Արևմտյան Հայաստանում մարդասիրական օգնության կազմակերպման հարցի շուրջ (19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ). Նարինե Հակոբյան

Նարինե Հակոբյան, ՀՑԹԻ

Հոդվածում անդրադարձ է կատարվում 1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների

և դրան հաջորդած մի քանի տարիների ընթացքում Օսմանյան կայսրության տարածքում օտարերկրյա միսիոներների գործունեությանն ու դրա արդյունքներին: Քննության է առնվում ինչպես ամերիկյան (Օտարերկրյա լիազորների ամերիկյան խորհուրդ, Ամերիկյան կարմիր խաչ), այնպես էլ եվրոպական կազմակերպությունների (‹‹Գերմանական առաքելություն արևելքում››, ‹‹Կանանց առաքելության աշխատողներ››) նպաստամատույց գործունեությունը: Ներկայացվում և վերլուծվում է այն վիթխարի և անձնվեր աշխատանքը, որն ուղղված էր հազարավոր որբերի և այրիների խնամքին, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելուն:

XIX դարի 90-ական թթ. Օսմանյան կայսրությունում կառավարող վարչակարգի որդեգրած քաղաքականությունն աղետալի հետևանքներ ունեցավ պետության հայ հպատակների համար: Աբդուլ Համիդ II սուլթանի հակահայկական քաղաքականությունը ծանր հարված էր Արևմտյան Հայաստանի և Օսմանյան կայսրության այլ շրջանների հայ բնակչության ստեղծարար կյանքին: Հարյուր հազարավոր հայեր կոտորվեցին, բռնի կրոնափոխվեցին կամ տարագրվեցին: Ավերվեցին հայկական բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր և այլ շինություններ:

Արևմտահայության կոտորածների պատմության ուսումնասիրության առումով կարևոր նշանակություն ունի այդ ժամանակ Օսմանյան կայսրության տարածքում աշխատող օտարերկրյա միսիոներների գործունեությունը: Ընդ որում, դա կարևոր է ինչպես թուրքերի ոճրագործության փաստագրման, այնպես էլ բազմաթիվ հայերի կյանքի փրկության դրվագների արձանագրման առումներով: Հոդվածում անդրադառնալու ենք համիդյան կոտորածների տարիներին օտարերկրացի միսիոներների գործունեության հիմնական ուղղություններին և արդյունքներին:

1894-1896 թթ. շարունակվեց դեռևս նախորդ տասնամյակներում Օսմանյան կայսրությունում իրենց գործունեությունը սկսած ամերիկյան միսիոներների աշխատանքը: Մասնավորապես Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդը, որը նախորդ տասնամյակներին, հատկապես 1850 թ. սուլթանի կողմից բողոքականներին որպես առանձին կրոնական համայնք ճանաչվելուց հետո արևմտահայության շրջանում քարոզչական ակտիվ գործունեություն էր ծավալել: 1894-1896 թթ. կոտորածների ժամանակ այդ կազմակերպության միսիոներները զգալի նպաստամատույց աշխատանք կատարեցին` չնայած առկա դժվարություններին: Հիշատակության է արժանի, օրինակ, Ուրֆայում աշխատող միսիոներուհի օրիորդ Կորինա Շաթըք (Miss Corinna Shattuck), ով, կոտորածների ժամանակ վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նրա աշխատանքը լավագույնս բնութագրվում է տեղացի հայերից մեկի խոսքերով. «Եթե չլիներ միսս Շաթըքը, մենք չէինք դիմանա ճնշմանը. բոլորս կիսլամացվեինք»:

Այս կազմակերպության Վանի կայանը դարձավ 15 000 գաղթականի ապաստան, իսկ Մարաշի շրջանում նպաստամատույց աշխատանքը ներառեց շուրջ 30 000 հայերին օգնելը: Մարզվանի կայանում խնամվում էին 250 այրի և 800 որբ, իսկ Ուրֆայի, Խարբերդի և Մարաշի կայաններում նրանց թիվը կրկնակի ավելի էր:

Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդը մեծ ավանդ ունեցավ նաև որբախնամ աշխատանքներում: ՕԱԼԱԽ-ի ջանքերով որբանոցներ ստեղծվեցին Խարբերդում, Ուրֆայում, Այնթապում, Մարաշում, Հաճընում:

Պետք է նշել, որ 1894-1896 թթ. հայանպաստ ակտիվ գործունեություն էր իրականացնում նաև Հայկական ազգային նպաստամատույց կոմիտեն (անգլերեն` National Armenian Relief Committee)՝ իր ջանքերը միավորելով Ամերիկյան կարմիր խաչի հետ: Հայկական ազգային նպաստամատույց կոմիտեն ստեղծվել է 1896 թ.` կոտորածների հետևանքները թեթևացնելու համար: Կազմակերպության գործադիր մարմնի մեջ էին գերագույն դատավոր Դեյվիդ Բրյուերը և Ֆրեդերիկ Դևիս Գրինը, ով ժամանակին ծառայել էր Օսմանյան կայսրության արևելյան շրջաններում` որպես Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհրդի (ՕԱԼԱԽ, ABCFM) աշխատակից: Այս կազմակերպությունը զբաղվում էր դրամահավաք գործունեությամբ: Այսպես, 1896 թ. մարտի դրությամբ այս կազմակերպության կողմից Ֆիլադելֆիայում հավաքվել էր 15 000, Բոստոնում` 40 000, իսկ Նյու Յորքում` 95 000 դոլար: Նույն թվականի փետրվարի դրությամբ արդեն 35 000 դոլար ուղարկվել էր Կոստանդնուպոլիս` Միջազգային հանձնախմբին, որը կազմված էր բրիտանացի դիվանագետներից և ամերիկացի միսիոներներից: Ընդհանուր առմամբ ամերիկյան օգնությունն այդ տարիներին կազմեց շուրջ 300 հազար դոլար:

Խոսելով hամիդյան կոտորածների տարիներին ամերիկյան միսիոներների գործունեության մասին` պետք է առանձնացնել Կլարա Բարտոնին, ում գործունեությունն աչքի ընկավ մեծ արդյունավետությամբ, քանզի նա կարողացավ փրկել բազմաթիվ հայերի:

1896 թ. փետրվարի 16-ին «Ամերիկյան կարմիր խաչ»-ի հիմնադիր և նախագահ, մեծ մարդասեր Կլարա Բարտոնը, ժամանելով Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս, հանդիպում է Օսմանյան կայսրության արտաքին գործերի նախարար Ահմեդ Թևֆիկ փաշային: Հաշվի առնելով Կլարա Բարտոնի անձը և Ամերիկյան կարմիր խաչի հեղինակությունը` թուրքական կառավարությունն իր համաձայնությունն է տալիս կոտորածների հետևանքով տուժած հայ բնակչությանն օգնելու և գյուղատնտեսության վերականգնման ծրագրերի իրականացմանը:

Կլարա Բարտոնի առաքելության և դրա արդյունքների մասին շատ լավ պատկերացում են տալիս հենց իր` Բարտոնի և նրա աշխատակիցների զեկույցները, որոնք մեկ գրքով հրատարակվել են 1896 թ. Վաշինգտոնում, որի հայերեն թարգմանությունը լույս ընծայվեց 2012 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Այսպես, արդեն մարտ ամսին Բարտոնի օգնական Ջուլիան Հաբելը ճանապարհ ընկավ Ալեքսանդրեթ, որտեղից էլ ուղևորվեց Խարբերդ և Մարաշ: Կարմիր խաչը չորս արշավախումբ ուղարկեց հայաբնակ նահանգներ: Նրանք եղան բազմաթիվ հայկական բնակավայրերում` սկսած Այնթապից ու Մարաշից մինչև Սեբաստիա, Թոքատ և Սամսուն: Թե ինչ վիճակ էր տիրում հայկական բնակավայրերում կոտորածներից և ավերածություններից հետո, դիպուկ ներկայացվում է Բարտոնի օգնականների զեկույցներում: Այսպես, Ջ. Հաբելը, խոսելով Արաբկի- րում տիրող վիճակի մասին, գրում է. «Գրեթե ողջ Արաբկիրն ավերված էր, միայն երևում էին այն քարակույտերը, որտեղ ժամանակին կանգուն տներ կային: 1 800 տներից միայն մի քանիսն էին կանգուն մնացել: Շուկան, ինչպես նաև կացարան- ներն ավերված էին, և մարդիկ կողոպտված, անտուն խառնվել էին այդ մի քանի տներում: Նրանք հիվանդ էին տիֆով: Մեզ ասացին, որ արդեն 600 հոգի մահացել էին այդ հիվանդությունից, իսկ երկրում այդ շրջանի միակ բժշկին ձերբակալել էին»: Ջ. Հաբելի զեկույցից պարզ է դառնում նաև, որ միայն Խարբերդի վիլայեթում 200 գյուղ կամ թալանվել, կամ ամբողջությամբ ոչնչացվել էր, իսկ Մալաթիայի տներից 567-ն ավերվել էր:

Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարիսը: Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10 000-ը: Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:

Բարտոնի առաքելությունը, մասնավորապես նրա գործընկերներն ու օգնականները հսկայական աշխատանք տարան համիդյան կոտորածների սարսափները և տառապանքները մեղմելու առումով: Նրա զեկույցից պարզ է դառնում, որ սուլթանի հակահայկական դաժան քաղաքականության հետևանքով մոտավոր հաշվարկներով 100 000-200 000 մարդ` տղամարդիկ, կանայք, երեխաներ, դարձել էին ընչազուրկ՝ մնալով առանց սննդի, հագուստի և կենսական անհրա- ժեշտության մյուս միջոցների: Եվ եթե չլինեին Բարտոնի առաքելությունը և նրա օգնականների աշխատանքը, ապա այդ մարդկանցից առնվազն 50 000 հազարը մահացած կլինեին սովից կամ տարբեր հիվանդություններից: Մարդասիրական գործունեությունը ներառում էր հիվանդների, որբերի և այրիների խնամք, ավերված տների և շինությունների վերականգնում: Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվում քայքայված տնտեսությունը` արհեստագործությունը և գյուղատն- տեսությունը վերականգնելուն: Բավական է նշել, որ միայն Խարբերդ քաղաքում և համանուն սանջակում կատարված աշխատանքի արդյունքում վերականգնվել է 4 575 արհեստավորի աշխատանք, գյուղացիներին բաժանվել են 700 գլուխ եզ, կով, ավանակ և ձի, պատրաստվել և բաժանվել են 3 000 գյուղատնտեսական և այլ գործիքներ, տրամադրվել են 3 500 կտոր հագուստ, 500 անկողնային պարագա և 1470 բուշել հացահատիկ:

Կլարա Բարտոնի առաքելության արդյունքում փրկվեցին տասնյակ հազարավոր հայերի կյանքեր, և որոշակիորեն վերականգնվեց կոտորածներից փրկված հայերի տնտեսությունը:

Հայերի կոտորածները մեծ արձագանք ունեցան նաև Գերմանիայում: Այդ առումով կարևոր և առանցքային տեղ են զբաղեցնում Յոհաննես Լեփսիուսը և նրա գործունեությունը: Գործելով «Գերմանական առաքելություն Արևելքում» (ԳԱԱ, գերմաներեն` Deutsche Orient Mission, DOM) կազմակերպության կազմում, որի նպատակն էր Արևելքի մուսուլման բնակչության շրջանում ավետարանական քարոզչությունը, 1896 թվականին հայազգի Ջ. Գրինֆիլդի հետ մեկնեց Կ. Պոլիս:

Հանդիպելով կոտորածներին ականատեսներին ` Լեփսիուսը շատ տեղեկություններ հավաքեց արևմտահայերի կոտորածների մասին. նրան այդ գործում օգնեցին նաև Օսմանյան կայսրությունում գործող ամերիկացի միսիոներների տրամադրած փաստաթղթերը: Ընդհանուր առմամբ «Գերմանական առաքելություն արևելքում» կազմակերպության ծրագիրը, որը վերաբերում էր ավետարանական քարոզչությանը, վերաճեց հազարավոր այրիներին և որբերին օգնության մատակարարման:

Համիդյան կոտորածների տարիներին Յ. Լեփսիուսի գործունեությունը կարելի է գնահատել երկու ուղղությամբ: Դրանցից առաջինը նրա կողմից համիդյան կոտորածների մասին փաստական մեծաքանակ նյութի հավաքումն ու գերմանական հանրությանը դրա մասին իրազեկումն էր: Մյուս կողմից նա անմիջական մասնակիցը դարձավ հայությանն օգնության կազմակերպման աշխատանքներին: Մասնավորապես Օսմանյան կայսրությունում եղած ժամանակ նա Թալասում` Կեսարիայի մոտ, և Ուրֆայում իր խնամքի տակ վերցրեց 100 հայ որբերի: Նրա` Թուրքիայում վեցշաբաթյա ճամփորդության ընթացքում հիմնվեցին ‹‹Գերմանական առաքելություն արևելքում» կազմակերպության առաջին երկու որբանոցները: Նա բացի որբանոցներից Ուրֆայում հիմնեց գորգի ֆաբրիկա, որտեղ աշխատում էին հայ այրիները:

Գերմանիա վերադառնալուց հետո Յ. Լեփսիուսը ստեղծեց «Հայաստանի օգնության գերմանական միություն» կազմակերպությունը, որի գործունեության առաջին 12 ամիսների ընթացքում միայն Բեռլինի և Ֆրանկֆուրտի կոմիտեների հատկացումները կազմում էին համապատասխանաբար` 390 և 360 հազարական մարկ: Այդ նույն ժամանակահատվածում գերմանական որբանոցներում էին հավաքագրվել շուրջ 1 350 հայ որբ երեխա: Այս կազմակերպության գործունեությունը շարունակվեց հետագա տարիներին և մեծապես նպաստեց համիդյան կոտորածների հետևանքների մեղմացմանը:

1899 թ. Յոհաննես Լեփսիուսի նախագահությամբ գործող ‹‹Գերմանական առաքելություն արևելքում›› ընկերության կողմից Ուրֆա էր գործուղվել նաև 1871 թ. Շվեյցարիայի Ապենցել շրջանի Հունդվիլ գյուղում ծնված Յակոբ Կյունցլերը` այդ ընկերության որբանոցային հաստատությանը կից ստեղծված հիվանդանոցի և կլինիկայի աշխատանքները ղեկավարելու համար, որի առաջնահերթ խնդիրը տեղի որբանոցի սաներին և 1894-1896 թթ. կոտորածներից տուժած Ուրֆայի հայ բնակչությանն օգնելն էր:

1895-1896 թթ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ջարդերը մեծ արձագանք գտան նաև Սկանդինավյան պետություններում: Սկանդինավցիների ներդրումը սկզբում մեծապես կապված է եղել «Գերմանական արևելյան առաքելության» հետ: 1897 թ. դանիացի Էյե Մայե Բենեդիկսենը, այցելելով Արևմտյան Հայաստան, այնտեղ տեսնելով ամերիկացիների և գերմանացիների նպաստամատույց գործունեությունը և նրանց հիմնած որբանոցները, որոշում է դանիական մի նմանատիպ կազմակերպություն ստեղծել, որը կունենար նպաստամատույց առաքելություն: Տուն վերադառնալուց կարճ ժամանակ անց` 1902 թ., ստեղծում է «Հայերի դանիացի ընկերներ» (ՀԴԸ, դանիերեն` Danske Armeniervenner կամ DA), որը, սակայն, ինքնուրույն գործելու համար չունենալով բավարար ռեսուրսներ, համագործակցում էր «Գերմանական առաքելություն արևելքում» կազմակերպության հետ: ԳԱԱՀԴԸ համագործակցության ամենակարևոր դրսևորումներից էր դանիացի Կարեն Եփփեի գործունեությունը, ով 1903 թ. ժամանում է Ուրֆա և շուտով Լեփսիուսի առաջարկով դառնում է Ուրֆայում 1897 թ. հիմնված որբանոցի տնօրենը: Նա մեծ աշխատանք է տարել ջարդերից փրկված հայերին օգնելու հարցում:

Սկանդինավյան նպաստամատույց գործունեության մեջ կարևոր տեղ է գրավում «Կանանց առաքելության աշխատողներ» (ԿԱԱ, դանիերեն` Kvindelige Missions Arbejdere կամ KMA) կազմակերպությունը, որը հիմնվել է 1900 թ. Կոպենհագենում (դեռևս 1894 թ. ստեղծվել էր շվեդական KMA-ն): Համիդյան սարսափները վերապրած արևմտահայության վիճակին մոտիկից ծանոթանալու համար որոշվեց նաև միսիոներներ ուղարկել Արևմտյան Հայաստան: Այսպես, 1900 թ. ԿԱԱ–ի կողմից առաջինը Խարբերդ ուղարկվեց միսիոներուհի Քրիստա Համերը, ով այնտեղ հասավ 1901 թ. նոյեմբերին: Իսկ արդեն 1903 թ. ԿԱԱ-ն Մեզրեում հիմնադրում է «Էմաուս» անվանմամբ դանիական որբանոցը: 1909 թ. որբանոցը գլխավորում է մեկ այլ նվիրյալ միսիոներուհի` դանիացի Կարեն Պիտերսենը: Որբանոցը, բացի դանիացիներից, աշխատակիցների կազմում Նորվեգիայից և Շվեդիայից աշխատակիցներ ունենալու համար հայտնի էր որպես Սկանդինավյան որբանոց: Քանի որ ամենուրեք հիվանդներ, անօթևաններ, որբեր էին, Քրիստա Համերը նաև հայերեն սովորեց` առավել օգտակար լինելու համար: Սակայն 1903 թ. նա հիվանդացավ և մահացավ: Քրիստա Համերին օգնելու նպատակով 1901 թ. շվեդ կանանց միսիոներական շարժման կողմից Մուշ և Մեզրե է ուղարկվել նաև հայերենին տիրապետող շվեդացի միսիոներուհի Ալմա Յոհանսոնը, ով այնտեղ է մնացել մինչև 1915 թ.:

Հայ ժողովրդին օգնության հասած սկանդինավյան միսիոներուհիների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Մարիա Յակոբսենը: Մարիա Յակոբսենը ծնվել է 1882 թ. Դանիայի Սիմ քաղաքում: 1906 թ. ավարտելով հիվանդապահուհիների դասընթացները՝ դառնում է ‹‹Կանանց առաքելության աշխատողներ›› կազմակերպության անդամ և արևմտահայերին օգնելու համար որպես միսիոներուհի ուղևորվում Խարբերդ: 1907 թ. ժամանելով Խարբերդ՝ համագործակցում է American Board-ի հետ և նշանակվում Խարբերդում նորաբաց փոքրիկ հիվանդանոցի կառավարչուհի: 1909 թ. տեղափոխվում են Մեզրեում կառուցված ավելի մեծ հիվանդանոց: Մարիա Յակոբսենը նաև հաճախ էր այցելում Խարբերդի և Մեզրեի մերձակա գյուղեր՝ հիվանդներին խնամելու համար: Սկանդինավցի մյուս միսիոներների նման Մարիա Յակոբսենը նույնպես տիրապետում էր հայերենին: Արևմտյան Հայաստանում իր գործունեության ողջ ընթացքում նա գրառումներ է կատարում իր օրագրում՝ շարադրելով նաև Խարբերդի հայության նկատմամբ իրականացված դաժանությունների, տեղահանության, բռնագաղթի մասին:

Այսպիսով, արևմտահայության՝ 1894-1896 թթ. կոտորածների ժամանակ եվրոպական և ամերիկյան մի շարք հայասիրական կազմակերպություններ զգալի աշխատանք տարան համիդյան սարսափները մեղմելու համար: Նրանց շնորհիվ տասնյակ հազարավոր հայ երեխաներ և այրիացած կանայք փրկվեցին վերահաս կործանումից և կարողացան նոր կյանք սկսել:

Ցեղասպանագիտական հանդես, 2 (2), Երևան, 2014թ.

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ