ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. Պապյան

Հարցազրույց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի հետ

-Այն, որ աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին համախմբվում է ոչ միայն սգալու անմեղ զոհերի հիշատակը, այլեւ բարձրաձայնելու հայոց պահանջատիրության մասին, նշանակո՞ւմ է, որ հայությունն սկսել է գիտակցել՝ ճանաչումների շրջանն ավարտված է, եկել է խնդրի իրավական փուլը:

   -Ցավոք, ոչ, մինչ օրս չկա այդ գիտակցումը, նկատելի են ընդամենը դրա սաղմերը: Մարդիկ սկսել են հարց տալ` ի՞նչ է տալու ցեղասպանության ճանաչումը, եւ արդյոք դրանից բխո՞ւմ է հատուցում: Արդյոք, եթե Օբաման արտասանեց genocide բառը, դրանից կփոխվի՞ ամերիկյան քաղաքականությունը: 

Ոչինչ չի փոխվելու, որովհետեւ ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը. առաջին անգամ 1951-ին, իսկ 80-ականներին այն երկու անգամ վերահաստատել է Ռեյգանը: Կանադայի խորհրդարանի երկու պալատները եւս ճանաչել են, կառավարությունն էլ հանդես է եկել հայտարարությամբ, բայց դրանից ոչինչ չի փոխվել:

   Մինչդեռ Սփյուռքի համայնքները ժամանակի եւ ֆինանսների մեծ մասը շարունակում են ծախսել միայն ճանաչման գործընթացի վրա: Փոխանակ վարձեն իրավաբանների, ֆինանսավորում են միայն քաղաքական գործիչների. Ջոն Քերին դրա վառ օրինակն է: Նա իր ողջ կյանքում հանդես է եկել հայամետ հայտարարություններով, բայց հենց դարձավ պետքարտուղար` 24 ժամում տեսակետը փոխեց: Այսինքն` ԱՄՆ-ում ոչ թե պաշտոնյան է որոշում քաղաքականությունը, այլ կա որոշված քաղաքականություն, որով պաշտոնյաները պարտավոր են առաջնորդվել: 

-Ժամանակն է, որ հայությունն իր ջանքերն ուղղի գործընթացը իրավական հարթություն տեղափոխելուն: Եվ ուրեմն, ինչի՞ց պետք է սկսել, արեւմտահայությունը, որ ցեղասպանության հետեւանքով հայրենիք է կորցրել, կարո՞ղ է տարածքների հատուցման պահանջ բարձրացնել:

   -Թյուր կարծիք կա, թե մեր հողերի տերը արեւմտահայերն են։ Այդպես չէ: Նրանք իրենց հողակտորների կամ համայնքային սեփականության տերերն են, բայց հայրենիքի տերը Հայաստանի Հանրապետությունն է: Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով այդ տարածքը տրվել է ոչ թե հայ ժողովրդին, այլ Հայաստանի Հանրապետությանը:

-Այսինքն՝ մեր հողերի պահանջատերը Հայաստանի Հանրապետությունն է, հետեւաբար որպես միջազգային իրավունքի սուբյեկտ մեր երկիրն ինչպե՞ս կարող է հանդես գալ:

   -Հայաստանի Հանրապետությունը Միջազգային դատարան պետք է դիմի ոչ թե տարածքները մերը լինել-չլինելու, այլ կարծիք հայցելու նպատակով: Այսինքն՝ արդյոք, իրավարար վճիռն առ այսօր ուժի մե՞ջ է, թե՞ ոչ: Բնականաբար ուժի մեջ է, մեզ ընդամենը պետք է ստանալ այդ կարծիքը: Ապա դիմել ՄԱԿ-ի քաղաքական մարմին` Անվտանգության խորհրդին ու ասել, մեր ձեռքում է իրավական մարմնի եզրակացությունը, դե հիմա ինքներդ որոշեք` ի՞նչ միջոցներով պետք է հասնել իրավարար վճռի իրականացմանը: 

-Օսմանյան կայսրության հայազգի քաղաքացիների եւ համայնքային կազմակերպությունների իրավունքներն ամրագրված են եղել երկրի գործող օրենսդրությամբ: Այդ փաստաթղթերը պահպանվա՞ծ են, կարո՞ղ են օգտակար լինել հատուցման գործընթաց սկսելիս:

   -Այո, պահպանված են, իսկ հատուցման գործընթացը պետք է բաժանել երեք մակարդակի: 

Նախ՝ Օսմանյան կայսրության հայազգի անհատ քաղաքացիներն ունեցել են սեփական գույք, ինչը հաստատում են թաբուները` սեփականության վկայականները: Դրանց զգալի մասը պահպանված է թուրքական արխիվներում, մի մասն էլ մարդկանց մոտ է: Եթե աշխատենք այդ ուղղությամբ` արխիվներից վերցնենք ու պատճենահանենք այդ փաստաթղթերը, կկարողանանք հարյուր հազարավոր հայցերով մտնել դատարաններ, ինչպես արեցին հրեաները Լեհաստանում, Ռումինիայում: Այ, դա կլինի իրական գործ:

   Մյուսը համայնքային գույքն է: Հայերն ունեցել են եկեղեցիներ, դպրոցներ: Այն գումարները, որոնք այսօր ծախսվում են ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա, եթե հատկացնենք ու 50 օսմանագետ պատրաստենք, նրանց գործուղենք Երուսաղեմ` սեփականության վկայականները օսմաներենից անգլերեն թարգմանելու համար, վարձենք իրավաբաններ, ապա կարող ենք սկսել մեր մյուս դատական գործընթացը: 
Ինչ վերաբերում է տարածքներին, կրկնում եմ, դրանց իրավատերը Հայաստանի Հանրապետությունն է, մեր հողերը կարող ենք հետ բերել թուրքական բռնազավթումից միայն իրավական ճանապարհով` Վիլսոնյան իրավարար վճռով:

   Ուշադրություն դարձրեք, ինչո՞ւ այլ պետությունների սահմանների հարցերը որոշվեցին խաղաղության պայմանագրերով, մինչդեռ հայ-թուրքական սահմանը որոշվեց իրավարար վճռով. մի փաստաթուղթ, որն անբեկանելի է ու ենթակա չէ վերաքննարկման: Դա պատահական չէր, Վուդրո Վիլսոնը լավ էր հասկանում, որ Հայաստանին կարող են ստիպել նոր պայմանագիր ստորագրել ու հրաժարվել սահմաններից, դրա համար սահմանների հարցը որոշեց դատական վճռով, որը տասնամյակներ հետո էլ կարող է իրավական հիմք ծառայել գործընթացների համար: Դա փայլուն գործիք է մեր ձեռքում, մնում է, որ հայերս կարողանանք օգտագործել:

-Տարիներ շարունակ խոսում եւ ներկայացնում եք այդ կարեւորագույն փաստաթուղթը, ինչպե՞ս կարող ենք այն օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ:

   -2015-ի նախաշեմին կարող էինք պահից օգտվել ու մեծ հնչեղություն տալ այս փաստաթղթին, ցավոք, այդ պահը ես արդեն համարում եմ անցած: Մենք չենք կարող այլեւս որեւէ լուրջ բան անել, ժամանակ չկա, եւ 15-ը կլինի ընդամենը սիմվոլիկ, ձեւական միջոցառումների թվական: 

2011-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի առաջին նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ի պատիվ իրեն, ուշադրություն հրավիրելով Վիլսոնի իրավարար վճռի վրա, ասաց, որ այն մեզ համար շատ կարեւոր փաստաթուղթ է: Բայց այն մարդիկ, ովքեր պետք է նախագահի դիրքորոշումը կենսագործեին, միս ու արյուն տային, ոչինչ չեն արել:
Վերջերս դարձյալ նախագահը հետաքրքիր մտքեր ասաց իր ուղերձում, այն շատ ավելի պահանջատիրական էր, քան պետական հանձնաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, չնայած պետք է որ հակառակը լիներ:

   -Ի դեպ, հանձնաժողովի աշխատանքներից դժգոհ հեռացան եւ Հայաստան ժամանած սփյուռքահայերը: 

-Որովհետեւ գործ չեն տեսնում: Հանձնաժողովի նպատակն է գիտական կոնֆերանսներ հրավիրելը, ցուցահանդեսներ կազմակերպելը: Այսինքն՝ հավաքվելու են, խոսեն ու գնան: Մյուս կետով ասվում է` պայքարել ժխտողականության դեմ: Սա խիստ վտանգավոր եմ համարում: Թուրքիան մեզ թելադրում է իր օրակարգը, այսինքն՝ ինքը ժխտում է ու մեզ ստիպում, որ մենք շեղվենք մեր բուն նպատակից ու կենտրոնանանք ժխտումը ժխտելու վրա:

   Թուրքերը սարսռացին՝ լսելով պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովի մասին, ու սկսել են պայքարել։ Վստահ եմ, որ իրենց պայքարը կլինի ավելի արդյունավետ, քանի որ ե՛ւ լուրջ մասնագետներ, ե՛ւ ֆինանսներ են հատկացրել: Ստացվում է, որ մեր աշխատանքը արդյունք չի տալիս, բայց թուրքերին դրդում է ավելի արդյունավետ աշխատելու:

Աղբյուր` Armworld.am

allTurkey.am

Մեկնաբանություններ