«Կապույտ գիրք». անհերքելի փաստերի ժողովածու

Կապույտ գիրք

Հայոց ցեղասպանության պատմական իրողության մասին է փաստում կոթողային արժեք ներկայացնող «Հայերի դրությունը Օսմանյան կայսրությունում 1915-1916 թվականներին» փաստաթղթերի ժողովածուն կամ «Կապույտ գիրքը» (անունը ստացել է իր կազմի գույնից)։ Աշխատությունը հրատարակվել է Մեծ Բրիտանիայի պետական գործիչ, իրավաբան, պատմաբան Ջեյմս Բրայսի և հայտնի անգլիացի պատմաբան Առնոլդ Թոյնբիի կողմից 100 տարի առաջ` 1916 թվականին` ներկայացվելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանին:

Ժողովածուն բաղկացած է հայերի տեղահանության և կոտորածների մասին շուրջ 158 փաստաթղթերից (Օսմանյան կայսրության տարածքում աշխատող օտարերկրացիների տեղեկագրեր ու զեկուցագրեր, ականատեսների հուշագրություններ, դիմումներ և այլն): Փաստաթղթերը դասավորված են ըստ Արևմտյան Հայաստանի և Օսմանյան Թուրքիայի այլ տարածքների նահանգների ու բնակավայրերի։

Դիվանագետներ, մարդասիրական կազմակերպությունների աշխատակիցներ, միսիոներներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Դանիայից, Շվեյցարիայից և այլ երկրներից իրենց տեղեկագրերում, նամակներում արձանագրել են այն, ինչի ականատեսն են դարձել 1915-1916թթ. Օսմանյան կայսրության տարբեր բնակավայրերում: Մեծ քանակությամբ նյութեր կան, որոնք մատնանշում են նաև Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության իրականացման գործում:

Ժողովածուի հեղինակները մեծ ուշադրություն են դարձրել նաև ստացված հաղորդագրությունների հավաստիությանը։ Նախքան տպագրումը Բրայսը ժողովածուն ուղարկել է մի շարք անվանի մտավորականների ու խնդրել կարծիք հայտնել փաստաթղթերի արժեքի մասին: Եվ նրանք բոլորն էլ նշում էին, որ բերված փաստերը վստահելի են և նրանց վավերականությունը կասկած չի հարուցում: Անգլիացի պատմաբան Քրիստոֆեր Ուոքերը գրում է, որ այս աշխատությունը մնայուն տեղ ունի Հայկական հարցի ուսումնասիրման մեջ, քանի որ տալիս է մի շարք անհերքելի վկայություններ այն մասին, ինչ տեղի է ունեցավ 1915-1916 թվականներին:

«Կապույտ գիրքը» 2005 թ. հրատարակվել է թուրքերեն, իսկ հրատարակիչների դեմ դատական հայց է ներկայացվել: «Կապույտ գրքի» օրինակները մի քանի անգամ փորձ է արվել ուղարկել Թուրքիայի խորհրդարան, սակայն փորձերը ձախողվել են և գրքի տարածումը մեջլիսում կանխվել է:

Թուրք խոհրդարանականները 2005 թ. դիմել են Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատ «Կապույտ գրքի հետ հարցը ճշտելու» խնդրանքով: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայում իր դեսպան Պիտեր Ուեսթմակոտի միջոցով հայտարարել է, որ հրաժարվում է դիտարկել թուրքական կողմի դիմումը, քանի որ «գրքում ներկայացված նյութերը չեն հերքվել, և դրա հեղինակներ Ջեյմս Բրայսի և պատմաբան Առնոլդ Թոյնբիի հեղինակությունը չի կարող կասկածի տակ առնվել»:

«Այս վկայությունները փաստում են, որ կատարվածը ողջ ազգին բնաջինջ անելու փորձ էր` առանց տարիքային ու սեռական խտրության»:

«Օսմանյան կայսրության հայ բնակչությունը կառավարության որոշման համաձայն` տեղահանվեց դեպի ամենահեռավոր ու վտանգավոր ծայրամասերը: Ոմանք սպանվեցին հենց սկզբից, ոմանք` ճանապարհին, ոմանք էլ մահացան որոշված վայրեր հասնելուց հետո… Օսմանյան կառավարությունը չի կարող ժխտել այս փաստերը…»:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ