Հայաստանը չի ենթարկվում թուրքական կողմի ճնշումներին. Ռուբեն Սաֆրաստյան

Ռուբեն Սաֆրաստյան

Հարցազրույց Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի  հետ՝

– «Հայ-թուրքական հարաբերությունների մասին  բավականին հաճախ խոսվեց անցնող տարվա ավարտին. նախ, ՀՀ նախագահը ՄԱԿ-ում հանդես եկավ հայտնի ելույթով, ուր հայտարարեց, թե Ցյուրիխյան արձանագրությունները հանգրվանել են պաշտոնական Անկարայի մութ գզրոցներում և Հայաստանը 2018-ի գարուն կմտնի առանց այդ սին արձանագրություններիԼսվեց նաև թուրքական կողմի կարծիքը՝ մինչև ԼՂ հարցը չլուծվի ոչին չի կարող լինել:

– Այո, Թուրքիան  շարունակում է պահպանել իր մոտեցումը, այն է՝ հայ-թուրքական միջպետական հարաբերությունների կարգավորումը կապում է Արցախի  հիմնահարցի կարգավորման հետ, այսինքն,  նախապայման է դնում: Այս իրավիճակում ես հնարավորություն  չեմ տեսնում, որ այդ արձանագրությունները  կարող են պահպանվել: Դրանցից կարելի էր ավելի վաղ ազատվել, բայց լավ է ուշ, քան երբեք: Թուրքիան բացահայտորեն ցույց է տալիս, որ շահագրգռված չէ այդ արձանագրությունների կյանքի կոչմամբ: Միանգամայն տրամաբանական է  ՀՀ նախագահի հայտարարությունը և դրան հաջորդելիք Հայաստանի քայլերը, որ Ցյուրիխյան սին արձանագրությունները պետք է չեղյալ հայտարարվեն:

-Թուրք քաղաքագետները կարծիքներ հնչեցրին, թե Հայաստանը թող բավարարի Ադրբեջանի տարածքային պահանջները, թեկուզ երկու տարածք հանձնի, որից հետո կխոսենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Բայց վաղն էլ կարող են ասել՝ երկուսը քիչ է, հինգն է պետք, ու այսպես շարունակ: Ի՞նչ կասեք թուրքական  տրամաբանության կամ ախորժակի մասին:

-Միանգամայն ճիշտ հարցադրում եք հնչեցնում. Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում նման նախապայմաններ դնելը, այդ նախապայմաններն արցախյան հիմնահարցի հետ կապելը  Հայաստանի վրա Թուրքիայի կողմից ճնշում գործադրելու ձևերից մեկն է: Իսկ այս տարիների  փորձը  ցույց  տվեց, որ Հայաստանը չի ենթարկվում թուրքական կողմի ճնշումներին, և սրանից հետո էլ չի ենթարկվելու: Այնպես որ, նախապայմանների լեզվով խոսակցությունները որևէ իրական ազդեցություն Հայաստանի դիրքորոշման վրա չեն ունենա: Հայաստանը կողմ է, որ Թուրքիայի հետ  կարգավորվեն միջպետական հարաբերությունները, սակայն  առանց որևէ նախապայմանի:

-Թուրքական կողմից հնչեցին հայտարարություններ,  թե քաղաքական կամքի դրսևորման դեպքում Հայաստանն ու Թուրքիան կարող են նոր փաստաթղթի  շուրջ բանակցել: Այս հեռանկարի մասին ի՞նչ կասեք:

-Այդ հեռանկարը շատ աբստրակտ է: Ես չեմ տեսնում նոր գործընթացի սկսման որևէ ռեալ  հնարավորություն: Դրա համար պետք է լինեն իրական նախադրյալներ: Բայց թուրքական կողմը մերժելով Հայաստանի հետ առանց նախապայմանների միջպետական հարաբերություններ  կարգավորելու հարցը, ըստ էության, ցույց է տալիս, որ ինքը շահագրգռված չէ այդ գործընթացով: Իսկ  եթե դրանում շահագրգռված չէ, ուրեմն, ի՞նչ խոսք կարող է գնալ նոր գործընթաց սկսելու մասին:

– ԱՄՆ նախագահ Թրամփի սկանդալային որոշումը՝   Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, մերժվեց 128 երկրների կողմից, որոնց թվում է նաև Հայաստանը: Մեզ մոտ հնչում են մեկնաբանություններ, թե Հայաստանը գնաց իր շահերին դեմ՝ տուք տալով Ռուսաստանի ցանկությանը:  Ձեր դիրքորոշումը:

-Պետք չէ նման հայտարարություններում ինչ-որ տրամաբանություն որոնել, որովհետև այդպիսին չկա: Այն պատկերը, որ ստեղծվեց ՄԱԿ-ի  քվեարկության ընթացքում, ցույց տվեց, որ աշխարհի երկրների բացարձակ մեծամասնությունը դեմ է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն, և  պարզ է, որ Հայաստանն այդ մեծամասնության մաս է կազմում:

Ինչ վերաբերում է ռուսական կողմի ցանկությանը տուրք տալուն, հարց եմ ուզում տալ նման կարծիք արտահայտողներին, 127 երկրներն էլ ե՞ն Ռուսաստանի դրդմամբ քվեարկել Թրամփի որոշման դեմ: Դա աշխարհի երկրների մեծամասնության որոշումն է, ոչ թե Ռուսաստանի ցանկությունը: Հայկական կողմի և մյուս 127 երկրների քայլը պայմանավորված է հետևյալ իրողությամբ.  ԱՄՆ նախագահի որոշումը խախտում էր ՄԱԿ-ի հիմնական մոտեցումը, այն է՝  երկու երկրները՝ Պաղեստանն ու Իսրայելը պետք է իրար հետ լուծեն, իրար մեջ կարգավորեն այդ խնդիրը: Եվ ես կարծում եմ, որ սա ամենատրամաբանական, ամենաճիշտ մոտեցումն է: Այնպես որ այն, ինչ տեղի ունեցավ ՄԱԿ-ում ունի իր ներքին տրամաբանությունը, և քվեարկությունը պայմանավորված էր այդ ներքին տրամաբանությամբ:

-ՀՀ արտաքին հարաբերությունների վեկտորը բազմակողմ էր և 2017-ին այն հարուստ էր տարբեր իրադարձություններով: Լինելով փոքր պետություն՝ ճի՞շտ  արտաքին քաղաքականություն է իրականացնում Հայաստանը՝ տարածաշրջանում ու դրանից դուրս:

-Առաջին հերթին ինքս ինձ հարց եմ տալիս՝ 2018-ին մեր տարածաշրջանը՝  Հարավային Կովկասը, ավելի անվտանգ դարձա՞վ, թե՞ ոչ, կարծում եմ՝ ոչ: Քանի որ Արցախի հիմնահարցը մնում է չկարգավորված և դրանում  հիմնական մեղավորը Ադրբեջանն է: Մինսկի խմբի  միջնորդները չկարողացան Ադրբեջանին համոզել , որ նա ենթակվի այն որոշումներին, որը մշակվել է խմբի կողմից, խոսքս Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի համաձայնությունների կատարման մասին է,  հետաքննությունների մեխանիզմի ստեղծումը:

Հետևաբար, պահպանվում է այն վտանգը, որ Ադրբեջանը նորից կխախտի զինադադարը և կդիմի լայնածավալ ագրեսիվ գործողությունների, ինչպես դա տեղի ունեցավ անցած 2016-ի ապրիլին: Ադրբեջանն իր երկրի ներսում օգտագործում է ռազմատենչ հռետորաբանություն, ինչը վաղ, թե ուշ պետք է փորձի վերացնել: Դա կլինի՞ եկող տարում՝ դժվար է ասել:

Անցնող տարում մեզ հաջողվեց համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, ինչը ես համարում եմ լավ հնարավորություն հետագայում մեր երկրի դերն ու նշանակությունը տարածաշրջանում և աշխարհում բարձրացնելու համար: Կարծում եմ, որ տարբեր  բևեռների միջև համադաշնություն, հարմոնիա ստեղծելը բխում է մեր քաղաքակրթության էությունից: Հայաստանը պետք է վարի «կոնկորդիա պոլիտիկ», ապահովի հաղթանակ՝ համադաշնության, հարմոնիայի միջոցով: Եթե ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իրականություն դառնա Հայաստանի ու Եվրոպայի կողմից, եթե մեր ինքնությունը պահելով կարողանանք տարբեր բևեռների ու քաղաքակրթությունների հետ համադաշնակցել, ապա կարող ենք ասել, որ մեր քաղաքակրթական միսիան կատարեցինք այս աշխարհում:

Հայաստան-Իրան հարաբերություններին անդրադառնալով՝ ասեմ, որ այն  այսօր լավ է զարգանում,  ստրատեգիական առումով հասել ենք բարձր մակարդակի և այն դրականորեն է անդրադառնում տարածաշրջանի վրա: Երկու բարեկամ պետությունների հարաբերությունների մակարդակը վերաճել է տարաշրջանը կայունացվող գործոնի: Հետայսու ևս, Հայաստանն ու Իրանը պետք է ավելի արագ աշխատեն, որպեսզի երկկողմ քայլերը տանեն հարաբերությունների զարգացման ավելի բարձր մակարդակի: Իհարկե, տնտեսական համագործակցության առումով, դեռ կան խնդիրներ, բայց կարծում եմ, այն մոտակա տարիներին  համակողմանի լուծում կստանա:

Գնահատելով Հայաստան-Վրաստան  հարաբերությունները, պետք է նկատենք, որ չնայած ունենք որոշակի խնդիրներ, բայց ռազմավարական  առումով մենք կարողացել ենք Վրաստանի հետ հարաբերությունների նոր մոդուս գտնել: Երկու ժողովուրդները, որոնք դարավոր հարևան, դարավոր  բարեկամներ են, և որոնց ներկայիս զարգացման արտաքին քաղաքական վեկտորները  որոշ չափով տարբեր են, սակայն դա ամենևին չի նշանակում, որ մենք պետք է կորցնենք մեր պատմական բարեկամությունը: Հակառակը, երկու հարևան երկրներն աշխարհի համար լավ օրինակ են ցույց տալիս, որ, ունենալով տարբեր քաղաքական վեկտորներ, բայց հիմնվելով մեր պատմական մեծ ժառանգության վրա, ինչը երկու ժողովուրդների հարստությունն է, մենք կարողանում ենք այս նոր պայմաններում երկկող հարաբերություններ զարգացնել՝ ի շահ մեր երկրների:

Խոսքս ավարտեմ հայ-ռուսական հարբերություններով. այստեղ որևէ փոփոխություն չկա, դրանք շարունակում են մնալ սերտ դաշնակցային հարաբերություններ: Իհարկե, այստեղ էլ կան խնդիրներ, մասնավորաբար, դա կապված է Ադրբեջանին զենք վաճառելու հետ: Սակայն այս տարվա ընթացքում ՌԴ-ն ցույց տվեց, որ սկսում է հասկանալ իր սխալ և փորձում որոշ չափով ուղել այն: 2018-ին ավելի պարզ կլինի, արդյոք, Ռուսաստանը գնում է՞ իր սխալն ուղելու ճանապարհով, թե՞ ոչ:

Աղբյուր՝  Արմարլուր, Արմինե Սիմոնյան

allTurkey.am

Մեկնաբանություններ