Մի Փոլաթ Ալեմդար օսմանյան արքայանիստ քաղաքում. Էմրե Ջան Դաղլըօղլու

Էմրե Ջան Դաղլըօղլու

Էմրե Ջան Դաղլըօղլու 

Պատմության այս ընկալման համաձայն` իթթիհադականների մատերիալիզմից և անհավատությունից սկսած՝ մինչև պոզիտիվիզմ և մոդերնիզմ ձգվող մեղքերիշարքում, Հայոց ցեղասպանությունն անշուշտ տեղ չի գտել։ Ավելին՝ Աբդուլ Համիդիօրոք` 1894 թ. և 1895-1896 թթ. կատարված ջարդերի անունն չի հիշատակվում։ Ուստի՝հնարամիտ մարտավարություն է, որ բռնությունների այս ժամանակաշրջանի հետչբախվելու նպատակով հեռուստասերիալը սկսվում է 1896 թ. օգոստոս ամսից, երբջրերը համեմատաբար հանդարտվել էին։     

Անհամբերությամբ էի սպասում TRT հեռուստաալիքով ցուցադրվելիք «Արքայանիստ. Աբդուլ Համիդ» հեռուստասերիալին, քանի որ դոկտորական թեզս այդ ժամանակաշրջանին է վերաբերում։ Ակնկալիքներս պարզ էին, և ինչ-որ առումով իսկապես պատրաստ էի նաև նրան, ինչ տեսնելու էի։ Ի վերջո՝ սերիալը TRT հեռուստաալիքով էր ցուցադրվելու, և Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Իսմայիլ Քահրամանն իր՝ «Մաուզերում մի գնդակ, խրամատում մի ճիչ, խոնարհումում մի աղոթք, լուսահոգի մեծ տիրակալ» կարճ ու կոնկրետ արտահայտությամբ ցույց էր տվել, թե ներկայիս իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն Աբդուլ Համիդի նկատմամբ: Բացի այդ՝ պատմության խորհրդատու Դողան Գյուրփընարի կարծիքով` Մուսթաֆա Արմաղանն էր այն անձը, ով պատմության իր աջ-ռևիզիոնիստական ընկալումերով սուլթանի նկատմամբ հանրային հետաքրքրություն արթնացրեց: Իհարկե, սերիալում Աբդուլ Համիդի անձը, հայացքներն ու քաղաքականությունն անդադար գովաբանության էին արժանանալու:

Թաթար Ռամազան 

Ֆիլմի նախորդ երկու մասերում ինչ-որ տեղ այդպես էլ եղավ, սակայն` ինչ-որ տեղ միայն, քանի որ սերիալում Աբդուլ Համիդի կերպարի ու ժամանակաշրջանի նկարագրությունն այնքան սխալ և ուռճացված են, որ անհանգստացրել են անգամ Աբդուլ Համիդին բացառապես դրական բնորոշող անձանց: Իրականում, սերիալի սկզբում ծանուցվել էր, որ այն «նկարահանվելու է` պատմական որոշ անձանցից ու իրադարձություններից ոգեշնչվելով», այնուհանդերձ դա ևս չի սքողում բացահայտ խեղաթյուրումները, քանի որ սերիալում տեղ է գտել ոչ միայն օսմանյան փադիշահը, այլև` 1890-ականներին ապրած Փոլաթ Ալեմդարը կամ Մարվել հերոսը, նույնիսկ շարունակ բանսարկություններ բացահայտող, դեսպաններին շրխկոցով ապտակող Թաթար Ռամազանը: Սուլթանին դիվանագիտական վարպետություն, հանգստություն ու հավասարակշռություն վերագրողների համար նրան այսքան կոպիտ տեսնելն ընդունելի չէ:

Բացի այդ՝ սերիալում տեսնում ենք, որ Աբդուլ Համիդը բարեգթության օրինակ է և ընտանիքի բարեհամբույր հայր, իր դեմ բացեիբաց ապստամբած, հեղափոխականների հետ համագործակցած արքայազն Աբդուլքադիրի նկատմամբ անգամ` բարեսիրտ: Ի լրումն այս ամենի՝ սերիալում փադիշահի երեխաների «սիրելի հայրիկ» դիմելաձևն ամենևին «Երեխաները չլսեն» (կոմեդիայի ժանրի թուրքական հեռուստասերիալԱկունքի խմբ.) սերիալի տպավորություն չի թողնում: Ավելին՝ Աբդուլ Համիդն աննախադեպ իրադարձությունների թնջուկը բացահայտող խուզարկու հանճար է, Google Translate է, ով թերթ է կարդում իր չիմացած լեզուներով: Առաջին սերիայում սուլթանը, ով հանձնարարում է թարգմանել անձամբ Արթուր Կոնան Դոյլի կողմից ուղարկված (թե, արի այստեղի կյանքն էլ չանտեսենք) նոր «Շերլոք Հոլմս» վեպը, հետագայում սկսում է ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն թերթեր կարդալ: Մինչդեռ սերիալում ճերմակ մորուքով, լուսավոր դեմքով ներկայացված Թահսին փաշայի հուշերից գիտենք, որ սուլթանը միայն ֆրանսերենին էր տիրապետում, այն էլ՝ թեև լավ չէր խոսում, սակայն կարողանում էր փաստել սխալները, որ գտնում էր թարգմանություններն ընթերցելիս:

Մանավանդ այն, որ սուլթանը պալատում շարունակ խառատի գոգնոցով է շրջում, մի հարց է առաջացնում՝ կայսրությունը վարպետ Գեպետտո՞ն (Կարլո Կոլլոդիի հեղինակած «Պինոկիոյի արկածները» ստեղծագործության հերոս Պինոկիոյին ստեղծած վարպետըԱկունքի խմբ.) է արդյոք կառավարում, քանի որ պետական գործերով զբաղվելու փոխարեն տարված է պալատի համար փորագրություն անելով, Գերմանիայի կայսերը նվերներ մատուցելով: Առնվազն ծիծաղելի է այն, որ Աբդուլ Համիդը ընտանիքի, ազնվականության հետ սեղան է նստում, անծանոթ մի կնոջ պալատում է հյուրընկալում և առանց նախազգուշական միջոցառումների՝ իր մոտ է թողնում, և սա այն դեպքում, երբ անվտանգության հարցում Աբդուլ Համիդը խելացնորության էր հասել, կասկածում էր անգամ մերձավորներին և այս պատճառով իր ստեղծած մատնիչների ցանցով սասանել էր կայսրության բյուրոկրատիայի հիմքերը:

«Բոլորս եղբայր ենք»

Հեռուստասերիալում տրագիկոմեդիայի հասնող սխալներն ու պատմությունն աղավաղելու ջանքերն, անշուշտ, այս ամենի հետ աղերսներ չունեն: Ինչպես նշում է Մուրադ Բարդակչըն՝ սերիալում ուրբաթօրյա աղոթքի և պաշտոնական արարողակարգերի տեսարանները լիակատար ձախողանք են. ուրբաթօրյա աղոթքին ենիչերիական երաժշտություն է հնչում, ինչն այդ ժամանակաշրջանում գոյություն չի ունեցել, իսկ արարողակարգերի արձանագրային կանոնները պարզապես անտեսված են: Հեռուստասերիալի մեկնարկը 1896 թ. օգոստոսի 30-ն է՝ սուլթանի գահակալության 30-րդ տարելիցը, մինչդեռ սերիալում դրանից մեկ շաբաթ առաջ դաշնակցականների կողմից Բանկ Օտտոմանի գրավումից հետո մայրաքաղաքում տեղի ունեցած հայերի ջարդերի մասին խոսք անգամ չի գնում: Ընդհակառակը՝ այդ մթնոլորտում հնչակյան «ավազակախումբ» Ստամբուլի կենտրոնում փորձում է մերկացնել «խախամի տեսք ունեցող» մի կաթոլիկ քահանայի, իսկ քահանային այս իրավիճակից, բնականաբար, 2 թուրք իգիթ է փրկում, որից հետո փրկիչների միջից առավել տարեցի շուրթերից «բոլորս եղբայր ենք» ռոմանտիզմի սոուսով համեմված իշխող ազգի կոչն ենք լսում, և միանգամից մեր աչքի առաջ Մալկօչօղլու-Բաթթալ Գազի ֆիլմերի սյուժեն է հառնում:

Հեռուստասերիալը դավաճանների ներկայացնող շքերթ է, և եթե այս առումով տեղաբաշխում անենք, երրորդ հորիզոնականը կարող ենք շնորհել «արտաքին ուժերի» հետ համագործակցելով սուլթանի դեմ դավեր նյութող Դամաթ Մահմուդ փաշային և, իհարկե, նրա որդուն՝ արքայազն Սաբահադդինին: Սցենարի հեղինակների համար ընտանեկան դավաճանների կոնտինգենտը հավանաբար հագեցած է եղել, որ Մահմուդ փաշայի մյուս որդուն՝ արքայազն Լյութֆուլլահին, գերադասել են ջնջել պատմության թատերաբեմից: Թեև հայտնի է, որ այս զույգը Աբդուլ Համիդի հակառակորդն ու ժամանակաշրջանի ընդդիմության՝ երիտթուրքերի գաղափարների համախոհն է եղել, այնուամենայնիվ, սա ակնհայտ դավաճանության հետ նույնականացնելը, անշուշտ, աջ-ռևիզիոնիզմի՝ իթթիհադականներին Թուրքիայի բոլոր խնդիրների համար մեղավոր քավության նոխազ հայտարարելու հետևանք է: Սակայն պատմության այս ընկալման համաձայն` իթթիհադականների մատերիալիզմից և անհավատությունից սկսած՝ մինչև պոզիտիվիզմ և մոդերնիզմ ձգվող մեղքերի շարքում, Հայոց ցեղասպանությունն անշուշտ տեղ չի գտել։ Ավելին՝ Աբդուլ Համիդի օրոք` 1894 թ. և 1895-1896 թթ. կատարված ջարդերի անունն չի հիշատակվում։ Ուստի՝ հնարամիտ մարտավարություն է, որ բռնությունների այս ժամանակաշրջանի հետ չբախվելու նպատակով հեռուստասերիալը սկսվում է 1896 թ. օգոստոս ամսից, երբ ջրերը համեմատաբար հանդարտվել էին։  

Չարիքների երկրորդ հորիզոնականում Անգլիան է. մի թագուհու ենք տեսնում, ով շատ համառ է անընդհատ Ամդուլ Համիդին խաբելու, Օսմանյան կայսրությունը կործանելու և նոր պետական գործիչներ պատրաստելու հարցերում: 1850-ական թթ.-ից Օսմանյան կայսրության ամբողջականությունը պահպանելու նպատակով Եվրոպայի քաղաքականության վրա իր հետքը թողած այս գերուժն այդ ե՞րբ դարձավ Օսմանյան կայսրության համար 1901 թ. Սևրի քարտեզը նախատեսողը. այս կետը սերիալում մեր աչքից վրիպում է: Իսկ քարտեզի առաջքաշումն առասպել է դարձել, մինչդեռ քարտեզն ի հայտ է գալիս, երբ Բուքինգհեմյան պալատի թագավորական սենյակ ուղարկված սուլթանի լրտեսին մանրամասն ներկայացնում են պալատը: Անուշադրության չմատնենք նաև հետևյալ դրվագը. երբ լրտեսը հարցնում է՝ «Ձերդ մեծություն, այսքան մանրամասներ որտեղի՞ց գիտեք», սուլթանը պատասխանում է, թե յուրաքանչյուր սենյակի համար մի լրտես ունի և նրանց մասին պատմելուց հետո, տպավորություն է ստեղծվում, որ կարծես, անձամբ է շրջել Բուքինգհեմում: Ակնհայտ է, որ սցենարի հարգելի հեղինակները մոռացել են մի հանգամանք.  Աբդուլ Համիդը, որպես երկրորդ թագաժառանգ, Անգալիայում եղել է 1867 թ. հորեղբոր՝ Աբդուլ Ազիզի շրջագայության ժամանակ, և անգամ մնացել է Բուքինգհեմյան պալատում:

Սցենարի հեղինակների համար, իհարկե, այս ամենը որևէ կարևորություն չունի, քանի որ հիմնական նպատակը սուլթանին Էրդողանի հետ նույնականացնելն է և մեր ժամանակակիցներին պատմության հետ աղերսներ չունեցող ուղերձներ թողնելը: Սերիալում պարզորոշ ներկայացված է աջ-ռևիզիոնիզմի 200-ամյա ազգային-ապազգային երկձևության մեջ անկման պատճառ դարձած արևմտականացման արկածախնդրությունից կարճատև հետքայլն ու իսլամական-ազգայնական ջանքը մարմնավորած Աբդուլ Համիդի կերպարը: Պատմական այս ընկալմամբ` ազգայնականության գործընթացն ավարտվել է 1908 թ. «հեղաշրջմամբ» և մինչև ԱԶԿ կուսակցության իշխանության գալը 100-ամյա ապազգային փակագիծ է բացվել:

«Ընտրյալ» սուլթան

Ահա այս նույնականացումը կարդալուց հետո սուլթանն այնպես է խոսում, կարծես՝ գահն իրեն ոչ թե ընտանեկան իրավունքով է անցել, այլ`  պարզապես կառավարիչ է, ով ընտրվել է այդ պարտականությունը ստանձնելու համար: Աբդուլ Համիդը, որին համարում էին «Ամբողջ մուսուլմանների վերջին ամրոցը», սերիալում Անգլիայի դեմ հորինված հնդկական ապստամբություն է հրահրում: Բացի այդ՝ ներկայացվում է նաև, որ իբրև թե մամուլի վրա Աբդուլ Համիդի ճնշումների պատճառը «ոչ թե անձնական, այլ իրենից էլ մեծ խալիֆայության հաստատման դեմ ուղղված զրպարտություններ են», ինչը մեզ վերջերս հնչեցված մի արտահայտություն է հիշեցնում: Նույն կերպ երրորդ հանգրվանը, որի իրականացումը չեն ուզում մեծ ուժերը, սերիալում դառնում է Բաղդատի երկաթուղին, որի կառուցմանն Անգլիան է փորձում խոչընդոտել: Սերիալում 1896 թ. Աբդուլ Համիդը մի միջազգային դավադրության թիրախ է դառնում (ինչը պատմության մեջ երբևիցե չի եղել), սակայն մահափորձը ձախողվում է. նա կենդանի է մնում: Աբդուլ Համիդի դեմ մահափորձ իրականացնողները թիկնազորի անդամներ էին, որոնց զինել էր Օսմանյան կայսրությունը, մինչդեռ կյանքը փրկողը՝ ժողովուրդը՝ հասարակ մի կառապան:

Կարճ ասած՝ հեռուստասերիալի պատմական հեռանկարի համար աջ-ռևիզիոնիստական պատմագրության դուայեն Քադիր Մըսըրօղլուն սերիալի վերաբերյալ իր մեկնաբանությունն ավարտել է մեկ բառով՝ «կատարյալ տգիտություն», «անկրթություն», ինչը, կարծում եմ, բավական է այս հեռուստասերիալը բնորոշելու համար։ Ինչ վերաբերում է վերջինիս քաղաքական կողմին՝ խոսքը Պիեռ Սորլինին եմ փոխանցում, իսկ նա ասում է. «Այսօրվա մասին խոսելու համար չկա ավելի լավ միջոց, քան պատմությունն է։ Ֆիլմերում պատմությունն իրականում մեր օրերի մասին է խոսում, մեր օրերն է մատնացույց անում»։

Հակասեմականության վտանգը

Հեռուստասերիալում Օսմանյան կայսրության դեմ թշնամության գագաթնակետը հրեաներն են։ Այստեղ պատմական, մշակութային, սոցիալ և ընդհանրապես որ ճյուղն էլ ներկայացված է, պատկերն աղճատված է, մի հանգամանք, որի վրա ուշադրություն գրավեցին «Շալոմ» և «Ավլարեմոզ» թերթերում հեռուստասերիալի վերաբերյալ լույս տեսած հոդվածները։ Այսինքն՝ ինչպես Յուսուֆ Հայալօղլուն (թուրք արվեստագետԱկունք խմբ.) է նշում. «Որ մասը նայում ենք՝ անմտություն է, մի հիմար իրադրություն»։ Սիոնիզմի հիմնադիր հայր Թեոդոր Հերզլը մոլագար էր, ում համար կպչուն միտք էր դարձել, որ հրեաները պետք է պետություն ունենան։ «Կնոջ փեշից կախված» մեկը, ով ճնշում է հորը, իր գրասենյակում նստած հաշվում է հարուստ հրեաների ունեցվածքը, Աբդուլ Համիդի դեմ դավադրությունների ամենամեծ միջոցն է և միայն իր կնոջից է վախենում։ Մյուս հրեաները կա՛մ ակնոցներով, սուր մորուքով, ակցենտով խոսող միօրինակ ծաղրանկարներ են, կա՛մ չափազանց խելացի են և ամեն ինչ կարող են անել։ Այս իրավիճակը, որի պատմական կողմը նույնիսկ քննադատության արժանի չէ, հակասեմականության այնպիսի մթնոլորտ է ստեղծել, որ դանակով անգամ չի կիսվի, և սա պարզ դարձավ Սերդար Քորուջուի՝ «Ավլարեմոզ»-ում լույս տեսած հոդվածից և հեռուստասերիալի ցուցադրման ընթացքում «Twitter»-ում արված գրառումներից։

Սկզբնաղբյուր՝  «Ակօս»

Թարգմանություն՝ Անահիտ Քարտաշյանը, Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ