Էրդողանի «քրդական հեղաշրջումը». Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

2016-ի նոյեմբերի 3-ի երեկոյան (Թուրքիայում՝ արդեն նոյեմբերի 4-ին) Չիկագոյի քրդական մշակութային կենտրոնում էինք, երբ հաղորդվեց Թուրքիայում քրդական/քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) ղեկավարների ձերբակալության մասին:

Զարմանալի՞ էր, անսպասելի՞: Վստահ եմ՝ Թուրքիայի օրակարգին հետևողները կհամաձայնեն՝ ոչ, անսպասելի չէր, առավել ևս՝ զարմանալի:

Չիկագոյի քրդական կենտրոնում հավաքվածները, որոնց մի մասը, ինչպես և ես, մասնակցում էր Նորվեսթերն համալսարանի Թուրքիայի՝ քրդական քաղաքականությանը նվիրված միջազգային գիտաժողովին, նույնպես կատարվածից զարմացած չէին: Կենտրոնում հավաքված քրդերն էլ, գուցե, լարված էին, բարկացած, բայց օվկիանոսի այն ափում ընթացող զարգացումները նրանց այնքան էլ անսպասելի չէին թվում:Նախկինում էլ Թուրքիան նման փորձ ունեցել է, ընդ որում՝ բավական հարուստ փորձ, երբ թուրքական իշխանությունները չեզոքացնում էին իրենց քաղաքականության շրջանակներում չտեղավորվող քրդական ուժերին ու գործիչներին: Վերջին մեկ տարում էլ իրերի դասավորությունը Թուրքիայում թույլ էր տալիս նմանատիպ սպասումներ ունենալ ԺԴԿ-ի հարցում, իսկ հիմնական հարցադրումներն էին՝ ե՞րբ, ինչպե՞ս: Պատասխաններն էլ արդեն կան՝ վերջին խորհրդարանական ընտրություններից շուրջ մեկ տարի անց, ձերբակալություններով, այդ թվում՝ կուսակցության երկու համանախագահների՝ Սելահեթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորմամբ: Ձերբակալություններին հաջորդեց պայթյունը Թուրքիայի քրդերի հասարակական-քաղաքական կենտրոնում՝ Դիարբեքիր քաղաքում, ոստիկանական բաժանմունքից ոչ հեռու: Սա արդեն քրդական պատասխանն էր Անկարային:

Քուրդ քաղաքական առաջնորդների ձերբակալությունը թուրքական իշխանությունների արագ կայացրած որոշում չէր, այն գործընթացի մի մաս էր, ընդ որում՝ շարունակվող գործընթացի, որի սկիզբը կարելի է համարել 1980-ականները, երբ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) սկսեց զինված պայքարը թուրքական պետության դեմ, կամ 1920-ականերից, երբ քրդերն ապստամբում էին Մուսթաֆա Քեմալի իշխանության դեմ, գուցե նաև ավելի վաղ՝ օսմանյան շրջանից: Ժամկետներն ու փուլերը կարելի է երկար քննարկել, դասակարգել դրանք, սակայն այն, որ այդ գործընթացը կամ նուն ինքը՝ Քրդական հարցը, տասնամյակներ շարունակ Թուրքիայի կարևորագույն խնդիրն է, բարդ է վիճարկել: Եվ այն, որ այդ խնդրի լուծմանն ուղղված քայլերը Թուրքիայում որոշում կայացնողները ինչպես 20-ական, այնպես 80-ական, 90-ականներին և նաև մեր օրերում տեսնում են ուժի ու բռնության տեսանկյունից, այդ գործընթացի հիմնական ցուցիչներից է: Վերջին տարիներին էլ Իրաքում և Սիրիայում իրավիճակը տարածաշրջանային քաղաքականությունում Քրդական խնդրին առավել ընդգծված տեղ է հատկացրել, ինչն էլ ակտիվ փոխազդեցության մեջ է թուրքական պետության ներքին զարգացումների հետ: Սա նույնպես բերում է խնդրի առավել սուր դրսևորմանը:

Ի դեպ, անդրադառնալով Քրդական հարցի փուլերին՝ վերջին իրադարձությունների համապատկերում կարելի է սահմանել թուրք-քրդական գործընթացի նոր փուլը, որն, ըստ իս, սկսվել է 2013 թվականին, երբ Թուրքիայի իշխանությունները՝ այն ժամանակ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, «Քրդական նախաձեռնության» շրջանակներում սկսեցին «[Թուրք-քրդական] Կարգավորման գործընթացը», որի ընթացքում էլ PKK-ի հետ հրադադար հաստատվեց, իսկ քրդական ուժերի համար հնարավորություն ստեղծվեց ինքնակազմակերպվել հասարակական-քաղաքական դաշտում և, որ շատ կարևոր է, հստակ հաջողություններ գրանցել այդ ճակատում: Ի վերջո, քրդերին (ինչպես և ավելի փոքր մասշտաբներով՝ Թուրքիայի այլ խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների (նաև հայերի) և անգամ էթնիկ թուրքերի) երկար փորձերից հետո հաջողվեց ստեղծել համախմբված և մրցունակ քաղաքական թիմ, որը շուրջ 78 մլն բնակչությամբ Թուրքիայում ունի շուրջ 5-6 մլն ընտրող, 59 աթոռ երկրի խորհրդարանում, ներկայանում է որպես թուրքական մեջլիսի թվով երրորդ քաղաքական ուժ: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ «թուրքական փաթեթի» շրջանակներում ԺԴԿ-ն ստացավ նաև իր դեմ տրամադրված իշխանություն և պետական ապարատ, որն էլ գործի դրվեց նոյեմբերյան ձերբակալությունների ժամանակ:

Առաջ անցնելով նշենք, որ քաղաքական դաշտում հաջողություններն էլ բերեցին նրան, որ Թուրքիան 2015 թվականի հուլիսին կրկին անցավ բռնի կամ ավելի բռնի միջոցներով քրդական ուժերի դեմ պայքարելու մարտավարությանը:

«Քրդական նախաձեռնությունը» հույսեր առաջացրեց քրդերի և Քրդական խնդրից հոգնած/լուծում պահանջող Թուրքիայի այլ քաղաքացիների շրջանում, սակայն Էրդողանի այս նախաձեռնությունը, ինչը ցույց տվեց ժամանակը, հենց դրան էր հարվածելու: Եվ հարվածելու էր 2015 թվականի մայիսի ընտրություններին, որտեղ հարաբերական անդորրից օգտելով՝ մի շարք առանցքային քուրդ գործիչներ, հենվելով «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) բազայի վրա, կառուցում էին նոր քաղաքական ուժ, որը Քրդական հարցը տեղափոխելու էր որակական նոր փուլ. առաջին անգամ համամասնական ցուցակներով Թուրքիայի խորհրդարան քրդական քաղաքական ուժ էր մտնելու՝ ստանալով շուրջ 80 պատգամավորական մանդատ և մեծ հաշվով զրկելով Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությանը (ԱԶԿ) առանց հավելյալ ուժերի մասնակցության կառավարություն կազմելու հնարավորությունից:

Այսպիսով, բացի PKK-ի ռազմական գործողություններից, քրդերը ստանում էին քաղաքական դաշտում առավել ակտիվ գործելու հնարավորություն, ինչը բացառիկ էր Թուրքիայում Քրդական հարցի տեսանկյունից: Սա կարևոր գործընթաց է, որը PKK-ի աղմկալի գործողությունների արդյունքում կարծես թե լայն շրջանակների համար երկրորդ պլան է մղվում, սակայն Անկարայում հասկանում են գործընթացի ողջ լրջությունը, ինչն էլ արտահայտվում է ԺԴԿ-ի դեմ պայքարի յուրահատուկ մեթոդներով և կտրուկ քայլերով:

Վերադառնալով ԺԴԿ-Էրդողան առճակատմանը՝ հիշեցնենք, որ 2015 թվականի հունիսի 7-ին կայացած ընտրություններում Թուրքիայում առաջին անգամ քրդական/քրդամետ քաղաքական ուժը համամասնական ցուցակներով անցավ խորհրդարան՝ ստանալով 550 պատգամավորական մանդատներից 80-ը՝ խառնելով թուրքական մեջլիսի վերջին տարիների հավասարակշռությունը, որտեղ հիմնականում ներկայանում էին երեք քաղաքական ուժեր՝ Էրդողանի ԱԶԿ-ն, քեմալական ընդդիմադիր «Հանրապետական-ժողովրդական» և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Քրդերի անցումը խորհրդարան առաջինը հարվածում էր ԱԶԿ-ին, որը 258 պատգամավորով ունակ չէր միակուսակցական կառավարություն ձևավորել: Խաղաղությու՞ն, թե՞ ԱԶԿ-ի հետագա միակուսակցական կառավարում: Թուրքիան Էրդողանի ղեկավարությամբ գնաց երկրորդ ճանապարհով, իսկ նույն թվականի հուլիսին՝ երկամյա հրադադարից հետո թուրքական պետության և PKK-ի միջև ռազմական բախումները վերսկսեցին, ընդ որում՝ առանձնակի արյունալի և կատաղի կերպով:

Էրդողանն ու թիմակիցները հունիսյան ընտրությունների բացասական հետևանքները չեզոքացնելու նպատակով գնացին նոր ընտրությունների և փորձեցին օգտագործել Քրդական խնդրի սրացումն իրենց օգտին՝ խաղալով ազգայնական տրամադրվածությամբ ընտրազանգվածի վրա: 2015-ի նոյեմբերի 1-ին նոր ընտրությունները հաջող էին ԱԶԿ-ի համար, որը ստացավ կառավարություն ձևավորելու համար բավարար տեղեր խորհրդարանում: ԺԴԿ-ն, առկա ճնշումների պարագայում, հունիսի համեմատ կորցրեց 1 միլիոն քվե և 21 պատգամավորական աթոռ, սակայն դարձավ պատգամավորների թվով երրորդ քաղաքական ուժը Թուրքիայի խորհրդարանում՝ հետ թողնելով ավանդաբար թուրքական մեջլիսում երրորդ քաղաքական ուժը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությանը, որի ձայները, նաև իր հակաքրդական քայլերով, կարողացավ ստանալ ԱԶԿ-ն: Լայն առումով՝ սա քրդական քաղաքական հաջողություն էր, թեև հունիսի համեմատ ունեցած զգալի կորուստներին: Իսկ նման հաջողությունը հակառակ արձագանքն է առաջ բերում թուրքական պետությունում, որի ինքնապաշտպանական և ինքնապահպանման բնազդներն արագ փոխակերպվում են ագրեսիվության, անհանդուրժողականության և բռնության: Իհարկե, արդեն նոյեմբերյան ընտրությունների ժամանակ Էրդողանը հասավ իր հիմնական նպատակին, սակայն քրդական հաջողությունն ավելի մեծ հեռանկարում էր վտանգավոր, ուստի հարմար առիթ էր պետք՝ չեզոքացնելու ու մեղմելու այդ վտանգը:

Օղակը սեղմվելու էր ԺԴԿ-ի շուրջ: Նախ՝ հայտարարությունների մակարդակով, ապա օրենսդրական նախաձեռնությունների մակարդակով, իսկ հեղաշրջման փորձի հետևանքների հաջող հաղթահարման հերթական փուլում գործը հասավ նաև ֆիզիկական չեզոքացմանը, որն արտահայտվեց վերոնշյալ ձերբակալություններով: Թուրք-քրդական պատերազմի այս ճակատամարտում կարծես թե հաղթում է Էրդողանը, սակայն պատերազմի ելքը, մեղմ ասած, վճռված չէ: Էրդողանը գնում է «քրդական հեղաշրջման», որը, սակայն, դեռևս անավարտ է:

Քրդերի համար սա ազգային հարց է, Թուրքիայի համար՝ պետական: Քրդերի մի մասը փորձում է ստանալ անկախ Քրդստան, թուրքերը փորձում են պահել Թուրքիայի Հանրապետությունը: Իր ներկայիս սահմաններով:

Աղբյուր՝ Անալիտիկոն

allTurkey.am

Մեկնաբանություններ