Թուրքիան օկուպացրել է ՀՀ տարածքները. պետք է գործի մեջ դնել Վիլսոնի իրավարար վճիռը. Պապյան

«Մենք այսօր փորձում ենք թուրքերի հետ կռվել քաղաքական դաշտում և ոչ իրավական, ինչը մեծագույն սխալ է, քանի որ տարբեր քաշային կարգերում ենք, սա անգամ սպորտային օրենքներին է հակասում:

Պետք է հատուցման պահանջ դնել` 1. անհատական, 2. Գույքային կամ համայնքային և երրորդ` տարածքային: Թուրքիան օկուպացրել է ՀՀ տարածքները, պետք է գործի մեջ դնել Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը: Ես համաձայն եմ Կիրո Մանոյանի հետ, որ Ցեղասպանության ճանաչման փուլը պետք է ավարտված համարել դեռ անկախացումից ի վեր: Այստեղ պետք է ասեմ, որ Սփյուռքը, բացի ճանաչման պահանջից, այլ գործընթացի հնարավորություն չուներ, դա պետք է աներ և անի Հայաստանի Հանրապետությունը: Ժամանակն է հասկանալու, որ պետությունը չի կարող զբաղվել միայն կոյուղաջրերի, սոցիալ-տնտեսական հարցերով, հակառակ դեպքում իրենից կներկայացնի միայն քաղաքապետարան: Պետության և քաղաքապետարանի գործառույթները պետք է տարբերել: Պետությունը պետք է զբաղվի ազգի շահերի պաշտպանությամբ:

Մինչև հայկական հարցը չլուծվի տնտեսական առումով՝ ոչ մի ռեալ զարգացում չենք կարող ունենալ: Ծով չունեցող երկրում լուրջ ներդրում չի կարող ոչ մի գործարար անել, որովհետև ապրանքը տանել-բերելու վրա հսկայական ծախսեր է անելու: Մեզանից գողացվածը պետք հետ բերենք, որ գոնե կարողանանք «մեր տունը» վերանորոգենք:Սրանք նրբություններ են, որոնց կարևորություն չի տրվում: Ավելին` իմ առաջ քաշած մոտեցումը շատերը հեքիաթ են համարում: Ես էլ ասում եմ` պատրաստ եմ բանավիճել: Այստեղ անկեղծ լինելու համար պետք է նկատեմ, որ չկա նաև հայկական տարածքների վերադարձման համազգային կամ հասարակական պահանջ, որը կարող էր ճնշող մեխանիզմ լիներ իշխանություններին ուղղված»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` պատասխանելով HayNews.am-ի հարցին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը համարում է ցեղասպանության ճանաչման փուլը ավարտված և կոչ անում պետական արտաքին քաղաքականությունն ուղղել հատուցման ուղղությամբ, միաժամանակ պնդում, որ իշխանությունները չունեն քաղաքական կամք պահանջատիրության:

Անդրադառնալով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայից սպասելիք քայլերին և հայ-թուրքական արձանագրությունների շրջանակում հայկական կողմի անելիքներին` Արա Պապյանը նկատեց, թե Թուրքիան կարող է դրսևորել իրարամերժ գործողություններ. մի կողմից կկոշտացնի Հայաստանի նկատմամբ քաղաքական վերաբերմունքը, մյուս կողմից` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հարց շրջանառության մեջ կդնի:

«Ինչ վերաբերում է Հայաստանի պահվածքին, ապա հայկական կողմը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը 99 տոկոսով ոչ հայանպաստ հայ-թուրքական արձանագրություններից և առաջարկի նոր փաստաթուղթ, որտեղ պետք է գրել ոչ թե սահմանը, այլ Գյումրի–Կարս ճանապարհը բացել։ Մենք թուրքերի երկու պահանջն իրենց անվճար տվել ենք` հնարավորություն տալով նրանց չեզոքացնել սփյուռքը: Երբ ասում ենք սահմանների բացում, նշանակում է, որ մենք ընդունում ենք ներկա սահմանները: Հիմա կասեք, այդ դեպքում ինչու՞ Թուրքիան չվավերացրեց արձանագրությունը, պատճառը` երկու պահանջին հասավ, ցանկանում է հասնել երրորդին` զիջումներ Ղարաբաղի հարցում: Ես կարող եմ ասել, որ անգամ գործող իշխանությունը սրան չի գնա»,- մանրամասնեց Արա Պապյանը:

Վերջինը հարկ համարեց ապրիլ 24-ից առաջ զգուշացնելու` շեշտը չդնել Օբամայի Ցեղասպանություն բառն ասել-չասելու վրա, որովհետև դրանից ոչինչ չի փոխվի: 1915 թվականին կատարվածը Ցեղասպանություն է «մարդկայնության դեմ» և պատմական արդարության հասնելու կռիվը պետք է տալ իրավական ռազմաճակատում, որի համար բավարար են անգամ հրապարակված ներկա փաստաթղթերը:

Աղբյուր` HayNews.am

allTurkey.am

Մեկնաբանություններ