Օսմանյան կայսրության և Թուրքիայի իրավահաջորդության // շարունակականության հարցի շուրջ

Արա Պապյան

Արևելագետ, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ 

Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդության // շարունակականության (succession//continuity) հարցը, թեև առաջին հայացքից զուտ իրավագիտական բնույթի է, այսուհանդերձ, ըստ էության, ավելի լայն ընդգրկում ունի և վճռորոշ է Հայոց ցեղասպանության պատասխանատվության, ինչպես նաև Օսմանյան կայսրության միջազգային պարտավորությունների տեսանկյունից:

Չնայած ներկայիս թուրքական պետության ներկայացուցիչները և նրանց տեսակետի սպասարկուները հաճախ փորձ են անում մոլորեցնել միջազգային հանրությանը Օսմանյան կայսրություն–Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդության հարցում, սակայն միջազգային իրավունքն ու միջազգային դատական վճիռները միանշանակորեն հաստատել և ամրագրել են այդ իրավահաջորդությունը, մինչևիսկ՝ իրավական շարունակականությունը (legal continuity):

Նախ՝ ընդհանրապես պետությունների իրավահաջորդության մասին: Պետությունների իրավահաջորդությունը խարսխված է տարածքի իրավատիրության վրա: (State succession is based on legal possession of the territory.) Այսինքն, երբ որևէ նորաստեղծ պետություն ժառանգում է կամ այլ ձևով իր իրավունքն է հաստատում որոշակի տարածքի վրա, ապա այդ պետությունն ստանձնում է տվյալ տարածքին ամրագրված իրավունքներն ու պարտավորությունները:

Պայմանագրերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1978թ. կոնվենցիայի և Պետական գույքի, արխիվների և պարտքերի մասով պետությունների իրավահաջորդության մասին Վիեննայի 1983թ. կովենցիայի համապատասխան հոդվածները (երկուսի մեջ էլ նույնական՝ # (2(1)(a)) պետությունների իրավահաջորդությունը (state succession) սահմանել են որպես “մի պետության փոխարինումը մեկ այլով [այլ պետությամբ]՝ միջազգային հարաբերություններում տարածքի պատասխանատվության առումով” (“the replacement of one State by another in the responsibility for the international relations of territory”):1

Հիմա թուրքական պետությունների իրավահաջորդության կամ շարունակականության մասին: Թուրքիայի Հանրապետությունը սաղմնային վիճակով միջազգային հարաբերությունների ոլորտ է մուտք գործել Լոզանի պայմանագրով (24.07.1923թ.):

Պայմանագրի նախաբանի մեջ, որտեղ շարադրված են պայմանագրի նպատակները, առաջին իսկ պարբերությամբ խոսվում է 1914թ.-ից տարածաշրջանում ընթացող պատերազմական վիճակին վերջ տալու համատեղ ցանկության մասին: (Being united in the desire to a final close the state of war which has existed in the East since 1914.): Երկրորդ պարբերությամբ խոսվում է բարեկամության և առևտրական հարաբերությունների
վերահաստատման ձգտման մասին: (Being anxious to re-establish the relations of friendship and commerce …).

Ակնհայտ է, որ Թուրքիայի Հանրապետությունը կարող էր ստորագրել Օսմանյան կայսրության հայտարարած, սկսած և վարած պատերազմին վերջ տալու պայմանագիրը միայն այն դեպքում, եթե ինքը և պայմանագրի մյուս մասնակիցները (Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան, Ռումինիան, Հունաստանը) աներկբայորեն ընդունում էին Օսմանյան կայսրությանը՝ Թուրքիայի Հանրապետության իրավահաջորդ լինելը: Միջազգային իրավունքն այդ հարցում միանշանակ է. ամեն մի պետություն միջազգային հարաբերությունների մեջ կարող է մտնել, այդ թվում նաև՝ պայմանագրեր կնքել, միմիայն ի՛ր անունից:

Այս դրույթն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի օրենքի վերաբերյալ 1969թ. կոնվենցիայի (Vienna Convention on Law of Treaties, 1969) 34-րդ հոդվածում: Լոզանի պայմանագրի վերոնշյալ 2-րդ պարբերությունը խոսում է հարաբերությունների ոչ թե հաստատման, այլ վերահաստատման մասին: Այսինքն՝ ամրագրում է պետությունների նույնականությունն ու շարունակականությունը: Նույն՝ Լոզանի պայմանագրի, 1-ին հոդվածը խոսում է պաշտոնական հարաբերությունների վերահաստատման և ոչ թե՝ հաստատման մասին: (Official relations will be resumed on both sides …).

Բացի վերոշարադրյալից, Թուրքիայի Հանրապետությունը Լոզանի պայմանագրով պայմանավորվող կողմերի հետ համաձայնությունների է եկել մի շարք հարցերի շուրջ, հստակեցրել որոշ տարածքների իրավական կարագավիճակը՝ հիմք ընդունելով Օսմանյան կայսրության կնքած պայմանագրերը: Մասնավորապես, պայմանագրի 12-րդ հոդվածով Թուրքիայի Հանրապետությունը հաստատում է (confirm) միջերկրածովյան մի խումբ կղզիների կարգավիճակը՝ հիմնվելով Լոնդոնի կոնֆերանսի 1914թ. փետրվարի 13-ի որոշման, Լոնդոնի 1913թ. մայիսի 17-30-ի պայմանագրի և Աթենքի 1913թ. նոյեմբերի 1-14-ի պայմանագրի վրա:

Եթե Թուրքիայի Հանրապետությունը չհանդիսանար Օսմանյան կայսրության շարունակությունը, ապա բոլոր նշյալ հարցերը պետք է կարգավորվեին առանձին, նոր պայմանագրերով: Թուրքիայի Հանրապետությունն իրավասու չէր հաստատելու կամ մերժելու որևէ պայմանագրի կամ համաձայնության որևէ դրույթ, որին ինքը մաս չի կազմել: Նույնը վերաբերում է Լոզանի պայմանագրի 14-22-րդ հոդվածներում քննարկված ինքնիշխանության հարցերին և տարածքային պատկանելության հստակեցումներին:

Նաև Լոզանի պայմանագրի 99-րդ հոդվածում թվարկվել են բոլոր այն պայմանագրերն ու համաձայնագրերը, որոնք Լոզանի պայմանագրի հետ միաժամանակ կրկին անգամ (ուշադրություն դարձրեք՝ կրկինանգամ) ուժի մեջ են մտելու (shall enter again into force), քանի որ Օսմանյան կայսրությանը պատերազմի հայտարարումով դրանք դադարեցրել էին իրենց լիազորությունները: Լոզանի պայմանագրի 2-րդ բաժինն ամբողջությամբ (1-ին բաժինը վերաբերում է Օսմանյան հանրային պարտքին (Ottoman Public Dept), իսկ 2-րդ բաժինն՝ այլ ֆինանսական հարցերի) Օսմանյան կայսություն-Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդության աներկբա ապացույց է: Ի դեպ, Թուրքիայի Հանրապետությունը ստանձնել է Օսմանյան պարտքը և այն կարողացել է մարել միայն 1944թ. հունիսին:2

Այսու, ամփոփելով Լոզանի պայմանագրին առնչվող մասը, կարելի է լիովին համաձայնել միջազգային իրավունքի մեծագույն մասնագետներից Յան Բրոունլիի (Ian Brownlie) եզրակացությանն առ այն, որ Թուրքիան որպես քաղաքական նոր միավոր, ըստ Լոզանի պայմանագրի դրույթների, նույնական է Օսմանյան կայսրության հետ: (Turkey as a new political entity was held to be identical with the Ottoman Empire in provisions of the Treaty of Lausanne.) 3

Լոզանում, բացի Խաղաղության պայմանագրից, նույն օրը կնքվել են նաև մի շարք այլ միջպետական փաստաթղթեր, որոնք դարձյալ վկայում են թուրքական կայսրության և հանրապետության իրավահաջորդության և շարունակականության մասին: Մասնավորապես, Համաներման հռչակագրով և արձանագրությամբ (Amnesty Declaration, and Protocol) Թուրքիայի Հանրապետությունը ներում է շնորհել Թուրքիայի բնակիչներին՝ 1914թ. օգոստոսի 1-ից մինչև 1922թ. նոյեմբերի 20-ը ժամանակահատվածում կատարած տարաբնույթ հանցանքների համար:

Բնականաբար Թուրքիայի Հանրապետությունը ներում կարող էր շնորհել Օսմանյան կայսրության հպատակներին կայսրության գոյության տարիներին կատարած իրավախախտումների համար, եթե հանրապետությունը հանդիսանում էր և ճանաչվում էր կայսրության իրավահաջորդը: Նույնը վերաբերում է Օսմանյան կայսրության կողմից տրված որոշ առանձնաշնորհումների վերաբերյալ արձանագրության (Protocol relating to certain Concessions granted in the Ottoman Empire) իրավահետևանքներին:

Թուրքիայի Հանրապետությունը ոչ թե վերակնքել է տնտեսական բնույթի համաձայնությունները կամ նախկին ընկերություններին վերաշնորհել է որոշակի առանձնահատուկ իրավունքներ, այլ նշյալ արձանագրության 1-ին հոդվածով պարզապես ընդունել է դրանց շարունակականությունը: (Concessionary contracts and subsequent agreements relating thereto, duly entered into before 29 October 1914, between the Ottoman Government or any local authority, on the one hand, and nationals (including companies) of the Contracting Powers, other than Turkey, on the other hand, are maintained.) 

Օսմանյան կայսրություն–Թուքիայի Հանրապետություն իրավահաջորդությունն ամրագրված է նաև իրավական վճիռներով: Այսպես, միջազգային իրավունքի մեծագույն մասնագետներից պրոֆ. Բորելը
(Borel), ով իր՝ Օսմանյան պարտքի իրավարարությունըաշխատությունում (Ottoman Debt Arbitration, 1925) հանդես է եկել որպես իրավարար, հավաստում է Թուրքիայի Հանրապետության և
Օսմանյան կայսրության միջազգային իրավական նույնականությունը: (The Turkish Republic enjoys the same international personality as the Ottoman Empire.) 4

Մեկ այլ իրավական որոշում, տվյալ դեպքում՝ դատական վճիռ, կրկին ամրագրում է Օսմանյան կայսություն–Թուրքիայի Հանրապետություն իրավահաջորդությունը: Ամստերդամի շրջանային դատարանն իր՝ Ռոզելիուսն ու ընկ. ընդդեմ դկտ. Քարստենի և Թուրքիայի Հանրապետության (Roselius and Co. v. Dr. Karsten and the Turkish Republic intervening, 1926) գործի վճռի մեջ միանշանակորեն ամրագրել է, որ թեև Թուրքիան այլևս կայսրություն չէ, և նրա չափսերն էապես կրճատվել են, այսուհանդերձ հանրապետությունը կայսրության իրավահաջորդն է:

Ավելին, դատարանը որոշում է կայացրել, որ նոր հանրապետությունը նախորդ պետության շարունակությունն է և հանդիսանում է նախորդի բոլոր իրավունքների ու պարտավորությունների կրողը:5

Կայսրություն–հանրապետություն իրավահաջորդությունն ամրագրված է նաև Մավրոմատիս – Պաղեստինի առանձնաշնորհումները (դատավճիռ) (Mavrommatis – Palestine Concessions (Jurisdiction), 1924) դատական գործում:6

Ըստ վերոշարադրյալի՝ անվարան կարելի է պնդել, որ իրավահաջորդությունը փոխանցվում է ոչ թե կառավարության կամ վարչախմբի գծով, այլ երկրի և բուն պետության. «Միջազգային իրավունքներն ու պարտավորությունները պատկանում են պետություններին և ոչ թե կառավարություններին, նոր կառավարությունը “ժառանգում է” դրանք միայն այն առումով, որ դառնում է այն պետության կառավարությունը, որին վերաբերում են դրանք»: (International rights and obligations belong to states and not to governments, and the new government ‘succeeds’ to them only in the sense that it becomes the government of a state to which the are attached.)

Ամփոփելով՝ կարելի է միանշանակորեն եզրակացնել, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության իրավահաջորդը, հետևաբար լիովին կրում է Օսմանյան կայսրության ժամանակ և այդ կայսրության իշխանության ներկայացուցիչների կողմից հայ ժողովրդի նկատմամբ իրականացրած ցեղասպանության ողջ պատասխանատվությունը, ներառյալ ցեղասպանության հետևանքների վերացման պարտականությունը, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռով ստանձնած հանձնառությունը:

Հղումներ և ծանոթագրություն 

1. Wilfried Fiedler, State Succession, p. 641. [Encyclopedia of Public International Law, (ed. by R. Berhardt) v.4, Amsterdam, 2000, p. 641-656].
2. Оттоманский долг, Дипломатический словарь, т. 2, Москва, 1950, ст. 295.
3. Ian Brownlie, Principles of Public International Law, Oxford University Press, 5-th ed., 2001, p. 670.
4. Reports of International Arbitral Awards, v. 1, UN Publications, 1948, p. 573.
5. Annual Digest and Reports of Public International Law Cases, (Ed. by Lauterpacht, H.)1925-1926, Case No. 26. Ti-Chiang Chen, The International Law of Recognition, London, 1951, p. 57. Brierly J.L., The Law of Nations, An Introduction to the International Law of Peace, Oxford University Press, 1963 (sixth edition), p. 153. Krystyna Marek, Identity and Continuity of States in Public International Law, Geneve, 1968, p. 17.
6. Permanent Court of International Justice, ser. A. No. 2. A.W. Sijthoff’s Publishing Co., Leyden. Thomas Buergenthal & Harold G. Maier, Public International Law, (2nd edition), St., Paul, Minn., West Publishing Co., 1990, p. 5.
7. Brierly J.L., The Law of Nations, An Introduction to the International Law of Peace, Oxford University Press, 1963 (sixth edition), p. 145.

16 նոյեմբերի, 2011թ.

Հոդվածը`  Արա Պապյանի հեղինակած Հայրենատիրություն. Հայոց Պահանջատիրության Իրավական Հիմունքները և Հարակից Հարցեր գրքից:

allTurkey.am

Մեկնաբանություններ