Amnesty International-ը Թուրքիայից պահանջում է մանրակրկիտ հետաքննություն հայուհիների վրա հարձակումների վերաբերյալ

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Թուրքիայի իշխանություններից պահանջել է անկողմնակալ և համապարփակ հետաքննություն անցկացնել Ստամբուլի Սամաթյա շրջանում հայ կանանց դեմ հարձակումների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է թուրքական «ԲԻԱնեթ» կայքը, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր կոչի մեջ տարեց հայուհիների դեմ հարձակումը բնորոշել է որպես այլատյացության և ռասիզմի դրսևորում:
Amnesty International-ը պահանջել է, որպեսզի Թուրքիան մանրամկրկիտ հետաքննություն անցկացնի և քայլեր ձեռնարկի հետագա հնարավոր հարձակումների կանխելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ անցած շաբաթներին Ստամբուլի Սամաթյա թաղամասում անհայտ անձանց կողմից հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ:

նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը,

դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքը. նրա որդու խոսքերով` մոր մարմնին արյունով խաչ էր պատկերված,

հունվարի 6-ին` Սուրբ Ծննդյան օրը, եկեղեցի գնալու ճանապարհին 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել,

հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը:

Թուրքական ոստիկանությունն այս սպանության և հարձակումների կետ կապված որևէ անձի չի ձերբակալել: Ստամբուլի հայ համայնքում ներկայում վախի մթնոլորտ է:

Մեկնաբանություններ