Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը ցեղասպանությունից փրկվածների հուշերում. Սերդար Քորուջու

առաքելոց

Սերդար Քորուջու 

Սուրբ Զատկի տոնը, որը քրիստոնեական հավատքով Հիսուս Քրիստոսի խաչելությունից 3 օր անց նրա հարությունն  է խորհրդանշում, 100 տարի առաջ այսհողերում տոնվում էր բնակչության լայն զանգվածների կողմից։ Բանավորպատմական աշխատությունները մեզ այսօր հաղորդակից են դարձնում Վանում, Մուշում, Սասունում և նման այլ հայաշատ վայրերում Սուրբ Զատկի տաղավարտոնի սովորույթներին։

Հայոց ցեղասպանությունից փրկվածների հուշերը, որ ժողովել է դոկտոր, պրոֆեսոր Վերժինե Սվազլյանը, տեղեկություններ են հաղորդում 20-րդ դարի սկզբին Սուրբ Զատիկը տոնելու հայկական ավանդույթների ու սովորույթների մասին։ Պատմությունները վկայում են, որ 100 տարի առաջ հայերը բազմաթիվ քաղաքներում մեծ տոնախմբություններով են նշել Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Սուրբ Զատիկը Մուշում 

1908 թ. Մուշի Գյումգյում գյուղում ծնված Սաթենիկ Նազարի Պետրոսյանը տոն օրերի խանդավառությունն այսպես է ներկայացնում. «Նշում էինք տոն օրերը՝ Սուրբ Զատիկը, Սուրբ Ծնունդը։ 40 օր պահք էինք պահում, ընկույզով, զեյթունի յուղով ուտելիքներ էինք ուտում, իսկ Սուրբ Զատկին ձու էինք ներկում ու հարևաններին բաժին հանում։ Սուրբ Ծնունդին հայրս սկուտեղի մեջ մեծ գաթա էր հունցում, իսկ երբ այդ գաթան պատրաստ էր լինում, հայրս այն մասերի էր բաժանում։ Գաթայի մեջ ընտանիքի բոլոր անդամների, այս թվում նաև կենդանիների համար, հաջողություն կանխագուշակող մետաղադրամ էր դրված լինում»։

Մուշի Արընջկուս գյուղում 1904 թ. ծնված Սեդրակ Աբրահամի Հարությունյանը նշում է, որ Սուրբ Զատկին տարածված սովորույթ է եղել ձուկ ուտելը. «Սիփան սարից մի գետ էր հոսում, որը 25 ջրաղացի քար էր պտտում։ Գիտե՞ք, թե որքան ցորեն էին աղում։ Երբ մաշկային հիվանդություն էինք ձեռք բերում, Վանա լճում լողում էինք ու լավանում։ Նոր տարվան, ինչպես նաև Սուրբ Զատկին ծովատառեխ էինք ուտում, որը փուշ չուներ»։

Սուրբ Զատիկը Վանում 

Թե ինչպես էին նշում Սուրբ Զատիկը Վանում, պատմում է Վանի Նարեկ գյուղում 1905 թ. ծնված Սմբատ Դավթի Դավթյանը. «Սուրբ Զատկից առաջ նախ պահք էինք պահում, իսկ այդ օրը ձու էինք ներկում և հավկիթակռիվ սկսում. հաղթում էր նա, ում ձուն կոտրել էր մյուս հավկիթներն ու անվնաս էր մնացել։ Այդ օրը եկեղեցին միշտ լիքն էր լինում հավատացյալներով»։

Վանի մեկ այլ բնակավայրում՝ Արձակի Խարակոնիս գյուղում, 1908 թ. ծնված Ազնիվ Ասլանյանն ընդգծում է, որ այդ տարածաշրջանում հավկիթ ներկելու յուրահատուկ սովորույթ կար. «Տոն օրերին, ինչպես օրինակ՝ Սուրբ Զատկին, ձու էինք եփում և կարմիր ներկում «դուրում» կոչված խոտի միջոցով։ Միմյանց տուն էինք գնում, շնորհավորում մեկմեկու։ Հարուստները նոր հագուստ էին հագնում…»։

Սուրբ Զատիկը Սասունում

Սասունում, որը ներկայիս Բաթման գավառն է, ևս մեծ խանդավառությամբ էին տոնում Սուրբ Զատիկը։ Ինչպես պատմում է 1903 թ. ծնված Հակոբ Մանուկի Գրիգորյանը, ամբողջովին հայաբնակ Տալվորիկ գյուղում Սուրբ Զատիկը մեծ կարևորություն ուներ. «Սուրբ Զատկին ձու էինք ներկում, կարմիր-կանաչ գույնի հավկիթներով կռվի բռնվում։ Նշում էին նաև Վարդավառն ու Տյառնընդառաջը։ Այգիներում խարույկ էինք վառում»։

«Սուրբ Զատկից մեկ շաբաթ առաջ տղամարդկանց ձերբակալեցին» 

1915 թ. և դրան հաջորդած տարիներին Ցեղասպանությունից փրկվածները Սուրբ Զատիկը վատ հիշողությունների հետ են ասոցացնում։ Զորօրինակ՝ 1910 թ. Բաբերդում, այսինքն՝ Բայբուրդում ծնված Մասիս Նիկողայոսի Կոջոյանը պատմում է. «1915 թ. ապրիլ ամսին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ հեղինակավոր բոլոր տղամարդկանց բանտարկեցին. հայրս նույնպես նրանց թվում էր։ Բանտարկության երկրորդ օրը մայրս ուտելիք վերցրեց, և նրա մոտ գնացինք։ Հայրս գունատ էր և մեզ զարմացած հայացքով դիմավորեց։ Դրսում մեզ խուզարկել էին, հետո միայն թույլ տվել ներս մտնել»։

Սուրբ Զատկի տոնին գաթայի մեջ թաքցված հաջողության կոճակը 

Տղամարդկանց ձերբակալություններով սկսած Ցեղասպանության գործընթացը շարունակվելու էր հայ ազգաբնակչության ոչնչացմամբ այն հողերի վրա, որոնք դարեր շարունակ նրանց բնօրանն էին եղել։ 1893 թ. Մուշի Բուլանըխ գավառի Համզաշեյխ գյուղում ծնված Տոնական Աբրահամի Տոնոյանը ևս նրանցից է, ով այս գործընթացից հետո անգամ դեռ չի մոռացել իր հայրենիքն ու Սուրբ Զատկի օրերը. «Ժամանակ առ ժամանակ Մուշն եմ հիշում… Ամեն անգամ, երբ մեր հայրենի տունը, մեր հարազատներին, բարձր բարդիներով շրջապատված մեր ընդարձակ բակը, այդ բարդիների վրա ամեն գարուն բույն հյուսող արագիլներին եմ մտաբերում, մտածում եմ, թե կգժվեմ…

Ցավից արտասվելով՝ հիշում եմ Սուրբ Զատկին կամ իմ ծննդյան օրը մորս՝ գաթայի մեջ թաքցված հաջողության կոճակը… մեկ առ մեկ, անուն առ անուն մեր չթաղված նահատակներին, անգերեզման մեր հարազատներին, կորած եղբայրներիս, նրանց կանանց ու երեխաներին։ Անասնացած զինվորներից փախչող և իրենց Մուրադ գետի (ԱրածանիԱկունքի խմբ.) սառը ջրերը նետող անմեղ քույրերից, երիտասարդ հարսներից ո՞ր մեկին հիշեմ, որի՞ համար սգամ…»։

Սկզբնաղբյուր՝ Ակօս

Թարգմանեց Անահիտ Քարտաշյանը, Akunq.net

allTurkey.am

Մեկնաբանություններ