Վիկտոր Փիչման – 135

Ավստրիացի կենսաբան Վիկտոր Փիչմանը ծնվել է 1881 թվականին Վիեննայում՝ Կառլ և Իդա Փիչմանների ընտանիքում:

Գերմանական կառավարության հանձնարարականով նա 1914 թվականից սկսած մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը Էրզրումում կազմակերպում է թուրքական լեռնահրաձգային զորամասեր, միաժամանակ գերմանական Գլխավոր շտաբի համար զբաղվում է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող ռազմական գործողությունների քարտեզագրմամբ: Ճամփորդելով և հավաքչական աշխատանքներ կատարելով Արևմտյան Հայաստանի տարածքում՝ նրան հաջողվում է լուսանկարել հայերի բռնագաղթի տեսարանները:

Փիչմանի կողմից արված լուսանկարներում պատկերված են Էրզրումի հայերի բռնագաղթի տեսարաններ, որոնք Հայոց ցեղասպանության թեմային առնչվող լուսանկարների շարքում մեծ արժեք են ներկայացնում:

Ուշագրավ է, որ Վ. Փիչմանի լուսանկարներում բռնագաղթյալների շարքերում տղամարդիկ չեն երևում. միայն կանայք են երեխաների հետ: Հայ տղամարդկանց մեծ մասն այդ ընթացքում արդեն սպանվել էր: Փիչմանն ականատես է դառնում բազմաթիվ բռնությունների, որոնք իրագործվում էին տարագրյալների նկատմամբ: Իր հուշերում Փիչմանը նկատում է, որ տեղահանվածների առաջին ալիքում հայ հասարակության վերնախավն էր:

Էրզրումի նահանգի հայ բնակչության բռնագաղթը սկսվեց 1915 թ. հուլիսի սկզբներին: Պատմական աղբյուրները և վերապրողների վկայությունները փաստում են Էրզրումի հայության դաժան ճակատագրի մասին. Կարին (Էրզրում) քաղաքից և շրջակա գյուղերից շուրջ 35-40 հազար հայ տեղահանվեց Դերջան, Երզնկա, Սեբաստիա, այնուհետև Դեր Զորի անապատ։

Բռնագաղթյալ հայերի շարասյունը կոտորվեց դեռևս գաղթի ճանապարհին. տղամարդիկ գնդակահարվում, կացնահարվում էին խմբերով, կանայք բռնաբարվում էին ու սպանվում կամ մեռնում էին ճանապարհին տարաբնույթ հիվանդություններից, ծարավից, հյուծախտից, իսկ միայնակ ու անօգնական մնացած երեխաներն ու տկարները անխուսափելիորեն դատապարտվում էին մահվան: Էրզրումի հայերի միայն չնչին մասը վերապրեց Մեծ եղեռնը:

«Ձեզ միայն մի քանի օր է մնացել, հետո դուք կծածկվեք Կամախի (Քեմախ) կիրճի սառը գերեզմանով: Վերջ ձեր հեքիաթներին, գեղեցիկին, ջերմությանը, կանաչին,ընկերությանը, կենսուրախ աշխարհին»,- գրում է Փիչմանն՝ ցավով անդրադառնալով երեխաների գաղթի ճանապարհին: Փիչմանը Առաջին համաշխարհային պատերազմի տարիների իր փորձառությունների մասին հրատարակել է երկու գիրք՝ «Սառույցի և արմավենիների տակ» և «Քրդական լեռների և հայկական քաղաքների միջով»:

Պատերազմին իր մասնակցության համար Փիչմանը արժանացել է մի քանի պարգևների, ինչպես օրինակ Օսմանյան կայսերական Մեջիդեի 3-րդ կարգի շքանշանի, բուլղարական Կարմիր խաչի կողմից սպայական քաչի: Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ մինչև 1945 թվականը, Փիչմանը ղեկավարել է Վիեննայի բնապատմական թանգարանի մամուլի և ռադիոյի բաժինը: Կատարել է բազմաթիվ հավաքչական և հետազոտական ճամփորդություններ: Վիկտոր Փիչմանը մահացել է 1956 թվականին:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ