«Մարմարան»` հայ մշակույթի հանգրվան. Էլինա Միրզոյան

Էլինա Միրզոյան

Էլինա Միրզոյան, թուրքագետ

«Այս թերթին անունը «մամա»ի  շատ կը նմանի…»:

«Մարմարա», Կ. Պոլիս, 11.1.1993

Հայ կյանքի ամենաբնորոշ առանձնահատկություններից մեկը հոգևորի արժևորումն է, որն էլ դրսևորվում է ինքնաբուխ հոգևոր շարժման միջոցով: Հոգևոր ազգային արժեքների  պահպանության խնդիրը կենսական մտահոգություն է եղել ժամանակի բոլոր առաջադեմ գրողների ու արվեստագետների գաղափարական առաջնություններում: Հոգևորի արժևորման դերակատարումը վերապահված է նաև հայ մամուլի  արժեքավոր էջերից մեկին` «Մարմարա» օրաթերթին, որը Պոլսի (Ստամբուլ) հայ համայնքի ուշագրավ  թերթերից մեկն է:

Պարբերականը հիմնադրվել է Պոլսի հայկական համայնքի անվանի ներկայացուցիչ Սուրեն Շամլյանի ջանքերով 1940թ. օգոստոսի 31-ին` պատմության մեջ փոթորկուն մի ժամանակաշրջանում: Մինչև 1951թ. հուլիսի 25-ը, այսինքն` մինչև իր մահը, թերթի խմբագիրն է եղել նույն ինքը`  Ս. Շամլյանը: Նրա մահից հետո Շամլյանի նվիրական գործը շարունակելու պարտականությունը և պատասխանատվությունը ստանձնեցին նրա դուստր Սեդան և Պետրոս Զոպյանը: «Մենք, այդ օրերուն, թէեւ շատ երիտասարդ, բայց ունէինք 7-8 տարուան փորձառութիւն մը, – գրում է Պ. Զոպյանը, – ամէն օր ըլլալով Ս. Շամլեանի հետ, մօտէն տեղեակ էինք իր երազներուն, իր դժուարութիւններուն եւ նաեւ իր յաջողութիւններու գաղտնիքին: Մօտէն ծանօթ էինք հանրային հարցերու իր մօտեցումին, իր դատելու կերպին եւ մանաւանդ զանոնք հանրային ուշադրութեան յանձնելու իր եղանակին, հետեւաբար երբ ակամայ կը ստանձնէինք այդ պատասխանատու գործը, ունէինք այն վստահութիւնը թէ պիտի յաջողէինք մեր առաքելութեան մէջ»[1]: Իրավ, Պ. Զոպյանը որդեգրեց թերթի գաղափարական այն ուղին, որը ծնունդ էր առել Ս. Շամլյանի գաղափարական ուղուց, և որը շարունակվում է Ռ. Հատտեճյանի խմբագրության տարիներին (1967թ.): 1967 թվականից թերթը վերանվանվել է «Նոր Մարմարա»:  «Մարմարան» 2001 թ.-ից  հրատարակում է նաև թուրքերեն մեկշաբաթյա հավելվածը` «Նոր Մարմարան», որում ընդգրկվում են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները: Հավելվածը հասցեագրված է թրքախոս հայերին, ովքեր չեն կարողանում կարդալ հայերեն, սակայն ցանկանում են հաղորդակից դառնալ հայ կյանքին: Ներկայում թերթը  խմբագրում է Ռ. Հատտեճյանը (Հադդելեր): Շամլյան – Զոպյան – Հատտեճյան գրչեղբայրների ընտանիքը հայ մտքի դաստիարակչական միևնույն ուղին են որդեգրել: «Թերթին առաքելութիւնն է, – նշում է Հատտեճյանը, – Թուրքիոյ մէջ կամ Թուրքիայէ դուրս ապրող Հայերու ծանօթացնել Իսթանպուլահայ կեանքը, նաեւ արտասահմանցիներին ալ տեղեակ պահել Թուրքիոյ մէջ օրէ օր արձանագրուած զարգացումներէն: Մեր գլխաւոր նպատակներէն մէկն ալ պահպանելն է մեր մշակոյթը, մեր ինքնութիւնը, մեր գրականութիւնն ու երաժշտութիւնը… » (29.1.1993): Այս առաքելության իրականացումը ծրագրային կերպով դրսևորվում է թերթի էջերում:

«Իրոք, ճակատագրական օրերին, երբ մեր միտքն ու ջանքը քաղաքականութիւն, տնտեսութիւն կառուցելուն է ուղղուած, չպէտք է մոռացութեան տալ երրորդ հաւասարապէս կարեւոր հոգեւոր ոլորտի, մշակոյթի գործօնը: Մինչեւ չկարողացանք սրբել մեր ազգային նկարագիրը, որ հիմնականում հայ մշակոյթն է արտացոլում, մինչեւ ազգային հոգեբանութիւնը դէպի քաղաքակրթութիւն շրջադարձ չկատարի, մեր բոլոր ձեռնարկումները դատապարտուելու են անյաջողութեան: Այս ճշմարտութիւնը մոռանալն այժմ աններելի է» (2.1.1991), – այս սկզբունքով է թերևս «Մարմարա» օրաթերթի խմբագիր Ռ. Հատտեճյանը առաջնորդվում իր գործունեության մեջ, ում համար հոգևորի արժևորումը հարատևման փիլիսոփայությունն է:

«Մարմարայում» հոգևոր շարժումը ընդգրկում է մեր հոգևոր կյանքի բոլոր մարզերը` սկսած գրականությունից, արվեստից մինչև հայագիտության և հայրենագիտության բոլոր բնագավառները, որի հիմնական սևեռակետը ազգային ինքնության, ազգային գոյության պահպանությունն է: Պարբերականն իր առաջադրած ուղիներով կերպավորում է հայ ազգի կերտվածքի ուրույն գծերը:

«Մարմարայի» գրական հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է. ընդգրկում է գրականության պատմության ու տեսության ամենաբազմազան հարցեր: Այն նախ դնում է ազգային ակունքների և հայ գրականության դասական արժեքների յուրացման խնդիրը: Հայ գրականության նպատակն է, համաձայն «Մարմարայի», փոխանցել  «իր նախահայրերուն կտակը եւ օգնել անոնց, որպէսզի գիտակցին իրենց մշակութային ինքնութիւնը» (4.6.1988): Եվ «Մարմարան» կոչ է անում. «Ձուլումի դէմ սփիւռքի վերջին ճակատամարտը սկսած է: Չենք կրնար կորսնցնել այս պատերազմը: Իրաւունք չունինք կորսնցնելու: Այս հոգեբուխ կոչը ուղղուած է բոլորին, սակայն մասնաւորապէս ալ մտաւորականութեան, եկեղեցականութեան եւ երկսեռ Հայ երիտասարդութեան: Մտաւորականութիւնը Ազգին վրայ հսկող գերիվեր զօրութիւն մըն է: Հետեւաբար պարտի կրկնապատկել ջանքերը եւ չխնայել շունչ, ժամանակ, տաղանդ ու խրատ: Պիտի փրկենք մեզ եւ նոր սերունդը» (9.1.2007): Հայտարարելով, որ «ահա եկել է մեր ժամանակը», թերթը կոչ է անում  «ճանչնալ մեր արժեքները» («ճանչնանք մեր արժեքները. Ահա եկել է ժամանակը»,18.4.1988)` առաջադրելով անցյալի գրական ժառանգորդներին: Այս միտումով օրաթերթն առաջադրում է «ապրող էջեր հայ գրականութենէն» ուշագրավ տեսությունը, որի սկզբունքը ոչ թե հայ գրականության պատմությունը ներկայացնելն է, այլ` «հօն ամփոփուած հայ գրականութիւնը ներկայացնող յատկանշական հեղինակները եւ գրութիւնները» (4.6.1988): Ծրագրային կարևոր իրացումներից մեկն է այնպիսի մտավորականների մասին տեղեկություններ հաղորդելը, որոնց անունը միայն լսելիս ապագան փառքով նվաճելու կենսունակություն  ես ձեռք բերում: Օրաթեթի սկզբունքային կեցվածքի դրսևորումները հատկանշվում են որպես և´ արևմտահայ, և´ արևելահայ, և´ սփյուռքահայ մտավորականների վերագնահատման և ժողովրդականացման գործունեություն: Մտավորականությունը, ըստ «Մարմարայի», «զեղչ-վաճառքի ապրանք չէ», և հարկավոր է վերագնահատել նրանց դերակատարումը հայ իրականության մեջ:

Ռ. Հատտեճյանը «Յուշատետր» խորագրով սյունակում պտույտ է կատարում «հայ գրականութեան քուլիսներում»` հատկապես անդրադառնալով գրականության այն ծալքերին, որոնք լուսաբանված չեն: Նա հաճախակի անդրադառնում է Երվանդ Օտյանին, Անդրանիկ Ծառուկյանին, մանավանդ վերջինիս հին երազներին («Պտոյտ հայ գրականութեան քուլիսներուն մէջ, Անդրանիկ Ծառուկեանի հին երազները», 9.1.2007):

«Մարմարան» անդրադարձել է նաև հայ մշակույթի ու գրականության այնպիսի դեմքերի, ինչպիսիք են` Կոմիտասը, Խրիմյան Հայրիկը, Պարույր Սևակը,  Հակոբ Օշականը, Գրիգոր Զոհրապը և շատ ուրիշներ:

Պարբերականը խնդիր է դնում հրատարակել աշխարհասփյուռ նշանավոր հայերի կարևորագույն ստեղծագործությունները, ինչպես նաև ազգագրական արժեքները: «Մարմարայում» հատկապես մեծ տեղ է տրվում Վ. Սարոյանի ստեղծագործություններին, քանի որ դրանք հայեցի դաստիարակության ուղիներից են: Թերթը հաղորդում է, որ Սարոյանի մասին դրոշմանիշ  է լույս տեսել. ««Սարոյեան առաջին հայն է եւ Ֆրեզնոցին է որ արժանացած ըլլայ նման պատիւի» (25.3.1991):

Հետաքրքրական է, որ նյութերից մեկում  խոսվում է այն մասին, որ Կոմիտասի ձայնը դյութել և դյութում է ոչ միայն հայերին, այլև թուրքերին: Թուրքական «Թան» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահմեդ Էմին Յալմանը ժամանակին` «Մարմարայի» նախկին գլխավոր խմբագիր Սուրեն Շամլյանի հետ հանդիպման ժամանակ, ծավալվելով անցյալի դեպքերին և դեմքերին վերաբերող հուշերում, վկայում է, որ թուրք գրող Հալիդե Էդիպը Կոմիտասի երգը լսելուն պես ասել է. «Երբ Կոմիտաս կ’երգեր, Աստուած երկիր կ’իջնէր երկինքէն, լսելու համար» (13.2.1991):

Պարբերականը Մխիթարյան հայրերի գործունեությունը  բարձր է գնահատում: Յուրաքանչյուր համայնք ունի իր երազանքը` հարկավոր է լավ դաստիարակության ուղի բռնել: Մխիթարյան հայրերը և´ որպես հոգևորական, և´ որպես դաստիարակ, իրենց լույսի վառարաններով այդ ուղին են բռնել` ծառայելով Աստծուն և իրենց ժողովրդին (8.8.1988):

«Մարմարան» առանձնահատուկ մոտեցում ունի գրքերի նկատմամբ` գնահատելով դրանց դերը մարդկային դաստիարակության գործում: «Նոր գրքեր» ընդհանուր խորագրով` օրաթերթը լուսաբանում է այն բոլոր նոր լույս տեսած գրքերը, որոնք հայ ոգու կերտվածքի դրսևորումներ են: Պարբերականը խնդիր չի դնում ներկայացնելու գիրքը վերլուծական, հարկ եղած դեպքում քննադատական մոտեցմամբ, այլ նպատակ է դնում այն ներկայացնելու և լուսաբանելու գրքերից բերված հեղինակների խոսքերով և մեջբերումներով: 1993-ի համարներից մեկում տպագրված «Թուրքիոյ մէջ գրուած առաջին վէպը` «Ագապիին պատմութիւնը» վերտառությամբ նյութը ուշագրավ է, քանի որ այն նշում է, որ Թուրքիայում այս վեպն առաջին հայատառ թուրքերեն վեպն է, որի հեղինակն է Հովսեփ Վարդանյանը (ավելի ուշ կոչվել է Վարդան Փաշա): Գիրքը 1953-ին Գառնիկ Ստեփանյանի կողմից հայերեն է թարգմանվել և տպագրվել: Թերթը գրում է, որ գիրքն այն մասին է, թե կրոնական պայքարի պատճառով օսմանյան հայ հավաքականության միջև պառակտումներ էին տիրում: Գրքի հիմքում ընկած է Ագապիի և Հակոբի սիրո պատմությունը, որը զոհ է գնում տիրող կրոնական խնդիրներին:

«Մարմարայում» խոսվում է նաև այն արժեքավոր գրքերի մասին, որոնք թարգմանվել են օտար հեղինակների կողմից, ինչպես`  Րաֆֆու «Խենթը»` ֆրանսերեն (4.8.2007), Ռաֆայել Իշխանյանի «Հայոց պատմությունը»` թուրքերեն (9.1.2007) և այլն: Պարբերականը սփյուռքահայ հեղինակների գրքերը սպառելու և տարածելու խնդրի առաջնային  դերակատարումներից մեկը վերապահում է մամուլին: Օրաթերթը արժեքավոր գրքերի լուսաբանման ուղղությամբ հատուկ մոտեցում ունի, որի արդյունքում գրքերի մասին տեղեկանում է ընթերցասեր լայն հասարակությունը, և գրքերը մամուլի միջոցով կարող են սպառվել և տարածվել:

«Մարմարան» հայ ընթերցողին հնարավորություն է տալիս նաև շփվելու համաշխարհային գրականության հետ: Թարգմանվող երկի ընտրության հարցում օրաթերթն աշխատում է իր որդեգրած գրական ճաշակը դասական կատարելության հասցնել` առաջադրելով այնպիսի հեղինակների աշխատանքների թարգմանություններ, որոնք գեղարվեստական լիարժեք դրսևորումներ են: Համանման ստեղծագործությունները մարդու նկարագրի ձևավորման գործում առավել ցայտուն ազդեցություն են ունենում: Սրանք բազմաբովանդակ են գեղագիտական մշակույթի տեսանկյունից, բայց այդ ստեղծագործությունների կապը հայ կյանքի հետ, բնականաբար, ցայտուն չէ: Այս իսկ պատճառով մենք հարկ չենք համարում անդրադառնալ այդ ստեղծագործություններին: Ընդամենը նշենք, որ օրաթերթը ավելի մոտ է կանգնած ֆրանսիական, իտալական և անգլիական մշակույթներին: Չենք կարող չնշել նաև այն փաստը, որ համաշխարհային գրական ստեղծագորություններ թարգմանելու գործը որոշ հայ հեղինակների հնարավորություն է տվել ներկայանալու «Մարմարայում»:

Պարբերականը գրականության` հոգեկերտվածքի վրա մեծ ազդեցություն ունենալը փաստում է իր նյութերով: Հայ ազգային գրականություն-հայ ազգային արվեստ միասնությունը օրաթերթում ներկայանում է որպես հայ կյանքի մշակույթ:

Արվեստի երևույթների, ներկայացուցիչների և թեմատիկ-գաղափարական ընդգրկմամբ «Մարմարան» արժանի է ուշադրության: Օրաթերթում արվեստը երեք մոտեցումներով է ներկայացվում` գեղարվեստ, ազգային ավանդույթներ-արժեքների լուսաբանում, ֆիլմերի`  որպես մշակութային զենքերի արժևորում:

Պարբերականը հաճախակի անդրադառնում է հայազգի նկարիչների հաջողություններին, մասնավորապես` պոլսահայ, ինչպես` նկարչուհի Քրիստին Սալերիի ցուցահանդեսը, Միսաք Թորոսյանի ոսկերչական աշխատանքների ցուցահանդեսը, Միսաք Թորոսյանի արծաթյա արձանիկների ցուցահանդեսը, Հայաստանի մանուկների ցուցահանդեսը Բոստոնի մեջ, նկարիչ Ժակ Իհմալյանի կտավները Պոլսի մեջ, Ասպետ Մանուկյանի հարցազրույցը Շահեն Խաչատրյանի հետ,  Աիդա Տեր – Բարթողյանի նկարչական ցուցահանդեսը :

«Մարմարայում» ներկայացվում և քննության են դրվում հայ նկարչության նվաճումները, արվեստագիտական հայտնագործումները: Օրաթերթն անդրադարձել է խորհրդային նկարիչ Մարտիրոս Սարյանին, Թեոդոսիայի հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկուն, «մանկություն չունեցող» նկարիչներ Գառզուին, Արշիլ Գորկուն և Ժանսեմին: Ինչպես նաև անդրադարձ է արվում սփյուռքահայ  այնպիսի նկարիչների գործերին, ովքեր մեծ ճանաչում չունեն: «Գիրք մը հայ նկարչին մասին» փոքրածավալ նյութից տեղեկանում ենք, որ «Изоброзительное исскуство» հրատարակությունը գիրք է լույս ընծայել Այվազովսկու լավագույն աշակերտներից մեկի` Էմանուել Մահտեսյանի մասին, ով Ղրիմում պատկերասրահ էր բացել իր ուսուցչի օրինակով (25.5.1988): Տեղեկատվության կարգով ներկայացվում են մի շարք սփյուռքահայ նկարիչներ, ովքեր քիչ ճանաչում ունեն, ճանաչողության սահմանները համայնքային կյանքից դուրս չեն գալիս, ինչպես` լիբանանահայ գծագրիչ-գեղանկարիչ Սարգիս Էքմեքչյանի մասին հոդվածը (24.4.1988):

1991-ի համարներից մեկում տպագրվում է «Ցուցահանդէսէն վերցուեցաւ «Հայոց Ցեղասպանութեան» լուսանկարը» նյութը, որը տեղեկացնում է, որ Էլիս կղզում գաղթակայանի հիմնարկության 100 ամյակի առթիվ բացված ցուցահանդեսում ներկայացվել է մի լուսանկար, ուր երևում էին կախաղաններ և կախաղան հանված մարդիկ: Լուսանկարի տակ գրված էր. «Ահաւասիկ ասոր համար է որ Հայեր, խոյս տալով 1915-1924 թուականներուն Թուրքիոյ մէջ գործուած Հայկական ցեղասպանութենէն, գաղթած են Ամերիկա»: Ամերիկայի ներքին գործերի նախարարության պահանջով այդ նկարը հանվել  է ցուցասրահից: Նմանատիպ նյութերի ընտրությունը պատահական չէ. անուղղակիորեն պարբերականը անդրադառնում է խորքային խնդիրների:

«Մարմարան» մեծ տեղ է հատկացնում հայկական երգարվեստին, կինոարվեստին և թատերական կյանքին վերաբերող նյութերին: 1991-ի համարներից մեկում տպագրվում է «Քրիստոնէական կանուխ շրջանի արուեստը» հոդվածը: Նյութն անդրադառնում է  քրիստոնեական արվեստի ծնունդին, սրբանկարչության զարգացմանը և կարևորությանը, քրիստոնեական արվեստի ոճին, վերջապես կարևորում է այն, որ քրիստոնեական արվեստը սկզբնավորման մասնահատուկ վայր չունի: Կասկած չկա, որ «ան ծնած էր հռոմեական կայսրութեան զանազան մեծ քաղաքներուն մէջ, ինչպէս` Հռոմ, Աղեքսանդրիա, Անտիոք, Եդեսիա, ուր հրեայ–քրիստոնեայ  գաղութներ կ’ապրէին»:

Հայ ճարտարվեստի տարբեր հարցերի (առանձին հեղինակների գործերի  պատմության, ճարտարվեստի տեխնիկայի և այլնի) լուսաբանումն են տալիս «Ճարտարուեստը հայոց պատմութեան ընդմեջէն» (3.8.2007), Նազելի Պալյանի «Հարցազրույց ճարտարապետ Լևոն Թոքմաջյանի հետ» (7.2.1991), «Պոլիս պատմական հին ու մեծ քաղաքը» (14.8.2007), «Տաթեւի վանքը եւ Մակարաւանքը պիտի ծառայեն հոգեւոր պաշտամունքի» (28.4.1988), «Պալեաններու ձեռակերտը» (20.10.1988), «Շուշիի անցեալի պատմությունից» (Ռոպեր Դավթյան, 9.4.1988) հոդվածները: Օրաթերթը ներկայացնում է հայ մշակույթի կարևորագույն օջախները, որոնցում ուշադրության են արժանացել  ճարտարապետական կոթողները:

«Մարմարային» առավել հուզող թեմաներից է  արևմտահայ թատրոնը: Թերթը հարգանք և սեր է քարոզում հայ գրականության և մշակույթի նկատմամբ: Տպագրվում է Հակոբ Ասլանյանի «Այլեւս հանգիստ ննջէ´, Մնակեան Վարպետ» հոդվածը (4.2.1991): Այսկերպ փորձ է արվում պահել հայ դերասանների արժանապատվությունը. «Պիտի պատմինք շարունակ այն ծառայությունները, զորս այս արուաստագետները մատուցած են Թուրքիոյ մէջ»: Այդպիսի մեկն էր Մնակյանը` «Թուրք թատրոնին առաջին հիմնադիրը»: Հայերը, չնայած մահվան վտանգին, «փառավոր ծառայություն» են ունեցել նաև Թուրքիայի տպագրական արվեստում, տպարանների ստեղծման գործում («Տպագրական Արուեստը եւ հայերը», Գևորգ Հակոբյան, 1.4.1988): Հայ թատրոնի պատմության առանձին դրվագների ու բեմարվեստի գործիչների մասին են պատմում օրաթերթում տպագրված այլ հոդվածներ ու դիմանկարներ, որոնք ազգային ինքնագիտակցությունը արթնացնելու իմաստով «Մարմարայի» ծրագրային նպատակներից են:

«Մարմարայի»  էջերում ներկայացվում են հայազգի մշակույթի գործիչների անուններ, ովքեր Թուրքիայում նշանավոր արվեստագետներ են եղել և մեծ ավանդ են ունեցել: 1988-ի ապրիլի 4-ի համարում տպագրված մի ուշագրավ հոդված կա («Հայերն ու Յոյները Թուրք  Գորգագործութեան դէմ»), որից տեղեկանում ենք, որ թուրքերը հայերին մեղադրում են այն բանի համար, թե հայերն իբրև թե քարոզչություն են անում` իրենք  են թուրքերին գորգագործություն սովորեցրել. «Հայերն ալ, ժխտելով Միջին Ասիայէ ի վեր գոյութիւն ունեցող Թրքական գորգագործութիւնը կ ‘ըսեն, թէ Թուրքերու մօտ գորգագործութիւն չկայ, անոնց մենք սորվեցուցինք գորգագործութիւնը, գորգագործութիւնը ոչ թէ Թրքական, այլ Հայկական աւանդութիւն է»:

«Մարմարայի» 1988-ի համարները բացվում են «Հայերու բաժինը Արուեստի ամսուան մէջ» ընդհանուր խորագրով: Տպագվում են Վաղինակ Միսքճյանի`  Լիոնի հայ համայնքում հայերի հաջողությունների մասին հոդվածը (21.11.1988),  ինչպես նաև «Հայ մշակոյթի ամիսը Թորոնթոյի մէջ» հոդվածը: Պարբերականն ակնդետ հետևում է երգարվեստի բնագավառում տեղի ունեցող իրադարձություններին` ընթերցողներին ծանոթացնելով երգարվեստի հայազգի ներկայացուցիչների գործերին և կյանքի մանրամասներին, ինչպես` Սայաթ-Նովային, Արամ Խաչատրյանին, Ջիվան Գասպարյանին: Մասնավորապես նշվում է Ջիվան Գասպարյանի` Թուրքիայում տեղի ունեցած համերգների մասին: Երաժշտությունը կարող է «խաղաղության ձեռք մեկնել», քանի որ դուդուկից լսվող ձայնի մեջ խտացած է մի ամբողջ ժողովրդի ձայն: Օրաթերթը շնորհավորական նյութերով անդրադառնում է  վերոնշյալ բնագավառում հաջողություն ունեցող անձանց, ինչպես` «Ժագլին Չարքճըի փայլուն երգահանդէսը Աթաթիւրք մշակոյթի կեդրոնին մէջ» (13.3.1991), «Սեվան Շենչյանի երաժշտական հաջողություննոերի մասին» (12.4.1988), Ռ. Հատտեճյան  հիշատակի խոսքը Գոհարիկ Ղազարոսյանին (21.1.1988): Գոհար Ղազարոսյանը  պոլսահայ երաժշտության մեջ մեծ ներդրում է ունեցել, սակայն, ինչպես Ռ. Հատտեճյանն է նշում, ցավոք, նրան շատերը չեն ճանաչում:

«Մարմարայում» ծանրակշիռ տեղ է հատկացվում ազգային ծեսերին և ավանդույթներին, քանի որ սերունդների վրա ազդում են ոչ միայն նրանց անձնական վերապրումները, այլև անցյալի պատմությունը և պատմական ավանդությունները: 1988-ի համարներից մեկում Գևորգ Դևրիկյանը տպագրում է մի հոդված` «Ազգային ծեսն ու սովորույթը, աւանդոյթը մեր արեան մէջ են»: Հեղինակը ընդգծում է այն, որ ազգային ծեսը, սովորույթները և արարողակարգերը ազգային ոգին վառ պահող ազդակներն են: Սակայն այս ամենը հնարավոր չէ պատկերացնել առանց տարազի, և տարազի  նկատմամբ հետաքրքրություն չպետք է ունենան միայն ազգագրագետները, քանի որ սերը դեպի տարազ փոխանցվում է արյամբ: Այս գաղափարը պաշտպանվում է Թադեոս Պապիկյանի հոդվածում` «Սովորութիւններ, հաւատալիքներ եւ աւելորդապաշտութիւններ մեր գիւղերուն մէջ (12.9.1988): 2011-ի հունվարի 5-ի համարում լույս են տեսնում հոդվածներ, որոնք լուսաբանում են հայկական ավանդությունները, մասնավորապես ամանոր-կաղանդը, հայկական հին ամանորը («Հայկական հին ամանորը», Նազարեթ Պերպերյան): Սակայն քրիստոնյաների ամանորյա տոնակատարությունը թուրք հասարակության մոտ ընկալվում է որպես «խայտառակության գիշեր» («Թիւրքիյէ» թերթը կը պախարակէ ամանորեան խրախճանքը եւ հեռատեսիլի հաղորդումները», 2.1.1993):

Ինչպես ասվել է, օրաթերթում հաճախ է խոսվում այն ֆիլմերի մասին, որոնք հայկական կյանքի հետ սերտ կապ ունեն: Օրինակ` Անրի Վեռնոյի «Մայրիկ» ժապավենի գովազդը թուրքական TRT հեռուստաալիքով թեժ բարկություն է առաջացրել թուրք հասարակայնության մեջ: Օրաթերթը հաճախակի անդրադառնում է Ատոմ Էգոյանի ժապավեններին, ինչպես նաև Հայաստանում ցուցադրվող մեր մեծերի մասին  ֆիլմերին:

2007 թվականի մայիսի 19-ի համարում «Հայկական Ցեղասպանութիւնը քաղաքական տաք գետնախնձոր է. թուրքերը 85 տարիէ ի վեր կը թաղեն զայն» վերտառությամբ նյութ է տպագրվում, որը թարգմանված էր թուրքական թերթերից: Նյութից տեղեկանում ենք, որ աշխարհահռչակ դերասան և ռեժիսոր Սիլվեսթր Ստալոնեն որոշել է Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրերը» վեպը շարժանկարի վերածել: Ինչպես նշում են թուրքերը, ֆիլմի նկարահանմանը նպաստում է Հայ սփյուռքի ուժը. «Սփյուռքը այնքան կազմակերպուած է, որ կարելի չէ գլուխ ելլել անոր հետ»: Եվ սփյուռքահայությունը այնքան ուժեղ է, որ այսպիսի նկարահանման համար կարողացել է համոզել վերջինիս: Թուրքական թերթերը նշում են, որ Սիլվեսթր Ստալոնեն իր համբավը կկորցնի, եթե այս ժապավենը նկարահանի: Թուրքիայի իրական պատկերը ցուցադրող յուրաքանչյուր արարք «համբավից» զրկվելու վտանգ է ծնում, սակայն մարդկային խիղճը  երբեք չի կարող լռել. ձայնն աստիճանաբար լսելի կդառնա բոլորին կյանքի բոլոր բնագավառներում: Եվ այս հոդվածների միջոցով «Մարմարան» իրականության փնտրտուքների ճանապարհ է բացում:

Այսպիսով` «Մարմարան» տասնամյակներ շարունակ հայ գրականության, մշակույթի հոգևոր հանգրվաններից է Թուրքիայում, մասնավորապես` Կ. Պոլսում: Թերթը կատարել և կատարում է անուրանալի դեր հայության և հայ ինքնության պահպանման գործում, հետևաբար պարբերականը հայ մշակույթի և գրականության ներկայացման և քարոզչության ուղղությամբ կատարած իր դերով արժանի է հատուկ ուշադրության, քանի որ թերթի գործունեության այդ գիծը նպաստում է Թուրքիայում հայ գրականության ու մշակույթի պահպանման-զարգացման գործին` դրանով իսկ մեծ չափով նպաստելով հայ ինքնության պահպանմանը:

ՕԳՏԱԳՈՐԾԱԾ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 «Մարմարա» օրաթերթ, Կ.Պոլիս, 1942, 1943, 1964, 1965, 1983, 1985, 1988, 1989 -2011:

[1] «Մարմարա», Կ. Պոլիս, 21.11.1988: Այսուհետև «Մարմարա» պարբերաթերթի համարը և տարեթիվը կտրվեն շարադրանքում` փակագծերի մեջ:

Հոդվածը տպագրվել է` «Էջմիածին», հոկտեմբեր, 2011, Ս. Էջմիածին:

Աղբյուր՝ akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ