Աթաթուրքի իսկական հետևորդը. Վարուժան Գեղամյան

վարուժան Գեղամյան

Վարուժան Գեղամյան, թուրքագետ

2016թ. հուլիսի զինվորական հեղաշրջման ձախողված փորձը և 2017թ. ապրիլի սահմանադրական հանրաքվեն թե՛ Թուրքիայի ներսում, թե՛ դրանից դուրս լայնորեն դիտարկվում են որպես «Նոր Թուրքիայի» սկիզբ։ Ընդ որում, այդ «Նոր Թուրքիան» ներկայացվում է որպես միանգամայն նոր իրողություն, որը զգալիորեն տարբերվում է հանրապետության պատմության նախընթաց շուրջ 95 տարիների պետությունից։ Այս առիթով ԱՄՆ ամենախոշոր ուղեղային կենտրոններից մեկի՝ «Արտաքին հարաբերությունների խորհրդի» փորձագետ Սթիվեն Քուքը շտապեց հայտարարել, որ «ժամանակակից Թուրքիան մահացել է» և մենք գործ ունենք միանգամայն նոր Թուրքիայի հետ։ Սահմանադրական հանրաքվեի օրը Foreign Policy ամսագրում հրապարակված իր հոդվածում, որը վերնագրված էր «Հանգչիր՛ խաղաղությամբ Թուրքիա` 1921-2017թթ.», Ս. Քուքը գրել էր, որ թուրքական հասարակությունն իրավունք շնորհեց Էրդողանին և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությանը (ԱԶԿ) վերակազմավորել թուրքական պետությունը և հընթացս վերացնել այն արժեքները, որոնց վրա այն հիմնված էր։ Քուքի այս դիտարկումը եզակի չէր և ամենատարբեր ձևակերպումներով լայնորեն տարածվում է թե՛ փորձագիտական, թե՛ գիտական, թե՛ լրագրողական շրջանակներում։

Համաձայն այդ դիտարկումների՝ «Նոր Թուրքիայի» հիմնական առանձնահատկությունները հետևյալն են. այն աստիճանաբար ավելի է հեռանում ժողովրդավարական սկզբունքներից, դառնում է ավտորիտար, իսլամացված, տնտեսապես ոչ այդքան կայուն, քեմալականության  և Աթաթյուրքի դավանած արժեքները մերժող պետություն։ Այս բոլորը տեղավորվում է Ռ.Թ. Էրդողանի շուրջ ստեղծվող անձի պաշտամունքի և նրա տոտալիտար նկրտումների մասին բազմաթիվ վկայությունների համատեքստում։ Հակադրելով ներկայիս իրավիճակը ԱԶԿ իշխանության առաջին տասնամյակի (2002-2012թթ.) տնտեսական առաջընթացին և ժողովրդավարական ազատականացմանը՝ բացասական շրջադարձի մեկնարկ են համարվում 2013թ. Ստամբուլի Գեզի այգու շուրջ ծավալված ցույցերը, որոնց ընթացքում Էրդողանը և ԱԶԿ ցուցադրեցին իրենց պատրաստակամությունը սահմանված նպատակների ճանապարհին կիրառել բոլոր հնարավոր միջոցները, այդ թվում այնպիսիք, որոնք բնավ ժողովրդավարական չեն։

Հենց այդ ժամանակից ի վեր միջազգային մամուլն ու փորձագետները սկսեցին խոսել այն մասին, որ Էրդողանն ու Թուրքիան փոխվում են։ Սակայն Գեզի ցույցերից հետո ո՛չ Թուրքիան է փոխվել, և ո՛չ էլ առավել ևս փոխվել է Էրդողանը։ Իսկ այն հակադրությունը, որը ստեղծվում է Էրդողանի և «Հին Թուրքիայի» խորհրդանիշ Աթաթյուրքի միջև, ունի գլխավորապես քարոզչական բնույթ։ Ավելին, կարելի է ասել, որ Էրդողանի համար Աթաթյուրքը ծառայում է որպես այնպիսի կառավարչի վառ օրինակ, ինչպիսին որ ձգտում է դառնալ հենց ինքը։

Աթաթյուրքի հանրապետությունը

Աթաթյուրքի դերն ու կերպարը հանրապետական Թուրքիայի համար ունեն կենտրոնական նշանակություն։ Գլխավորելով քեմալական ազգայնամոլական շարժումը՝ Աթաթյուրքը կարողացավ Օսմանյան կայսրության ավերակների վրա 1923թ. հոկտեմբերին հռչակել Թուրքիայի Հանրապետությունը։ Իր մեծածավալ արդիականացման և արևմտականացման նախաձեռնություններով՝ պաշտոնական Անկարան մշտապես եվրոպացիների ուշադրության կենտրոնում էր։ Այդ նախաձեռնությունների արդյունքում հաջողվեց կառուցել մի հանրապետություն, որն ուներ կայացած պետական համակարգ և ժողովրդավարական որոշ ինտիտուտներ։ Միևնույն ժամանակ Թուրքիան ներկայանում էր միանգամայն նոր, «եվրոպական» դեմքով, որը խիստ գրավիչ և խոստումնալից էր արևմտյան գերտերությունների համար։ Պատահական չէ, որ ընդհուպ մինչև 2013թ., Արևմուտքում պարբերաբար ստեղծվում էր Թուրքիայի՝ որպես Արևելքի (և առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի) ժողովրդավարության և արդիականացման միակ հաջողված օրինակի կերպարը։ Իսկ այսպես կոչված «Արաբական գարնան» նախնական փուլում «թուրքական մոդելը» դարձել էր գլխավոր չափանիշը, որին պետք է ձգտեին արևելքի մյուս պետական միավորումները (Եգիպտոս, Սիրիա, Թունիս)։ Այս կերպարի հիմքում ընկած էր եվրոպական էվոլյուցիոնիստական մոտեցումը։

Սակայն հանրապետական Թուրքիայի պատմության ոչ մակերեսային դիտարկումը բավական է, որպեսզի այսօրվա գործընթացները դիտարկվեն ոչ թե որպես Էրդողանի կողմից կատարված աննախադեպ շրջադարձ դեպի ավտորիտարիզմ, այլ թուրքական քաղաքական պատմության տրամաբանական շարունակություն։ Աթաթյուրքը նախագահության առաջին երեք տարիներին հաջողեց իր ձեռքերում կենտրոնացնել ողջ իշխանությունը, փակել կամ լռեցնել ընդդիմադիր ուժերին՝ երկրում հաստատելով միակուսակցական ամբողջատիրական վարչակարգ՝ ֆաշիզմի ձգտող միտումներով։ Այդ վարչակարգը կառուցված էր նրա անձի շուրջ պաշտամունքի և աշխարհիկության սկզբունքների վրա։ Իշխանական համակարգը արտաքին փոփոխությունից զատ կենսական փոփոխության չէր ենթարկվել այդ իշխանության հենք հանդիսացող սոցիալ-մշակութային իրականությունը, որը պահպանել էր ավանդական հասարակությանը հատուկ օրենքներն ու օրինաչափությունները։

Աթաթյուրքի մահից հետո ժողովրդավարական սկզբունքներն օգտագործվում էին քաղաքական ուժերի կողմից որպես իշխանության գալու միջոց և սահմանափակվում էին միայն ազատ ընտրություններ կազմակերպելով։ Այդ կարճատև ժողովրդավարական ընդմիջումներին գրեթե միշտ հաջորդում էր քաղաքական դաշտի տարբեր ծայրեր ներկայացնող ուժերի ավտորիտար իշխանության հաստատումը։ Այդպիսի գործիչներ են եղել նախագահներ Ի. Ինոնյուն, Ջ. Բայարը, Ջ. Գյուրսելը, վարչապետներ Ա. Մենդերեսը և այլոք։ Ավտորիտարիզմի խորացմանը հաճախ խոչընդոտել են զինվորականների ուղղակի ներխուժումները քաղաքական ասպարեզ, որոնք չորս անգամ ավարտվել են զինվորական և դարձյալ բնույթով ավտորիտար իշխանության հաստատմամբ։

Նոր Թուրքիան մոռացված հինն է

Ահա այսպիսի ժառանգության կրողն է եղել իշխանության մեկնարկին ԱԶԿ-ն, որի կառավարման առաջին տարիները գերազանցապես ընկալվեցին որպես ժողովրդավարության հաղթանակ։ Որպես դրա լավագույն ցուցանիշ նշվում էր Էրդողանի իշխանության հաղթանակը զինվորականների դեմ։ Սակայն նույն այդ հարցում ուշադրություն չգրավեց այն հարցը, որ զինվորականների դեմ չէր կիրառվում արդար դատաստան և նրանցից շատերը անարդարացիորեն էին հայտնվում բանտերում։ Պատշաճ կերպով չէին լուսաբանվում նաև խոսքի և մտքի ազատության սահմանափակումները, որոնցից ամենահայտնին բազմաթիվ լրագրողների և մտավորականների ձերբակալության պատճառ հանդիսացած 301 հոդվածն էր։

Բռնություններն ու ավտորիտար վարչակարգերին բնորոշ գործունեությունը ներթափանցեցին երկրի կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներ՝ տնտեսությունից մինչև կրթություն։ Ընդ որում, իշխանության հանդեպ Էրդողանի և ԱԶԿ-ի նկրտումներն ամրապնդվում էին օրենսդրական և սահմանադրական փոփոխություններով, որոնք հարմար պայմաններ էին ստեղծում կառավարող վերնախավի իշխանության ամրապնդման և վերարտադրման համար։ ԱԶԿ-ի կառավարման շրջանի ևս մեկ ձեռքբերում համարվող՝ ԵՄ հետ բանակցություններում գրանցված առաջընթացը, ըստ էության, գլխավորապես առնչվում էր այնպիսի կետերի, որոնք վերաբերում էին կառուցվածքային և  ընթացակարգային փոփոխություններին։ Ահա այսպիսի միջավայրում է ձևավորվել և զարգացել ԱԶԿ-ն և դրա առաջնորդ Էրդողանը։

Թուրքական քաղաքական կյանքում ավտորիտարիզմի «բնական» և ընկալելի լինելու մասին է վկայում նաև ընդդիմության շարքերում ավտորիտար գործիչների հանդեպ ձևավորված վերաբերմունքը։ Այսպես, գլխավոր ընդդիմադիր ուժ հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ), խիստ քննադատության ենթարկելով Էրդողանի և ԱԶԿ-ի քաղաքականությունը, այնուամենայնիվ չի վերանայում իր գնահատականը այդ կուսակցության հիմնադիրներ և հանրապետության նախագահներ Քեմալ Աթաթյուրքի և Իսմեթ Ինոնյուի ծայրահեղ ավտորիտար կառավարման վերաբերյալ։

Փոփոխություն կա. Ռեիս կամ նոր Աթաթյուրք

Սակայն ի տարբերություն իր նախորդների, Էրդողանը ցուցաբերում է մի շարք առանձնահատկություններ, որոնք ընկած են նրա հաջողության հիմքում։ Էրդողանը, քաջածանոթ լինելով Թուրքիայի Հանրապետության վաղ շրջանի պատմությունը, շատ լավ գիտակցում է այն կարևորությունը, որը ունեցել են Աթաթյուրքի կիրառած մի քանի քաղաքական հնարքները:

Դրանցից առաջինը նախագահի անձի պաշտամունքի հաստատումն է, որն ընկած էր Աթաթյուրքի քաղաքական գործունեության հիմքում։ Ավելին, նրա հետմահու պաշտամունքը, ենթարկվելով որոշ փոփոխությունների, շարունակում է մինչև օրս կարևորագույն դերակատարում խաղալ թուրքական քաղաքական և հասարակական կյանքում։ Հզոր առաջնորդի անձի շուրջ սոցիալական համախմբումը հույժ կարևոր է նաև Էրդողանի իշխանության ամրապնդման համար։ Այդ պատճառով աստիճանաբար կերտվում է Էրդողանի անձի՝ Ռեիսի (Reis – արաբերեն՝ ղեկավար) պաշտամունքը։ Էրդողանի մասին նկարահանվում են գեղարվեստական և փաստագրական ֆիլմեր, գրվում են գրքեր, ստեղծվում են նրան գովերգող արվեստի զանազան գործեր։ Թուրքիայում և աշխարհի խոշորագույն թուրքական համայնքներում գրեթե ամենուր կարելի է հանդիպել Էրդողանին պատկերող նկարներ, շարֆեր, դրոշներ։ Թուրքիայում տեղադրվել են վերջինիս արձանները, նրա անունով անվանակոչվել են մի շարք հաստատություններ և այլն։

Էրդողանի պաշտամունքը արտահայտվում և տարածվում է ոչ միայն մշակութային դրսևորումների միջոցով, այլև հանդիսանում է այն առանցքը, որի շուրջ կառուցվում է նոր թուրքական գաղափարախոսությունը՝ այդպիսով մեծացնելով նաև Էրդողանի սրբազնությունը։ Հանրապետության հիմնադրման առաջին շրջանից ի վեր՝ դոմինանտ գաղափարախոսություն էր Աթաթյուրքի հիմնադրած քեմալիզմը, որը սակայն աստիճանաբար անկում ապրեց և արդեն 90-ականներին ձևավորեց վակուում։ Առաջացած վակուումը լցնելու փորձ է կատարում Էրդողանի գլխավորած իշխող վերնախավը՝ իր կերտած նոր գաղափարախոսությամբ, որը հավակնում է տալ Թուրքիայի անցյալի, ներկայի և ապագայի նոր մեկնաբանությունը։ Այդ գաղափարախոսության հիմքում ընկած է սուննի իսլամական ազգայնականությունը՝ համեմված օսմանյան ժառանգության վերարժեվորմամբ. այն համադրում է քեմալականության բերած թուրք ազգայնականությունը և ավանդական սուննիական իսլամը՝ վերածվելով քաղաքական մոբիլիզացիայի հիմնական գործիքի։ Իշխանություններն իրենց ագրեսիվ հռետորաբանության և սահմանած նոր դիսկուրսի միջոցով լայնորեն տարածում են այն։

Համաձայն այս գաղափարախոսության՝ թուրք ժողովուրդն երկրորդ անգամ մեծ պատերազմ է մղում ներքին և արտաքին թշնամիների դեմ, որոնք փորձում են մասնատել և ոչնչացնել Թուրքիան։ Առաջին նմանատիպ «ազգային ազատագրական պատերազմն», ըստ սահմանված դիսկուրսի, նրանք մղել են Առաջին աշխարհամարտի ավարտից հետո (1919-1923թթ.)՝ Աթաթյուրքի գլխավորությամբ։ Այսօր այդպիսի երկրորդ պատերազմ է մղում Էրդողանը և «տանում իր ժողովրդին դեպի հաղթանակ»։ Որպես այդ հաղթանակի գլխավոր ձեռբերում ներկայացվում է 2016թ. հուլիսյան զինվորական հեղաշրջման տապալումը, որն ամբողջությամբ վերագրվում է Էրդողանին և վերջինիս համար փողոց դուրս եկած ժողովրդական զանգվածներին։

Էրդողանը չի բավարարվում հանրության լայն զանգվածների հետ աշխատանքով և տևական ժամանակ է՝ փոխում է իր քաղաքական հենարանի կազմը, ինչպես դա ժամանակին արել էր Աթաթյուրքը։ Հենարանների դերում հանդես են գալիս իշխանական բյուրոկրատիան և ԱԶԿ-ն։ Իշխող կուսակցությունը իր ստեղծման սկզբնական փուլում ուներ մի քանի առաջնորդներ (Ա. Գյուլ, Բ. Արինչ, Ա. Դավութողլու), մինչդեռ այսօր այն վերածվել է Էրդողանի կուսակցության, որտեղ բոլոր կադրերը՝ կուսակցություն մտնելով, իրենց հավատարմությունն են հայտնում նախագահին և չեն կարող մարտահրավեր նետել վերջինիս։ Հենց այս կադրերն էլ աստիճանաբար լցնում են իշխանական ապարատը՝ այդպիսով ընդլայնելով Էրդողանի հենարանը։ Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա բնական գործընթաց է բոլոր ավտորիտար պետությունների համար, սակայն Թուրքիայում քեմալական միակուսակցական վարչակարգի վերացումից հետո (1945թ.) ոչ մի քաղաքական ուժի չէր հաջողվել այս մասշտաբով վերահսկել ողջ պետական ապարատը։

Բոլոր նշված երեք գործընթացները նպաստում են քաղաքականության անձնավորմանը, որը, ինչպես ցույց է տալիս Թուրքիայի հանրապետական պատմության փորձը, բավական պրակտիկ և ազդեցիկ միջոց է իշխանության ամրապնդման ճանապարհին։ Սակայն այն նաև հղի է մեծ վտանգներով։ Մասնավորապես, «էրդողանակենտրոն» դոմինանտ գաղափարախոսությունը հանգեցնում է այլակարծության սահմանափակման, որն ուղեկցվում է հասարակական լարվածության և բևեռացվածությամբ։ Բացի դրանից, մեծանում է հասարակության ներսում ագրեսիան և այլատյացությունը ոչ յուրայինների նկատմամբ։ Էրդողանի կողմից արտաքին քաղաքական որոշումների միանձնյա ընդունումը նույնպես բերում է անկանխատեսելիության, որը Մերձավոր Արևելքում առաջացնում է նոր ռիսկեր՝ հաշվի առնելով Թուրքիայի խաղացած դերը այս տարածաշրջանում։

Էրդողանի կողմից «աթաթյուրքյան» այս մեխանիզմների կիրառությունը ներկա ժամանակահատվածում ունի հստակ քաղաքական գործնական նշանակություն։ 2019թ. Թուրքիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ընտրված անձը, համաձայն նոր սահմանադրության, դե յուրե իր ձեռքում կկենտրոնացնի երկրի ողջ իշխանությունը։ Էրդողանը, ընտրվելու պարագայում, կկարողանա ապահովել իր բացարձակ իշխանությունը մինչև 2029թ.։ Սակայն ապրիլյան հանրաքվեի արդյունքները ցույց տվեցին, որ Թուրքիայի բնակչության առնվազն կեսը կողմ չէ Էրդողանի ավտորիտար իշխանության խորացմանը։ Եւ այժմ նախընտրական պայքարի շրջանակներում Էրդողանը փորձելու է «նոր Աթաթյուրքի» կերպարով մեծացնել իրեն սատարողների թիվը՝ գալիք ընտրություններում վստահ հաղթանակ տանելու համար։ Իսկ թե որքանով նա կհաջողացնի անել դա՝ կախված է թուրքական ընդդիմության պատասխան գործողություններից։

Աղբյուր՝ The Armenian Interest

allTurkey.am

Մեկնաբանություններ