Թուրքիայի արտաքին քաղաքական իրավիճակը հոկտեմբերին. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

Թուրքիա-Ռուսաստան. Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Թուրքիան բանակցություններ է վարում Ռուսաստանի հետ ավելի վաղ սահմանված վիզային սահմանափակումները չեղարկելու հարցով։ Զեյբեքչիի խոսքերով՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնությունը կարող է ստորագրվել 2017թ. վերջին, իսկ ստեղծվող ռուս-թուրքական ներդրումային հիմնադրամի կապիտալը կազմելու է $1 մլրդ (յուրաքանչյուր կողմի ներդրումը կազմելու է $500 մլն)։ Զեյբեքչին չբացառեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կկարողանան Թուրքիայում վճարումներ կատարել ռուբլով:

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հեռախոսազրույցի արդյունքներով հայտարարեց, որ իրենք պայմանավորվել են հանդիպել մոտ ժամանակներս և հարաբերությունների բարելավման համար կանեն ամեն հնարավոր բան։ Նա խոստովանեց, որ կարգավորման գործընթացն ընթանում է ավելի արագ, քան իրենք ակնկալում էին։ Յըլդըրըմը նաև հայտարարեց, որ Սիրիայի ճգնաժամի հարցում մերձեցել են Մոսկվայի և Անկարայի դիրքորոշումները, և որ Ռուսաստանը «Եփրատի վահան» գործողության շրջանակներում Թուրքիայի գործողությունները համարում է խելամիտ ու արդար։ Ի պատասխան՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման հանդեպ, սակայն երկխոսությունն ընթացքի մեջ է։

Ամսվա սկզբին թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև, որի ժամանակ քննարկվեցին սիրիական ճգնաժամի կարգավորումը, առևտրային-տնտեսական կապերի վերականգնումը, Աքքույուի ԱԷԿ-ի և «Թուրքական հոսք» գազատարի նախագծերի իրագործումը։ Օրեր անց Պուտինը մեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, և նույն հարցերը քննարկեց Էրդողանի հետ։ Պուտինի և Էրդողանի հանդիպման արդյունքներով Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարներ Ալեքսանդր Նովակն ու Բերաթ Ալբայրաքը ստորագրեցին «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը։ Բանակցությունների արդյունքներով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին «Թուրքական հոսքի» նախագծի շրջանակներում Թուրքիային ռուսական գազի զեղչ հատկացնելու, տարեկան հավելյալ 2 մլրդ մ3 գազ մատակարարելու, Ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը ձմռանն անցկացնելու, հետագայում Ռուսաստանում թուրքական գյուղմթերքն ընդունելու, Աքքույուի ԱԷԿ կառուցման աշխատանքներն ակտիվացնելու, երկու երկրներում փոխադարձաբար մշակույթի և զբոսաշրջության տարիներ հայտարարելու, տիեզերական (արբանյակների), պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու շուրջ: Պուտինը նաև հայտարարեց, որ Էրդողանի հետ բավական մեծ ժամանակ են տրամադրել նաև տարածաշրջանի խնդիրների քննարկմանը։

Պուտինն ու Էրդողանը քննարկեցին Մոսուլն ԻՊ-ից ազատագրելու գործողությունը, Սիրիայում «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման գործունեությունը և ընդհանրապես Սիրիայի հարցը։ Հոկտեմբերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ թուրք և ռուս զինվորականները մշտական կապի մեջ են և Սիրիայի հարցով փոխանակում են հետախուզական տվյալներ։ Նա ընդգծեց, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում ցամաքային ռազմական գործողություն կսկսի Իրաքում։

Գրեթե մեկամյա ընդմիջումից հետո վերսկսվեց Ղրիմի և Թուրքիայի միջև լաստանավային հաղորդակցությունը. ռուսական «Վարյագ» լաստանավը Սևաստոպոլից մեկնեց Զոնգուլդակ։ Ղրիմի և Թուրքիայի միջև լաստանավային հաղորդակցությունը և գործարար շփումները դադարեցվել էին 2015թ. նոյեմբերին՝ ռուսական «Սու-24» ռմբակոծիչը խոցելուց հետո։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Երևանում հայտարարեց, որ Թուրքիան «կարող է դրական դեր խաղալ» ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում. «Մենք մշտապես հաշվի ենք առնում, որ Թուրքիան կարող է դրական դեր խաղալ՝ ապահովելով ԼՂ ապաշրջափակումը: Եթե հանկարծ Հայաստանն ու Թուրքիան վերադառնան առանց ԼՂ խնդրի հետ կապի իրենց պայմանավորվածությունների իրագործմանը, ապա մենք միայն ուրախ կլինենք: Սակայն մենք զգում ենք, որ ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում առաջընթացը կլինի առանցքային, որպեսզի կարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները»: Ապա ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց. «ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի փոփոխության մասին քննարկումներ չեն անցկացվում, սակայն Մոսկվան կարող է միայն ողջունել ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրների, այդ թվում նաև Թուրքիայի կառուցողական դերը ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում»։

Թուրքիա-ԱՄՆ. Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան 88 արկղ փաստաթուղթ է ուղարկել ԱՄՆ-ին, որոնք առնչվում են Ֆեթհուլա Գյուլենի շարժման գործունեությանը. «Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը միջազգային ահաբեկչության նոր ձև է։ Գյուլենի ահաբեկիչներն այսօր գործում են աշխարհի 170 երկրում»: Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղն իր հերթին հայտարարեց Գյուլենի՝ ԱՄՆ-ից երրորդ երկիր փախչելու հնարավորության մասին. «Հաշվի առնելով ԱՄՆ-ից արտահանձնվելու հավանականությունը՝ Գյուլենը փնտրում է փախուստի հնարավոր ճանապարհներ։ Հոկտեմբերի 26-27-ին կմեկնեմ ԱՄՆ: Ինձ հետ տանելու եմ Գյուլենի վերաբերյալ ամենալիարժեք թղթապանակը (մոտ 500.000 փաստաթուղթ), որը երբևէ պատրաստվել է: Եթե Գյուլենի արտահանձնումը չիրականացվի նման ամբողջական թղթապանակի հիման վրա, ապա ես չգիտեմ, թե էլ ինչ թղթապանակ կարելի է պատրաստել։ Թուրքիայի համար Ֆեթհուլա Գյուլենը նույնն է, ինչ ԱՄՆ-ի համար՝ Ուսամա բեն Լադենը։ Մենք չենք ցանկանում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները վատթարանան ինչ-որ ահաբեկչի պատճառով»:

Թուրքիայի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը մեկնեց ԱՄՆ՝ մասնակցելու ԻՊ-ի դեմ գործող միջազգային դաշինքի անդամ երկրների Գլխավոր շտաբի պետերի հանդիպմանը, որի հիմնական քննարկման թեման եղել է Մոսուլի հարցը: Իրաքի և Սիրիայի հարցերը քննարկեցին նաև Չավուշօղլուն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Թուրքիայի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ Թուրքիան կարող է մասնակցել Ռաքքան և Մոսուլը ԻՊ-ից ազատագրելու գործողությանը՝ պայմանով, որ դրան չմասնակցեն սիրիական քրդերի ուժերը. «Թուրքիան թույլ չի տա, որ ահաբեկիչներից ազատված տարածքները մնան ահաբեկչական մյուս կազմակերպություններին։ Նրանք, ովքեր փորձում են Թուրքիային հեռացնել Մոսուլը ԻՊ-ից վտարելու գործողությունից, սերտորեն կապված են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ»։

Բինալի Յըլդըրըմը քննադատեց Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին, որը կողմ էր արտահայտվել Սիրիայի քրդերին ամերիկյան զենք տրամադրելուն՝ ԻՊ-ի դեմ պայքարի համար. «Ի՞նչ է դա նշանակում: Մի՞թե Ամերիկան մեր դաշնակիցը չէ: Մի՞թե ՆԱՏՕ-ն մեր դաշնակիցը չէ»: Չավուշօղլուն նույն առիթով հայտարարեց. «PYD-ին զենք մատակարարելու դեպքում ԱՄՆ-ը կվերածվի ահաբեկչությանն աջակցող երկրի»։ Իսկ Էրդողանը Քլինթոնի խոսքերը որակեց որպես «շատ անհաջող հայտարարություն»՝ նշելով, որ դա «քաղաքական փորձի բացակայության» հետևանք է. «Ո՞վ է ՆԱՏՕ-ի գծով ԱՄՆ դաշնակիցը՝ Թուրքիա՞ն, թե՞ YPG-ը»։

ԱՄՆ պետդեպարտամենտն իր հայրենակիցներին նախազգուշացրեց, որ Թուրքիայում ահաբեկչությունների սպառնալիքը նախկինի պես բարձր է, խորհուրդ չտվեց այցելել Թուրքիայի հարավ-արևելք, մտահոգություն հայտնեց «Ջումհուրիյեթ» թերթի գլխավոր խմբագրի ձերբակալման և Թուրքիայում ընդդիմադիր ԶԼՄ-ի վրա պաշտոնական աճող ճնշման համար։

Թուրքիա-ԵՄ. Էրդողանը ԵՄ-ին մեղադրեց տված խոստումները չկատարելու մեջ՝ նշելով, որ Թուրքիան 53 տարի կանգնած է ԵՄ դռան մոտ, որ ԵՄ-ը խոստացել էր հոկտեմբերին վերացնել վիզային ռեժիմը, սակայն դա տեղի չի ունեցել, և խոստացել էր Թուրքիային տրամադրել 3 մլրդ եվրո, սակայն ցայժմ իրենք ստացել են միայն 179 մլն եվրո։ Թուրքիայի առևտրի նախարար Բյուլենթ Թյուֆենքջին իր հերթին հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանակցային գործընթացը հիշեցնում է ձգձգվող նշանադրություն. «Մենք շատ երկար տարիներ կրում ենք ԵՄ մատանին, և այդքան տարիների սպասումներից հետո բարդ է ասել, թե արդյոք կլինի հարսանիք»։ Սակայն Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարեց, որ Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է՝ ընդգծելով, որ գոյություն ունի մեծ տարբերություն, թե ինչ է մտածում եվրոպացի քաղաքական գործիչների մեծ մասը և թե ինչ են հայտարարում հրապարակավ: Կուրցն առաջարկեց ամբողջովին չհրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից, և նրա համար սահմանել «անհատական գործընկերության» ռեժիմ:

Եվրահանձնաժողովը խորին մտահոգություն հայտնեց Թուրքիայում Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթեն Քըշանաքի և ավագանու անդամ Ֆըրաթ Անլընի ձերբակալման կապակցությամբ, իսկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարեց, որ վերջին 15 ամսվա ընթացքում Թուրքիայի հարավ-արևելքում բռնությունները չեն դադարում: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը խիստ մտահոգիչ համարեցին Թուրքիայում «Ջումհուրիյեթ» թերթի և նրա աշխատողների դեմ իրականացվող գործողությունները՝ ընդգծելով, որ «զանգվածային զտումներն» ունեն քաղաքական դրդապատճառներ։

Հոկտեմբերի սկզբին Գերմանիայի խորհրդարանի՝ պաշտպանության հարցերով հանձնաժողովի անդամներն այցելեցին «Ինջիրլիքի» ավիաբազա և հանդիպեցին գերմանացի զինծառայողների հետ, որոնք մասնակցում են ԻՊ-ի դեմ միջազգային դաշինքի մղած պայքարին: Թուրքիայի կառավարության պաշտոնյաները, սակայն, հրաժարվեցին հանդիպել գերմանական պատվիրակության անդամների հետ՝ չտալով որևէ պարզաբանում։ Ապա հաղորդվեց, որ «Ինջիրլիքում» գտնվող Գերմանիայի ռազմաօդային ուժերի «Տոռնադո» 6 կործանիչները շարքից դուրս են եկել տեխնիկական անսարքության պատճառով:

Բեռլինում Թուրքիայի դեսպան Հուսեին Ավնի Քարսլըօղլուն 4 ամիս 4 օր ընդմիջումից հետո վերադարձավ Բեռլին: Նա Գերմանիայից Թուրքիա էր կանչվել այն բանից հետո, երբ Բունդեսթագը հունիսի 2-ին բանաձև էր ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունեց Թուրքիայի դեսպանի վերադարձը՝ դա որակելով դրական կարևոր քայլ:

Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը դատապարտեց Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը: Բիլգիչը հիշեցրել է, որ Ֆրանսիայի Սենատը 156 կողմ, 146 դեմ ձայների հարաբերակցությամբ այդ օրինագիծն ընդունել է հոկտեմբերի 14-ին, իսկ հուլիսի 6-ին այն ընդունել էր Ֆրանսիայի Ազգային ժողովը: Բիլգիչի խոսքով՝ այդ օրինագիծը «հակասում» է ՄԻԵԴ նախադեպին (Դողու Փերինչեքի գործով դատավճռին):

Թուրքիա–Իրան. Մևլյութ Չավուշօղլուն Էր Ռիյադում Պարսից ծոցի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո Իրանից պահանջեց չմիջամտել տարածաշրջանի մյուս երկրների գործերին։ Դրանից հետո Թեհրանում Թուրքիայի դեսպան Ռըզա Հաքան Թեքինը կանչվեց Իրանի ԱԳՆ՝ կապված տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ թուրք մի շարք պետական գործիչների արած և իրականությունից կտրված հայտարարությունների հետ։ Հոկտեմբերին Իրանի ԱԳՆ-ն հայտարարեց, որ Իրանը պատրաստ է միջնորդի դեր կատարել Իրաքի և Թուրքիայի միջև, որոնց միջև վերջին շրջանում տիրում է մեծ լարվածություն։

Իրանի գազի ազգային ընկերության (NIGC) խոսնակ Մաժիդ Բոուժարզադեհը Ստամբուլում հայտարարեց, որ Իրանը ցանկանում է մեծացնել Թուրքիային մատակարարվող գազի ծավալը: Նա ընդգծեց, որ Իրանը ներկայում Թուրքիային օրական մատակարարում է 30 մլն մ3 գազ և կարևորելով Թուրքիայի աշխարհագրական դիրքը՝ չբացառեց, որ այն կարող է Եվրոպա փոխադրել իրանական գազը: Թուրքիայի Աղրը (Արարատ) նահանգի Դողուբայազեթ շրջանում պայթեցվեց Իրանից եկող գազատարը, ինչի հետևանքով մի քանի օրով դադարեցվեց իրանական գազի մատակարարումը։ Հաղորդվեց, որ Ստամբուլի արդյունաբերական պալատը $10 մլրդ-ի ներդրում է անելու Իրանում՝ 500 հա տարածքում ստեղծելով արդյունաբերական գոտի, ինչը կլինի Իրանում օտար ծագմամբ առաջին արդյունաբերական գոտին։ Անկարայում Իրանի դեսպանատունն իր քաղաքացիներին երկու անգամ կոչ արեց զերծ մնալ Թուրքիա այցելելուց, քանի որ այդ երկրի մի շարք քաղաքներում կտրուկ աճել է ահաբեկչական վտանգը։

Թուրքիա-Իսրայել, Եգիպտոս. Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտեց պաղեստինյան տարածքներում 98 նոր տներ կառուցելու մասին Իսրայելի իշխանությունների որոշումը և Իսրայելին կոչ արեց ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են վնասել կարգավորման գործընթացին: Թանժու Բիլգիչը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից Թել Ավիվում և Իսրայելի կողմից Անկարայում դեսպան նշանակելու գործընթացները կավարտվեն մոտ ժամանակներս:

Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին մասնակցելու համար Ստամբուլ ժամանեց Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվան Շտայնիցը, ինչը վերջին 6 տարում («Մավի Մարմարա»-ի միջադեպից հետո) Իսրայելից Թուրքիա նախարարի մակարդակով առաջին այցն էր: Շտայնիցը Ստամբուլում հանդիպեց Բերաթ Ալբայրաքի հետ և քննարկեց Թուրքիային իսրայելական գազ, ինչպես նաև Պաղեստինի բնակիչներին էներգետիկ մատակարարումների թեման: Հանդիպման արդյունքներով Շտայնիցը հայտարարեց, որ Թուրքիան ու Իսրայելը շարունակելու են իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնելու հնարավորության մասին բանակցությունները: Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրթոմը հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է «Հարավային գազային միջանցք» նախագծին միացնել իսրայելական գազի մատակարարումները:

Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի և Եգիպտոսի հարաբերությունների կարգավորման մեկնարկը կախված է բանտից Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին ու նրա կողմնակիցներին ազատ արձակելու որոշումից, և որ Եգիպտոսի հետ առևտրային կապերի զարգացումը դրական քայլ կլիներ Թուրքիայի համար:

Թուրքիա-Ադրբեջան, Վրաստան. Հաղորդվեց, որ Վրաստանի իշխանությունները վրաց-թուրքական սահմանին սկսում են «Մարադիդի-Մուրաթլի» մաքսային նոր անցակետի կառուցումը։ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Ալթանը հայտարարեց, որ Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղին շահագործման կհանձնվի 2017թ., ինչը կառուցման փուլում գտնվող երկաթուղային մյուս նախագծերի հետ միասին Թուրքիայի լոգիստիկ սեկտորին տարեկան միլիարդավոր դոլարներ կբերի։ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մինչև 2023թ. Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև $15 մլրդ-ի։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնեց Ստամբուլ՝ մասնակցելու Համաշխարհային էներգետիկ կոնգրեսին, որի մեկնարկից առաջ կարճատև հանդիպում ունեցավ Պուտինի և Էրդողանի հետ։ Իլհամ Ալիևը Ստամբուլում հայտարարեց, որ Ադրբեջանը Թուրքիայի տնտեսությունում ներդրել է $20 մլրդ: Իսկ SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, որ մինչև 2023թ. Թուրքիայի էներգետիկ ոլորտում ներդրումները պետք է հասնեն $100-120 մլրդ-ի, և SOCAR-ը $18 մլրդ-ով կապահովի ներդրումների այդ ծավալի մոտ 20%-ը։

Նույն ամսին Էրդողանը շնորհավորական նամակ հղեց Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 25-ամյակի առիթով և հեռախոսազրույց ունեցավ նրա հետ։ Իլհամ Ալիևն իր հերթին շնորհավորեց Էրդողանին՝ հոկտեմբերի 29-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադրման տարեդարձի առիթով։ Ի.Ալիևը շնորհավորեց նաև Բինալի Յըլդըրըմին։

Մևլյութ Չավուշօղլուն ԵԽԽՎ-ում հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ակտիվացնի աշխատանքն՝ ուղղված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման փնտրտուքին, և կարևորեց «հայկական ուժերի դուրսբերումը» ԼՂ հարակից շրջաններից:

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ