Հայոց ցեղասպանության թեմայի զարգացման միտումները «Ակօս» շաբաթաթերթի էջերում Հրանտ Դինքի խմբագրապետության տարիներին (1996-2007 թթ.). Էլինա Միրզոյան

Էլինա Միրզոյան

Էլինա Միրզոյան, թուրքագետ

Հայոց ցեղասպանության թեման Թուրքիայում երկար տարիներ տաբու էր:  Քննվող թեմայի շուրջ առաջին քիչ թե շատ համեմատաբար լայն անդրադարձը սկսում է նկատվել միայն 1965 թ., երբ ՀԽՍՀ-ում և Սփյուռքում ցեղասպանության 50-ամյակի միջոցառումների մասին լուրերը և քննադատությունները տեղ են գտնում թուրքական մամուլում[1]: Այս ընթացքում ձևավորվում էին ստի և կեղծիքի վրա հիմնված թուրքական պաշտոնական թեզերը, և  իրար հաջորդող իշխանությունները որդեգրում ու հետևում էին դրանց, միևնույն ժամանակ Հայոց ցեղասպանության վերաբերյալ այլընտրանքային կարծիքները խստիվ արգելվում էին և՛ մամուլում, և՛ գիտական ու գեղարվեստական գրականության մեջ, այդ թվում՝ պոլսահայ մամուլում: Իսկ քաղաքական կյանքում գերիշխում էին բացառապես պետական տեսակետները` ներկայացնելով այսպես կոչված «Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումըե: Հայոց ցեղասպանություն եզրույթը ևս վերածվում է տաբուի և մամուլում կիրառվում է կա՛մ չակերտներով, կա՛մ ՙայսպես կոչված՚ բառակապակցության ուղեկցությամբ:

Հարկ է նշել, որ ավելի ուշ՝ ԱՍԱԼԱ-ի գործունեության սկզբնական շրջանում ևս ցեղասպանության թեման շարունակում էր տաբու մնալ, սակայն աստիճանաբար սկսում է որոշակիորեն տեղ գրավել թուրքական հասարակական-քաղաքական քննարկումներում, ինչպես Հրանտ Դինքն է նկատել տալիս, քուրդ մտավորականների շնորհիվ, մասնավորապես Իսմայիլ Բեշիքչիի կողմից, ապա Ֆիքրեթ Բաշքայայի, Օսման Այթարի, հետո միայն թուրք այլախոհ մտավորականների կողմից[2]՝ այդպես խախտելով տաբուի հիմքերը:

Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Հայոց ցեղասպանության թեմայի, ինչպես նաև եզրույթի վրա եղած տաբուն որոշ չափով կոտրվել է Թուրքիայում, և դրանում կարևորագույն դեր ունի այլընտրանքային մամուլը` առաջին հերթին ՙԱկօս՚ շաբաթաթերթը[3] և, ինչպես նշեցինք, այլախոհ մտավորականները. «Թուրքիայի պաշտոնական դիրքորոշումիցե  անջատ`  հայերի հանդեպ վարած քաղաքականությունը որպես ցեղասպանություն ճանաչող մտավորականները սկսում են հարթակ որոնել բարձրաձայնելու ուղղությամբ: Ահա շաբաթաթերթը հնարավորություն է տալիս ձևավորելու բազմակողմ հարթակ՝ կարծիքների արտահայտման, հայեցակետեր և տեսություններ առաջադրելու համար: Այս ճանապարհով ՙԱկօս՚-ն առողջ բանավեճի ասպարեզ ապահովեց` գիտակցելով, որ ՙառաջին մտահոգութիւնը պէտք է ըլլայ Թուրքիա հաւաքականութեան համար պատմութեան վերաբերեալ ազատ տեղեկութեան հոսք՚[4]:

Չափազանցված չի լինի, եթե ասենք, որ ՙԱկօս՚-ի ամենամեծ առաքելությունը հենց այդ տաբուն կոտրելն էր, որը նա արեց հաջողությամբ: Շաբաթաթերթը խնդիր է դնում պետական թեզից տարբերվող տեսակետներին տեղ տալու ծրագրային ուղեգիծը՝ հստակ գիտակցելով, որ դա ընդունելի չի լինելու շատերի համար: Այս մասին թուրք պատմաբան Թաներ Աքչամը գրում է. ՙԿարգ մը նիւթեր կարգ մը անձերու կողմէ տարբեր ձեւերով կ’ընկալուին կամ կը մեկնաբանուին ու նոյնիսկ տարբեր կը պատմուին կամ կը բացատրուին: Նման նաեւ կարգ մը հարցեր, որոնք Թուրքիոյ մէջ բնաւ չեն պատմուած ու խօսուած: Ասոնք պէտք է պատմուին ու Թուրքիոյ մէջ մարդիկ պէտք է որ անհաճոյ բաներն ալ իմանան ու գիտնան: Շատ ցաւալի պատմութիւններ են պատահածները եւ որու կողմէ կամ ինչ պատճառով ալ կատարուած ըլլայ, պատմութեան ընթացքին գործուած ամէն արարք բացէ ի բաց պէտք է ըսուի՚[5]:

ՙԱկօս՚-ը վերլուծության սկզբունք է ընդունում այն, որ թուրք ժողովուրդը չգիտի իրականությունը, ուստի պաշտպանում է այն, ինչ իրեն է հայտնի: Սկսած 1915թ.-ից մինչև օրս` թուրքական    կրթական համակարգը, մամուլը,  պաշտոնական քարոզչամեքենան լծված են հասարակությանն իրականությանը չհամապատասխանող, աղավաղված   պատմություն պարտադրելու գործին: Ուստի շաբաթաթերթն  իր էջերը տրամադրում է առողջ բանավեճի, հայ և օտարազգի հեղինակների տեսակետների քննարկումների համար՝ որպես սկզբունք ընդունելով ՙգիտականության բարոյականությունը՚[6]: Այս մասին Հրանտ Դինքը նկատել էր տալիս, որ մտավորականներ կան` չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, սակայն  սկսել են գոնե իրենց «խիղճը գործածելե:

Իրականությունն իր զանազան ոլորտներով մարտահրավեր է ինքնաարտահայտման ձգտող լեզվական գործիքի համար` ստանալով քաղաքական շահարկումի աստառ, հետևապես առանցքային պետք է դիտարկվի գիտականության բարոյականության մոտեցումը:

Շաբաթաթերթն այս հարցում առաջադրում է հետևյալ մոտեցումը. «Շատերը այն «կոտորածե, շատերը «գենոցիդե, շատերը «տեղահանությունե, շատերն էլ «ողբերգությունե են անվանում: Մեր նախնիներն էլ «Անատոլիայի խոսակցականովե «kıyımե (ջարդ) են ասում՚[7]: Անկախ այն բանից, թե ինչպես են երկու կողմերը 1915 թիվն անվանում, կարևորն այն է, թե ՙուրիշները՚ ինչպես են անվանում և ճանաչում, քանի որ Հայոց ցեղասպանության խնդիրը, ինչպես նկատել է տալիս Դինքը, ոչ միայն մեր` հայերի, այլև ուրիշների հարցը պետք է լինի, քանի որ այն քրեորեն պատժելի հանցանք է համայն մարդկության համար՝ չանտեսելով իհարկե իր ազգային ինքնության բարձրանիշն այս հարցում. «…Թուրքիոյ կողմէ ընդունուիլը կամ չընդունուիլը ոչ թէ հայերուն, այլ ուրիշներուն հարցը պէտք է ըլլայ: Հայերուն ընդունում կամ չքմեղանք որոնելը կամ ալ այս երկերեսութեան դիմաց կացութիւնը մուրացկանութեան աստիճանին հասցնելը մեր նախնիներուն ոսկորները կը կսկծեցնէ… Մեր բուն պարտականութիւնը պէտք է ըլլայ փաստել, որ մեր նախնիները չեն կրնար փճացուիլ, անոնք իրենց թողած մեծ ժառանգութեամբ մեր գոյութեան հետ կ’ապրին»[8]: Բայց այս երբեք չի նշանակեր որ Ցեղասպանութիւնը կը մոռնանք…»: Ապա շարունակում է` ընդգծելով, որ ոչ մի հայ ցեղասպանության ենթարկված իր պապերին չի կարող մոռանալ. ՙՄեր գիտցածին կասկա՞ծ ունինք: Աշխարհ գիտէ այդ բոլորը: Մէջն էր այդ բոլորին…: Ես իմ դատս շալկած պէտք է տանիմ…: 85 տարի սպասեցի: Ինծի համար կարեւորը այն է, որ թուրքը գիտնայ եւ ընդունի այդ բոլորը. ասոր համար ալ, Թուրքիոյ մէջ այս մասին թրքերէն կը գրեմ: Մենք մեր պապերուն կը պարտինք ապագայ մը, որ Հայաստանի ապագան է»[9]:

Ընդհանրապես  «Ակօսե-ում հրապարակված նյութերի ուղեգիծը վերապահումով   էր  մոտենում աշխարհին Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու հայության ջանքերին, ուստի գտնում էր, որ Թուրքիան պետք է այն ճանաչի և հատուցի` միայն ժողովրդավար երկիր դառնալով. դա էլ կդառնա հատուցման ճանապարհներից մեկը: Դինքը կարծում էր, որ աշխարհը և հատկապես արևմտյան տերություններն իրենց շահերին են ծառայեցնում Հայոց ցեղասպանության խնդիրը՝ առաջնորդվելով ՙնապաստակին` փախի՛ր, բարակին` բռնէ՛՚ ռազմավարությամբ[10]:

1998 թ. Ֆրանսիայի Ազգային ժողովը հանդես եկավ Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծով: 2000 թ. այն դարձավ Ֆրանսիայի Սենատի օրինագիծ, իսկ 2001 թ.` օրենք: Դրանից հետո օրակարգ մտավ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու խնդիրը, ինչին Դինքը կտրուկ դեմ էր: Նա գտնում էր, որ Թուրքիային ժողովրդավարական արժեքներ պարտադրելու փոխարեն Ֆրանսիան յուրացնում է նրա սխալ օրենքները: Հայության համար որոշակիորեն անընդունելի և անհասկանալի մնաց Դինքի այն սկանդալային պնդումը, թե եթե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացվի, ապա ինքը կլինի առաջիններից, ով կգնա Ֆրանսիա և կփորձի խախտել այն, և Թուրքիան ու Ֆրանսիան թող մրցակցեն միմյանց հետ, թե ով է առաջինն իրեն բանտ նետելու[11]: Լրագրողի այս մոտեցումն առավելապես հենված էր թուրքական իրականության ճանաչման, ինչպես նաև իր որդեգրած ձախակողմյան գաղափարախոսության որոշակի սկզբունքների վրա: Նա իր այդ մոտեցումը բացատրում էր նրանով, որ աշխարհի խորհրդարանների որոշումներից ու վճիռներից ավելի կարևոր է, որպեսզի թուրք ժողովուրդը գիտակցի իրականությունը և կարողանա գտնել այն հարցի պատասխանը, թե «ՙի՞նչ կ′ըսեն այս Հայերը, ինչո՞ւ շարունակ կը պնդեն ցեղասպանութիւն կատարուած ըլլալուն մասին, ի՞նչ առնելիք-տալիք ունին այս մարդիկը թուրքերուն հետ»[12]: Ապա ընդգծում է, որ անգամ Եվրոպան որոշ զգայուն հարցերում չի կարողանում պայքարել ժողովրդավարության հիմնական սկզբունքների` մտքի և խոսքի ազատության համար: Այդ օրենքով, ինչպես նկատել է տալիս Դինքը,  մարդկանց դատապարտելու փոխարեն այն պետք է ծառայեցնեն սեփական ժողովրդին ցեղասպանության երևույթը բացատրելու և հետևանքները «բուժելուե համար: Այն հասարակություններում, որտեղ տեղեկացված լինելու իրավունքը բավականաչափ չի օգտագործվում, մարդիկ խոսում են իրենց իրազեկվածության չափով, իսկ եթե պաշտպանում են այն, ապա դա ինչպե՞ս կարող է հանցանք համարվել: Իսկ երբ դա վերածվի հանցանքի, մի՞թե այդ անձնավորությանը միացրած չեն լինի ցեղասպանության ճանաչման պայքարին  (ընդգծումը մերն է – Է. Մ.): Եթե մարդ գործում է իրազեկվածության իր չափով, ապա, ինչպես իրավացիորեն շարունակում է հեղինակը,  այդ ընդունած օրենքն ինչպիսի՞ փոփոխություն կարող է մտցնել այդ անձնավորության  հայացքներում[13]:

Շաբաթաթերթն իր առաջադրած նյութերով  նաև պաշտպանում էր այն վիճելի տեսակետը, թե Թուրքիան պետք է Հայոց ցեղասպանության խնդիրը դուրս բերի արևմտյան տերությունների քաղաքական գործիքների շարքից: ՙԵս գիտեմ իմ իրականութիւնը, գիտեմ` շալկել եմ պապերուս գլուխէն անցած այդ ցաւը եւ չեմ հաւատար ո՛չ Ֆրանսիայի, ո՛չ Գերմանիոյ, ո՛չ միւսին, որ Ցեղասպանութեան ճանաչման հարցը նոյն ատեն չեն գործածեր, չեն շահագործեր իրենց քաղաքականութեան Թուրքիոյ հետ ունեցած մարզին մէջ՚[14], – գրում է Դինքը: Երբ 2005 թ. Գերմանիայի խորհրդարանում բարձրացվեց Հայոց ցեղասպանության հարցը, Դինքը բոլոր հայերին կոչ արեց. ՙՍթափվե՛ք, Մերկելը սա ձեզ համար չի անում՚[15]: Ապա անդրադառնալով Թուրքիային՝ ասաց. ՙՄերկելի ցավն այլ է` ինչպիսի խաղաթուղթ օգտագործել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու դեմ՚: Ըստ Դինքի` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասում է. ՙԱյո՛, գիտեմ, որ ցեղասպանության հարցը Թուրքիայում ազգայնականների համար շատ նուրբ թեմա է: Թուրքիան այս հարցում, եթե անհրաժեշտ լինի, անգամ Եվրամիությանը կմերժի. այդ նկատառումով էլ այստեղ դնեմ այդ հարցը՚[16]: Ուստի հենց Թուրքիայի խորհրդարանում թուրք պատգամավորներին կոչ էր անում Մերկելին այդպիսի ուժ չտալ:

Հաճախ է անդրադարձ արվում նաև ԱՄՆ-ի նախագահի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին և Genocide իրավական եզրի կիրառմանը: Այս մոտեցմամբ այն նկատել է տալիս, որ աշխարհը, հատկապես գերտերություններն արմատախիլ արված ու բնաջնջված ժողովրդի ցավը դարձրել են խաղաքարտ. ելնելով իրենց շահերից` մե՛կ Թուրքիայի դեմ են օգտագործում, մե՛կ Հայաստանի. ՙԵս պատմական ողբերգութիւն մը ապրեր եմ, որուն ճակատագիրը այսօր կը գտնուի Միացեալ Նահանգներու Նախագահին երկու շըրթներուն միջեւ, անոր երկրին ազգային շահերուն կապուած ըլլալով՚[17]:

Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմատիկայի շրջանակներում է գտնվում կեղծիքի վրա հիմնված և ցեղասպանության փաստը հերքող քարոզչությունը, որը տարածված է նաև դպրոցական և բուհական դասագրքերում: Հեռուստատեսությամբ ցուցադրվում են հակահայկական բնույթի քարոզչական փաստագրական ֆիլմեր ու հաղորդումներ, անգամ տարրական ու միջնակարգ կրթական հաստատություններում հանձնարարվում են Հայոց ցեղասպանության փաստը հերքող շարադրություններ, կազմակերպվում են ազգամիջյան թշնամանք հրահրող աշակերտական միջոցառումներ: Նման քարոզչական դրևորումները, սակայն, չեն վրիպում Եվրոպայի աչքից. եվրոպական 160-ից ավելի քաղաքական, իրավաբանական, կրթական կազմակերպությունների համատեղ ջանքերով ստեղծվում է ՙԹուրքական վարժարանների մեջ ուրացման քաղաքականության դեմ եվրոպական կոալիցիա՚[18]: Այդ կառույցը հանդես եկավ Թուրքիայի խիստ քննադատությամբ և կոչ արեց զրկել նրան տարեկան միլիոնավոր եվրոների կրթական օժանդակությունից: ՙԱկօս՚-ում տեղ գտավ նաև Եվրոպայի հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանի` Եվրոպական խորհրդարանի հանձնաժողովի խորհրդի վարիչներին ուղղված կոչը, որտեղ նա գրում է. ՙԻնչպէս որ նիւթապէս չի քաջալերուի Հրէական ցեղասպանութեան ուրացումը կամ ալ հարաւային Ափրիկէի ՙափարթհայտ՚-ի (ցեղապաշտական քաղաքականութեան) պաշտպանութիւնը, այնպէս ալ որքան ատեն որ Եւրոպայի կողմէ որդեգրուած սկզբունքներուն դէմ գործող արժեքները կը շարունակէ տարածել, թուրք կրթական ու դաստիարակչական դրութիւնն ալ պէտք չէ տնտեսապէս մատակարարուի Եւրոպայի տնտեսական միջոցներով՚[19]:

Թուրքական հակահայկական և իր բնույթով հակագիտական քարոզչությունը, սակայն, ավելի լայն հոսքով շարունակվեց նաև ՙգիտական՚ ասպարեզում: Այդ հարցում հատկապես ակտիվ էին ՙԹուրքական պատմագիտական ընկերությունը՚ և վերջինիս նախկին նախագահ պատմակեղծարար Յուսուֆ Հալաչօղլուն: Նրա՝ կեղծիքներով հարուստ գրքի շուրջ մամուլում հեռակա բանավեճ է սկսվում Հալաչօղլուի և Հրանտ Դինքի միջև: Հալաչօղլուն անգամ բողոքի նամակ է հղում ՙԱկօս՚-ի խմբագրատուն, որում պատմում է իր ՙհետազոտությունների՚ մասին և նշում. ՙԱնշուշտ, դուք ալ կ’ուզէք, որ օտար վաւերագրերու լոյսին տակ իրողութիւնը մէջտեղ դրուի: Երկու հաւաքականութիւններու միջեւ այդ թուականներուն բախում մը պատահած է անկախ հայկական պետութիւն մը հիմնելու  համար: Այդ պատճառաւ ալ մեռնող Հայեր եղած են: Ես ներողամտութեամբ կը դիմաւորեմ ձեր հեգնական հակազդեցութիւնը: Որովհետեւ, մինչեւ այսօր միմիայն Հայերու սպանութիւնը լսելով մեծցանք: Բայց ասոր փոխարէն` Հայկական կազմակերպութիւններու ըրածներուն մասին բնաւ չխօսուեցաւ՚[20]: Հալաչօղլուից հետո թուրք ուսումնասիրող Մուրադ Բարդաքչըի աշխատասիրությամբ հրատարակվում է Թալեաթ փաշայի օրագիրը, որում փաստեր կային հայերի տեղահանության և ոչնչացման վերաբերյալ: Թուրքական քարոզչամեքենան սկզբում այս գիրքը փորձում է օգտագործել ի շահ իրեն, սակայն հետագայում պարզ է դառնում, որ օրագրում առկա որոշակի փաստեր այնքան էլ ձեռնտու չեն պետական թեզին: Թուրքական իշխանությունների և քարոզչամեքենայի այս վայրիվերումները դառնում են ՙԱկօս՚-ում քննարկման նյութ, որտեղ էլ բավական հետաքրքիր շեշտադրումներով բացահայտվում է կեղծիքի վրա հիմնված քարոզչության սնանկությունը[21]:

ՙԱկօս՚-ում սկսվում է Հայոց ցեղասպանության հետ կապված մեկ այլ թեմատիկ բանավեճ, որը, սակայն, կրկին խնդրահարույց է, և որի գիտականությունը լուրջ կասկածների տեղիք է տալիս: Խոսքը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի կողմից Հայոց ցեղասպանության խնդրին տրված գնահատականին է վերաբերում: Որոշ թուրք պատմաբաններ փորձում են արդարացնել Մուսթաֆա Քեմալին և նրան ներկայացնել որպես այլ կողմնորոշում ունեցող գործիչ, սակայն օբյեկտիվ փաստերը ցույց են տալիս, որ նա եղել է նույն երիտթուրքական մոտեցման կրող և շարունակել է հայերի դեմ ցեղասպանական քաղաքականությունը: Այնուհանդերձ, հիշյալ թեմայով սկսված քննարկումները շաբաթաթերթի էջերում որոշակի դրական նշանակություն ունեին, քանի որ արծարծվում էր Հայոց ցեղասպանության խնդիրը:

Այս թեման առավելապես տեղ է գտնում Թաներ Աքչամի հոդվածներում: Այսպես, Աքչամը գրում է. ՙԵթէ Աթաթիւրք այսօր ապրելու ըլլար, 1915 թ. պատահածները չէր պաշտպաներ: Պետութիւնը եթէ ցոյց տալու ըլլար Մուսթաֆա Քէմալի 1919-1920-ի շրջանին քաղաքացիական արիութիւնը, այսօր իր գտնուած տեղէն շատ աւելի տարբեր տեղ մը կը գտնուէր՚[22]: Մուսթաֆա Քեմալը, ըստ Աքչամի, 1920 թ. ապրիլի 24-ին Ազգային մեծ ժողովում իր ելույթում իբրև ասել է, որ անցյալում հայերի հետ պատահածը շատ ծանր դեպք է: Ապա ռադիոհաղորդումներից մեկում նշել է. ՙԵրաշխիք կու տամ որ անգամ մըն ալ Հայոց սպաննութեան նման չարիք մը պիտի չպատահի՚[23]: Իհարկե, նման հայտարարություններ եթե նույնիսկ եղել են, ապա ուղղված էին արտասահմանյան լսարանին և նպատակ են ունեցել ի ցույց դնելու Թուրքիայի՝ իբրև թե ՙփոխվող նկարագիրը՚:

Շարունակելով այս թեման` Աքչամը նշում է, որ Թուրքիայում ցեղասպանություն բառն առաջին անգամ գործածել է Աթաթյուրքի ընկեր Ֆալիհ Րըֆքը Աթայը: Նա 1968 թ. ՙԴյունյա՚ թերթում տպագրել է. ՙԱսիկա ցեղասպանութիւն մըն է՚ վերնագրով հոդվածը, որտեղ պատմել է Աթաթյուրքի հետ կապված իր հուշերը. ՙԱթաթիւրք, 1915 թ. Հալէպի մէջ Օթել Պարոնը մնալով, հոն կը տեսնէ Հայերու բնակեցման գործերով զբաղուող Չերքէզ Հասան Ամճան: Աթաթիւրք երբ զայն կը տեսնէ, շատ կը բարկանայ եւ կը գոչէ. – ՙՈճրագործնե՛ր, բոլորդ ալ ճակատի ետեւի շարքերուն մէջ Հայ սպաննելու համար շրջագայող ոճրագործներ էք: Ձեզմէ ո’չ մէկը ճակատ գալով կը պատերազմի՚: Բայց յետագային ներման կ’արժանանայ, որովհետեւ Հայերու տեղադրման գործը լրջօրէն կատարած ըլլալուն պատճառաւ Հասան Ամճան ալ պաշտօնազուրկ եղած է՚[24]:

Հայոց ցեղասպանության հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող թեմաների շարքում ավելորդ չէ առանձնացնել մեկ դրվագ ևս: Թուրքական իշխանությունները ժամանակ առ ժամանակ կազմակերպում էին հայ-թուրքական հարաբերություններին նվիրված միջոցառումներ, որոնք մեծ մասամբ ունեին իմիտացիոն բնույթ և միտված էին երկխոսության տպավորություն ստեղծելուն: Նմանատիպ մի հանդիպման ժամանակ, որը տեղի ունեցավ 2005 թ. ապրիլի 5-ին և վերնագրված էր՝ ՙՀայ-թուրքական հարաբերությունները պատմական գործընթացում՚, հրավիրված էին հայ համայնքը ՙներկայացնող՚ երեք մասնակից` Հրանտ Դինքը, լրագրող և հրապարակախոս Էթիեն Մահչուփյանը և ՙպոլսահայ՚ իշխանամետ ու ՙթուրք ազգայնամոլ՚ գրող Լևոն Փանոս Դաբաղյանը: Մասնակիցներից իրականում միայն Դինքն էր ներկայացնում հայ համայնքը, քանի որ մյուս երկուսը կապ չունեին համայնքի հետ[25] և պարզապես ծագումով էին հայ: Այդ սեմինար-քննարկման ժամանակ Դինքը մի հետաքրքիր հարց է առաջ քաշել՝  հայտարարելով. ՙԴուք հուշարձաններ եք կառուցում, արարողություններ կատարում, իսկ ես, կորցրած լինելով իմ նախնիներին, չեմ կարողանում հիշատակել ապրիլի 24-ը՚[26]: Այս խոսքերը լուրջ հակազդեցության տեղիք տվեցին, իսկ  ՙԱրդարություն և զարգացում՚ կուսակցության պատգամավոր Ինջի Օզդեմիրը, հարձակվելով Դինքի վրա, ասաց. ՙԷլ ինչպես էիք հիշատակելու, աշխարհում ամենուրեք հուշարձաններ եք կառուցել՚[27]: Սակայն դրանից հետո էլ Դինքը չի դադարել իր և իր նման մտածողների հետ պատմական փաստարկումներ է առաջ մղել շաբաթաթերթում:

Այսպիսով` ՙԱկօս՚-ում 1996-2007 թթ. սկիզբ առած գործընթացը մի կողմից նպաստեց Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծմանը և դրա ու ցեղասպանություն եզրույթի կիրառման հետագա աստիճանական զարգացմանը, մյուս կողմից լուրջ ազդակ հանդիսացավ ՙթուրքական տաբուների՚ կոտրման համար: Չնայած շաբաթաթերթում Հայոց ցեղասպանությանն առնչվող հոդվածները երբեմն ոչ ամբողջությամբ էին արտացոլում հայ ժողովրդի իրական շահերը և նպատակները, երբեմն կրում էին թուրքական քարոզչության որոշակի տարրեր (հատկապես որոշ թուրք հեղինակների հոդվածներում), սակայն, այնուամենայնիվ, խաղացին լրջագույն դեր թեմայի զարգացման գործում: Կարևոր է շեշտել, որ Հայոց ցեղասպանության թեման ավելի մեծ ծավալներ ստացավ թուրքական մամուլում և ՙԱկօս՚-ում հատկապես Հրանտ Դինքի սպանությունից հետո, ինչը շատերի մոտ ասոցացվեց որպես ցեղասպանության շարունակություն: Միևնույն ժամանակ փաստերը և որոշակի ՙԱկօս՚-ում տպագրված այդ թեմատիկայով հոդվածների ուսումնասիրությունը միանշանակ թույլ է տալիս պնդել, որ հենց Դինքի խմբագրապետության տարիներին արված քայլերը և ընդունված սկզբունքները հիմք հանդիսացան Հայոց ցեղասպանության թեմայի հետագա ծավալմանը թուրքական և թուրքահայ մամուլում:

ТЕНДЕНЦИИ РАЗВИТИЯ ТЕМЫ ГЕНОЦИДА АРМЯН НА СТРАНИЦАХ ГАЗЕТЫ «АКОСե В ГОДЫ РЕДАКТОРСТВА ГРАНТА ДИНКА (1996 – 2007 ГГ.)

Изложенный в статье материал позволяет заметить, что в указанные годы включение темы геноцида армян в повестки дня турецкой прессы и общественно-политических, научно-аналитических рамок Турции, а также дальнейшее развитие этой темы были главным образом связаны с газетой «Акосե и опубликованными в ней статьями армянских и иностранных авторов. Следует отметить, что часть материалов о Геноциде армян, публикуемых в газете «Акосե, является неприемлемой и непостижимой для армян. Во-первых, взгляды Гранта Динка и его левостороннего окружения были основаны главным образом на турецкой реальности и имели целью не столько заговорить о глубинной сути вопроса, сколько создать в Турции возможности для обсуждения этого вопроса вообще. Лишь после кристаллизации своих взглядов Грант Динк стал более постижимым для армян. С другой стороны, некоторые турецкие и иностранные авторы статей явно или скрыто состояли в рядах «официальной интеллигенцииե, потому и преследовали цель продвигать точки зрения турецких властей, порой скрывая это за «армянофильскимиե проявлениями.

Ключевые слова: табу, вызов, альтернативная пресса, Геноцид армян, признание, компенсация, демократия, нравственность научности.

ARMENIAN GENOCIDE THEME TRENDING ON «AGOSե NEWSPAPER’S PAGES THROUGHOUT HRANT DINK’S EDITORSHIP (1996 -2007)

The material set out in the article allows to observe that during the mentioned years the inclusion the Armenian Genocide topic in the agendas of the Turkish press and Turkey’s soiopolitical, scientific analytical framework, as well as the further development thereof are greatly connected with «Agosե newspaper and Armenian and foreign authors’ articles published in it. It is noteworthy that a part of Armenian Genocide materials published in the newspaper is unacceptable and inconceivable for the Armenians.

First, the views of Hrant Dink and his left-hand environment were based mainly on the Turkish reality and were intended not so much to speak about the deep essence of the issue, but to create opportunities in Turkey for discussion of the matter on the whole. That was only after the crystallization of his views that Hrant Dink became conceivable for the Armenians. On the other hand, some Turkish and foreign article writers overtly or covertly closed the ranks of the “the official intelligentsia”, therefore they pursued the aim of advancing the point of view of the Turkish authorities, sometimes hiding it under “Armenophil ” manifestations.

Key words: taboo, challenge, alternative press, Armenian Genocide, recognition, compensation, democracy, scientific morality.

[1] Հայոց ցեղասպանության խնդրին 1965 թ. թուրքական մամուլի արձագանքի մասին մանրամասն տե՛ս Korucu S., Nalcı A., 2015’ten 50 Yıl Önce …1915’ten 50 Yıl Sonra…1965, İstanbul, Ermeni Kültürü ve Dayanışma Derneği, 2014:

[2] Հայ դատն այսօր, 4-րդ խորհրդաժողով, Թեհրան, 2007, էջ 78-79:

[3] «Ակօսե երկլեզու (հայերեն-թուրքերեն, որը Պոլսի մեջ նմանատիպ առաջին շաբաթաթերթն էր) շաբաթաթերթը հիմնադրվել է 1996 թ. ապրիլի 5-ին Հրանտ Դինքի կողմից, ով էլ մինչև իր մահը (2007թ.) եղել է թերթի գլխավոր խմբագիրը: Հարկ է նշել նաև, որ մեր ուսումնասիրության շրջանակներում այդ ժամանակահատվածի ընտրությունը պատահական չէ, քանի որ այդ տարիներին էին  շաբաթաթերթով հիմք դրվել նշված թեմայի զարգացման հիմնական և ամենաբնորոշ միտումները, բարձրացվել թեմային առնչվող հարցադրումները՝ ի ցույց դնելով քննվող հարցի դինամիկան, տաբուի ճեղքումը պոլսահայ մամուլի էջերում:

[4] Պատմական հանդիպումը, ՙԱկօս՚, շաբաթաթերթ, Պոլիս, 8. 04. 2005: Բոլոր մեջբերումները պահպանված են բնագրային ուղղագրությամբ:

[5] Անցեալին հետ առճակատինք, ՙԱկօս՚, 29. 04. 2005:

[6] Տե՛ս Յօդուածագիրներէն փունջ մը, ՙԱկօս՚, 29. 09. 2000:

[7]Dink H., Dink H., «Neye Karşı Çıkıyoruz?», Agos, 3. 11. 2000.. Այս մասին առավել մանրամասն տե՛ս նաև  Շաբթուան հրատապ յօդուածը, «Ակօսե, 12. 06. 1998:

[8] Վասն խաղաղութեան, «Ակօս», 5. 09. 2003:

[9] «Վայ այն ոտքերուն, որոնց տակ ճանապարհ չկայ»,  «Ակօս», 6. 09. 2002:

[10] Տե՛ս «Ակօս» շաբաթաթերթին առաքելութիւնը, «Ակօս», 14. 04. 2000:

[11] Օրինագիծը անցաւ, «Ակօս», 6. 10. 2000:

[12] «Ֆրանսայի ճարպիկութիւնը», «Ակօս», 9. 02. 2001:

[13] Տե՛ս  Դինք Հ., Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան, Երևան, 2007, էջ 106:

[14] Հայ դատն այսօր, 4-րդ խորհրդաժողով, Թեհրան, 2007, էջ 83-84:

[15] Նույն տեղում:

[16] Դինք Հ., նշվ.  աշխ., էջ 158:

[17] ՙՖրանսայի ճարպիկութիւնը», «Ակօսե, 9. 02. 2001:

[18] Տե՛ս Եւրոպայէն՝ ազդարարութիւն, ՙԱկօս՚, 1. 08. 2003:

[19] Նույն տեղում:

[20] Տինք Հ., Կիպրոսը ո՜ւր, Ղարաբաղը ո՜ւր, ՙԱկօս՚, 20. 02. 2004:

[21] Տե՛ս Հաշիւները տակնուվրայ…, ՙԱկօս՚,  29. 04. 2005:

[22] Նույն տեղում:

[23] Տե՛ս Աթաթիւրք կը գոչէր. ՙՈճրագործներ՚, ՙԱկօս՚, 29. 04. 2005: Տե՛ս նաև Հասան Ամջա, Տեղահանություն և ոչնչացում, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Երևան , 2007:

[24] Նույն տեղում:

[25] Էթիեն Մահչուփյանն ինքը բազմիցս հայտարարել է, թե ՙդասական՚ իմաստով հայ համայնքի անդամ չէ և իրավասու չէ ներկայացնելու հայ համայնքը: Տե՛ս, օրինակ՝ Mahջupyan: Benim Ermeni cemaatini temsil etme gibi bir yetkim yok, http://www.ermenihaber.am/tr/news/2014/10/29/Mah%C3%A7upyan-Benim-Ermeni-cemaatini-temsil-etme-gibi-bir-yetkim-yok/14100: Իսկ Լևոն Փանոս Դաբաղյանը հայ համայնքում անվերապահորեն ընկալվում է որպես դավաճան, դուրս է համայնքային ցանկացած զարգացումներից, ուստի ոչ մի կերպ հնարավոր չէ նրան համարել հայ համայնքի ներկայացուցիչ:

[26] Չաքրյան Հ., Ցեղասպանության հարցի քննարկումներ Մեջլիսում՝ մասնակցությամբ թուրքահայ գործիչների, «Ազգե օրաթերթ, Երևան, 7. 04. 2005:

[27] Նույն տեղում:

Աղբյուր՝ «Ցեղասպանագիտական հանդես» 4(1), Երևան, 2016

allTurkey.am

Մեկնաբանություններ