Դինքի խմբագրապետության տարիներին պոլսահայ համայնքի լեզվական խնդիրների արտացոլումը «Ակօսի» էջերում. Էլինա Միրզոյան

 

Էլինա Միրզոյան, թուրքագետ

Կ.Պոլսում հրատարկվող «Ակօս» շաբաթաթերթում լեզվական խնդիրները (արևմտահայերենի վիճակը պոլսահայ համայնքում) կարևոր տեղ են զբաղեցնում, և թերթն այդ հարցին անդրադառնում է պարբերաբար ու առաջարկում տեսական և գործնական լուծումներ[1]: Ներկայում Ստամբուլի հայ համայնքում կրթական ու լեզվական խնդիրները բավական սուր են և դառնում են տարբեր մասնագետների մտահոգության առարկա: Հայերենախոսության նահանջը մեծ ծավալներ է ընդգրկել. «Եկեղեցիներու մէջ շաբթուան որոշ օրերուն ոչ-հայերէն քարոզներ կը տրուին, բայց ասիկա ոչ թէ «միջազգային շրջանակներ»ու համար, այլ հայերէն չգիտցող հայերուն համար կ’ըլլայ: Մենք երբեք իրաւունքը չենք զգար մեր հայերէն չգիտցող հայերը ստորագնահատելու կամ մեղադրելու: Մանաւանդ երբ անոնց տոհմիկ մշակոյթի և մանաւանդ եկեղեցւոյ հանդէպ իրենց փարումը զանազան հաստատելէ վերջ, – գրում է «Ակօս»-ը, – իսկ ի՞նչ կ’ընեն հայերէն գիտցող հայերը. անոնք ալ սովորութիւն դարձուցած են նոյնիսկ ընտանեկան շրջանակներու մէջ անգամ ոչ-հայերէն խօսիլը: Հայերէն թերթերու մէջ սկսած են օրէ օր շատնալ ոչ-հայերէն ծանուցումները: Մշակութային միութիւններու մէջ, վարչութեան անդամները անգամ ոչ-հայերէնով կ’ընեն իրենց ժողովները: Հայերէնախօս կարգ մը բանախօսներ ոչ-հայերէնով կուտան շատ անգամ իրենց բանախօսութիւնները՝ հայերէնախօս ունկնդիրներուն: Եւ դժբախտաբար երկուստեք՝ բանախօսը եւ ունկնդիրը գոհ կը մնան իրարու գործը դիւրացուցած ըլլալուն համար»[2]:

«Ակօս»-ի հոդվածագիր և պոլսահայ հայտնի մտավորական Երվանդ Գոբելյանը անդրադառնալով լեզվի և դպրոցների խնդրին` գրում է. «Այս հարցումը կարելի է խորագիրը ընել «Նահանջը Առանց Երգ»-ի մը, մանաւանդ այս օրերուն… Այսօր, արդար է գիտակից Հայուն մտահոգութիւնը, տեսնելով մեր վարժարաններուն մէջ ապրուած տեղատուութիւնը՝ Հայերէն լեզուին եւ անոր կողքին տոհմիկ գիտակցութեան. վտանգ մը, որ համատարած է, որուն առջեւ ահազանգի նշանները աւելի բարձր կը լսուին հետզհետէ: Օտարախօսութիւնը ծաւալուն սկսած է դառնալ մեր հաւաքականութեան մէջ, խառն ամուսնութիւններու կողքին, իսկ ա’լ աւելի մտահոգիչը այն է այդ բոլորին մէջ, որ յաճախ Հայերէն խօսող ուսուցիչներու եւ ուսուցչուհիներու չենք հանդիպիր մեր վարժարաններուն մէջ…»[3]: Հեղինակը նկատել է տալիս, որ ուսուցիչները նույնիսկ «իրենց միջև» հայերեն չեն խոսում ուսուցչանոցում և «Ակօս»-ը հաճախ լուրջ քննության և քննադատության առարկա է դարձնում հայախոսության «կամավոր տեղատվությունը»[4]:

Նկատենք, սակայն, որ հայախոսության անկման խնդիրը պոլսահայ տարբեր շրջանակներին մտահոգել է նաև ավելի վաղ: Այսպես, «Մարմարա» օրաթերթի 1988-ի համարներում տպագրված արժեքավոր հոդվածներից, որոնք քաղված էին «Վերադարձ Հայախոսութեան» ասուլիսից («Երեք ժամ Հայերէն խօսեցանք»), տեղականում ենք, որ նույնիսկ այդ ասուլիսներն իրենց դերակատարման մեջ առաջընթաց չեն ունեցել: Դրանք կազմակերպվում էին, որպեսզի ակումբներում հայերեն խոսելու հնարավորություն տրվեր շատերին: Սակայն, ցավոք, հայերեն էին խոսում ընդամենը մեկ-երկու երիտասարդ, իսկ մյուսները հրաժարվել են խոսել` ասելով «հայերէնը ինչի՞ս է պէտք», «հայերէնը չեմ սիրեր», «հայերէնի ուսուցիչ չեմ, հետեւաբար մաթեմատիկը Հայերէն տալու ստիպուած չեմ»:

Հրանտ Դինքը դեռևս «Ակօս»-ի հրատարակումից տարիներ առաջ էր կենտրոնացել այդ խնդիրների վրա, իսկ ավելի ուշ նրա տեսական մտահոգությունները և իրավիճակը շտկելու ուղիները գործնական իրացում ստացան պարբերաթերթում: Նրա կարծիքով` պոլսահայ մամուլը, եկեղեցուն և դպրոցին զուգահեռ, կարևոր անելիքներ ունի  լեզվի նահանջը կասեցնելու հարցում: AgosԵվ այդ քայլերից կարելի է համարել շաբաթաթերթում «Գործնական Հայերէնի» (Pratik Ermenice) ուսուցում բաժնի հիմնումը, որի միջոցով կազմակերպվում էր հայոց լեզվի համակարգված ուսուցում` արևմտահայերենով, թուրքերենով և թուրքատառ հայերենով: Չնայած, որ թուրքատառ հայերենն ի հայտ է եկել ստեղծված բարդ իրավիճակի պարտադրանքով, սակայն գոնե այդ կերպ հնարավոր էր լինում հայոց լեզվի, մշակույթի և գրականության մասին, թեկուզ մակերեսային, գիտելիքներ հաղորդել թուրքախոս հայ ընթերցողներին: Ի դեպ, ավելորդ չէ նկատել, որ այս պարտադրված ընտրությանը ժամանակին ադրադարձել է երջանկահիշատակ Վազգեն Առաջին Կաթողիկոսը. «Այն ինչ որ կը վերագրուի մեր ժողովուրդին, հոգեւոր արժէքներ, վաւերական սկզբունքներ, մշակութային բոլոր իրագործումները ծանօթացնելու համար ես ամբողջութեամբ կ’ուզեմ զօրավիգ կանգնիլ ձեր այս աշխատանքին որով դուք կը ջանաք այս նուիրական սրբութիւնները մեր ժողովուրդին անցնելու, հետեւաբար այն ժողովուրդը որ մասնաւորաբար եկած է այսպէս կոչուած Թուրքիոյ արեւելեան սահմաններէն և այժմ կը գտնուի Պոլսոյ մէջ և հնարաւորութիւնը չունի հայերէն լեզուով կարդալու, կ’ուզեմ որ դուք իրենց ուսուցանէք տաճկերէն լեզուով, այն լեզուով որ իրենց կենդանի խօսակցական լեզուն է…: Հետեւաբար շարունակեցէք ձեր գործը…»[5]:

Այսպես, «Ակօս»-ը նաև նպատակ էր հետապնդում հնարավորինս մեղմել հայախոս և թուրքախոս հայերի միջև առաջացած մշակութային անջրպետը. «Ակօս»-ը զրուցակից էր ընտրել նրանց, ովքեր հայերեն կարդալ չէին կարողանում և այդ պատճառով իրենց հեռու էին պահում մյուս հայերից: Կային նաև ընդդիմացողներ և հայհոյողներ: Հայերին թշնամի համարող մարդիկ, երբ սկսեցին կարդալ «Ակօս»-ը, հասկացան, որ իրենց սովորեցնողները սխալ էին: Փաստորեն, գործունեության ճիշտ ուղի որդեգրելը փոխեց հայի ընկալումը: «Ակօս»-ից առաջ և հետո երկու ազգ է լինելու. սա էր թերևս «Ակօս»-ի առաքելությունը, որն իրականացավ Հրանտ Դինքի շնորհիվ[6]:

Լեզվի և դրա որոշակի առանձնահատկությունների պահպանման ուղղությամբ արված քայլերից հարկ է առանձնացնել նաև մի յուրահատուկ և պարբերական հոդվածաշար, որը հավաքված է «Լուցիքա տուտու» ընդհանուր խորագրի տակ: Դրանք հոդվածներ են, որոնք գրված են ժողովրդախոսակցական արևմտահայերենով, կամ այսպես կոչված «պոլսո հայեվար»-ով: Մի յուրահատուկ գեղագիտական հոսանք համարվող «հայեվար»-ով կիսաերգիծական հոդվածաշարի հիմնադիրը պոլսահայ հայտնի մտավորական Հակոբ Այվազն է, որի գործը հաջողությամբ շարունակվում է «Ակօս»-ի էջերում: Այդ խոսակցական լեզվի մեջ միավորված են արևմտահայերեն և թուրքերեն բառամթերքը, քերականական ձևերը[7], և ցավոք արտացոլում է այն իրականությունը, որը տիրում է պոլսահայ համայնքում` լեզվական խնդրի առնչությամբ: «Ակօս»-ը նկատում է, որ մի կողմից հնարավոր չէ անտեսել հայության այն զանգվածը, որը խոսում է «հայեվար»-ով, իսկ մյուս կողմից.  «Լուցիքա Տուտու»ի խօսակցութիւնը, շօշափած նիւթերն ու գործածած բացատրութիւնները այնքան դրական ու շինիչ են, որ իր դիտարկումները երբեմն կը յիշեցնեն փոքրիկ տղուն զարմանքը թագաւորին մերկութեան ի տես եւ կամ պալատներու համարձակախօս հտպիտները, որոնց ըսածները թէեւ ոմանց կողմէ լուրջի չեն առնուիր, բայց անոնք յաճախ իմաստուն խորհրդատուներէն անգամ կ’ըլլան աւելի օգտակար»[8]:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ «Ակօս»-ը հետևողական կերպով իր ուշադրության կենտրոնում է պահել Պոլսո հայ համայնքի լեզվական խնդիրները, այդ ասպարեզում տեղի ունեցող զարգացումները՝ փորձելով օպտիմալ լուծումներ գտնել և առաջարկել:

[1] Տե՛ս Hrant Dink, Zorunluklar neyi zorluyor?, Agos, 26 Temmuz 1996, Arus Yumul, Cemaat Sorunu, Agos, 19 Temmuz 1996, Mıgırdıç Margosyan, Okullarımız ve…, Agos, 6 Eylül 1996, Mıgırdıç Margosyan, Çifte Standartlar…, Agos, 13 Eylül 1996, Mıgırdıç Margosyan, Anadili, Agos, 3 Mayıs 1996, Mıgırdıç Margosyan, Kültürel değerler, Agos, 10 Mayıs 1996, Hrant Dink, Büyükler Ermenice, Agos, 19 Temmuz 1996, Arus Yumul, Urfa’da Oxford vardı da biz mi gitmedik, Agos, 9 Ağustos 1996, Dil Tartışmaları, Agos, 11 Ekim 1996, Hrant Dink, Ővünenler…Dövünenler…, Agos, 23 Mayıs 1997, Hrant Dink, Herkesin Televizyonu Kendine, Agos, 12 Ekim 2001, Karin Karakaşlı, Yaşamın Zorladıkları, Agos, 13 Aralık 2002:

[2] «Ակօս», թիվ 1, 5 ապրիլ 1996:

[3] «Ակօս», թիվ 203, 18 փետրվար 2000:

[4] Նույն տեղում:

[5] «Ակօս», թիվ 7, 10 մայիս 1996:

[6] http://sabah.com.tr/Pazar/2011/04/17/biz-hrant-dink-kadar-cesur-degiliz

[7] Պոլսահայ համայնքում հայերենի և թուրքերենի միաժամանակյա գործածության մասին թուրքագետ Մերի Քոչարը նշում է. «Այստեղ (պոլսահայեր – Է.Մ.) երկլեզվախոսներ էին. տիրապետում էին թուրքերենին այնքան լավ, որքան հայերենին, և թուրքերեն տարրերի կիրարկումը բնավ էլ կապված չէր այն բանի հետ, թե հայերենում դրանց համարժեքները չկային…Վերջիններիս երկլեզվախոսության մասին է  վկայում հայատառ թուրքերենով գրված հարուստ գրականությունը»: Տե՛ս Кочар М., Турецкие элементы в языке константинопольских армян, Ереван, 1981, стр. 5.

[8] «Ակօս», թիվ 95, 23 հունվար 1998:

Աղբյուր՝ Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ