«Նոր Թուրքիա». պատմական ջրբաժաններ. Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան

Հայկ Գաբրիելյան, թուրքագետ

2017թ. օգոստոսի վերջին Թուրքիայում նշեցին Մանազկերտի ճակատամարտի (1071թ.) 946-ամյակն ու Դումլուփընարի ճակատամարտի (1922թ.) 95-ամյակը։ Օգոստոսի 26-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մասնակցելով Մանազկերտի ճակատամարտի 946-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, հայտարարեց. «Դարեր առաջ թյուրք սուլթաններ Ալփարսլանի և Քըլըչարսլանի ցուցաբերած խիզախությունը վերստին դրսևորվեց 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի (ՌՀՓ) կանխման ժամանակ։ 946 տարի առաջ սուլթան Ալփարսլանը զորքերն առաջ մղեց բյուզանդացիների դեմ՝ չվախենալով մահվանից։ Արդյունքում՝ նրա վճռականությունը փոխանցվեց նրանց, ովքեր կանգնած են թուրք ժողովրդի գլխին։ Զգուշացնում ենք նրանց, ովքեր ցանկանում են թուրք ժողովրդին դարձնել իրենց վասալը։ Թուրքիան ամուր կանգնած է ոտքերի վրա։ Որևէ մեկն ի զորու չէ խանգարել Թուրքիայի հետագա զարգացմանը։ Նրանք, ովքեր հաշվի չեն առնում պատմության դասերը, դատապարտված են դրանք վերստին վերապրելու։ Դժբախտաբար, Մանազկերտի հաղթանակի կարևոր նշանակությունը երկար ժամանակ անտեսվել է Թուրքիայում։ Միգուցե բարի նկատառումներից ելնելով՝ փորձեր են արվել Անատոլիայում թուրքերի ներկայությունը շաղկապելու 1071թ. Մանազկերտի հաղթանակին նախորդած դեպքերի հետ, որոնք սակայն օգտակար չեն եղել։ Մանազկերտի հաղթանակից 4 տարի հետո՝ 1075թ., այս տարածաշրջանում մեր առաջին պետությունը ստեղծեցինք Իզնիկում (Նիկիա), հիմնեցինք Անատոլիայի Սելջուկյան պետությունը (Իկոնիայի սուլթանություն)։ Սուլթան Ալփարսլանը 1071թ. մեր առջև բացեց Անատոլիայի դռները։ Իրականում այդ հաղթանակը մեզ պարգևեց նոր հայրենիք ու ապագա։ Դրանից երկու դար անց ստեղծեցինք աշխարհի խոշորագույն գերտերություններից մեկը՝ Օսմանյան կայսրությունը, որի տարածքները ձգվում էին Գալիցիայից դեպի Եմեն, Տրիպոլիից դեպի Կովկաս։ Հնարավոր է՝ երկրի ղեկավարության մի շարք անձինք անտեսել են Մանազկերտի դասերը, սակայն ոչ ժողովուրդը։ 2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայի իշխանություններին դիմակայել են այնպիսի վտանգավոր թշնամիներ, ինչպես որ դարեր առաջ մեր նախնիներ Օսմանգազիին, Մեհմեթ Ֆաթիհ սուլթանին, Աբդուլհամիդին։ Մեզ դիմակայում էր նույնպիսի նենգ թշնամի, որպիսին Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դեպքում էր։ Այսօր մենք ունենք միասնական հայրենիք՝ 780.000 կմ2 տարածքով։ Հուսով ենք, որ այսուհետ շարունակ կտոնենք Մանազկերտի փառապանծ հաղթանակը՝ գիտակցելով դրա կարևորությունը։ Մեր հորիզոնում են 2023, 2053 և 2071 թվականները։ Մենք մտադրվել ենք 2071թ. հետ կապված մեր նախագծերի միջոցով Անատոլիան մեր սրտից ու շնչող թոքից վերածել մեր ուղեղային կենտրոնի»1։

Էրդողանի վերոնշյալ խոսքերին անդրադառնալուց առաջ նախ նշենք, որ սա առաջին դեպքն էր, որ Թուրքիայի Հանրապետությունում (ԹՀ) պետական մակարդակով տոնեցին Մանազկերտի հաղթանակը։ Ուշագրավ է, որ Մանազկերտում այդ կապակցությամբ հիմնել էին 1071 վրան և կազմակերպել ձիարշավներ ու նետաձգություն2։ Հիշեցնենք, որ ընթացիկ տասնամյակի սկզբից Էրդողանը, թերևս, ամեն տարի հիշատակում և կարևորում է 2023, 2053 և 2071 թվականները։ Օրինակ, 2013թ. մայիսի սկզբին Էրդողանը հայտարարեց. «Մենք (մեր սերունդը) կհասնենք 2023 թվականի հետ կապված նպատակներին, մեր զավակները՝ 2053թ., իսկ մեր թոռները՝ 2071թ. հետ կապված նպատակներին3։

2023թ. լրանալու է ԹՀ հիմնադրման 100-ամյակը, 2053թ.՝ օսմանների (Մեհմեթ Ֆաթիհ) կողմից Կոստանդնուպոլսի գրավման 600-ամյակը, իսկ 2071թ.՝ Մանազկերտի ճակատամարտի 1000-ամյակը։ Այդ տարեթվերը շարունակ կարևորելով, դրանց մասին հիշատակելով՝ Էրդողանը ներկա և ապագա սերունդներին, իր «նոր Թուրքիային» պատրաստում է այդ իրադարձություններին՝ փառաբանելով պատմական անցյալը։ Ընդ որում՝ նկատելի է, որ Էրդողանը պատահաբար չի ընտրել հենց այդ տարեթվերը, որ նա դրանց միջոցով հստակ պատմական ջրբաժաններ է անցկացնում. սելջուկյան (2071թ.), օսմանյան (2053թ.) և հանրապետական (2023թ.)։ Թերևս, հենց պատմական այս ջրբաժանների հանգամանքով է պայմանավորված այն, որ Էրդողանի կողմից շարունակ հիշատակվող տարեթվերում տեղ չի գտել 2099թ.՝ օսմանյան բեյության (պետության) ստեղծման 800-ամյակը (1299թ.)։ Փոխարենն Էրդողանը օսմանյան ժամանակաշրջանի կարևոր տարեթվերից կամ հաղթանակներից նախընտրել է 1453թ., երբ օսմանյան պետությունը Կոստանդնուպոլսի գրավումից հետո դարձավ կայսրություն։ Դժվար է պատկերացնել, որ Էրդողանը 2099թ. մասին չի հիշատակում այն պատճառով, որ դեռ բավական երկար ժամանակ կա մինչ այն (2071թ. նույնպես պատկառելի ժամանակ կա)։ Օրինակ, Էրդողանը կարող էր հայտարարել, որ իրենց ծոռներն էլ կհասնեն 2099թ. հետ կապված նպատակներին։

Ինչ վերաբերում է Մանազկերտի ճակատամարտում տարած հաղթանակի 946-ամյակին նվիրված Էրդողանի ելույթին, ապա այն ինքնին ուշագրավ տարրեր էր պարունակում։ Վերջին ավելի քան մեկ տարում Էրդողանը չի խորշել և խորշում յուրաքանչյուր պատեհ կամ անպատեհ առիթով բարձրաձայնել ՌՀՓ տապալման և դրանում իր դերակատարության մասին։ Կարելի է ենթադրել, որ Թուրքիայում Մանազկերտի հաղթանակն առաջին անգամ պետական մակարդակով տոնելը կապված է եղել նաև ՌՀՓ-ի հետ, քանի որ դա Էրդողանին հնարավորություն կտար հերթական անգամ բարձրաձայնել ՌՀՓ-ի դեմ իր հաղթանակի մասին։ Ավելին, Էրդողանը ՌՀՓ-ի դեմ հաղթանակն այդպիսով դրեց Մանազկերտի ճակատամարտում հաղթանակի հետ նույն հարթության վրա, որով և սելջուկյան սուլթան Ալփարսլանի հետ կանգնեց նույն հարթության վրա։ Ի դեպ, ավելի վաղ Էրդողանը ՌՀՓ-ի դեմ հաղթանակը հավասարեցրել էր 1915թ. Դարդանելի (Չանաքքալեի) ճակատամարտում անգլո-ֆրանսիական զորքերի դեմ տարած հաղթանակին, 1922թ. Դումլուփընարի ճակատամարտում հույների դեմ տարած հաղթանակին՝ այդպիսով մեկ հարթության վրա կանգնելով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ։

Ավելին, երբ 2016թ. հուլիսի 28-ին Թուրքիայի Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի անդամներն այցելեցին Անըթքաբիր՝ ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը տեղի գրառումների տետրում ՌՀՓ ձախողումը որակեց որպես «երկրորդ ազատագրական պատերազմում» (քեմալական շարժման) տարած հաղթանակ: Օգոստոսի 7-ին էլ Բ.Յըլդըրըմը Ստամբուլի Յենիքափը հրապարակում «Ժողովրդավարության ու շեհիթների համար» հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ 2016թ. հուլիսի 15-ն օրացույցի մեջ մտավ որպես «Թուրքիայի երկրորդ ազատագրական պատերազմի օր». «Չանաքքալեում, Ազատագրական պատերազմի ժամանակ դաստան գրած այս ժողովուրդը նույն ոգով դաստան գրեց նաև հուլիսի 15-ին։ Հուլիսի 15-ը Երկրորդ ազատագրական պատերազմն է»:

Այսպիսով, թուրքական իշխանությունների կողմից ակնհայտ փորձ է արվում ՌՀՓ-ի դեմ տարած հաղթանակը չափից ավելի փառաբանելու, այն ուռճացնելու, Դարդանելի օպերացիայի ու քեմալական շարժման հաղթանակի հետ մեկ շարքում դասելու համար։ Դրանով փորձ է արվում առնվազն հավասարության նշան դնել Աթաթուրքի և Էրդողանի միջև՝ որպես «ազատագրական երկու պատերազմների» հաղթողներ4։

2017թ. օգոստոսի 30-ին Թուրքիայում նշեցին Դումլուփընարի ճակատամարտում տարած հաղթանակի 95-ամյակը, ինչպես նաև երկրի զինված ուժերի (ԶՈւ) օրը։ Այդ կապակցությամբ Էրդողանն ուղերձ հղեց՝ ընդգծելով, որ ընթացիկ տարում Ղուրբան բայրամի (Զոհաբերության տոն) տոնը համընկել է թուրք ժողովրդի պատմության մեջ երկու նշանակալից իրադարձությունների՝ Մանազկերտի և Դումլուփընարի ճակատամարտերում տարած հաղթանակների հետ. «Թուրք ժողովրդի պատմական հաղթանակների շղթայում հերթական օղակը դարձավ 2016թ. հուլիսի 15-ի ՌՀՓ տապալումը։ Գլուխ ենք խոնարհում հանուն ազատության և երկրի միասնության մեր ընկածների ու վիրավորների առջև»5։ Ինչպես տեսնում ենք, Էրդողանն այս դեպքում էլ է հիշատակում ՌՀՓ տապալման մասին՝ այն որակելով որպես պատմական հաղթանակ և ակնարկելով դրանում իր մեծ դերի մասին։

Ի դեպ, Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարի կինը 2017թ. օգոստոսի 30-ի տոնակատարությանը ներկայացել էր գլխաշորով, ինչը չվրիպեց թուրքական մամուլի ուշադրությունից6։ Դա հանդիսացավ Թուրքիայում զինվորականների իշխանության սահմանափակման ուղղությամբ Էրդողանի գործադրած վիթխարի ջանքերի արդյունավետության հերթական ցուցիչը։ Ուշագրավ է, որ 2016թ. օգոստոսի 30-ին Դումլուփընարի ճակատամարտում տարած հաղթանակի 94-ամյակն ու ԶՈւ տոնը նշելու տոնակատարություններին ԹՀ պատմության մեջ առաջին անգամ չմասնակցեցին տանկեր, հրետանի, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ ու ուղղաթիռներ, ինչի պատճառը 1.5 ամիս առաջ գրանցված ՌՀՓ-ն էր (Թուրքիայում օգոստոսի 30-ը պաշտոնապես Հաղթանակի տոն է դարձել 1935թ. մայիսին)7:

Այս համատեքստում նշենք, որ Թուրքիայում աննախադեպ իրադարձություն էր գրանցվել 2011թ. օգոստոսի 30-ի տոնակատարությունների ժամանակ: Առաջին անգամ դրանք ընդունել էր ոչ թե ԳՇ պետը, այլ երկրի նախագահը (Աբդուլա Գյուլ)։ Նախկինում այդ տոնը նշվել էր ԳՇ՝ հյուրերի համար նախատեսված դահլիճում, և այն ավանդաբար ընդունել է «տանտերը»՝ ԳՇ պետը։ Մինչդեռ 2013թ. օգոստոսի 30-ին ԹՀ պատմության մեջ առաջին անգամ տոնական արարողությունն ընդունեց երկրի նախագահ Աբդուլա Գյուլը՝ որպես «գերագույն գլխավոր հրամանատար»։ Հենց Գյուլը կանգնեց Թուրքիայի երկու դրոշների մեջտեղում՝ ընդունելով Հաղթանակի տոնին առնչվող նախարարների ու բարձրաստիճան զինվորականների շնորհավորանքները: Այդպիսով Աբդուլա Գյուլը դարձավ Թուրքիայի պատմության մեջ առաջին «գերագույն գլխավոր հրամանատարը»8:

Այսպիսով, Էրդողանը շարունակում է Թուրքիայի անցյալի փառաբանման իր քաղաքականությունը, ինչը նրա վարած նեոօսմանիզմի քաղաքականության բաղադրիչներից է։ Ներկա դրությամբ Թուրքիայի բազմաթիվ տնտեսական, ռազմական և այլ ոլորտի նախագծեր շաղկապվում են 2023-ի հետ, այսինքն՝ տվյալ նախագծերը պետք է կյանքի կոչվեն մինչև 2023թ.։ Խոսքը մեգանախագծերի մասին է, ինչպիսիք են Ստամբուլի ջրանցքը, Ստամբուլի 3-րդ օդանավակայանը, թուրքական մշակման առաջին կործանիչը (TF-X) և այլն։ Էրդողանն այդպիսով դնում կամ փորձում է դնել համապատասխան ավանդույթի հիմքը, որը, նրա հաշվարկներով, պետք է պահպանվի և իրագործվի նաև 2053թ. և 2071թ. առաջ։ Թեև Էրդողանը շարունակ կարևորում է 2023թ., սակայն, միաժամանակ, նա հեռակա պայքարի մեջ է Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, տարբեր քայլերի միջոցով փորձում է ձերբազատվել նրա ժառանգությունից, հնարավորինս մոռացության մատնել նրան։ Աթաթուրքի դեմ պայքարը Թուրքիայում ընթանում է ամենաբազմազան ձևերով. նախագահական նոր պալատ տեղափոխվելիս Էրդողանը հրաժարվել է հին պալատից տեղափոխել Աթաթուրքի նկարը, Թուրքիայի ԶՈւ կայքից վերացվում է Աթաթուրքի մասին էջը, կրթության նախարարությունը չեղարկում է մայիսի 19-ին՝ Աթաթուրքի հիշողության օրը, դպրոցներում և մարզադաշտերում տոնակատարությունները, ընդհանրապես կրթական համակարգից Աթաթուրքի մասին նյութերի կրճատումը, ՌՀՓ-ից հետո մշակված թուրքական նոր մետաղադրամներից (1 լիրա) վերացվել է Աթաթուրքի պատկերը, որին փոխարինել է ՌՀՓ զոհերի հիշատակը հավերժացնող խորհրդանիշը և այլն։ Այս ամենին զուգահեռ, Թուրքիայում շատացել են Աթաթուրքի արձանների վրա կատարվող հարձակումները։ Բացի այդ, Էրդողանը շարունակ վարկաբեկում է նաև Աթաթուրքին ու նրա հիմնած կուսակցությունը՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ)։ Հենց այդ դրդապատճառներից ելնելով՝ Էրդողանը 2011թ. նոյեմբերին պետության անունից ներողություն խնդրեց Դերսիմի սպանդի համար, 2012թ. ապրիլին ԺՀԿ-ին մեղադրեց նացիստների հետ համագործակցության համար՝ ցուցադրելով Cumhuriyet թերթի 1930–ական թվականների համարները, 2012թ. սեպտեմբերին հիշատակեց 1945թ. ԺՀԿ-ական իշխանությունների կողմից 145 ադրբեջանցի սահմանախախտ մտավորականի ԽՍՀՄ-ին հանձնելը, ինչից հետո նրանց գնդակահարեցին թուրք սահմանապահների աչքի առջև։

Թեև ներկայում շատերն Էրդողանին համարում են ԹՀ պատմության մեջ Աթաթուրքից հետո ամենաուժեղ նախագահ, սակայն դա (երկրորդ հորիզոնականը) չի գոհացնում Թուրքիայի ներկայիս նախագահին, և Էրդողանն ամեն կերպ ցանկանում է գերազանցել Աթաթուրքին, ստվերել նրան, և այդ համատեքստում շարունակելու է հետագայում նույնպես ջանքեր գործադրել հանրապետական, աշխարհիկ Թուրքիայի արժեքները հանրային գիտակցությունից ջնջելու և նոր պետության՝ «նոր Թուրքիայի» ստեղծման ուղղությամբ։ Էրդողանի «նոր Թուրքիան», թերևս, կսկսի գործել 2020-ից (Աթաթուրքի ստեղծած հանրապետական Թուրքիայի հիմնումից գրեթե մեկ դար անց), եթե նա և նրա Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) հաղթեն 2019թ. ընտրություններում՝ ՏԻՄ, խորհրդարանական ու նախագահական։ Այդ դեպքում Էրդողանը կստանա նախագահական աննախադեպ լայն լիազորություններ և բաղձալի 2023-ը կդիմավորի հենց այդ կարգավիճակով։ Ի դեպ, 2019թ. խորհրդարանական ու նախագահական ընտրությունները նշանակված են նույն օրը՝ նոյեմբերի 3-ին։ Այդ ժամկետը պատահական չի ընտրվել. ԱԶԿ-ն Թուրքիայում իշխանության է եկել 2002թ. նոյեմբերի 3-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով։

1 Cumhurbaşkanı Erdoğan Malazgirt’te, Milliyet, 26.08.2017.

2 Malazgirt Zaferi’ne ilk kez devlet töreni; Cumhurbaşkanı Erdoğan kıldan örülme han çadırında ağırlanacak, T24, 25.08.2017.

3 Erdoğan’ın 2071’den önce yeni hedefi!, Yeni Şafak, 07.05.2013.

4 Հայկ Գաբրիելյան, Թուրքիայի ռազմական ոլորտի բարեփոխումների շուրջ, «Նորավանք» ԳԿՀ, 13.10.2016։

5 Erdoğan 30 Ağustos resepsiyonunda konuştu, Sözcü, 30.08.2017.

6 Hulusi Akar’ın eşinin Kur’an hassasiyeti, En Son Haber, 30.08.2017.

7 30 Ağustos Zaferi’nin 94. yılı; ilk kez tanksız-uçaksız tören, T24, 30.08.2016.

8 Հայկ Գաբրիելյան, Ներքաղաքական պայքարի սրացումը Թուրքիայում, «Նորավանք» ԳԿՀ, 11.10.2011։

Աղբյուր՝ Նորավանք ԳԿՀ

allTurkey.am

Մեկնաբանություններ