Թուրքիայում փորձում են համոզել, թե տարեց հայուհիների վրա մեկ անձ է հարձակվել` կողոպտելու համար

Թուրքական T24 կայքի տեղեկություններով` Ստամբուլում տարեց հայուհիների վրա հարձակվել է միևնույն անձնավորությունը, ով վերջին շրջանում հարձակումներ է գործել նաև այլ ազգությունների տարեց կանանց վրա` նրանց թալանելու համար:
Ըստ թուրքական աղբյուրի` վկաների և տուժածների տված ցուցմունքներից պարզ է դառնում, որ նմանատիպ բոլոր հարձակումների հետևում կանգնած է միևնույն անձը, ում ինքնությունը պարզել չի հաջողվել:

Նշվում է նաև, որ սպանությունները չեն իրագործվել ազգային պատկանելության պատճառով, այլ կողոպուտ են եղել:

Սակայն ավելի վաղ ստացված տեղեկությունները հակառակն են ցույց տալիս: Ստամբուլի Սամաթյա շրջանի հայազգի բնակիչ Մարիցա Քյուչյուքի մարմնի վրա մարդասպանը խաչ էր նկարել:

Հայուհիների վրա հարձակման չորս դեպքերից մեկի ժամանակ նշվում էր, որ տարեց հայ կնոջը փորձել էին առևանգել ավտոմեքենայով, որում 4 տղամարդ էր եղել:

Բացի այդ, ավելի վաղ հրապարակված տեղեկություններում մշտապես նշվում էր, որ հարձակման ժամանակ տարեց հայուհիներին չեն կողոպտել:

Մեկնաբանություններ