Հայաստան-Թուրքիա քաղաքական հարաբերություններում բացասական տեղաշարժ է եղել. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

2016-ին հայ-թուրքական հարաբերությունների, քաղաքացիական հասարակության նախաձեռնությունների, դիվանագիտական անուղղակի մեսիջների և 2017-ի ակնկալիքների մասին Tert.am-ը զրուցեց թուրքագետ Գևորգ  Պետրոսյանի հետ:

-Պարոն Պետրոսյան, կարելի՞ է ասել, որ 2016-ին հայ-թուրքական հարաբերությունները մնացին սառած և կրկին ոչինչ չփոխվեց:

-Հայաստան-Թուրքիա քաղաքական հարաբերություններում տեղաշարժ եղավ, սակայն ոչ դրական ուղղությամբ: Ապրիլյան պատերազմը, որի ընթացքում Թուրքիան անվերապահ աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին, ավելի հեռացրեց Երևանին և Անկարային: Տարվա ընթացքում կողմերը քաղաքական կամք, նախաձեռնություն և ցանկություն չցուցաբերեցին երկուստեք հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա կապված էր ինչպես Թուրքիայի ներքին խնդիրներով, այնպես էլ արտաքին քաղաքականության հագեցած օրակարգով: Հաշվի առնելով, որ Հայաստանում գարնանը սպասվում է խորհրդարանական ընտրություններ, իսկ Թուրքիայում սահմանադրական հանրաքվե, սպասելի էր, որ 2016-ի հատկապես երկրորդ կեսում պետք չէ սպասել սկզբունքային փոփոխությունների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում:

Տնտեսական հարաբերությունների տեսանկյունից, կարծես թե, էական փոփոխություն չեղավ. կողմերը շարունակեցին բիզնես շփումները, թեև Թուրքիայի ներքին անկայուն դրությունը ևս իր բացասական ազդեցություն ունեցավ այս ոլորտի վրա:

Պետական մակարդակով Հայաստան-Թուրքիա արդյունավետ շփումների բացը փորձեցին լրացնել քաղաքացիական հասարակության՝ թեմայով հետաքրքրված ներկայացուցիչները, սակայն, եթե համեմատենք Ցյուրիխյան արձանագրություններին հաջորդած ժամանակահատվածի հետ, այս դաշտում ևս սկզբունքային փոփոխություններ չարձանագրվեցին:

-2016-ին, ոչ պաշտոնապես, սակայն քաղաքացիական հասարակության, պատվիրակությունների և այլ մակարադակով հանդիպումների, քննարկումների մակարդակն առավել բարձրացե՞լ է, թե՞ ոչ:

-Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակությանը, հարկ եմ համարում հավելել, որ պետական մակարդակով շփումների գրեթե բացակայությունը փորձում է լրացնել հենց այս հատվածը: Կարծում եմ՝ երկուստեք հղված մեսիջները, ինչպիսիք էին, օրինակ, Ստամբուլում ՆԱՏՕ-ի համաժողովի ժամանակ հայաստանյան պատվիրակության ելույթները, բացասական ազդեցություն ունեցան կարգավորման գործընթացի վրա, որը, պետք է ասել, իր ներկայիս ձևաչափով և բովանդակությամբ, սպառված է:

-Ի՞նչ ակնկալել 2017-ին հայ-թուրքական հարաբերություններից՝ պայմանավորված տարածաշրջանային զարգացումներով:

-Ինչպես վերը նշեցի, և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում 2017 թվականի գարնանը սպասվում են կարևորագույն ընտրություններ, ինչից առաջ դժվար է կանխատեսել բեկումնային քայլեր կողմերից, թեև հռետորաբանության առումով կանխատեսում եմ ակտիվացում ինչպես Հայաստանում, այնպես էլ հատկապես Թուրքիայում: Ընդ որում, պետք չէ սպասել կառուցողական հռետորաբանության: Թուրքիայի պարագայում սպասելի է Էրդողանի և համախոհների կողմից հակահայ հայտարարություններ, ինչը թուրքական քաղաքական իրականությունում մշտապես ակտիվանում է նախընտրական շրջանում՝ ազգայնական կողմնորոշում ունեցող ընտրազանգվածի հետ աշխատանքի ընթացքում:

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ