Թուրք-քրդական բախումներ. վերջին 30 տարիներին` 35 հազար սպանված

Թուրքիայի ազգային մեծ ժողովի մարդու իրավունքների հարցերով զբաղվող ենթահանձնաժողովը հրապարակել է իր կազմած զեկույցը, որում տեղ են գտել «ահաբեկչական գործողություններից» սպանվածների թվերի վերաբերյալ տվյալներ:
Ուսումնասիրության մեջ ընդգրկվել է վերջին 30 տարիների տվյալները:

Զեկույցում արտացոլված են ոչ միայն Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK), այլ նաև ծայրահեղ-ձախաթևյան կազմակերպությունների գործողություններից հետևանքով սպանվածների քանակը:
Ըստ այդ զեկույցի, 1982-2012 թվականների ահաբեկչական գործողությունների հետևանքով 7918 թուրք զինծառայող է սպանվել, իսկ քաղաքացիների շրջանում կորուստները կազմել են 5,557 մարդ:

Նույն զեկույցում նշված է նաև «ահաբեկիչների» կորուստը: Այսպես, վերջին 30 տարիների ընթացքում թուրքական բանակի գործողությունների հետևանքով սպանվել է 22,049 «ահաբեկիչ»:

Այսպիսով, մի կողմից PKK-ականների ու ձախաթևյան կազմակերպությունների, մյուս կողմից թուրքական բանակի և իշխանությունների գործողությունների հետևանքով Թուրքիայում վերջին 30 տարիներին 35,576 մարդ է սպանվել:

Նշենք, որ թեև վերոհիշյալ թվերն ընդհանուր պատկերն են արտահայտում, սակայն այս թվերի ճնշող մեծամասնությունը (մասնավորապես «սպանված ահաբեկիչների» վերաբերյալ տվյալներում) վերաբերում է հենց PKK-ին:

Հիշեցնենք, որ «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (Partiya Karkerên Kurdistan կամ PKK) քրդական մարքսիստական-լենինիստական ուղղվածության կազմակերպություն է, որի նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքների վրա Քրդստան անկախ պետության հիմնումը: Կազմակերպությունը հիմնադրվել է 1978 թվականին, Դիարբեքիրում (Աղձնիք նահանգ)՝ Աբդուլլահ Օջալանի (Ափո) կողմից, ով ներկայումս ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում:

Կազմակերպությունն ակտիվ ռազմական գործողություններն սկսել է  1984 թ.-ին: Թուրքական իշխանությունների դեմ մղվող շուրջ 30 տարվա պայքարի ընթացքում զոհվել է մոտ 45 հազար մարդ: PKK-ն ահաբեկչական կազմակերպությունների շարքին են դասում ԱՄՆ-ն, ԵՄ-ն, մի շարք այլ երկրներ:

allTurkey.am

 

 

Մեկնաբանություններ