Հայոց ցեղասպանության ժխտումը` որպես հայերի հանդեպ ռասիզմի դրսևորում. Թուրքիայի պատասխանատվության հարցը միջազգային իրավունքում

Էդիտա Գզոյան, ՀՑԹԻ

Հոդվածն անդրադառնում է Թուրքիայի Հանրապետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը: Այն ներկայացնում է հայտնի ցեղասպանագետների կարծիքները և դատարանների որոշումները, որով Ցեղասպանության ժխտումը որակվում է որպես ռասիզմ և ռասայական խտրականություն: Հոդվածի հիմնական դրույթն այն է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հավասարազոր է հայերի հանդեպ խտրականության և ռասիզմի: Ներկայացվում են նաև ցեղասպանության ժխտման քրեականացման վերաբերյալ ազգային և միջազգային օրենսդրությունները, ինչպես նաև քննարկվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրից բխող Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հարցը:

Հայերի դեմ 1915-1923 թթ. իրագործված հանցագործության ժխտումը թուրքական իշխանությունների կողմից հստակորեն պայմանավորված է նախ և առաջ պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև ռասիզմի և հայատյացության շարժառիթներով: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը վերածվել է հսկայական «արդյունաբերության», որը հիմնված է գիտական անազնվության, կեղծ տեղեկատվության, քաղաքական ճնշումների ու սպառնալիքների վրա և ֆինանսավորվում է թուրքական իշխանությունների կողմից: Այս ամենը, համաձայն թուրք իրավապաշտպան Այշե Գունայսուի, բերում է Թուրքիայում ստի իշխանության` կոռումպացնելով ողջ համակարգը:

Թուրքական կառավարության կողմից տարվող այս ժխտողական քաղաքականությունը մեծացնում է նաև թուրք հասարակության դժգոհությունը հայերի հանդեպ: Արդյունքում «հայ» անունը շարունակում է մնալ որպես վիրավորանք, և հետազոտությունները ցույց են տալիս, որ հայերը Թուրքիայում ամենաատելի ազգն են, և թուրք երեխաների 73%-ը կարծում է, որ հայերը վատ մարդիկ են:

Մինչդեռ այսօր Թուրքիայի Հանրապետությունը միջազգային հարաբերությունների ակտիվ մասնակից է, ինչպես նաև բազմաթիվ միջազգային պայմանագրերի կողմ: 1954 թ. Թուրքիան վավերացրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: 2003 թ. Թուրքիան հայտարարեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կոնվենցիայի դրույթների իրականացման հանդեպ իր պարտավորության մասին: Միաժամանակ 2006 թ. ստորագրելով նույն կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությունը` Թուրքիան լիազորեց կոնվենցիային կից ստեղծված Մարդու իրավունքների կոմիտեին ընդունել և ուսումնասիրել Թուրքիայի իրավասության տակ գտնվող անձանց դիմումները` կապված Կոնվենցիայով ամրագրված իրենց իրավունքների խախտման հետ:

Չնայած թուրքական օրենսդրության մեջ միջազգային պայմանագրերի առաջնայնության և դրանց դրույթների իրականացման վերաբերյալ թուրքական կողմի հավաստիացումներին՝ Թուրքիայի Հանրապետությունը շարունակում է խախտել իր միջազգային պարտավորությունները` ժխտելով Հայոց ցեղասպանությունը:

1. Ցեղասպանության ժխտման վերաբերյալ տեսական հիմնավորումներ

Ցեղասպանությունը մեկանգամյա գործողություն չէ, այլ շարունակական գործընթաց: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Գ. Սթենթոնն առանձնացնում է Ցեղասպանության գործողության 10 փուլ: Ժխտումը ցեղասպանության 10-րդ փուլն է, որը մշտապես հաջորդում է յուրաքանչյուր ցեղասպանության: Բազմաթիվ գիտնականներ կարծում են, որ հայտնի ցեղասպանությունների ծրագրված ժխտումը վտանգավոր գործողություն է և պետք է հավասարեցվի իրական ցեղասպանության անմիջական կամ ոչ անմիջական աջակցության հետ (ինչը միջազգային իրավունքում պատժելի արարք է): Կազմակերպված, կանխամտածված ժխտումն ագրեսիայի ձև է, որը պետք է դիտվի որպես աջակցություն իրականացված ցեղասպանությանը: Թե ինչպես է ցեղասպանության ժխտումը հանդիսանում ուրիշների հանդեպ բռնություն, մատնանշվել է հայտնի ցեղասպանագետ Իսրայել Չարնիի կողմից, ով նշում է, որ ցեղասպանության ժխտումը թաքց- նում է հանցագործության սահմռկեցուցիչ բնույթը և արդարացնում դրա մեղավորներին: Այս գաղափարն այնուհետև արծարծվել է Հոլոքոստը վերապրած Դեբորա Լիփշտադի կողմից, ըստ որի՝ ցեղասպանության ժխտման նպատակն է վերաձևել պատմությունը` հանցագործներին արդարացնելու և զոհերին մեղադրելու համար:

Ցեղասպանության ժխտումը հետապնդում է մի քանի նպատակ:

Առաջին նպատակն առնչվում է զոհերի խմբի հետ: Ինչպես զոհերի թվի նվազեցումը, այնպես էլ հենց բուն ցեղասպանության ժխտումը հանգեցնում են զոհերի խմբի շարունակական բնաջնջման կամ կրկնակի սպանության, ինչպես նաև զոհի և հանցագործի դերերի վտանգավոր շփոթեցման:

Ցեղասպանության ժխտման երկրորդ նպատակն անհատի գործոնն է, քանի որ ցեղասպանության ժխտումը՝ որպես բնաջնջման շարունակական դրսևորում, վիրավորում և նսեմացնում է ցեղասպանությունը վերապրածներին, մահացածների հարազատներին և ժողովրդին: Կենդանի մնացածներն ու նրանց հարազատները ստիպված են շարունակել ապրել մի հասարակությունում, որը նպատակ է ունեցել ոչնչացնել իրենց, սպանել է իրենց հարազատներին: Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահի խոսքերով ցեղասպանության ժխտումը շարունակական փորձ է հոգեբանորեն և մշակութային առումով վերացնելու զոհերի խմբին` մերժելով անգամ նրանց հիշողությունն իրենց հարազատների մասին:

Ցեղասպանության ժխտումը նաև հնարավոր հետագա բնաջնջումների հստակ ցուցիչ է (ցեղասպանությունը ծնում է ցեղասպանություն): Քաղաքական նպատակների համար պատմական փաստերի խեղաթյուրումը մեծ ազդեցություն ունի ժողովրդավարության և մարդու իրավունքների վրա: Յուրաքանչյուր փորձ աղճատելու որևէ էթնիկական խմբի հանդեպ իրագործված բնաջնջման պատմությունը մեծացնում է մեկ ուրիշ անգամ և այլ վայրում դրա կրկնվելու հնարավորությունը: Դրա վառ օրինակներից է Հայոց ցեղասպանության անպատժելիությունը. երբ հայկական կոտորածների պատասխանատուները չպատժվեցին, հնարավոր դարձավ իրականացնել հրեական Հոլոքոստը:

2. Ցեղասպանության ժխտումը որպես ռասիզմի դրսևորում

Ռասիզմի վերաբերյալ առկա սահմանումները մեկ միասնական գաղափար են պարունակում, այն է` ատելությունը և անտագոնիզմը որոշակի խմբի նկատմամբ: Ցեղասպանություն հանցագործությունը պարունակում է ռասիզմի տարր, քանի որ ուղղված է որոշակի ազգային, ռասայական, էթնիկական, կրոնական խմբի դեմ: Իսկ ցեղասպանության ժխտումը կրկին հանգեցնում է այն բանին, որ զոհերի խումբը առանձնացվում է, և արդյունքում տվյալ խմբի հանդեպ նախկին ատելությունն ու անցյալի ժխտման անհրաժեշտությունը կրկնապատկում են նրանց հանդեպ թշնամանքը` որակվելով որպես ռասիզմ:

Այսօր ինչպես ակադեմիական գրականության մեջ, այնպես էլ դատական որոշումներում Հոլոքոստի ժխտումը, կատարված իրողության ծավալների նվազեցումը կամ Հոլոքոստի վերաբերյալ փաստերի աղավաղումը որակվում են որպես ռասիզմի (հակասեմիֆիզմի) դրսևորում: Դրանց համաձայն` Հոլոքոստի ժխտումը հակասեմականության ամենածածուկ ձևերից է, իսկ ժխտողները ռասիստներ են և մոլեռանդներ: Այս պնդումների անկյունաքարն այն է, որ Հոլոքոստը ժխտողներն առաջնորդվում են հրեատյացության (հակասեմականության) զգացումով և դրանով նսեմացնում են հրեաների` որպես ժողովրդի համբավն ու արժանապատվությունը: Իսկ ժխտումը և մերժողականությունը ռասիզմի հիմքում են: Ցեղասպանության ժխտումը ռասիստական հայտարարությունների հատուկ կատեգորիա է, քանի որ միաժամանակ ժխտում է մարդկության դեմ կատարված հանցագործությունը և ատելություն է սերմանում տվյալ համայնքի հանդեպ:

Գերմանական նախադեպային իրավունքը Հոլոքոստի ժխտումը որակում է որպես զոհերի խմբին պատկանող անհատների հանդեպ անձնական վիրավորանք:

Փարիզի Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Հոլոքոստի ժխտումն իրական վտանգ է ստեղծում հրեաների համար` նրանց հանդեպ առաջացնելով արհամարհանք, ատելություն և բռնություն:

Մեծ Բրիտանիայում Հոլոքոստը ժխտող գրող Դավիթ Իրվինգի գործով դատարանը որոշեց, որ հեղինակն ակտիվ ժխտող է, հակասեմիտ և ռասիստ:

2002 թ. Ավստրալիայի ֆեդերալ դատարանի վճռով Հոլոքոստի ժխտումը և հրեաներին անարգելը որակվեցին որպես ռասայական խտրականության ձևեր:

Միջազգային իրավունքը ևս Հոլոքոստի ժխտումը որակում է որպես ռասիզմ և ռասայական խտրականություն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշմամբ Հոլոքոստի ժխտումը ռասայական խտրականության ամենալուրջ ձևն է, այն «վիրավորանք է հրեա ժողովրդի հանդեպ` միաժամանակ հանդիսանալով հրեաների հանդեպ նախկին խտրական քաղաքականության շարունակություն»: Հրեաների ցեղասպանության հետ կապված տարբեր իրողությունների ժխտումը (օրինակ` գազախցիկների եղելության), ըստ դատարանի մեկնաբանության, խթանում է հրեաների նկատմամբ ատելություն և խտրականություն:

ՄԱԿ-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կոնվենցիային կից Մարդու իրավունքների հանձնաժողովի պնդմամբ Հոլոքոստի ժխտումը հակասեմականության տարածման կարևորագույն լծակ է:

Դժբախտաբար, այլ է վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ժխտման հանդեպ: Իրավացի է Սան Ֆրանցիսկոյի համալսարանի պրոֆեսոր Ստեֆան Զյունսը, ում կարծիքով հակասեմականության մասին տեղեկացվածության մակարդակը բավական բարձր է, իսկ հայատյացության հանդեպ հանդուրժողականությունը տարածված երևույթ է, քանի որ մինչև այժմ քաղաքական առումով ընդունելի է Հայոց ցեղասպանության ժխտումը:

Մինչդեռ Հայոց ցեղասպանության ժխտումը վիրավորանք է հայերի անձնական համբավին, պատվին ու արժանապատվությանը: Այն միաժամանակ ծառայում է որպես գործիք նախկին խտրական պրակտիկան, բռնությունն ու անարգանքը հայերի դեմ կիրառելու համար: Ժխտելով Հայոց ցեղասպանությունը` Թուրքիան ոչ միայն աղավաղում է պատմությունը, այլև, ի դեմս հայերի, ստեղծում է ստախոսների, պատմությունը կեղծողների կերպար, որոնք փորձում են համոզել ողջ միջազգային հանրությանը թուրքերի վատ վարկանիշի մասին: Ժխտողականության քաղաքականությունն իրական վտանգ է ստեղծում հայերի համար և հավասարազոր է նրանց հանդեպ ատելության սադրանքի:

Հատկանշական է, որ Հայոց ցեղասպանությունը քրեականացնող ֆրանսիական օրինագիծը ևս հիմնված էր Թուրքիայում առկա հայատյացության գաղափարի վրա:

Նշենք նաև, որ Հայոց ցեղասպանության ժխտումը ռասիզմի և խտրականության դրսևորում է որակվել նաև իրավական ոլորտում: 2007 թ. դեկտեմբերի 12-ին Շվեյցարիայի դաշնային տրիբունալը (Tribunal Federal Swiss) Թուրքիայում հայերի դեմ 1915 թ. իրականացրած ցեղասպանությունը ժխտելու մեղադրանքով ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ռասայական խտրականության մեջ: 2005 թ. Փարիզի առաջին ատյանի դատարանը (Tribunal de Grande Instance de Paris) Քուիդ հանրագիտարանի դեմ գործում, որն իր վերջին հրատարակության մեջ ժխտել էր Հայոց ցեղասպանության իրողությունը, ամբաստանյալին մեղավոր էր ճանաչել՝ հայկական համայնքին բարոյական տառապանք հասցնելու համար: Այսպիսով, հաշվի առնելով Հայոց ցեղասպանության անժխտելի իրողությունը` նրանք, ովքեր չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը ժխտողների պես առաջնորդվում են ռասիզմի և ֆանատիզմի սկզբունքներով:

3. Ցեղասպանության ժխտման խնդիրն իրավական ոլորտում

Որոշ պնդումների համաձայն՝ ցեղասպանությունը կապված է պատմության հետ, իսկ քանի որ պատմությունը չի ենթարկվում իրավական կարգավորման, հետևաբար ցեղասպանության ժխտումը չի կարող դիտարկվել իրավական դաշտում: Սակայն ցեղասպանության ժխտման դեպքում դատարանի դերը պատմական ճշմարտությունը քաղաքական քարոզչությունից տարանջատելն է: Հենվելով այս տրամաբանության վրա` ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ որոշ երկրների ներպետական օրենսդրությունները քրեորեն պատժելի են համարում ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ իրականացված և պատերազմական այլ հանցագործությունների ժխտումը:

Թեև Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի մասին 1948 թ. կոնվենցիան բացահայտորեն չի անդրադառնում ցեղասպանության ժխտմանը, սակայն Ցեղասպանության կոնվենցիայի վերանայման և փոխլրացման նպատակով նշանակված ՄԱԿ-ի հատուկ խորհրդական Ուիտակերն առաջարկել էր ցեղասպանության ժխտումն ընդգրկել Ցեղասպանության կոնվենցիայի լրացուցիչ արձանագրութան մեջ` այն որակելով որպես ցեղասպանության հրահրում:

Ատելության սերմանումն արգելված է նաև մարդու իրավունքների մասին տարբեր միջազգային կոնվենցիաներով:

4. Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հարցը. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածը մատնանշում է, որ կոնվենցիայի և ոչ մի դրույթ չի կարող դիտարկվել որպես իրավունք` ներգրավվելու որևէ գործողության մեջ կամ իրականացնելու որևէ գործողություն` միտված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված այլ իրավունքների ու ազատությունների խախտմանը:

Հոդվածը վերաբերում է իրավունքի չարաշահման դրույթին և ՄԻԵԴ-ի որոշումների համաձայն` արգելում է օգտվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով (այսուհետև` Կոնվենցիա) սահմանված որևէ իրավունքից` խախտելու համար Կոնվենցիայում ամրագրված այլ իրավունքները»:

Իրավունքի չարաշահման գաղափարը մարդու իրավունքների միջազգային բնագավառում ծագել էր Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` որպես գործիք նացիզմի, ֆաշիզմի և կոմունիզմի45 դեմ պայքարում և միաժամանակ պարունակում էր ժողովրդավարական հասարակության և նրա ինստիտուտների ապահովման երաշխիքներ: Այսպիսով, երբ որևէ գործողություն չարաշահում է Կոնվենցիայի բուն էությունը, ՄԻԵԴ-ը կիրառում է 17-րդ հոդվածը:

Ինչպես յուրաքանչյուր արտահայտություն, որն ուղղված է Կոնվենցիայով ապահովվող արժեքների դեմ, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների ժխտումը հակառակ է Կոնվենցիայի և ժողովրդավարության ընդհանուր սկզբունքներին, մասնավորապես արդարության և խաղաղության գաղափարներին: Արդյունքում դատարանը որդեգրել է այն սկզբունքը, որ պատմական փաստերով հաստատված մարդկության դեմ կատարված հանցագործությունների, ցեղասպանությունների, պատերազմական հանցագործությունների ժխտումը կամ վերանայումը իրավունքի չարաշահում է` խախտելով Կոնվենցիայի 17-րդ հոդվածը:

Դատարանի մեկնաբանմամբ հաստատված պատմական փաստերի ժխտումը հետազոտություն չէ` ուղղված ճշմարտության բացահայտմանը: Ժխտման նպատակն ու արդյունքը լիովին այլ են՝ մեղադրել զոհերին պատմության նենգափոխման մեջ, ինչը ոչ միայն վիրավորական է, այլև մարդասիրությունից զուրկ: Ըստ դատարանի՝ ոչ ոք իրավունք չունի հենվելու խոսքի ազատության իրավունքի վրա, ժխտելու պատմականորեն հաստատված մարդկության դեմ կատարված հանցագործությունները:

Դատարանն այս մոտեցումը որդեգրեց Հոլոքոստի ժխտման հանդեպ: Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի գործում դատարանն ընդգծեց, որ Հոլոքոստի` որպես հաստատված պատմական փաստի ժխտումը կամ վերանայումը չի ենթարկվում խոսքի ազատության իրավունքի պաշտպանությանը:

Սակայն միաժամանակ անհրաժեշտ է ընդգծել, որ դատարանը դեռևս հստակորեն չի բացատրել, թե ինչ է նշանակում հաստատված պատմական փաստ, և որն է այն կրիտիկական պահը, երբ պարզապես պատմական փաստը դառնում է հաստատված: Գարաուդին ընդդեմ Ֆրանսիայի գործում դատարանը հետևյալ ձևակերպումը տվեց. պատմական փաստեր, որոնք չեն վիճարկվում/քննարկվում պատմաբանների կողմից: Սակայն դատարանի այս բացատրությունը ևս միանշանակ համարվել չի կարող և հանգեցնում է հետևյալ հարցադրմանը. հատկապես ինչպե՞ս է դատարանը որոշում, որ պատմաբանների միջև խնդիրն այլևս քննարկման ենթակա չէ: Եթե դատարանի այս վճիռը կիրառենք Հոլոքոստի դեպքում, ապա պետք է նշել, որ հրեաների սպանություններն ու գազախցիկների գոյությունը դեռևս շարունակում են վիճահարույց մնալ որոշ պատմաբանների համար: Այսպիսով, խնդիրը ոչ այնքան պատմական քննարկման, որքան փաստացի պատմության օբյեկտիվ հիմքերի բացահայտման մեջ է:

Իվանովիչն ու ուրիշներն ընդդեմ Ռուսաստանի գործում, որը վերաբերում էր խորհրդային կառավարության կողմից լեհ սպաների` Կատինում զանգվածային սպանության քննչական գործի հետ կապված ռուսական իշխանությունների անգործությանը, դատարանը վերահաստատեց իր դիրքորոշումը մարդկության դեմ կատարված հանցագործությունների հարցում, որը տարածվեց նաև այն հայտարարությունների վրա, որոնք նպատակ ունեն արդարացնելու պատերազմական հանցագործություններն ու առանց պատշաճ դատավարության մահապատժի ենթարկելը (summary execution): Այսպիսով, Կատինի ողբերգությունը ևս դասվեց հաստատված պատմական իրողությունների շարքում:

Կատինի դատավճռի կարևորությունն այն է, որ, ըստ էության, վերացրեց Հոլոքոստի` մինչ այդ բացառիկ կարգավիճակը` 17-րդ հոդվածը կիրառելի դարձնելով պատմական փաստերով հաստատված մարդկության դեմ ուղղված բոլոր տեսակի հանցագործությունների ժխտման կամ վերանայման վրա:

Հայոց ցեղասպանությունը հաստատված պատմական փաստ է: Կասկած չկա, որ Հայոց ցեղասպանության իրողության ժխտումը պատմական հետազոտություն չէ, որն ուղղված է ճշմարտությունը բացահայտելուն: Թուրքական պետության նպատակը սեփական վարկանիշի պահպանումն է, ինչպես նաև փոխհատուցում տալու անհրաժեշտությունից խուսափելը: Արդյունքում հայերը որպես զոհ իրենք են մեղադրվում պատմության նենգափոխման մեջ:

Այսպիսով, Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ կատարված հանցագործության ամենածանր ձևի ժխտում, Թուրքիայի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 17-րդ հոդվածով սահմանված պարտավորությունների խախտում է:

5. Թուրքիայի միջազգային-իրավական պատասխանատվության հարցը. Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային կոնվենցիա, հոդված 20(2)

Կոնվենցիայի 20 (2) հոդվածը սահմանում է, որ ռասայական, ազգային կամ կրոնական ատելության սերմանումը, որը խտրականության, թշնամանքի և բռնության հիմք է, պետք է պատժվի օրենքով: Համաձայն մարդու իրավունքների հանձնաժողովի` հոդվածն ուղղված է խտրականության, թշնամանքի և բռնության հիմք հանդիսացող յուրաքանչյուր ռասայական, ազգային կամ կրոնական ատելության սերմանման դեմ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետության համար այդ քարոզչությունը կրում է ներքի՞ն, թե՞ արտաքին նպատակներ: Հոդվածն իրականացնելու նպատակով անդամ-պետությունները պարտավորված են ընդունել օրենսդրություն՝ նշված բովանդակությամբ, և համապատասխան պատժամիջոցներ կիրառել իրավունքի խախտման դեպքում: Միաժամանակ Մարդու իրավունքների հանձնաժողովի համաձայն՝ պետությունները ոչ միայն պետք է ազգային օրենք ունենան՝ 20.2 հոդվածն իրականացնելու համար, այլև իրենք պետք է ձեռնպահ մնան խտրականության, թշնամանքի և բռնության հիմք հանդիսացող յուրաքանչյուր ռասայական, ազգային կամ կրոնական ատելության քարոզչությունից:

Ֆուրիսոնն ընդդեմ Ֆրանսիայի գործում ՄԻՀ-ը գտավ, որ Հոլոքոստը քրեականացնող օրինագիծը (Gaysot Law of France) լիովին համապատասխանում է խոսքի իրավունքի սահմանափակման վերաբերյալ գոյություն ունեցող դրույթներին, քանի որ օրենքի ընդունումն անհրաժեշտ էր ոչ միայն մյուսների իրավունքներն ու համբավը պաշտպանելու համար, այլև ապահովելու համար հասարակական կարգն ու բարոյականությունը: ՄԻՀ-ը համաձայնեց, որ Հոլոքոստի ժխտումը հիմնական զենք է հակասեմիտիզմի դեմ և իր բովանդակությամբ կարող է սրել, ուժեղացնել հակասեմիտական կրքերը և մերժել հրեական համայնքի իրավունքը ապրելու հակասեմիտիզմի մթնոլորտից զերծ հասարակությունում: Հանձնաժողովը հստակ ցույց տվեց, որ Հոլոքոստի ժխտումը խտրականության դրսևորում է և ճանաչեց Գայսոտ օրենքի դերը որպես խտրականության դեմ պայքարի միջոց:

Եզրակացություն

Իր էությամբ ցեղասպանությունը խտրական հանցագործություն է, քանի որ պարունակում է հատուկ սուբյեկտիվ տարր (mens rea), այն է` որևէ հստակ ռասայական, ազգային, էթնիկ կամ կրոնական խմբի ոչնչացում: Ցեղասպանության ժխտումը, որը, ըստ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի, ցեղասպանության շարունակությունն է, կրում է միևնույն խտրական բնույթը և նույն դիտավորությունը (intent):

Ցեղասպանության ժխտման` որպես ռասիզմի դրսևորման գաղափարը հաստատվել է նաև ազգային և միջազգային դատական ատյանների կողմից: Ազգային այն օրենսդրությունները, որոնք անմիջականորեն չեն արգելում Ցեղասպանության ժխտումը, հարցը դիտարկում են հակառասիստական կամ հակախտրական օրենսդրության ներքո:

Հայոց ցեղասպանության ժխտումը հայերի դեմ խտրականության և ռասիզմի դրսևորում է: Գրված թե բանավոր, թուրքական իշխանությունների թե գիտնականների կողմից հնչեցված ժխտողականությունը ենթադրում է միևնույն սուտը, փաստերի մանիպուլյացիան և հակահայկականությունը: Պետության կողմից ֆինանսավորվող ժխտողական քաղաքականությունը հանգեցնում է հայերի հանդեպ թշնամանքի սրմանը և ազգայնականության խորացմանը:

Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան խախտում է ՄԻԵԴ հոդված 17-ը և ՔՔԻՄԿ հոդված 20-ի (2)-ը, քանի որ այս պայմանագրերը պարտավորեցնում են անդամ-պետություններին ձեռք առնել կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև՝ ձեռնպահ մնալ խտրական գործողությունների մեջ ներգրավվելուց:

Աղբյուր՝ ՀՑԹԻ (Ցեղասպանագիտական հանդես, 2 (2), Երևան, 2014թ.)

allTurkey.am

Մեկնաբանություններ