ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու Թուրքիայի հնարավորությունները թուլացել են. Ռուբեն Սաֆրաստյան

Հունաստանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և նաև ավելի վաղ ՀՀ նախագահի հայտարարությունները՝ հայ-թուրքական արձանագրությունների «առ ոչինչ» համարելու վերաբերյալ, արտացոլում են այն իրականությունը, որ կա. լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նկատելով, որ դրանք ներկայացնում են այն, որ Թուրքիան ոչ մի ցանկություն չի հայտնում արձանագրությունները վերակենդանացնելու ուղղությամբ:

«Այդ արձանագրությունները մեռած փաստաթուղթ են, ձևականորեն դրանք կան, և միանգամայն տրամաբանական է, որ ինչպես նախագահն է, ասել՝ մինչև գարուն դրանք չեղյալ պետք է համարվեն»,- ասաց նա:

Նրա խոսքով  ՝ Թուրքիայի քաղաքականությունն այս առումով կարևոր է: Նկատեց, որ Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան իր վրա շատ բան է վերցրել, փորձում է ճնշում գործադրել ԼՂ հարցում, նախապայմաններ է դնում:

«Այդ ճնշման մի մաս է կազմում հարաբերությունների կարգավորման փակումը նրա կողմից: Ճնշումն ավելի հաջող է իրականացնում: Բայց մենք տեսնում ենք, որ Թուրքիայի քայլերը՝ մաս կազմելու ԼՂ կարգավորման գործընթացին, ոչ մի արդյունքի չեն բերում: Մենք տեսնում ենք, որ այն նախապայմանները, որ դրել է Հայաստանի առջև հարաբերությունները կարգավորելու, նորմալացնելու համար, ՀՀ-ն չի ընդունում»,- ասաց նա:

Թուրքագետի խոսքով՝ կարելի է նաև արձանագրել, որ Էրդողանի կառավարման շրջանում Թուրքիայի հեղինակությունն է ընկնում: «Որովհետև նա մի ղեկավար է, որն անկանխատեսելի է. այսօր կարող է մի բան ասել, վաղը՝ մեկ այլ բան: Ես համոզված եմ, որ նրա վարկանիշն ընկել է Արևմուտքում, և նաև Արաբական աշխարհում. Թուրքիան մեկուսացել է՝ իր արտաքին քաղաքականության անկանխատեսելիության պատճառով: Իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի հնարավորությունները՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, թուլացել են»,- ասաց նա:

Աղբյուր՝ Tert.am

allTurkey.am

Մեկնաբանություններ