Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար կարևոր են այցերն այդ վայրեր. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Ընդհանուր իրավիճակը կարելի է բնութագրել անմխիթար: Լրագրողների հետ հանդիպմանը Թուրքիայում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանության վիճակն այսպես բնութագրեց թուրքագետ Գևորգ Պետրոսյանը:

Նա նկատեց, որ այդ ժառանգության նկատմամբ Թուրքական պետության կողմից անուշադրություն կա՝ չհաշված որոշակի բացառությունները: «Հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն կա»,-ասաց նա:

Թուրքագետը հիմնական խնդիրներից մեկը համարեց գանձագողությունը:  «Հայերի ոսկու տենդը շարունակվում է անգամ 21-րդ դարում»,-ասաց նա և մտահոգություն հայտնեց, որ շատ գանձագողեր եկեղեցիների շրջակայքում քանդման աշխատանքներ կատարելու պատճառով լուրջ վնաս են հասցնում եկեղեցիներին:

«Նկատելի է նաև տեղացիների կողմից հայկական պատմամշակութային ժառանգության օգտագործումը  սեփական կարիքների համար, օրինակ, որպես գոմ, պահեստ, քարհանք»,-ասաց նա:

Գևորգ Պետրոսյանը, չնայած դրան, դրական բացառություն ևս նկատեց: Մասնավորապես, Ախթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու վերականգնումը, ինչի արդյունքում զարգանում է նաև զբոսաշրջությունը: Նա հայտնեց, որ այս տարվա ինը ամիսների ընթացքում 110 հազար մարդ է այցելել այնտեղ: Նա նշեց, որ շատ տուժել է Սուրբ Կիրակոս եկեղեցին, Մշո Սուրբ Կարապետը:

«Սուրբ Կարապետը ամենացավոտ տեղերից մեկն է: Խոսակցություններ կան տեղացներից, որ գյուղը պետք է տեղահանվի և Սուրբ Կարապետի վերականգնման աշխատանքները սկսվեն, թեև պաշտոնական այդպիսի հաղորդագրություն չկա: Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման համար կարևոր են այցելություններն այդ վայրեր, այսինքն` զբոսաշրջությունը զարգացնելով հնարավոր է լինում, որ եկեղեցիները պահպանվեն»,-ասաց նա և ավելացրեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է ավելի ակտիվ լինի այդ վայրերի պահպանության հարցում:

Աղբյուր՝ tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ