Սիրիայի թագավոր Էմիր Ֆեյսալ Իբն Հույեյնի աջակցությունը հայ տարագիրներին. Նարինե Մարգարյան

Նարինե Մարգարյան, ՀՑԹԻ գիտաշխատող 

Երիտթուրքական կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունից հետո Սիրիա հասած հայ տարագիրների վիճակը ծանր էր: Նրանք Սիրիայում էին հայտնվել մի ժամանակաշրջանում, երբ դեռ Առաջին համաշխարհային պատերազմը չէր վերջացել, սով էր ու երկիրը դեռ համարվում էր Օսմանյան կայսրության մաս: Սիրիայի քաղաքական կյանքում բեկումնային էր 1918 թվականը, երբ վերջ է դրվում Օսմանյան տիրապետությանը: Սիրիայի պատմության այդ ժամանակահատվածի իրադարձություններում Մեքքայի շերիֆ ու էմիր Հուսեյն իբն Ալիի որդի Ֆեյսալը զգալի դերակատարում է ունեցել: Նրա հետ է կապվում Սիրիայի ազատագրումը, ինչպես նաև նրա դերը մեծ էր հայ տարագիրների վիճակի բարելավման ու կայացման խնդիրներում:

1918 թ. սեպտեմբերի 30-ին Մերձավոր Արևելքում անգլիական ուժերի գլխավոր հրամանատար Ալենբիի և Էմիր Ֆեյսալի զորքը մտնում է Դամասկոս, հոկտեմբերի 6-ին հայկական 3-րդ գումարտակի մասնակցությամբ Ֆեյսալն ազատագրում է Բեյրութը, այնուհետև Հոմսը, Համան և Հալեպը: 1918 թ. հոկտեմբերի 5-ին Էմիր Ֆեյսալը կազմում է առաջին անկախ կառավարությունը:

Ֆեյսալն ի սկզբանե հայ տարագիրների նկատմամբ դրական էր տրամադրված և հայանպաստ քաղաքականությունն իրականացնելու համար իր աջակիցների թվում ունեցել է մի շարք ազդեցիկ դեմքեր, ովքեր հետամուտ էին լինում հայ տարագիրների խնդիրների լուծմանը:

Ֆեյսալի իշխանության տարիներին հայ տարագիրներին ցուցաբերվող աջակցությունը դրվում է ամուր հենքի վրա և կատարվում օրենքի և պաշտոնական հրամանների շրջանակներում: 1918 թ. հոկտեմբերի 18-ին Դամասկոսի գլխավոր խմբագրատանը Ֆեյսալը մեծ ընդունելություն է կազմակերպել արաբների անկախության փաստը նշելու համար, որին ներկա են եղել Երուսաղեմի Սրբոց Հակոբեանց միաբանության անդամ Եղիշե եպիսկոպոս Չիլինկիրյանն ու Հալեպի առաջնորդական փոխանորդ Տեր Հարություն քահանա Եսայանը:

1918թ. հոկտեմբերին Սահակ կաթողիկոսը նույնպես հանդիպում է ունեցել Ֆեյսալի հետ` նրանից հավաստիացումներ ստանալով հայ տարագիրների հարցում արաբական կողմի հայանպաստ դիրորոշման վերաբերյալ: 1918թ. նոյեմբերի 11-ին Ֆեյսալն այցելել է Հալեպ, հանդիպել քաղաքի պաշտոնատար անձանց ու տարբեր համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում նա կարևորել է արաբական միասնության խնդիրը, որի հիմքում պետք է դրվեր ազգային և ոչ թե կրոնական սկզբունքը:

Ֆեյսալ իբն Հուսեյնի աջակիցներից էմիր Ալի Նասերը, նշանակվելով Հյուսիսային Սիրիայի արաբական զորքերի ընդհանուր հրամանատար, 1918թ. դեկտեմբերին Հալեպում կազմակերպում է հայ տարագիրներին նյութական միջոցներ տրամադրելու գործը:

Հալեպի ընդհանուր կառավարիչ Ալի Ռեզա Առ-Ռիկաբին 1918թ. դեկտեմբերի 20-21-ին հանդիպումներ է ունեցել հայ համայնքի առաջնորդի հետ և հավաստել, որ արաբ ժողովուրդը, ինչպես պատերազմի տարիներին, այնպես էլ այժմ կշարունակի օգնություն տրամադրել հայ ժողովրդին:

1919 թ. հունվարին էմիր Ֆեյսալը Փարիզում հանդիպել է Պողոս Նուբար փաշային` նրա հետ քննարկելով Սիրիայի, Լիբանանի և Պաղեստինի հայ գաղթականության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումները և հայ-արաբական հարաբերությունների հետ կապված որոշ հարցեր: Փարիզի Հայոց ազգային պատվիրակությունը Ֆեյսալին ֆինանսական միջոցներ է հատկացրել՝ Դամասկոսի, Հալեպի, Բեյրութի հայ տարագիրներին սնունդ և բուժօգնություն տրամադրելու համար:

Տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակում Սիրիայում ընդունվում են կառավարական մի շարք որոշումներ, որոնք իրենց նպաստ են բերում հայ տարագիրների փրկության և հայկական միջավայր վերադառնալու գործին: Դրանց թվում է 1919 թ. հունվարին Ֆեյսալի հրամանը, որը տպագրվել է նաև Հալեպի «Աթ-Թակադդում» թերթում՝ հայ կանանց, երեխաներին, աղջիկներին հայկական միջավայր վերադարձնելու վերաբերյալ: Անգամ պատիժ էր սահմանվում կանանց և երեխաներին վերադարձնել չցանկացողների կամ թաքցնողների համար:

Ֆեյսալի այս հրամանից հետո լայն թափ են ստանում անապատներից հայ տարագիրների հավաքագրման աշխատանքները: Ֆեյսալի՝ 1919 թ. հունիսի 25-ի հրամանագրով Լ. Յոթնեղբերյանի խումբը սիրիական իշխանությունների կողմից պաշտոնապես լիազորվել էր Հաուրանի հայերին ընդունելու և նրանց երկաթուղով Դամասկոս և Դերա տեղափոխելու պատասխանատու: Ֆեյսալի աջակցությունը մեծապես հեշտացնում է գերեվարված կանանց և երեխաների որոնողական աշխատանքները:

Հայ տարագիրների վիճակը փոքր-ինչ բարելավվում է հայ տարագիրներին ամսականներ և սնունդ տրամադրելու վերաբերյալ կառավարության որոշումը,ինչպես նաև Ֆեյսալի` Հալեպի հայ վաճառականների պարտքերի հետաձգման մասին 1919թ. մարտի 26-ի որոշումը:

Ֆեյսալն ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ քաղաքականություն է վարել, իսկ հայերին աջակցելը՝ դարձրել դրա կարևոր կետերից մեկը: 1919թ. մայիսի 9-ին, Դամասկոսի կառավարական տանն արված պաշտոնական հայտարարությունում նա ևս մեկ անգամ հաստատել է իր դիրքորոշումը: Տոնակատարությանը ներկա հայ հոգևորականը իր շնորհակալություն է հայտնել արաբների` պատերազմի չորս տարիների ընթացքում ցուցաբերած օգնության և մարդասիրության համար՝ նշելով, որ մեր ժողովրդի պատմությունն արաբների անունը կգրի ոսկե տառերով:

Ֆեյսալը հանդիպումներ է ունեցել նաև Հայ ազգային միության ղեկավարների հետ, Հալեպի շրջանի ռազմական կառավարիչ Ջաֆար Ալ-Ասքարիի ընկերակցությամբ այցելել Հայեպի հայոց առաջնորդարան և հայկական որբանոց:

Ֆեյսալը և նրա կողմնակիցները ցանկանում էին հայ տարագիրների նկատմամբ արաբների դրական վերաբերմունքն էլ ավելի հստակեցնել` հայ տարագիրներին արաբական ազգային ծրագրին հենարան դարձնելու համար, ինչպես նաև ձգտում էին հայ տարագիրներին հեռու պահել ֆրանսիական ազդեցությունից: Այս քաղաքականության նպատակն էր նաև հայ-արաբական հարաբերությունների մերձեցման շնորհիվ հսկողություն հաստատել այն ոլորտներում, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի վերջում հայերի ձեռքում էին գտնվում:

Ոգևորված Ֆեյսալի` ազատ մամուլի քաղաքականությամբ՝ հայերը խնդրանքով դիմել են Շուքրի Ալ-Այուբին, ով աջակցել է կիլիկիահայերի` «Հայ ձայն» թերթը հրատարակելու նախաձեռնությանը: Ֆեյսալի և նրա համախոհների աջակցությանը զուգահեռ հայ տարագիրների վիճակի բարելավումն իրականացվում էր նաև ազգային, բարեգործական և միսիոներական կազմակերպությունների գործունեության շնորհիվ: Այս ժամանակահատվածում վերակազմվում են արդեն գործող որբահավաք հանձնաժողովները, ստեղծվում են նորերը, որոնք սկսում են ավելի կենտրոնացած ու արդյունավետ գործել` դուրս գալով ընդհատակյա գործունեությունից:

1920-ական թվականների սկզբներին մեծ տերությունների դիրքորոշումների փոփոխությունները նոր իրարանցումների պատճառ են դառնում Սիրիայում: 1920 թ. ապրիլի 25-ին Սան-Ռեմոյի կոնֆերանսում Սիրիայի մանդատը հանձնվում է Ֆրանսիային: Արաբա-ֆրանսիական հակամարտությունն ավարտվում է 1920թ. հուլիսի 24-ին Մայսալունի ճակատամարտում ֆրանսիական կողմի հաղթանակով: Փաստորեն, Ֆեյսալի վտարումով վերջ է դրվում Սիրիայում Հաշիմյան ժամանակաշրջանին:

Ֆեյսալի իշխանության տարիներին հայ տարագիրները փորձում էին սոցիալապես կայանալ, ինտեգրվել երկրի սոցիալ- տնտեսական կյանքին: Չնայած քաղաքական, կրոնական, լեզվական և այլ խոչընդոտող հանգամանքներին, դարասկզբին Սիրիայում հայտնված հայ տարագիրները կարողանում են համագործակցել սիրիացի արաբների հետ` աստիճանաբար վերաձևավորելով տեղի հայ համայնքը:

Աղբյուր՝ ՀՑԹԻ

allTurkey.am

Մեկնաբանություններ