Թուրքիայի ղեկավարությունը զինուժը «համալրում է վստահելի տարրերով». Լևոն Հովսեփյան

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդհանուր առմամբ երկրի զինված ուժերից հեռացվել է մոտ 20000 մարդ, միևնույն ժամանակ հեռացված զինծառայողների պակասը լրացնելու համար նախատեսվում է մոտ 30000 նոր անձնակազմ ընդունել զինված ուժեր:  Այս թեմաների շուրջ Ռազմինֆոն զրուցել է թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ:

Հովսեփյանի խոսքով՝ հեղաշրջման փորձից հետո բավական լուրջ վերահսկողություն է սահմանվել կադրերի ընտրության հարցում, և այդ հսկողության գործառույթը դրվել է Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության վրա.

«Բոլորը լավ ուսումնասիրվելու են, և արդեն ավելի վստահելի տարրեր կընտրվեն ու կհամալրեն բանակում սպայական և ենթասպայական կազմը: Սրա նպատակը, հատկապես սպայական կադրերի հարցում, վստահելի տարրերի և հսկողության մեխանիզմներով անցած տարրերի ապահովումն է բանակում»:

Համաձայն Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ նոյեմբերի 16-ի հայտարարության՝ պլանավորվում է նաև 200 պայմանագրային սպա և 500 պայմանագրային ենթասպա ընդունել երկրի ԶՈւ հատուկ նշանակության ուժեր: Համաձայն Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարությունում 2016թ.-ից գործող կարգի՝ ոչ զինվորականների շարքերից ընդուլության համար գործում են հետևյալ հիմնական պայմանները.

Սպայական հաստիքի համար կարող են դիմել.

  • Բարձրագույն կրթությունը դեռևս չավարտածների դեպքում՝ 27 տարին չլրացած, իսկ բարձրագույն կրթություն ստացածների դեպքում՝ 32 տարեկանից ոչ մեծ Թուրքիայի քաղաքացիները,
  • Առնվազն 4 տարի և ավելի շատ տևողություն ունեցող լիցեյներում կամ ֆակուլտետներում սովորող, օրինական պատճառներով դեռևս զինվորական ծառայություն չիրականացրած քաղաքացիները,
  • Զինվորական ծառայությունը ընթացքում կամ զորացրումից հետո առնվազն չորս տարի և ավել շատ տևողություն ունեցող ֆակուլտետների /լիցեյների շրջանավարտները,
  • Քաղծառայողների քննությունին առնվազն 50 միավոր ստացած քաղաքացիները:

Ենթասպայական հաստիքի համար կարող են դիմել.

  • Բարձրագույն կրթությունը դեռևս չավարտածների դեպքում՝ 25 տարին չլրացած, իսկ բարձրագույն կրթություն ստացածների դեպքում՝ 27 տարեկանից ոչ մեծ Թուրքիայի քաղաքացիները,
  • Առնվազն 2 տարի տևողություն ունեցող լիցեյներում կամ ֆակուլտետներում սովորող, օրինական պատճառներով դեռևս զինվորական ծառայություն չիրականացրած քաղաքացիները,
  • Զինվորական ծառայությունը ընթացքում կամ զորացրումից հետո առնվազն 2 տևողություն ունեցող  ֆակուլտետների /լիցեյների շրջանավարտները,
  • Քաղծառայողների քննությունից առնվազն 50 միավոր ստացած քաղաքացիները:

Բացի զինված ուժերում հատուկ նշանակության ուժերի ավելացումից նոյեմբերի 2-ից Թուրքիայի ոստիկանությունը ևս սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթացը։

Անդրադառնալով բանակում և ոստիկանությունում հատուկջոկատայինների թվի ավելացմանը` Հոսեփյանը նշեց, որ ոստիկանության հատուկ նշանակության ուժերն ավելի վստահելի են համարվում, և վերջին տարիներին նախատեսվում էր ոստիկանական ուժերի թվաքանակի ավելացում.

«Մինչև հեղաշրջումը կառավարությունը, մասնավորապես ներքին գործերի նախարարությունը, նախատեսում էր, որ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի թիվը հասցնի 40,000 -ի, բավականին մեծ ավելացում էր իրականացվելու: Վերջին տարիներին Թուրքիայի ներքաղաքական գործընթացների համատեքստում մասնավորապես մեծ կաշառքի գործով [2013 թվական], Գյուլեն –Էրդողան դիմակայության պայմաններում ոստիկանությունն ավելի է գտնվում  պրոէրդողանական վերհսկման տակ»:

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կրկին սատկացել են թուրքական ուժային կառույցների և քրդերի միջև զինված բախումները և քրդերի դեմ պայքարում Թուրքիան օգտագործում է նաև հատուկ նշանակության ուժերին, բացի այդ ավելացնում է ժանդարմերիայում զինծառայողների թիվը:  Այս մասին թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ անվստահություն կա տարբեր ուժային կառույցների միջև.

«Թուրքիայում ընթացող գործընթացները, մասնավորապես քրդական զինյալ պայքարը ցույց տվեց, որ բանակում կան լուրջ բացեր, խնդիրներ, գերատեսչությունների և ստորաբաժանումների միջև փոխադարձ անվստահություն, կորդինացիայի պակաս, սրանով է պայմանավորված այս հարթությունում հատուկ նշանակության ուժերի դերի մեծացումը: Այսինքն սա նաև զուտ ռազմական կոնտեքստ ունի, այսինքն բացի նրանցից, որ հատուկ նշանակության ուժերի մեծացումը քաղաքական խնդիր է լուծում՝ ավելացնելով հավատարիմ, վերհսկման ճանապարհով անցած տարրերին, այլ նաև Թուրքիայի ներքին խնդիրների մասով վերաձևելու, ավելի ուժեղացնելու խնդիր է կատարում»:

Նշենք, որ ռազմական հեղաշրջումից հետո երկրի ԶՈւ ռազմաօդային ուժերից հեռացվել են 32 գեներալ, 566 սպա և 173 ենթասպա: Եթե հաշվի առնենք, որ մյուս հրամանատարությունների հետ համեմատ՝ ռազմաօդային ուժերն ավելի սակավաթիվ են, ապա այս հեռացումները լուրջ պակաս են ստեղծում ՌՕՈւ հրամանատարությունում:

Խոսելով ռազմաօդային ուժերում առաջացած օդաչուների պակասի մասին՝ Հովսեփյանը նշեց, որ անհավասարակշռություն է ստեղծվել ռազմաօդային ուժերում եղած տեխնիկայի և ռազմական օդաչուների միջև, որոնք պահնջվածից 2.5-3 անգամ ավելի պակաս են ներկայումս․

«Հիմա նույնպես կիրառվում է այն մեխանիզմը, երբ փորձում են քաղաքացիական ավիացիայից մրցութային կարգով համալրում անցկացնել, ինչը ըստ իրենց բավականին հաջող է անցնում, բայց դեռ այդ պակասը կա: Սա դեռ ժամանակ կպահանջի մինչև համամասնությունը բերեն նորմալի, որովհետև միջազգային կարգով մի ռազմական ինքնաթիռին  2 օդաչու է հասնում, բայց Թուրքիայում ՌՕՈւ-ում դա մոտ 3 անգամ կրճատվել է, և նույնիսկ 1 օդաչուի խնդիրը կա»:

Անդրադառնալով Թուրքիայի «նախկին փորձին»՝ թուրքագետ Լևոն Հովսեփյանը նշեց, որ դեռևս 1980-ականների վերջին Թուրքիայի նախկին վարչապետ Թուրգութ Օզալը փորձել էր ազգային հետախուզական ծառայությունը «մաքրել» զինվորական կադրերից և բանակին հակակշիռ կառույց ստեղծել: Սակայն դա նրան չէր հաջողվել:

Աղբյուր՝ Razm.info

allTurkey.am

Մեկնաբանություններ