«Նախնիների սինդրոմը». ցեղասպանության հոգեցնցման փոխանցումը սերունդներին

Եղեռնի հետևանքով մեծ ավերածություն եղավ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեկան և հոգևոր մակարդակներում: Հոգեբանական գիտությունը զբաղվում է ցեղասպանության հետևանքով առաջացած տրավմաների, վերապրողների հոգեկան ու հոգեբանական առանձնահատկությունների, ցեղասպանության՝ սերունդների վրա թողած հոգեբանական ազդեցության վերհանմամբ և նման այլ հարցերով:

Ֆրանսիացի հոգեբան, կլինիկական և սոցիալական հոգեբանության փորձագետ Անն Անսելին Շուտցենբերգերի «Նախնիների սինդրոմը. տրանսգեներացիոն կապեր, ընտանեկան գաղտնիքներ, տարեդարձի սինդրոմ, տրավմաների փոխանցում և գենոսոցիոգրամի պրակտիկ օգտագործում» աշխատությունը լույս է տեսել 1998թ.: Այն նվիրված է հոգեկան ապրումների ազդեցությանը և սերնդեսերունդ փոխանցվելու երևույթին:

Անն Շուտցենբերգերը ստեղծել է թերապիայի սեփական մեթոդը, որի հիմնական գործիքը գենոսոցիոգրամն է: Այդ գործիքի օգնությամբ հոգեբան-հոգեթերապևտը ուսումնասիրում է ընտանեկան ողբերգական պատմությունների թնջուկը, վերհանելով սերունդների կապը` օգնում է դադարեցնել սերնդեսերունդ պատահող անգիտակցական կրկնությունները:
Անն Շուտցենբերգերն անդրադարձ է կատարում նաև ցեղասպանության հոգեբանական տրավմային և դրա ներթափանցմանը վերապրածների ու նրանց սերունդների կյանքի մեջ: Հեղինակը դիտարկում է այդ երևույթները նաև Մեծ եղեռնը վերապրած հայի սերունդների որոշ հոգեբանական և սոմատիկ առանձնահատկությունների օրինակով:
Աշխատելով ընտանեկան դիպվածների հետ՝ նա գենոսոցիոգրամի մեթոդով կարողանում է վերհանել կապը սերունդների միջև:

Շուտցենբերգերը բերում է բազմաթիվ օրինակներ, երբ երեխաներն ունեցել են իրենց ծնողների բռնի մահվան հետ կապված հոգեցնցումներ՝ վրիժառության դեպքերի, սոմատիկ և նևրոտիկ դրսևորումների տեսքով :
Որպես Հայոց ցեղասպանության հոգեցնցման՝ սերունդներին փոխանցվող անգիտակցական կրկնման օրինակ նա պատմում է ֆրանսահայ կնոջ՝ Ժակլինի դեպքի մասին :
Վարսավիր Ժակլինը հոգեբան Շուտցենբերգերի մոտ գալիս է վիզն անշարժացնող պարանոցային բեկակալով: Հոգեբանը հետաքրքրվում է, թե ինչի հետևանք է դա: Պարզվում է, որ ճանապարհային պատահարի հետևանք է, իսկ դեպքը եղել է անմիջապես այն բանից հետո, երբ Ժակլինը հողին է հանձնել իր երեխային: Երեխան ծնված է եղել պարանոցի շուրջ փաթաթված պորտալարով և մինչև 10 տարեկան տառապել է անդամալուծությամբ: Զրույցի ընթացքում հոգեբանն իմանում է նաև, որ Ժակլինի քույրը ևս ունեցել է երեխա, որը ծնվել է գլխուղեղի ծանր հիվանդությամբ:

Տեսնելով, որ Ժակլինի ընտանիքում կա գլխի հետ կապված տարբեր հիվանդությունների խնդիր, և հաշվի առնելով, որ Ժակլինը, նրա ծնողներն ու տատիկը նույնպես վարսավիրներ են, այսինքն նրանց կյանքի առանցքը, մասնագիտական կողմնորոշումը կապված է մարդկային մարմնի կոնկրետ մասի՝ գլխի հետ, Շուտցենբերգերը կառուցում է Ժակլինի գենոսոցիոգրամը:

Հոգեբանը շեշտում է, որ գենոսոցիոգրամի կառուցման համար որոշիչ է լինում այն տեղեկությունը, որ Ժակլինի տատիկը ծնվել է Օսմանյան կայսրությունում և Հայոց ցեղասպանության տարիներին նրա աչքի առաջ Մեծ եղեռնի ոճրագործները ցցի վրա հանած տարել են մոր, երկու քույրերի և ուրիշների գլուխները: Ճշտելով Մեծ եղեռնի հիշատակի օրը՝ հոգեբանը կապ է տեսնում Ժակլինի դստեր մահվան ամսաթվի հետ: Երեխան մահացել էր 1986 թ. ապրիլի 24-ին: Անն Շուտցենբերգերը գրում է, որ իր համար շոկային էր այն փաստը, որ հարազատների կտրված գլուխները տեսնելուց հետո Ժակլինի տատիկը և հետո նաև նրա դուստրերը, թոռնուհին ձևավորում, հարդարում և, եթե կարելի է ասել, «շտկում են» գլուխներ:

Ի՞նչ եզրակացություններ է անում Շուտցենբերգերը: Ըստ նրա, ակներև է որ Հայոց ցեղասպանությունը վերապրածի սերունդներն իրենց մարմինների վրա արտահայտում են այն եղելությունը, որը կատարվել է իրենց ընտանիքի հետ՝ հիշեցման և քավության, կամ էլ՝ արդար դատի համար, իբրև նշան այն բանի, որ իրենց ընտանիքի անցյալում անարդար, բռնի և վաղաժամ մահեր են եղել: Հոգեթերապևտն ասում է, որ դա անգիտակցական կրկնության և սեփական ազգատոհմին հավատարմության օրինակ է:

Ըստ Շուտցենբերգերի, արդար դատի պահանջը սերունդների մեջ արտահայտվում է նաև հայկական անձնանուններում:

Դրա մասին գրում է հոգեբան Մելինե Գարագաշյանը. «Անհատի հոգեցնցումը անհատով չի սահմանափակվում, փոխանցվում է ընտանիքի անդամներին, շրջապատին: Իսկ եթե մի ամբողջ ժողովուրդ է հոգեցնցման ենթարկվում, հատկանիշներն անցնում են սերնդից սերունդ` հաճախ արտահայտվում վրեժի պոռթկումով: Այդ պատճառով ցեղասպանության երկրորդ սերնդի շատ նորածիններ Վրեժ, Վրեժուհի անուններով են մկրտվել»:

Սակայն վրեժին կարող է փոխարինել եղելությունը շտկելու, իրավիճակը փոխելու, հակաբնական երևույթը հաղթահարելու չգիտակցված ցանկությունը, ինչպես, օրինակ, Ժակլինի ընտանիքում է տեղի ունեցել՝ պսիխոսոմատիկ ձևով:

Գենետիկ հիշողության մասին գաղափարը նոր չէ: Հայտնի հոգեթերապևտ Կարլ Գուստավ Յունգն այն դիտարկում է որպես արքետիպային պատկերներ փոխանցող և գենետիկորեն ժառանգվող: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ ցեղասպանությունները վերապրածների և նրանց սերունդների մեջ առկա են լինում փոփոխություններ ֆենոտիպի մակարդակում: Անձի և ազգի մակարդակում պատկերը տարբեր է, և այս իմաստով տարբեր հարթություններով է դիտարկվում ցեղասպանության հոգեցնցումը, սակայն դրա քայքայիչ ազդեցությունը և ապաքինումը բազում կետերով փոխկապակցված են:

Աղբյուր՝ ՀՑԹԻ, Կազմեց Շուշան Խաչատրյանը

allTurkey.am

Մեկնաբանություններ