Էլ-Բաբ` Հայոց ցեղասպանության ժամանակ դեպի անապատ բացված դուռը. Խաչիկ Մուրադյան

Խաչիկ Մուրադյան

Խաչիկ Մուրադյան

Էլ-Բաբը Սիրիայի պատերազմի և տարածաշրջանում իրականցվող գործողությունների շրջանակում երկար ժամանակ է, ինչ հասարակության ուշադրության կենտրոնում է: Իսկ 1915 թ. տնից-տեղից զրկված հայերի համար Էլ-Բաբը, բառի բուն իմաստով, մահվան կայան էր: Կոլումբիայի համալսարանի հրավիրյալ դասախոս, հետազոտող Խաչիկ Մուրադյանը «Ակօս»-ի ընթերցողներին է ներկայացնում հատված իր հոդվածից, որը պատրաստում է տպագրության:

1916 թ. առաջին օրը Հովհաննես Խաչերյանն արթնացավ մոտակայքում գտնվող մի կնոջ ձայնից, ով կատարում էր «Առավոտ լուսո» շարականը: Մի քանի վայրկյան պահանջվեց, որպեսզի հասկանա՝ գտնվում է ոչ թե պապերի հողում՝ Պարտիզակի իր տանը, այլ նախկինում անգամ անունը չլսած Էլ-Բաբ ավանի մերձակայքում գտնվող համակենտրոնացման ճամբարում:

Հուվհաննեսն Էլ-Բաբ հասել էր նախորդ երեկո՝ դեկտեմբեր 31-ին: Ամպերից դույլերով թափվող հորդառատ անձրևի տակ նա և իր հետ գտնվողները մոտեցել էին քաղաքի դարպասներին՝ զուր փորձելով կաշառել և քաղաք մտնել: Նրանց ստիպել էին գնալ մոտակա համակենտրոնացման ճամբար, որտեղ վրաններում ապրում էին հազարավոր հայեր:

Կարճ ժամանակում Հովհաննեսն իմանալու էր, որ Էլ-Բաբում չքավորության, հիվանդության և բռնության պայմաններում հայերը մահանում են: Եվ անգամ եթե հաջողել ես ողջ մնալ, ապա դեռ երկար է տևելու մղձավանջդ:

Ինչևէ Հովհաննեսին հաջողվում է ողջ դուրս գալ Էլ-Բաբի համակենտրոնացման ճամբարից և պատերազմից հետո գրել այդ ճամբարի մասին: Հովհաննեսի` ճամբար հասնելուց ուղիղ 101 տարի անց, այս տողերը գրելիս ԻՊ-ի հսկողության տակ գտնվող Էլ-Բաբը դարձավ թերթերի գլխագրերի նյութ:

Անձրև և ձյուն

Տեղահանության և կոտորածի առաջին ալիքից փրկված հայերը Հալեպից հյուսիս-արևելք ընկած Էլ-Բաբ հասնում են 1915 թ. մայիսին: Սա ամենամեծ ճամբարներից մեկն էր: Ճամբարը դեպի անապատ ձգվող աքսորի գլխավոր անցակետերից մեկն էր: 1915-1916 թթ. այս ճամբարում փակում են հարյուր հազարավոր մարդկանց:

Հուլիսի 21-ին մեծամասամբ Զեյթունից, Մարաշից, Հաճնից և մերձակա գյուղերից ճանապարհ ընկած 1466 աքսորյալների քարավանը տեղավորվել էր Էլ-Բաբում: Աշնան առաջին անձրևների հետ միասին ճամբարում սկիզբ էին առնելու աղքատությունն ու չքավորությունը: Կավահողի վրա գտնվող Էլ-Բաբը վերածվելու էր ճահճի. հողը չէր ներծծելու անձրևը: Ցեղասպանությունից փրկված Հակոբ Սերոբյանը, ով անցել էր Էլ-Բաբի ճանապարհով, իր հուշերում գրում է. «Անծայրածիր տարածության վրա տեղակայված հայ աքսորյալների ճամբարը մեր աչքի առաջ ստեղծվեց: Բառերն ի զորու չեն նկարագրելու իրավիճակը: Գիշերային անձրևները լճի էին վերածում ճամբարը: Ջուրը հասնում էր մարդկանց ծնկներին, ողջ իրերը ջրի մէջ էին թաղված: Ուժասպառ մարդիկ կեղտի, հիվանդության և սովի մեջ անգամ տեղից չէին շարժվում… Գիշերային փոթորկի և անձրևի պատճառով փլված վրանների տակ հազարավոր մարդիկ՝ լաթերի վրա անշարժացած, պառկած էին անվերջանալի տառապանքների մեջ: Ո՛չ Կարմիր խաչ կար, ո՛չ օգնող մի ձեռք և ոչ էլ հույսի նշույլ…»:

Մի անգամ նույնիսկ ձյուն էր եկել: Խաչերյանը հիշում է, որ 1916 թ. փետրվարյան մի առավոտ արթնանում է և տեսնում, որ ճամբարը պատվել է ձյան բարակ շերտով՝ «սա ամենավերջին բանն էր, ինչ կարող էր ցանկանալ աղքտության հետ մաքառող, սոված և հիվանդ մարդը»:

Կյանք և մահ

Ճամբարը կիսաբաց էր: Տեղացիները ինչ որ բան գնելու, վաճառելու կամ միայն կին և երեխա փախցնելու համար կարողանում էին ճամբար մտնել: Լինում էր, որ գիշերները հարձակվում, ինչ որ բաներ էին գողանում կամ էլ մարդկանց էին առևանգում, իսկ ժանդարմերիան բավարարվում էր լոկ այդ ամենը դիտելով, իսկ երբեմն էլ ավարից որոշ բաներ ստանալու դիմաց օգնում էր զոհերին վնաս հասցնող մարդկանց:

Շատ քիչ ուտելիք կար: Անճարակությունը հազարավոր մարդկանց մղում էր ուտել ինչ որ պատահի՝ անգամ սատկած կենդանիներ: Ճամբարի բնակիչները ժանգոտած երկաթներով կենդանիների ոսկորներից միս էին քերում: Անտոնյանը պատմում է. «Հաճախ մսի համար վիճում էին, և հայթայթած միսը հում-հում ուտում: Նրանք, ովքեր փչացած միսը եփելու կամ տաքացնելու համար կրակ էին վառում, համարվում էին բախտավոր»:

Որոշ հայեր, ովքեր չէին կարողանում կերակրել իրենց երեխաներին, տվեցին ուրիշների: Ցեղասպանության վերապրածներից Վերժին Թընգըրյանը երեխային տալու որոշում է կայացնում, երբ Էլ-Բաբ ճամբարում տիֆի համաճարակ է բռնկվում. «Սոված-ծարավ էինք ու աղքատության մեջ: Այս ամենը բավական չէր` տիֆը վրա հասավ: Ես ել հիվանդացա, որևէ մեկը չկար, որ աղջկաս մասին հոգ տաներ: Մտածելով, որ մահանալու եմ, աղջկաս տվեցի մի արաբի, ով այդ պահին ինձ էր մոտեցել»: Նրանք, ովքեր վերցրել էին այս աղջիկ և տղա երեխաներին, մեծ մասին վաճառեցին կամ բախտի քմահաճույքին թողեցին Էլ-Բաբի փողոցներում:

1915 թ. նոյեմբերին, առավոտյան կանուխ Էլ-Բաբ եկող Հայր Տաճատ Արսլանյանը հանդիպում է սահմռկեցուցիչ մի պատկերի՝ «Անձրևների պատճառով լճակի վերածված հողակտորի վրա՝ ցեխի և ջրի մեջ, հազարավոր վրաններ էին սարքել: Վրանների ծայրում մահացած կամ էլ մահվան մահճում մարդիկ էին պառկած: Այնքան շատ էին, որ մահացածներին թաղելու համար կառավարության կողմից նշանակված մարդիկ չէին հասցնում»: Հայր Տաճատ Արսլանյանն իմանալով, որ ճամբարի բոլոր հոգևորականները կամ մահացել, կամ էլ հիվանդացել են, իր ձեռքն է վերցնում իրավիճակի վերահսկողությունը: Տիֆի պատճառով, որը կրակի պես կլանել էր ողջ ճամբարը, ամեն օր 350-400 մահացածների մարմինը հողին հանձնելու համար կայմակամից օգնություն էր խնդրել: Իրավասուները մարմիններն ամփոփելու համար 50 գերեզմանափոր և 1 հսկիչ էին ուղարկել: Գերեզմանափորները երկու խմբի էին բաժանվել: Մի խումբը հոգևորականի հետ ամեն առավոտ շրջում էր ճամբարի 5000 վրաններով և հավաքում մահացածների դիակները, մյուս խումբն էլ ճամբարից դուրս գտնվող գերեզմանոցում գերեզման էր փորում: Կեսօրից հետո դիակները տեղափոխում էին գերեզմանոց և թաղում: Հայր Տաճատը պատմում էր, որ «Այսպես 1915 թ. դեկտեմբերից մինչև 1916 թ.. հունվար, փետրվար 36-40 հազար մարդ են հողին հանձնել»:

Դարձյալ տեղահանություն դեպի անապատ

1916 թ. սկզբին ճամբարի պահակները կրկին արագացրեցին տեղահանության ընթացքը, կանանց, տղամարդկանց ու երեխաներին մահակներով ծեծում էին: Խաչերյանը պատմում է, որ գոռում էին, թե՝ «Դե~հ, վե՛ր կացեք, քանդե՛ք վրանները, այստեղ ոչ ոք չի մնալու»: Էլ-Բաբում մի հայ անգամ չէր մնալու: Էլ-Բաբի դժոխքից փրկվածներին ուղարկում էին Մեսքենեից Դեր Զոր և անդին ձգվող, Եվրատի երկայնքով մեկ փռված համակենտրոնացման ճամբարներ: Այս ճամբարները ևս 1916 թ. մարտից սկսած դատարկելու էին՝ մարդկանց ուղարկելով դեպի Դեր Զոր: 1916 թ. ամռանը մինչև այդ ողջ մնալ հաջողած 200 հազար հայի հրոսակախմբերի աջակցությամբ սպանեցին ժանդարմերիայի ուժերը:

Հալեպում Գերմանիայի փոխհուպատոս Հոֆմանը օգոստոսի վերջին զեկուցում է, որ «Հալեպից Դեր Զոր գնացող ճանապարհը համեմատաբար հանգիստ է: Մեսքենեից հեռու գտնվող ճամբարներում բնակվողների թիվը զգալիորեն նվազել է: Դեր Զորում միայն մի քանի արհեստավոր է մնացել, որոնք էլ գումարտակների կազմում են աշխատում: Միայն 8 շաբաթ առաջ այս ճամբարում հազարավոր մարդիկ կային»: Ըստ Հոֆմանի՝ ճամբարներում փակված, կամ էլ շրջանի տներում բնակեցված մարդիկ «անհետացել են»: Դեր Զորից միսիոներներին նամակներ ու բացիկներ ուղարկող հայերը ևս լռել էին: Խարբերդում ԱՄՆ-ի հյուպատոս Լեսլի Ա. Դևիսը այս ամենի վերաբերյալ գրում է. «Ասել է, թե այնտեղ կատարվող կոտորածների վերաբերյալ շշուկները համապատասխանում են իրականությանը»:

Սկզբնաղբյուր՝ Ակօս, աղբյուր՝ Akunq.net, Լուսանկարը՝ Պերճ Արաբյանի, թարգմանեց Անահիտ Քարտաշյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ