Ռուս-թուրքական համագործակցությունը Սիրիայի տարածքում. Լևոն Հովսեփյան, Սարգիս Գրիգորյան

Սիրիայի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը սկսվել է ավելի վաղ, քան երեկ՝ հունվարի 12-ին, կողմերի միջև Սիրիայում համագործակցության մասին փաստաթղթի ստորագրումը: Այս մասին Razm.info-ի հետ զրույցում փաստեցին թուրքագետ Լևոն Հովսեփյանը և արաբագետ Սարգիս Գրիգորյանը:

Հունվարի 12-ի պայմանավորվածությունը ենթադրում է երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների համակարգում, օդային գործողություններում փոխգործակցություն: Նշվում է, որ սա ուղղված է Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորումների, մասնավորապես՝ «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Թուրքագետ Հովսեփյանը, մեկնաբանելով փաստաթղթի ստորագրումը, փաստեց, որ կողմերի միջև համագործակցությունն ամենևին էլ նոր չէ:

«Ռուսասկան կողմը նաև տարբեր մեխանիզմներով հնարավորություններ էր տալիս, որպեսզի թուրքական օդուժը գործողություններ իրականացնի Հյուսիսային Սիրիայում, մասնավորապես՝ «Եփրատի վահան» գործողության շրջանակում՝ Ալ-Բաբում»:

Ալ-Բաբում թուրքական զինուժը ներկայում գործողություններ է իրականացնում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Սակայն Թուրքիայի Սիրիա ներխուժումը նաև ուղղված է տեղի քրդական ուժերի դեմ:

Անդրադառնալով այս հարցին՝ թուրքագետը չբացառեց, որ մոտ ժամանակներս թուրքական զինուժը կարող է ակտիվ գործողություններ սկսել հենց քրդերի դեմ: Հովսեփյանը նաև մեկնաբանեց այն հարցը, թե ինչ առնչություններ կարող է ունենալ ռուս-թուրքական այս համաձայնագիրը՝ սպասվող թուրք-քրդական բախումներում.

«Այստեղ պետք է դիտարկել առավելապես քաղաքական գործոնները: … Ալ-Բաբի խնդիրը լուծելուց հետո … Թուրքիայի հաշվարկները նրանում են, որպեսզի գործողություններ սկսի նաև որոշակի հատվածներում, որոնք գտնվում են քրդական վերահսկողության տակ: Բայց դա միայն քրդական վերահսկողությունը չի, քանի որ այնտեղ կա հատկապես Միացյալ Նահանգների գործոնը»:

Հովսեփյանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդերին դիտարկում է որպես ցամաքային բաղադրիչ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարում: Այս պատճառով ԱՄՆ-ն կխոչընդատի Թուրքիայի՝ քրդերի դեմ գործողություններին:

«Թուրքիան՝ բախման մեջ մտնելով քրդերի հետ, միաժամանակ լուրջ խնդիրներ է ունենալու նաև Միացյալ Նահանգների հետ: Իսկ այս առումով, կարծում եմ, Ռուսաստանին ձեռնտու գործոն կարող է լինել»:

Անդրադառնալով Ալ-Բաբում թուրքական զինուժի գործողություններին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանն իր հերթին նշեց, որ ցամաքային գործողություններում Թուրքիան որոշակի խնդիրների առաջ է կանգնած: Խնդիրներ ունի նաև թուրքական օդուժը. հարվածները ԻՊ դիրքերին արդյունավետ չեն: Արաբագետն ավելացրեց, որ Թուրքիան մեծամասամբ հենց այս պատճառով գնաց համաձայնության Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանի օդուժի գործողություններն ավելի արդյունավետ են:

Անդրադառնալով Սիրիայի իշխանությունների դիրքորոշմանը ռուս-թուրքական համագործակցության հարցում, արաբագետը նշեց.

«Երբ թուրքերը ներխուժեցին Սիրիա, կտրուկ արձագանք չեղավ Դամասկոսի կողմից, և հստակ զգացվեց, որ Մոսկվա-Անկարա-Դամասկոս, ինչու չէ նաև Թեհրան, որոշակի համաձայնություն է եղել: … Իսկ դրա դիմաց, ըստ էության, Հալեպի ազատագրումը եղավ: Այնպես որ, թուրքական զինուժի ակտիվությունը այս փուլում, հատկապես ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ձեռնտու է Դամասկոսին»:

Աղբյուր՝ Razm.info

allTurkey.am

Մեկնաբանություններ