Սամաթյայում` բողոքի ցույց ընդդեմ հայերի դեմ հարձակումների

Թուրքիայում հունվարի 27-ին բողոքի ցույց է տեղի ունեցել Ստամբուլի Սամաթյա շրջանում տարեց հայուհիների վրա հարձակումների կապակցությամբ:

Նշենք, որ դեկտեմբերի վերջին և հունվարին անհայտ անձինք մի քանի հարձակումներ էին իրականացրել Սամաթյայում բնակվող տարեց հայուհիների դեմ: Հարձակումների ժամանակ մեկ հայուհու սպանել էին, երեքին` վիրավորել (Ավելի մանրամասն`):

Ինչպես փոխանցում է «Բիանեթը», «Ազգերի ժողովրդավարական կոնգրեսը» (HDK) երթ է կազմակերպել դեպի Սամաթյա, որտեղ էլ ակցիայի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել հայերի դեմ հարձակումների կապակցությամբ:

«Հայ ժողովրդի կողքին ենք, այլատյացությանը տեղ չենք տա», «Հայ հարևանիդ մի դիպչիր», «Ատելությունը ձերն է, մարդկությունը` մերը». նման գրությամբ պաստառներ են պարզել բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր Ստամբուլի Քոջամուսթաֆափաշայից երթով շարժվել են Սամաթյա: Երթի մասնակիցները ծաղկեպսակ են դրել սպանված հայուհու` Մարիցա Քյուչյուքի տան առաջ, ինչպես նաև բողոքի խոսքեր ուղղել հայերի դեմ վարվող այլատյացության դրսևորումների դեմ:

«Մեկ ազգ, մեկ լեզու,մեկ հավատք: Սա է ձեր քաղաքականությունը, որը այլատյացության ու ատելության սերմեր է սփռում»,-թուրքական կառավարությանն ուղղված իր խոսքում ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից Թունջելը:
Ավելի ուշ բողոքի ակցիայի մասնակիցները բաժանվել են: Ակցիայի ընթացքում լուրջ միջադեպեր չեն եղել:

allTurkey.am

Մեկնաբանություններ