Նոր Թուրքիայում փոխվում է ամեն ինչ. Վարուժան Գեղամյան

վարուժան Գեղամյան

Վերջին շրջանում Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների` ընդդիմադիր լրագրողների և պատգամավորների ձերբակալությունների, Իրաքի հետ լարվածության աճի և հարևան երկրում սպասվող հնարավոր զարգացումների մասին «Անկախը» զրուցել է թուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ:

– Պարո՛ն Գեղամյան, Թուրքիայում օրերս ձերբակալվել են ընդդիմադիր պատգամավորներ և լրագրողներ, ըստ տեղեկությունների` որոշ տեղերում սոցցանցերն ու կապի միջոցներն արգելափակված են: Ինչպե՞ս կարելի է հասկանալ Թուրքիայի իրադարձությունները: Ի՞նչ և ինչու է տեղի ունենում Թուրքիայում:

– Եթե մեկ բառով ասենք, ապա տեսում ենք դասական քաղաքական ուժի կենտրոնացում մեկ անձի ձեռքում: Էրդողանը և իր քաղաքական հենարան «Արդարություն և զարգացում» կուսակցությունն արդեն տևական ժամանակ աստիճանաբար ձգտում էին երկրի ողջ իշխանությունը կենտրոնացնել նրա ձեռքերում: Վերջին գործողություններին նախորդել են մի շարք գործընթացներ, որոնք նպաստել են այսօրվա իրավիճակին. օրինակ` այն փոփոխությունը, երբ նախագահին սկսեց ընտրել ժողովուրդը, ոչ թե խորհրդարանը: Երկրորդ՝ պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթ, որով նախագահն օժտվելու է ավելի մեծ գործառույթներով: Սա արվում ու պատրաստվում էր դեռ այն ժամանակ, երբ Էրդողանը վարչապետ էր, և արվում էր հենց նրա նախագահության համար: Պարզ էր, որ Էրդողանը չի պատրաստվում իր բավականին ամուր դիրքերը զիջել, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Էրդողանի իշխանությունը հենված է հոծ զանգվածների աջակցության վրա: Սա շատ կարևոր հանգամանք է, որը մենք երբեմն մոռանում ենք: Մյուս կողմից՝ քաղաքական դաշտից հեռացվում են այս պահին և հետագայում հնարավոր ազդեցություն ունեցող ուժերը: Նույնիսկ այն ուժերը, որոնք գտնվում են ոչ բևեռային ճակատում Էրդողանի կուսակցության նկատմամբ, նաև նրանք, որոնք հնարավոր է՝ հավակնեն Էրդողանի հետ իշխանություն կիսելու: Սա շատ նման է պատմության մեջ ևս մեկ փուլի. 1925-ից հետո, երբ նոր էր ստեղծվել թուրքական հանրապետությունը, Քեմալ Աթաթուրքը, ըստ էության, նույն բանն էր անում: Այսինքն` ստեղծվեց միակուսակցական համակարգ, որն ուներ ավտորիտար պետություններին բնորոշ տարրեր, օրինակ՝ պետության և կուսակցության մեկտեղումը և անձի պաշտամունքի առաջացումը: Մենք տեսնում ենք նմանատիպ մի փուլի կրկնություն՝ ծածկված մի փոքր այլ շղարշով, բայց հիմքում նույն խնդիրն է:

– Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը մեջլիսում: Սա նշանակում է քաղաքական պայքարի ավա՞րտ Թուրքիայում:

– Ըստ էության, արդեն տեսել ենք, որ թուրք-քրդական լարվածությունն ավելի ուժեղացավ, ձերբակալման հաջորդ իսկ օրն արդեն առաջին պայթյունը եղավ Դիարբեքիրի ոստիկանության բաժանմունքի մոտ: Ես կարծում եմ, որ, այո, մենք տեսնելու ենք մի իրավիճակ, երբ քաղաքական գործունեություն իրականացնելու բոլոր լեգիտիմ գործիքների (օրինակ` պառլամենտում սեփական կուսակցություն ունենալու և սեփական շահերը ներկայացնելու) ամբողջական վերացում է տեղի ունենալու, և առաջանում է վակուում, որն առաջին հերթին լցվելու է բռնությամբ ու զենքի ուժով: Իսկ քրդերին սատարող ուժերը տիրապետում են բռնություն կամ զենք կիրառելու հնարավորություններին: – Այս օրերին քրդաբնակ վայրերից լուրեր են ստացվում լարվածության աճի, բարիկադների կառուցման, կապի միջոցների արգելափակման մասին: Էլ ի՞նչ կարելի է սպասել, ի՞նչ հնարավոր զարգացումներ կարող են տեղ գտնել: – Իշխանությունը չի սահմանափակվելու միայն հատուկենտ գլխավոր ուժերի ձերբակալմամբ ու չեզոքացմամբ: Վստահաբար, ականատես ենք լինելու մեծաթիվ փոփոխությունների: Սրա մասին մենք հաճախ չենք խոսում, բայց պետք է հաշվի առնել, որ այս բոլոր գործողություններին, որոնք մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում միայն շատ խոշոր իրադարձությունների ժամանակ, նախորդում են այնպիսի գործողություններ, որոնք հող են նախապատրաստում դրա համար: Օրինակ` ամռան և սեպտեմբեր ամիսների ընթացքում քրդաբնակ տարածքներում ընտրված և քրդական կամ մերձքրդական ուժերը ներկայացնող ՏԻՄ-երը վերացվեցին, և դրանց փոխարեն ստեղծվեցին կառավարման խորհուրդներ արտակարգ իրավիճակներում, որոնք պետության կողմից են նշանակված և տեղում վերահսկում են ամեն ինչ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ այդ գավառներում էրդողանական ուժերը ժողովրդին զրկում են իրենց իսկ կողմից լեգիտիմ ընտրված իշխանություններից: Նման գործողությունները շարունակվելու են:

– Այս օրերի իրադարձությունները հայկական որոշ աղբյուրներում համեմատվեցին 1915-ի իրադարձությունների հետ: Ձեր կարծիքով` ընդհանրություններ կա՞ն, և եթե կան, ի՞նչ է հաջորդելու:

– Ես ինքս էլ նման մի միտք արտահայտել եմ, որ, այո, կատարվածն աղերսներ ունի 1915-ի ապրիլի 24-ի գործողությունների հետ, որովհետև գլխավոր ուժերի ձերբակալությունը կատարվեց գիշերը: Բայց այդտեղ խորհրդանշական համեմատությունն ավարտվում է: Չեմ կարծում, որ այլ մասով կունենանք պատմության կրկնություն, որովհետև իրավիճակը լրիվ այլ է: Գործ ունենք այլ սոցիալ-քաղաքական պայմանների և այլ ուժի հետ: HDP-ի ընտրողների թիվը վեց միլիոն է, էլ չասենք, թե ինչքան այլ սատարողներ կան: Այսինքն՝ վեց միլիոնին այսօր զրկել են լեգիտիմ, իր իսկ կողմից ընտրված իշխանություններից: Եվ տեղին է, որ փորձագետներն ասում են` սա է իրական հեղաշրջումը:

– Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունները մեզ մոտ նախ և առաջ մեկնաբանվում են հետևյալ տեսանկյունից. որքանո՞վ է դա բխում մեր շահերից: Այս պարագայում որքանո՞վ են համապատասխանում մեր շահերին:

– Հաճախ, երբ խոսք է լինում Թուրքիայի այս կամ այն ներքին իրադարձությունների և հատկապես թուրք-քրդական բախումների մասին, մենք ակամա շատ զգացմունքային կերպով սկսում ենք անհիմն աջակցություն ցուցաբերել քրդերին: Կարծում եմ, որ դա սխալ է, քանի որ այս պարագայում, որպես ՀՀ ներկայացուցիչներ, պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք մեր կողքին եռացող կաթսայի հետ և պետք է հնարավորինս զգույշ լինենք, որ այդ կաթսայի եռացրած ջուրը մեզ վրա չթափվի: Իսկ թափել կարող են երկու կողմերն էլ: Պատմությունը դա ցույց է տվել, ուստի պետք է խուսափենք այդ զգայական դաշտից: Իսկ թե մեր շահերը որն են, կարծում եմ, որ ՀՀ դիրքերից խոսելիս պետք է հաշվի առնել հետևյալը. մենք ուզում ենք՝ մեր կողքին լինի ազատ, զարգացած, դեմոկրատական պետություն, որտեղ պաշտպանված են բոլորի իրավունքները, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների և խոշոր էթնիկ խմբերի: Որովհետև դա բխում է մեր շահերից: Մեր կողքին պետք է լինեն լավ հարևաններ, որպեսզի և՛ մենք կայուն լինենք, և՛ իրենք: Մեր դիրքորոշումը պետք է լինի հստակ և առանց էմոցիոնալ դաշտի, ցանկացած պարագայում պետք է բացառել ուժի կիրառումը, թեև տեսնում ենք, որ ուժն էլ կիրառվելու է այս խնդրի լուծման համար:

– Գիտե՞ք, կարծիք է հնչում , որ մեզ պետք է կայուն Թուրքիա` թեկուզ Էրդողանի միահեծան իշխանությամբ: Իսկապե՞ս այդպես է:

– Միանշանակ ոչ: Ես կարծում եմ, որ Էրդողանը դիկտատորական հատկություններով, ամբողջատիրական պետություն ստեղծելու նկրտումներով մարդ է, և դա արդեն չի կարող կայուն լինել: Միևնույն ժամանակ չպետք է մոռանալ Էրդողանի նկրտումները հարևան պետությունների տարածքների նկատմամբ: Վերջերս Ռիզեի համալսարանի ելույթի ժամանակ նա հայտարարեց բառացի հետևյալը. «Այո, մենք չենք կարող չմտածել Բաթումի, Մոսուլի, Բոսնիայի, Բալկանների, Ղարաբաղի մասին»: Եթե հանենք խոսքի բուն իմաստը՝ դա Թուրքիայի նկրտումներն է այդ տարածքների նկատմամբ, լինի դա փափուկ ուժի, թե կոպիտ ուժի միջոցով: Եթե հարևան երկրի ղեկավարը մնա իր պաշտոնում՝ չեմ կարծում, որ Հայաստանը շահի:

– Օրեր առաջ Իրաքի վարչապետը սպառնացել էր, որ Թուրքիայի ներխուժման դեպքում իրենք համապատասխան հակահարված կտան: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ զարգացումներ են սպասվում այս ուղղությամբ: Հավանակա՞ն է, որ Իրաքը և Թուրքիան ռազմական առճակատման գնան:

– Մոսուլի նկատմամբ Թուրքիան միշտ ունեցել է հավակնություններ: 1920-ականներից սկսած՝ պարբերաբար այդ հարցը քննարկվել է: Թուրքիայի ողջ նորագույն պատմության ընթացքում այս թեման միշտ տաք է պահվել` ժողովրդականից մինչև վերին էշելոններ: Այսօր տեսնում ենք, որ հարմար առիթ է ստեղծվել այդ հավակնություններն ի կատար ածելու համար: Այս ուղղությամբ նաև քայլեր են արված. բազայի հիմնադրումը Իրաքի տարածքում, չվախենալն Իրաքի օրինական իշխանություններից իր նկրտումների մասով: Այդ ամենը ցույց են տալիս, որ Թուրքիան առնվազն փորձում է մոտենալ իր վաղեմի երազանքի իրականացմանը: Այսինքն՝ թուրք-իրաքյան ռազմական առճակատումն այս պահին հնարավոր սցենարներից մեկն է, այլ հարց է, թե այս պարագայում ինչպես կվարվեն խաղում ներգրավված մյուս մասնակիցները, որովհետև Մոսուլը շատ քաղցր կտոր է բոլոր ուժերի համար, և այստեղ հետաքրքրություններ ունեն և՛ Նահանգները, և՛ ԵՄ-ն, և՛ տեղական ուժերը, և՛ Թուրքիան: Ուստի միայն Թուրքիայի ցանկությունը կամ իրաքյան կողմի պատասխանը բավարար չեն իրադարձությունների այս կամ այն զարգացման համար:

– Ձեր գրառումներից մեկում նշել էիք, որ Թուրքիայում աննկատ պետական խորհրդանիշների փոփոխություն է տեղի ունենում: Ապագայում ինչպիսի՞ն է լինելու ներկայիս տրանսֆորմացիայի մեջ գտնվող Թուրքիան:

– Մասնագիտական շրջանակներում հուլիսի 15-ից հետո սկսեցին խոսել նոր Թուրքիայի մասին, որը համընկավ Էրդողանի կուսակցության «Կառուցենք նոր Թուրքիա» ընտրական կարգախոսի հետ: Նոր Թուրքիայում փոխվում է ամեն ինչ` և՛ հիմնաքարային, ինստիտուցիոնալ բաներ, և՛ խորհրդանշական բաներ: Մի քանի օրինակ բերեմ. ամբողջությամբ փոխվեց բանակի դերը: Ժամանակին բանակն ուներ միանգամայն անկախ, սեփական օրակարգը և ռեսուրսներն ունեցող և որևէ պետական կառույցի չենթարկվող կարգավիճակ: Իսկ այսօր բանակը կախյալ է, ինչն էլ ազդում է քաղաքական դաշտի վրա: Ինչո՞ւ, որովհետև բանակը չորս անգամ կարողացել է հաջողությամբ մտնել քաղաքական դաշտ և փոխել ընթացիկ գործընթացները, էլ չեմ ասում, որ մի քանի անգամ էլ անհաջող հեղաշրջումների փորձ է արվել: Թուրք զինվորի կերպարը, որը համարվում էր աշխարհիկ Թուրքիայի գլխավոր խորհրդանիշներից մեկը, այսօր այլևս այդպիսին չէ: Փոխվում է քեմալիզմի` որպես Թուրքիայի հիմնական գաղափարախոսություններից մեկի դերը: Եթե առաջ կար բացարձակ համաձայնություն, որ Քեմալը վեր է ամեն ինչից, այսօր այլևս այդպես չէ: Քաղաքական դիսկուրսում Քեմալին այլ դիրքերից կարելի է մոտենալ: Վերջերս երկու փոքրիկ դեպք տեղի ունեցավ, որոնք նույնպես հաստատում են այս թեզը: Թուրքիայի Ազգային ժողովի պատերից հանվեց Քեմալի երկու նկար վերանորոգելու և վերադարձնելու պատրվակով, բայց չվերադարձվեց: Ժամանակին, եթե նման բան անգամ լիներ, ու թուրքական մամուլը գրեր այդ մասին, մեծագույն սկանդալներից մեկը կլիներ, այսօր դա ոչ մի ազդեցություն չունեցող իրադարձություն է: Եվ մյուս օրինակը բերեմ, որն առնչվում է իսլամին և ժողովրդագրությանը: Փոխվում է Թուրքիայում քաղաքական դաշտի սուբյեկտ հանդիսացող անձը: Եթե նախկինում քաղաքականության մեջ ընդգրկված էին քաղաքներում ապրող աշխարհիկ մարդիկ, 60-ականներից այս կողմ քաղաք են տեղափոխվել գյուղացիների հոծ զանգվածներ, որոնք կրոնամոլ են, որոնց արևմտյան ոճի քեմալական աշխարհականությունն օտար է: Եվ այդ մարդիկ է, որ ընտրում են էրդողանին ու նրա կուսակիցներին: Այդ զանգվածներն են, որ հուլիսի 15-ին դուրս եկան փողոց:

– Այսինքն՝ մենք ապագայում աշխարհիկ Թուրքիա չե՞նք ունենալու, և Քեմալի արձաններին փոխարինելու են գալու Էրդողանի՞ արձանները:

– Չեմ կարող ասել: Այն, որ Էրդողանն ունի իր անձի շուրջ սրբազնային կերպարի կառուցման նկրտումներ, փաստ է: Օրինակ՝ նրա կենդանության օրոք նրա անունով համալսարան կա: Ինչ վերաբերում է աշխարհիկությանը, սա էլ հետաքրքիր դետալ է. մենք գործ ունենք իսլամի նոր` թուրքական տարբերակի հետ: Այն մարդիկ, ովքեր սատարում են Էրդողանին, ոչ միայն հետամնաց զանգվածներ են, այլև իսլամը և դեմոկրատական դիսկուրսը միավորող ուժեր են: Երբ հուլիսի 15-ին խնդիր կար մարդկանց փողոց հանելու, կոչը հետևյալն էր՝ դուրս եկեք փողոց հանուն աստծո և հանուն ժողովրդավարության, այսինքն՝ ժողովրդավարությունը դառնում է իսլամի գործիքներից մեկը կամ հակառակը:

Աղբյուր՝ Ankakh.com

allTurkey.am

Մեկնաբանություններ