակցում են Հալեպում տիրող իրավիճակի շուրջ:

Եվ այնուամենայնիվ, ՌԴ ԱԳՆ-ն Թուրքիային կոչ արեց հրաժարվել այնպիսի քայլերից, որոնք կարող են բարդացնել Սիրիայում տիրող իրավիճակը, լուրջ մտահոգություն հայտնեց Սիրիայի տարածքի խորքերը ԹԶՈւ առաջխաղացման կապակցությամբ՝ ուշադրություն հրավիրելով այն բանի վրա, որ դա իրականացվում է առանց սիրիական լեգիտիմ իշխանությունների հետ համաձայնության և առանց ՄԱԿ ԱԽ հավանության: ՌԴ ԱԳՆ-ն ընդգծեց նաև, որ սիրիական ընդդիմության և «Ջաբհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման «սնուցումը» շարունակվում է թուրք-սիրիական սահմանով:

Անկարա ժամանեց Ռուսաստանի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ինչն աննախադեպ էր վերջին 11 տարվա համար: Գերասիմովն իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սիրիայում ԹԶՈւ գործողությունների ոչ լեգիտիմ լինելու մասին և իրազեկեց «Եփրատի վահան» գործողության ձգձգման կամ ընդլայնման դեպքում հնարավոր ռազմաքաղաքական ռիսկերի մասին: Հանդիպման արդյունքներով կողմերը պայմանավորվեցին երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կապուղիներ հաստատելու շուրջ։ Վալերի Գերասիմովը հայտարարեց, որ Ռուսաստանի Սևծովյան նավատորմն ունակ է ոչնչացնել պոտենցիալ հակառակորդի ուժերը դեռ կենտրոնացման նավահանգիստներում՝ ընդգծելով, որ եթե նախկինում ասում էին, թե Թուրքիան Սև ծովի գրեթե լիակատար տերն է, ապա ներկայումս իրավիճակն այլ է: Թուրքական մամուլը Գերասիմովի այս հայտարարությունը որակեց որպես շոկային:

ԱՄՆ

Էրդողանը Չինաստանում G20 գագաթաժողովի շրջանակներում հանդիպեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ և քննարկեց նաև Գյուլենի արտահանձնման հարցը: Օբաման հայտարարեց, որ Վաշինգտոնը չի տեսնում ՌՀՓ-ից հետո անվտանգության ոլորտում Անկարայի հետ հարաբերությունների վատթարացում և մտադիր է օգնել Թուրքիայի իշխանություններին ՌՀՓ կազմակերպիչներին պատասխանատվության ենթարկելու հարցում: Էրդողանը կարևորեց այն, որ ԱՄՆ-ը և Թուրքիան ընդհանուր մոտեցում մշակեն ահաբեկչական կազմակերպությունների շուրջ: Սեպտեմբերին ՄԱԿ ԳԱ 71-րդ նստաշրջանին մասնակցելու համար ԱՄՆ մեկնեց Էրդողանը, որը Նյու Յորքում հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ։ Վերջիննը հաստատեց, որ ԱՄՆ-ը պատրաստ է մշտական հիմունքով Թուրքիային օգնել ՌՀՓ հետաքննման հարցում և Անկարա ուղարկել իր իրավաբաններին:

Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարեց, որ իրենք չեն կարծում, թե ԱՄՆ-ը կապված է ՌՀՓ-ի հետ. «Պատասխանատուն Ֆեթհուլա Գյուլենն է, և մենք ակնկալում ենք, որ Վաշինգտոնը կարտահանձնի կամ էլ կկալանավորի նրան»։ Չավուշօղլուն նույնպես հայտարարեց, որ Թուրքիան ուղարկել է «բոլոր ապացույցները», որոնք հաստատում են ՌՀՓ-ին Գյուլենի մասնակցությունը: Իբրահիմ Քալընը հայտարարեց, որ եթե ԱՄՆ-ը հրաժարվի Թուրքիային արտահանձնել Գյուլենին, ապա դա կունենա երկարաժամկետ ծանր հետևանքներ: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի խոսքերով՝ կան հետախուզական տվյալներ, որ Գյուլենը ծրագրել է տեղափոխվել մեկ այլ երկիր, ինչի համար էլ ԱՄՆ-ը պետք է շուտափույթ կալանավորի նրան:

Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան չի վստահում ԱՄՆ հայտարարություններին, թե Սիրիայի քրդերի ինքնապաշտպանական ուժերը (YPG) ենթարկվել են Անկարայի պահանջին ու անցել են Եփրատի արևելյան ափը: Նա դժգոհեց, որ YPG-ին ԱՄՆ մատակարարած զենքի կեսն անցել է ԻՊ ձեռքը՝ հավելելով, որ իրենք դեպքերի նման զարգացման հնարավորության մասին նախապես զգուշացրել էին Օբամային: ԱՄՆ պետդեպարտամենտն իր քաղաքացիներին զգուշացրեց Թուրքիա այցելությունների վտանգավորության մասին

Եվրամիություն

Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը հայտարարեց, որ եթե չգործի ԵՄ-ի և Թուրքիայի միջև միգրացիոն համաձայնագիրը, ապա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը պետք է եվրոպացիներին պարզաբանում տա փախստականների նոր ալիքի կապակցությամբ, որը կլինի 2-3 անգամ ավելի ուժեղ: Խոսելով ԵՄ-ի կողմից վիզային ռեժիմի վերացման խնդրի մասին՝ Չելիքը հայտարարեց, որ Թուրքիան դժգոհ է ՌՀՓ-ի հանդեպ ԵՄ արձագանքից և չի կարող փոխել իր հակաահաբեկչական օրենսդրությունը, քանի որ պայքարում է 5-6 ահաբեկչական կազմակերպության դեմ: Յունկերը հայտարարեց, որ Թուրքիայի համար վիզային ռեժիմի վերացումն անհնար է առանց նրա հակաահաբեկչական օրենսդրության բարեփոխման: Եվրոպական հանձնաժողովն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիան ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի վերացման համար դեռևս չի կատարել 7 պահանջ:

Օմեր Չելիքը ԵՄ-ին մեղադրեց Թուրքիայի անդամակցության հարցում «երկակի ստանդարտներ կիրառելու» համար. «Թուրքիան ԵՄ-ից ակնկալում է մոտ ժամանակներս 23-րդ և 24-րդ բանակցային գլուխների բացում, որոնք առնչվում են խոսքի ազատությանն ու մարդու հիմնարար իրավունքներին: Այդ գլուխների բացումը կդառնա անկեղծության թեստ»: Էրդողանը Նյու Յորքում հայտարարեց, որ Թուրքիան «բավարարում» է ԵՄ-ին անդամակցելու չափանիշներին և ցանկանում է, որ ԵՄ-ն անկեղծ լինի իր հանդեպ: Չավուշօղլուն իր հերթին հայտարարեց, որ Թուրքիայի քաղաքացիները մտահոգված են ՌՀՓ-ից հետո ԵՄ «երկակի ստանդարտներից» և «ճնշում» են գործադրում կառավարության վրա՝ պահանջելով դադարեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, քանի որ հիասթափված են նրանից, որ ՌՀՓ-ից հետո եվրոպական առաջնորդներից ոչ ոք չայցելեց Թուրքիա և աջակցություն չհայտնեց:

Թուրքիա այցելեց Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, որը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալուց հետո ազատ առևտրի մասին նոր համաձայնագիր է կնքելու Թուրքիայի հետ՝ ընդգծելով, որ Մեծ Բրիտանիան լքում է ԵՄ-ը, բայց ոչ Եվրոպան:

Թուրքիան ծրագրում է նոր դեսպան ուղարկել Բեռլին: Թուրքիայի դեսպանն այստեղից հետ էր կանչվել հունիսին, երբ Բունդեսթագը ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև: Չավուշօղլուն հայտարարեց, որ Բունդեսթագի պատգամավորները կարող են «Ինջիրլիք» այցելել հոկտեմբերի սկզբին. «Գերմանիան հանդես է եկել շատ կարևոր հայտարարությամբ, որը պետք է օրինակ և դաս դառնա բոլորի համար։ Գերմանիան կատարել է Թուրքիայի պահանջը՝ հայտարարելով, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումն իրավական առումով պարտավորեցնող չէ, չունի իրավական որևէ ուժ»: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Գերմանիան մտադիր է 58 մլն եվրո ներդնել «Ինջիրլիքի» ավիաբազայի զարգացման համար:

Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ Թուրքիայի գործողությունները հասկանալի են, սակայն Թուրքիան չպետք է սպառնա Սիրիայի ինքնիշխանությանը, չպետք է միջամտի նրա ներքին գործերին՝ առանց այդ երկրի կենտրոնական կառավարության թույլտվության: Նյու Յորքում տեղի ունեցավ Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումը, որի ժամանակ կողմերն ընդգծեցին, որ Թեհրանն ու Անկարան կարող են առաջատար դեր խաղալ տարածաշրջանում և հատկապես Սիրիայում ու Իրաքում ահաբեկչության դեմ պայքարում: Նյու Յորքից Իրան վերադարձի ժամանակ ոչ պաշտոնական այցով Թուրքիա ժամանեց Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, որը հանդիպեց Չավուշօղլուի հետ: Հանդիպման ժամանակ Զարիֆն ու Չավուշօղլուն քննարկեցին երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային վերջին զարգացումները: Զարիֆին ընդունեց նաև Բինալի Յըլդըրըմը:

Իրանի ճանապարհների և քաղաքային զարգացման նախարար Աբաս Ախունդին հայտարարեց, որ իրենք փորձում են երկրի հյուսիսում գտնվող Ռեշտ քաղաքը երկաթուղային ճանապարհով կապել Թուրքիայի հետ: Նրա խոսքով՝ Իրանը նաև ձգտում է ընդլայնել երկաթուղային ցանցը Կասրե Շիրինից դեպի Իրաք, ապա Սիրիա և Միջերկրական ծով: Դրանից առաջ Տրապիզոնի առևտրի և արդյունաբերական պալատի ղեկավար Սուաթ Հաջըսալիհօղլուն կոչ էր արել անհապաղ կառուցել Տրապիզոն-Իրան երկաթգիծը։ Նրա խոսքերով՝ Իրանը Տրապիզոնի միջոցով կարող է դուրս գալ դեպի աշխարհ, այդ թվում նաև դեպի Ռուսաստան։ Հաջըսալիհօղլուն նկատել էր, որ Իրանից Ռուսաստան արտահանումը կարող է իրականացվել Տրապիզոնով, ինչը կաշխուժացնի առևտուրը Թուրքիայի արևելքում և կնպաստի Տրապիզոնի նավահանգստի զարգացմանը։

Իսրայել

Սեպտեմբերի վերջին Բերաթ Ալբայրաքը հայտարարեց, որ Իսրայելը «Մավի Մարմարայի» միջադեպի համար $20 մլն է փոխանցել Թուրքիայի արդարադատության նախարարության հաշվեհամարին: Այդ ժամանակ հաղորդվեց, որ Թուրքիան և Իսրայելը 10 օրվա ընթացքում փոխադարձ դեսպաններ կնշանակեն:

Վրաստան, Ադրբեջան

Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կապված Ղուրբան-բայրամի տոնի հետ և քննարկեց երկկողմ հարաբերությունների զարգացման հարցը: Սեպտեմբերին հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպան Էրքան Օզորալը Բաքու կժամանի հոկտեմբերին՝ փոխարինելու համար գործող դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունին, որն առաջարկեց մի շարք երկրներում ստեղծել թուրք-ադրբեջանական համատեղ դեսպանատներ:

Թուրքիան, Թուրքմենստանն ու Ադրբեջանը ստորագրեցին Աշգաբադի համաձայնագիրը, որը նախատեսում է Պեկինի և Լոնդոնի միջև տրանսպորտային միջանցքի ստեղծում: Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանի խոսքով՝ կան բոլոր հնարավորությունները՝ ստեղծելու Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքները: Էրդողանը Չինաստանում հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին նոր Մետաքսե ճանապարհի անքակտելի մասն է, որն իրագործման դեպքում Արևմուտքը կկապի Արևելքի հետ:

Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը Բերաթ Ալբայրաքի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ SOCAR-ը շարունակելու է ներդրումներ անել Թուրքիայի երկարաժամկետ նախագծերում: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին Անդրանատոլիական գազատարի (TANAP), Star նավթավերամշակման գործարանի կառուցման հարցերը, Petkim նավթաքիմիական հոլդինգի գործունեության հետ կապված հարցերը: Աբդուլաևի խոսքով՝ Star նավթավերամշակման գործարանի կառուցումն ավարտվել է 73%-ով, իսկ TANAP-ի կառուցումն ընթանում է ողջ թափով:

Ադրբեջան այցելեց Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը՝ մասնակցելու սեպտեմբերի 27-30-ին Բաքվում անցկացվող ADEX-2016 պաշտպանական արդյունաբերության երկրորդ ցուցահանդեսին: Այդ ժամանակ հաղորդվեց, որ Թուրքիան ավարտին է հասցրել Ադրբեջանին ROKETSAN ընկերության արտադրության Т-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարումները: Բացի այդ՝ Ադրբեջանի զինված ուժերի համար անցկացվել են հատուկ դասընթացներ՝ սպասարկելու համար հրթիռային այդ համակարգերը: Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զաքի Չոլաքը հանդիպեց Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հետ և քննարկեց պաշտպանական ոլորտում երկկողմ հարաբերությունների խորացման հնարավորությունը, ինչպես նաև ռազմական ուսուցման ոլորտում ակտիվ համագործակցության հարցը։

 

Մեկնաբանություններ