«Ժամանակ». Պոլսի երկդարյա ձայնը. Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

Հայոց պատմության կարևորագույն թերթերից մեկը՝ Պոլսում լույս տեսնող «Ժամանակը», 2018 թվականին բոլորում է իր 110-րդ տարին: «Ժամանակը» ոչ միայն հայերի համար է պատմական, հասարակական մեծ կարևորություն ներկայացնում, այլև այսօրվա Թուրքիայի ամենահին օրաթերթն է, որն առանց լուրջ դադարների տպագրվում է ցայժմ: Թուրքիայում այն ներկայացնում են նաև որպես «ազգային փոքրամասնության՝ աշխարհում շարունակաբար տպագրվող ամենահին թերթ»: Օսմանյան շրջանում հիմնադրված հայկական թերթն այսօր Թուրքիայում (Ստամբուլում) տպագրվող հայկական երեք պարբերականներից մեկն է՝ «Ակօսի» և «Նոր Մարմարայի» հետ մեկտեղ:

«Ժամանակն» ու «Նոր Մարմարան» օրաթերթեր են, որոնք լույս են տեսնում արևմտահայերենով, ի տարբերություն «Ակօսի», որը շաբաթաթերթ է՝ բովանդակության զգալի մասը թուրքերենով ու հայերեն հավելվածով:
«Ժամանակը» հիմնադրել են Միսակ և Սարգիս Գոչունյան եղբայրները 1908 թվականի հոկտեմբերի 28-ին: Հիմնադրման օրվանից հայկական թերթի գլխավոր խմբագիրներն են եղել Գոչունյան ընտանիքի ներկայացուցիչները: Այժմ գլխավոր խմբագիրն է Արա Գոչունյանը, որն այս պաշտոնը զբաղեցնում է 1992 թվականից: Թերևս, այս ժառանգականությունը «Ժամանակի» երկարակյացության անքակտելի բաղկացուցիչներից է:

«Ժամանակն» ականատեսն է երիտթուրքերի կառավարմանը, Օսմանյան կայսրության փլուզմանն ու Թուրքիայի Հանրապետության ստեղծմանը, պատմական մի շարք կարևոր անցքերի, առերեսվել է մի շարք խնդիրների, «վերապրել» Հայոց ցեղասպանությունը: 1920-30-ական թվականներին թերթը ժամանակավորապես կրել է «Ժողովրդի ձայն-Ժամանակ» («Ժողովրդի ձայն» թերթի հետ միաժամանակ տպագրվելու համար), ապա նաև «Ժամանակ Թուրքիա»:

Ժամանակ

Ժամանակ

«Ժամանակն» իր ուշադրություն կենտրոնում է պահում Թուրքիայի հայ համայնքի և ընդհանրապես հայության խնդիրները, առօրյան, անդրադառնում է նաև այլ թեմաների, այդ թվում` քաղաքական, հասարակական, հոգևոր: Թերթի հավասարակշռված խմբագրումը ևս օգնել է պարբերականի ինքնապահպանմանը: Թերթում կարելի է հանդիպել Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնվչող անդրադարձներ:

Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր «Ժամանակի» խմբագրությունը Ստամբուլում է: Ներկայում օրական տպաքանակը շուրջ 1500-2000 օրինակ է, համարը 4 էջից է բաղկացած: Մեր օրերում թերթի մեկ համարի արժեքը 1 թուրքական լիրա է (շուրջ 130 դրամ): Համեմատության համար, 20-րդ դարի սկզբին այն տպագրվում էր 15 հազար օրինակով: Ներկայիս աշխատակազմը շուրջ 15 հոգի է, այդ թվում՝ թղթակիցներ Հայաստանում և ԱՄՆ-ում: Թերթի եկամուտը գոյանում է ոչ միայն համարների վաճառքից, այլև, որպես ազգային փոքրամասնության պարբերական, թուրքական պետության կողմից այն որոշակի նյութական աջակցություն է ստանում:

Պատմության ընթացքում «Ժամանակում» են տպագրվել հայտնի հայ մտավորականներ, ինչպես, օրինակ, Դանիել Վարուժանը, Գրիգոր Զոհրաբը, Վահան Թեքեյանը, Ռուբեն Սևակը, Զապել Եսայանը, Հովհաննես Թումանյանը, Երվանդ Օտյանը և այլոք:

«Ժամանակի», ինչպես և Թուրքիայում լույս տեսնող մյուս հայկական պարբերականների տպագիր տարբերակների քանակը տարեցտարի նվազում է, ինչը պայմանավորված է հայերեն ընթերցողների քանակի անկումով և համացանցի առկայությամբ: Թուրքիայում լույս տեսնող հայկական պարբերականները, ժամանակի պահանջին համահունչ ստեղծեցին իրենց կայքերը, ինչը դրական փոփոխություն և անհրաժեշտություն էր:

«Ժամանակը» համացանցում գործարկեց իր կայքը 2013 թվականից, և որոշակի պասիվությունից հետո 2015 թվականի առաջին կեսին վերագործարկեց իր կայքը (http://www.jamanak.com/), որը ստեղծվել է «Գյուլբենկյան» հիմնադրամի աջակցությամբ: «Ժամանակ. Քաղաքական ժողովրդական օրաթերթ» վերտառությամբ մեզ դիմավորող կայքում տեղ են գտնում Թուրքիայի հայերի կյանքին, Հայաստանին և համայն հայությանը վերաբերող նորություններ, վերլուծական հոդվածներ, հարցազրույցներ, խմբագրականներ և այլն, որոնք հասանելի են միայն արևմտահայերենով:
Կայքում կա 2003 թվականից ի վեր լույս տեսած համարների էլեկտրոնային արխիվը: Ընդ որում, արխիվը շարունակաբար հարստացվում է, ինչը մեծ կարևորություն ունի և հասարակ ընթերցողների, և հետազոտողների համար:

Իհարկե, «Ժամանակի» և Պոլսի մյուս հայկական պարբերականների աշխատանքը բավական պատասխանատու է. դրանք տպագրվում են Թուրքիայում, որտեղ կան և պատմական ու հասարակական նրբություններ, և հայերեն լեզվի կորստի միտում: Մեր օրերում արևմտահայերենի առջև ծառացած խնդիրների ծիրում ևս մեծ կարևորություն է ներկայացնում այդ լեզվով պարբերականների հրատարակումը: «Ժամանակի»՝ ժամանակի պահանջներին համահունչ ընթացքն ու նաև սեփական չափորոշիչների սահմանումն անհրաժեշտություն է:

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

allTurkey.am

Մեկնաբանություններ