«Հունական գրոհ». ինչպես է Թուրքիան վերանվաճում Արևելքը. Վարուժան Գեղամյան

վարուժան Գեղամյան

 Վարուժան Գեղամյան, թուրքագետ 

Անհանգիստ հարևանները

1952թ. ՆԱՏՕ-ի անդամ երկրները ստորագրեցին

C7-D/23 արձանագրությունը, որով Թուրքիայի Հանրապետությունը և Հունաստանի Թագավորությունը դարձան Հյուսիս-Ատլանտյան դաշինքի անդամներ։ Հայտնվելով Սառը պատերազմի միևնույն ճամբարում՝ երբեմնի ամենաոխերիմ թշնամիները ստիպված եղան համագործակցել, և թուրքական հանրապետության նախագահ Ջելալ Բայարը միևնույն տարվանոյեմբերին այցելեց Աթենք՝ դառնալով պատմական այցի գլխավոր հերոսը։ Սակայն, ինչպես ցույց տվեց հաջորդ երկու տասնամյակների պատմությունը, Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները, որոնք կարգավորվում էին առաջին հերթին 1923թ. Լոզանի պայմանագրով, չվերաճեցին իրական գործընկերության և հարևանության։ Ընդհակառակը, երկկողմ հարաբերությունները նորից մտան հակամարտության փուլ՝ երկու երկներին բազմիցս կանգնեցնելով զինված բախման շեմին։ Դրանցից առաջինը տեղի ունեցավ Բայարի պատմական այցից ընդամենը երեք տարի անց։1955թ. սեպտեմբերի 6-7-ին Ստամբուլում իշխանությունների կողմից կազմակերպվեց քաղաքի հույն, հայ և հրեա բնակչության ջարդը։Պոգրոմը հնարավորություն էր ոչ միայն ազատվելու փոքրամասնությունների մի զգալի մասից, այլև ցույց տալու Հունաստանին թուրքական ուժը… Կիպրոսում։ Իսկ դրանից շուրջ քսան տարի անց էլ՝ 1974թ. գրավվեց կղզու հյուսիսային հատվածը։

65 տարի անց

52-ի պատմական այցից պետք է անցներ 65 տարի, որպեսզի առաջին անգամ Հունաստան այցելեր Թուրքիայի ներկայիս նախագահ Ռ. Թայիփ Էրդողանը։ Դեկտեմբերյան այցը, որը շատերի կարծիքով հնարավորություն էր որոշակի առումով բարելավելու հարևան երկրի հետ հարաբերությունները և առավել խորը համագործակցության հիմքեր գցելու, Թուրքիան տապալեց։Երկօրյա այցի օրակարգն ու գլխավոր քննարկվելիք հարցերի շրջանակը վաղաժամ կանխորոշել էր այցելության նախօրեին Էրդողանի տված հարցազրույցը հունական զլմներից մեկին։ Հարցազրույցում էրդողանը հայտարարել էր, որ անհրաժեշտ է վերանայել ու թարմացնել Լոզանի պայմանագիրը՝ «Ա-ից մինչև Ֆ» (որպես հիմնավորում նշելով առաջին հերթին Էգեյան ծովում կղզիների հարցը, որը հույն-թուրքական հակամարտության հիմնական կռվաններից է)։ Բնականաբար, հունական կողմը չէր կարող չարձագանքել, քանի որ ներկայիս հույն-թուրքական սահմանները որոշվում են հենց Լոզանի պայմանագրով։ Հունաստանի նախագահի շուրթերով հնչած պատասխանը, բնականաբար, չէր կարող անարձագանք մնալ Թուրքիայում, ինչը հանգեցրեց դիվանագիտական խայթոցների «արատավոր շրջանի» կրկնությանը։ Սա էլ, իր հերթին, բերեց նրան, որ բանակցություններում Լոզանը ստվերեց առկա այլ կարևոր և առօրեական հարցերը (օրինակ՝ գաղթականների հարցը, Կիպրոսի հարցը և այլն)։

Շատերի համար սա զարմանալի թվաց, սակայն ոչ նրանց համար, ովքեր քաջածանոթ են Թուրքիայի Հանրապետության արտաքին քաղաքականության պատմությանը և վերջին երեք տարիների մարտավարությանը։

 

Թուրքիայի և Հունաստանի նախագահների դեկտեմբերյան հանդիպումը

Արևելյան կեղծավորություն

Լոզանը վերանայելու կոչեր Էրդողանը հնչեցնում է դեռևս 2016 թվականից։ Այդ տարվա սեպտեմբերին, նա հանդես եկավ դրա խիստ քննադատությամբ։ Ելույթ ունենալով գյուղապետերի հավաքին՝ նա հայտարարեց, որ Լոզանի պայմանագիրը Արևմուտքի հերթական փորձն էր Թուրքիայից խլելու իրեն պատկանող տարածքները։ Նա մասնավորապես հիշատակեց Էգեյան կղզիները, որոնք, ըստ նրա, «անիրավորեն փոխանցվել էին Հունաստանին 1923 թվականին»։ Ու թեև մի տարի անց՝ 2017թ. հուլիսին, երբ պետք է նշվեր Լոզանի պայմանագրի հերթական տարեդարձը (Թուրքիայում հանրապետության հռչակումից ի վեր Լոզանի օրը նշվում է որպես Ժամանակակից Թուրքիայի հիմնադիր փաստաթղթի ստորագրման օր և միառժամանակ հանդիսանում էր տարվա կարևորագույն տոներից մեկը), Էրդողանը բոլորովին այլ կերպ ներկայացրեց Լոզանի նշանակությունը, այնուամենայնիվ, սեպտեմբերյան նրա ելույթը շատ ավելի մեծ արձագանք և հետագայում շարունակականություն ունեցավ։ Պատճառն այն էր, որ Լոզանի, կամ այլ կերպ ասած՝ Թուրքիայի պետական սահմանների վերանայումը թուրքական արտաքին քաղաքականության մերօրյա հիմնական միտումներից մեկն է։ Թե՛ Էրդողանը, թե՛ իշխանական բուրգի այլ ներկայացուցիչներ պարբերաբար բացահայտ խոսում են այն մասին, որ Թուրքիայի ներկայիս սահմանները չեն արտացոլում «թուրքական հայրենիքի իրական սահմանները»։ Իշխանությունների սկսած այս նվաճողական հռետորաբանությունը լայնորեն և հաղթական ոգևորվածությամբ տարածվում է հասարակության մեջ զանգվածային լրատվամիջոցներով։ Դրանում համոզվելու համար բավական է նայել, թե ինչպես էին զլմներով մերձիշխանական սյունակագիրներն ու լրագրողները ներկայացնում «Եփրատի վահան» գործողության շրջանակներում թուրքական զորքերի կողմից Հյուսիսային Սիրիայի գրավման մեկամյակը։

Հանրապետության հռչակման առաջին օրերից Թուրքիան իր արտաքին քաղաքականության հիմնական կարգախոս հռչակել է «երկրում խաղաղություն, աշխարհում խաղաղություն» («yürtta sülh, cihanda sülh») աթաթյուրքյան հայեցակարգը, որը հիմնվում էր այն մոտեցման վրա, որ Թուրքիան հարցականի տակ չի դնում այլ երկրների տարածքային ամբողջականությունը։ Սակայն հանրապետության իննսունամյա պատմության ընթացքում Թուրքիան բազմիցս ցույց է տվել է, որ այդ կարգախոսը չի արտահայտում Անկարայի իրական ցանկությունները։ Դեռ Աթաթյուրքի կենդանության օրոք թուրքական իշխանությունները ամեն ինչ արեցին, որպեսզի Սիրիային պատկանող Ալեքսանդրեկի շրջանը դառնա Թուրքիայի 81-րդ նահանգը՝ Հաթայը, ինչը կատարվեց 1939թ.։ 1974թ., ինչպես արդեն հիշատակել էինք ամենասկզբում, Թուրքիան նվաճեց Կիպրոս կղզու 1/3-ը՝ այնտեղ հիմնելով իրենից միանգամայն կախյալ և որևէ երկրի կողմից ճանաչում չգտած Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։ Ծոցի պատերազմի ժամանակ, ըստ թուրքական մամուլում վերջերս տեղ գտած նյութերի, թուրքական իշխանությունները ցանկություն ունեին գրավելու նավթով հարուստ Մոսուլն ու Քիրկուկը։ Դե իսկ ամենաթարմ օրինակը, որը ցույց տվեց, որ Անկարայում հարմար առիթի դեպքում դեմ չեն ընդլայնել սահմանները, 2016թ. ներխուժումն էր Հյուսիսային Սիրիա։ Այն ուղեկցվում էր ամենատարբեր հիմնավորումներով, որ Թուրքիան ունի թե՛ իրավական, թե՛ պատմական իրավունք նվաճելու Սիրիան և Իրաքը։ Ինքը Էրդողանը նշում էր, որ Թուրքիայից հարավ ընկնող տարածքներ ներխուժումը պայմանավորված է ինչպես Թուրքիայի պետական շահերով, այնպես էլ Օսմանյան ժառանգության իրավունքով՝ պնդելով, որ «Մենք կամավոր չենք ընդունել այս պետության սահմանները»։

Եթե դուք կարծում եք, որ Թուրքիայի ներխուժումը Հս. Սիրիա ժամանակավոր բնույթ է կրում,

 

Թուրքիայի կողմից կազմակերպված և մարզված «Ազատ սիրիական

ոստիկանության» մարտիկները, որոնք «Եփրատի վահան» գոտում

ապահովելու են Թուրքիայի վերահսկողությունը։

ապա սխալվում եք։ Դիտարկումներըցույց են տալիս, որ թուրքական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում 2016թ. օգոստոսից ի վեր կյանքը կարգավորվում է թուրքական բյուրոկրատական ապարատի միջոցով։ Օրինակ, տարածքների ոչ ռազմական վերահսկողությունն իրականացնում է հարևան ԳազիԱնթեփի (պատմական Այնթափ) նահանգապետի և Ներքին գործերի նախարարության կողմից, իսկ կրոնական և ընդհանրապես հասարակական կյանքին առչվող շատ հարցեր գտնվում են Թուրքիայի Կրոնական հարցերի վարչության (Diyanet İşler Başkanlığı)կողմից։ Սա, բնականաբար, հուշում է, որ թուրքական կողմը դեմ չի լինի այստեղ ապագայում փոքիկ Կիպրոս կամ Հաթայ ունենալ։

Իհարկե, սահմանների փոփոխության կոչերն ու ստեղծված հանրային դիսկուրսը հետապնդում են նաև ներքին քաղաքական նպատակ։ Մասնավորապես, 2019թ. սպասվելիք կարևորագույն ընտրություններին ընդառաջ Էրդողանի և իր թիմակիցների համար ազգայնական ընտրազանգվածի ավելացումը կարևորագույն նշանակություն ունի։ Ուստի ազգայնական հռետորաբանությունը անպակաս կլինի գալիք երկու տարիների ընթացքում։ Բացի դրանից, սահմանների վերանայումը նաև արտահայտում է իշխող կուսակցության անդամների աշխարհայացքային մոտեցումները, մասնավորապես՝ օսմանյան ժառանգության հանդեպ նրանց վերաբերմունքը (կամ, այսպես կոչված «նեո-օսմանականությունը)։ Սակայն այդ դիսկուրսի շարունակական հանրայնացումն ու տարածումը, ինչպես նաև ակտիվ գործողությունները Սիրիայում և Իրաքում հուշում են, որ Թուրքիայի սահմաններըգործնականում կարող են ենթարկվելփոփոխության, եթե ստեղծվի դրա իրատեսական հնարավորությունը։ Նման նկրտումներն ու հռետորաբանությունը չեն կարող ավելի վնասել հարևանների հետ առկա երկկողմ հարաբերությունները (կամ դրանց իսպառ բացակայությունը), սակայն շատ օգտակար կարող են լինել անհրաժեշտության դեպքում։

Այս պայմաններում թեև թուրքական ԱԳՆ կայքում շարունակում է երևալ Աթաթյուրքի կարգախոսը, սակայն դա իրականում ոչ այլ ինչ է, քան արևելյան կեղծավորություն։ Պատահական չէ, որ երբեմն դրա մասին են ասում հենց իրենք՝ իշխող կուսակցության ներկայացուցիչները։

Այլընտրանքի բացակայությունը

Էրդողանի և նրա թիմակիցները որդեգրած այս մոտեցումը, ցավոք, չունի հակակշիռ երկրի ներսում։ Գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը չի կարողանում արժանի հակահարված հասցնել իշխող ԱԶԿ-ին և հնարավոր է, որ շուտով էլ ավելի թուլանա՝ կապված դրա անդամների հանդեպ ճնշումների մեծացմամբ։ Մյուս կողմից, իրենց դերն են կատարում իշխանության վերահսկողության տակ գտնվող զլմները, որոնք թուրքերի պատկերացումներում միանգամայն այլ իրականություն են ստեղծում, ինչը հնարավորություն չի տալիս տեսնել երկրում ստեղծված իրական, ոչ ժողովրդավարական միջավայրը։ Այսպես, ԵՄ ֆինանսավորմամբ այս տարի իրականացված հարցումները ցույց են տալիս, որ թուրքերի մեծամասնությունը (շուրջ 63%-ը) վստահում է կառավարության գործունեությանը։ Այդ պատկերացումների հիմնական աղբյուրը հեռուստատեսությունն է, որտեղ գրեթե բացակայում են անկախ կամ ընդդիմադիր կայանները (MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքները ցույց են տալիս, որ քաղաքական նորությունների համար թուրքերի 75.8 %-ը նախընտրում է հեռուստատեսությունը)։ Ընդդիմադիր մամուլի բացակայության պայմաններում այլակարծության վերջին հանգրվաններից մեկը մնում էին համալսարանական միջավայրերը։ Սակայն, ինչպես հայտնի է, անցյալ տարվա հեղաշրջման փորձից հետո սկսված ձերբակալությունների և հեռացումների հետևանքով շուրջ 9000 գիտնական/մանկավարժ այլևս հեռացված էթուրքական գիտակրթական համայնքից։ Դա է պատճառը, որ թուրքական համալսարանները, որոնք նախկինում բավական բարձր տեղեր էի զբաղեցնում կրթական վարկանիշային ցուցակներում, այս տարի գրանցել են ցածր արդյունքներ։ Այս իրավիճակում իշխանական ծավալապաշտական դիսկուրսը անխոս ընդունվում է և դառնում թուրքական իրականության անբաժանելի մաս։

Նման պայմաններում թուրքական արտաքին քաղաքականության մարտավարությունը դժվար թե փոփոխվի մոտ ժամանակներս, ինչը նշանակում է, որ մենք բոլորս չպետք է զարմանանք, եթե Անկարայից լսենք այլ պայմանագրերի վերանայման անհրաժեշտության մասին ևս։

Աղբյուր՝ Արևելք

allTurkey.am

Մեկնաբանություններ